Բանաստեղծություններ

nkar

***
Ժամանակն է վերադառնալ գոյության պարզունակ ձևերին,
քանզի Ստիքսի մյուս ափին տեսանելի են
տանջանքը, անգույն ցավը, վախը, ատելությունը,
ծերությունը, մահը,
քանզի սովորել ենք գտնել այն,
ինչ տանում է խորքերը,
ու երբ չկանք,
թափառում են պատյանները մեր հոգիների,
ու հեռանում են երկինք աստվածների ճանապարհներով:

***
Նա, ով բանաստեղծում է ստվերների կողքին,
գիտի, որ իսկական գոյությունը ազատ է մահից,
մինչդեռ կյանքը՝ լնդախտով հիվանդ այդ ստրուկը,
գայթակղում է սառը անխոսությամբ,
թեպետ ամեն ինչ փախուստ է՝
ինչպես արահետի վերջում փախուստը ծառերի,
ինչպես կույրի աչքերում մահվան միմեսիսը:

***
Չեմ հիշում՝ երբ և ինչու սկսվեց այս ամենը,
ինչ-որ բան եմ որոնում, որ հենց կողքիս է,
որի միջով հավերժությունն է հոսում:

Թեպետ մոխրագույն աչքերը չեն ասում ոչինչ,
բայց փոքրիկ այս աղջկա ծիծաղը նման է
առաջին գայթակղությանը,
ու խոստումի պես թաքուն երկու աշխարհներ
պտտվում են տարածության մեջ,
հասկանում եմ, որ քաղաքս տիեզերքը չէ դեռևս,
թեպետ Տուն է անունը նրա,
որտեղ սպառում ենք Ժամանակը մեր:

Ու ճանապարհը, որով քայլում ենք ամեն օր,
ինքներս մեզ հաղթելն է,
թեպետ մի օր հասկանում ենք,
որ դա էլ ինքնախաբեություն է,
որ ճանապարհն է՝ Ոչ Մի Տեղ,
որ ամենևին էլ Ճանապարհը չէ փրկության,
որ տարօրինակ այդ արարածը՝ Մարդը,
սիրում է խաբվել մինչև վերջ:

Ոչ ոք, ոչ ոք ո՛չ հրեշտակներից,
ո՛չ մարդկանցից չանվանեց ու չտեսավ,
քանզի հրեշտակները,
նրանցից առաջինը՝ Սատանան,
հետո ինքը՝ Հիսուսը,
հետո՝ մարդը,

(իսկ մարդու կենսաբանական ժամանակը
բավական չէ ամեն ինչ իմանալու համար)

ոչ ոք
մինչև վերջ
չգիտի ոչինչ:

***
Pulviset umbra sumus 1,
ամեն անգամ մեռնելը նույն հերոսությունն է
ու նորից ապասումը՝ նորից սկսելու,
սկսելու Ոչնչից, թեպետ անհրաժեշտությունը՝
սկսել սկզբից, հավասարակշռում է
կյանքի ու մահվան միջև:

Խոստումի պես թաքուն առկայծումներով
երկու աշխարհներ են թափառում
այս անսահման տարածության մեջ,
բայց հասկանում եմ,
որ մեր աշխարհը տիեզերքը չէ դեռևս,
որ երկիրը, ինչպես լամպի պարույրը մեղրամոմով,
ծածկված է մեղքերի ոստայնով:

Խոնարհում եմ աչքերս, որ նայում էին երկնքին,
ու աստղերը նորից փախչում են,
ու ժամանակը ձգվում ու ձգվում է
իմ չապրած օրերի չափով,

ծննդի մեջ նրա՝
nonsegnis stat remeatque dies2,

վախճանի մեջ նրա՝
nonsegnis stat remeatque dies,

ուր մշտապես պտտվում են
որպես perpetuum mobile3,
մանկությունը,
պատանեկությունը,
երիտասարդությունը,
ծերությունը…

***
Արարքները մենք ենք, նշանները մեր մեջ են,
թեպետ երբեմն սողալով ու գետնաքարշ
վերադառնում ենք նորից նույն քարանձավը
հին նախամարդու:

Երբ մարդ է մահանում,
փակվում է տիեզերքի շնչող ծակոտիներից ևս մեկը:

Երկրի ընդերքը
մկանուտ շնչառության կծկումներով
հասնում է ձեռքիս ափին այնպես,
կարծես մեկն ապրում է ակնթարթն իմ փոխարեն:

Քնքշությունը ներս սողաց ու համբուրեց ողորկ,
խոնավ մաշկը ծխով, քրտինքով,
երազով լցված աշխարհի:

***
Այն, ինչ անվանում ենք Մահ, ուղղակի վերջին ցավն է:

Երբ մենակ ես,
սեփական տունդ ավելի անհասանելի է, քան մահը,
ու պարանը, որի ողնաշարին քայլում ես,
առավել ապահով է,
քան օրը, որի դեմքը ոչ ոք չի տեսել:

Ու կառնավալն այս, որ նույնպես մենարան է,
պտտում է շղթան մահերի հիշողության ստվերների կողքին:

Հոգեվարքս շարունակվո՜ւմ է,
ձայնե՜ր, ձայնե՜ր եմ լսում…

***
Բառերն ինձ չեն օգնում հիմա,
ինչպես չի օգնում հիշողությունը ծեր նստարանին,
երբ դեգերում է կարմիրը նրա մեջքի՝
ինքն իրենից հալածված,
նամանավանդ,
երբ լուսնի կիսադեմը ուղիղ, միագիծ
ու անսեթևեթ իր ներկայությամբ որոնում է քեզ դեռևս
կանաչ, փոքրիկ տերևների
մոխրագույն անպաշտպանության թաքստոցում:

Հետո մնում է միայն սփոփանքը,
երբ հայտնաբերում ես ռիթմը ուրիշ,
այլ շնչառության, ու,
հավաքելով համբույրի անբիբ ուրվականները՝
որպես երկակի անպատեհություն,
նորից խցկվում ես խխունջիդ չգիտեմ որ ոլորի մեջ,
ու միզանտրոպիկ նույն բնույթը,
որ ավելի շուտ հայելի է հիշեցնում,
դառնում է հասանելի, ինչպես վախը,
որ երբեք չես դառնա իսկական կին,
անպտուղ ու նսեմ կմեռնես,
ինչպես գերեզմանին մեռնող խոտը՝ լի խոնավությամբ:

Հետո ավելի լուռ է դառնում խոլացած ամառը,
խորամանկ ամառը,
դեղնաչք ամառը,
որ պտտում է կրակները արևի
կարմիր տանիքներին, ինչպես վհուկ:

Տիեզերքի կենտրոնում հիմա ամեն ինչ կա.
գաղջություն, delirium tremens4, շուն,
մուրացկան, պտտվող տերևներ, թախիծ,
արտաքսվել է միայն մարդը:

Տիեզերքի կենտրոնում հիմա ամառ է:
Դեղնաբիբ ամառ:

Ծանոթ.
1. Pulvis et umbra sumus — մենք աճյուն ենք ու ստվեր (լատ):
2. non segnis stat remeatque dies — իրերի նոր անվանումները (լատ):
3. perpetuum mobile — հավերժական շարժիչ (լատ):
4. delirium tremens — սպիտակ տենդ (լատ):

Անդին 5, 2014

Կարծիքներ

կարծիք