Բանաստեղծություններ

Հեղինակ:

nkar

Անվերնագիր

Ես եկել եմ ու մի քիչ էլ
գըլգըլալեն դեռ կըհոսեմ:
Ես գրում եմ, որովհետև
դուք չեք թողնում, որ ես խոսեմ:

Ես թռչուն եմ

Ես թռչուն եմ, վասնզի
սիրում եմ երգել:
Ես թռչուն եմ, վասնզի
գարուն է եկել:

Ես թռչուն եմ, վասնզի
երգն է հարատև:
Ես թռչուն եմ, վասնզի
ունեմ երկու թև:
Մահապարտներ

Իմ եղբայրներն եք, բայց սրտիկն իմ խև
մերժեց, որ դառնամ մեկիդ կուսակից:
Դեռ չեմ հեռացել. տարածքում եմ. և
անունըս դեռ չեք հանել ցուցակից:

Անընդհատ իրար հաղթում եք, մինչդեռ
դուք չեք թողնի, որ մեկըդ վայելի:
Ձեր հարվածներից փըշըրվում եմ դեռ
ես – ձեր հստակ ու միակ հայելին:

Վերադարձի երգեր

1.
Էլի նույն կյանքն է հոսում,
Էլի նույն բանն ենք խոսում,
Էլի զարթնում-քնում ենք,
Էլի հոսում-գնում ենք:

Էլի եղա ես Լոսում,
Էլի ձեզ հետ եմ խոսում
այն ամենի մասին, որ
կատարվում է ամեն օր:

2.
Վերստին ես եկա մեր տուն,
որ ապրեմ էս խորը փոսում:
Լավագույն տղերքն անքուն
վերըստին մնացին Լոսում-
ավելի խավար-ավելի
խոր ու ահարկու փոսում:

Բայց… եղբայր եմք մեք էլի,
զի ապրում ենք նույն քաոսում:

3.
Եկա, քանզի ունեմ էստեղ
դեռ չհալած սառույց ու ձյուն:
Եկա, քանզի ունեմ էստեղ
կիսատ թողած մի մանկություն:

Եվ Անահիտ Արամունուն
անգամ չասած ներողություն,
եկա՝ սրտիս մեջ բերելով
լիքը կսկիծ ու ցնծություն:

Գարուն Երևան

Հոգին էլի թռչում է,
և սիրտն է թռչում:
Քո գարունն է հետ եկել
թռչուն առ թռչուն:

Թռչուններըդ հետ եկել՝
տաքն են վայելում:
Իսկ տղերքըդ մնացին
օտար վայրերում:

Բոմժ

Նա մարդ է, պոետ ու քաղաքացի.
ազգությունը՝ հայ, սեռը՝ արական.
լոկ իր բախտին է տալիս աքացի,
զի մարդ է, պոետ, մի թափառական
բոմժ, որ շարունակ մեր վախն է բռնում,
փռում է մայթին յորղան ու դոշակ,
վառում է երգերն իբրև դրոշակ
և մեռնում՝ ինչպես հերոսն է մեռնում:

Գիշերային պատկեր

Մեր երազն է հին, փտած:
Մեր քաղաքն է քուն մտած
համատարած մութի մեջ
և Աստըծո գութի մեջ:

Իսկ կանգառում մոտակա
մի թառամած պուտանկա
միտք է անում տխրադեմ.
ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ:

Անցողիկ

Մերթ զվարթ, մերթ սրտնեղելով՝
ես շրջեցի էս տեղերով.
անցա էս հին կյանքի մոտով
էսպես – առանց ավտո – ոտով:

Ու ես կերթամ էս աշխարհից
ոտով – առանց ջիպ ու տաքսի
ու գոհ. քանզի իմ երթալով
աշխարհումըս մազ չի պակսի:

Իմպրովիզացիա

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ,
ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ էսքան հույզ չկա,
ախր ուրիշ տեղ էսքան կույս չկա,
ախր ուրիշ տեղ մեռնող ու հառնող
էսքան երազ ու էսքան հույս չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ,
ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ էսքան խենթ չկա,
ախր ուրիշ տեղ էսքան մենթ չկա
ու էսքան շուտ-շուտ իմպիչմենթ չկա,
զի՝ մերի նման պառլամենտ չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ,
ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ մութ ուժեր չկան,
ախր ուրիշ տեղ բութ ուժեր չկան,
ախր ուրիշ տեղ օրը ցերեկով
Ազգային ժողով ներխուժել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ,
ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ վեհ, հայրենաշունչ
էսքան երգ, էսքան երգի տող չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ,
երբ գրպանումըս տոմսի փող չկա:

Հուսո առագաստ
Եփոյին՝ Լոս Անջելես մշտական
բնակության մեկնելու նախօրյակին

Դու էլ ես գնում մեզանից, Եփո՛,
չնայած ունես և՛ հարգանք, և՛ փող:
Էս կյանքը խաղ է, փուչ է և ունայն,
բայց դու մի՛ գնա էդպես ձեռնունայն.
վերցրու քեզ հետ սրտերը մեր,
մեր լեռներից խաղաղ հովեր,
վերցրու քեզ հետ խաչված քարեր,
ծով դաշտերից ոսկե հասկեր.
մեր Կիլիկիո անմար երգով,
մեր պապերի կարոտ էրգրով,
հուսո ճերմակ առագաստով
հասիր բաց ծով:

Պապլավոկ

Ես ցերեկներն իմ կյանքն եմ ապրում,
իսկ իրիկունները խոսում եմ քաղաքականությունից:

Ես ցերեկներն իմ կյանքով եմ ապրում,
իսկ իրիկունները խոսում եմ հայրենասիրությունից:

Ես ցերեկներն իմ փայն եմ խլում,
իսկ իրիկունները խոսում եմ մարդասիրությունից:

Ես ցերեկները սերիալներ եմ թարգմանում,
իսկ իրիկունները խոսում եմ դրանց վնասներից:

Տրտունջք

Երազեցինք մենք անընդմեջ
ցաքուցըրիվ ու անկանոն:
Այն, ինչ եղավ երազի մեջ,
չի լինելու իրականում:

Խախտըված են կարգ ու կանոն
մեր նիրհի ու մեր վազքի մեջ:
Այն, ինչ տեսանք երազի մեջ,
չենք տեսնելու իրականում:

Զրույց մարդու հետ

Զարկեցիր ինձ, ո՜վ անցավոր,
քո հայացքով չոր ու ունայն,
զի՝ քեզ թվաց, թե իմ ցավը
քոնը չէ ու իմն է միայն:

Մի պտույտից հետո դարձյալ
քեզ վրա եմ զարմանալու,
քանզի դո՛ւ ես, ո՜վ ողբացյալ,
իմ ցավերը դարմանելու:

Եռաբլուր

Տղերքն էլի իրարով են՝
հավերժի մեջ ու հիմի:
Խոտն է ծլել Նավասարդյան
Աշոտի տաք շիրիմին:

Գարնան մի ամպ զիլ տրաքեց
մեր ամենավերևում.
կարկուտ տեղաց շիրիմներին,
ու երկինքն էր երերում:

Ու մենք փախանք՝ թողած ցրիվ
պատառիկներն իր կյանքի:
Ու նա մնաց կարկուտի տակ,
զի սովոր էր զրկանքի:

Մենք

Մերն է արև ու գարուն:
Մերն է ավիշն էս երգի:
Մենք չենք եկել ես երկիր՝
մեր հոգսերը հոգալու:

Մենք չենք եկել՝ մըզզալու
մատնությունից մեր եղբոր:
Մենք չենք եկել՝ էս պղտոր
ջրում ձկներ որսալու:

Մենք չենք ուզում խանգարել
անդորրը էս քաղաքի:
Մենք ուզում ենք ուղղակի
տանել սիրուն խաբարներ:

Ապաշխարանք

Զատիր ևըս մի անգամ
մեղքըդ այլոց մեղքերից:
Չէ, անմեղ չես, բարեկամ.
մի համոզիր քեզ ու ինձ:

Ապաշխարիր, բարեկամ,
մինչև բացվի նոր օրը:
Դու անմեղ ես ճիշտ այնքան,
որքան՝ ես ու բոլորը:

Մտածելիք

Գիշերային ժամերին
քնահարամ ու անքուն
միտք եմ անում, թե կյանքում
Ո՞նց անեմ, որ ավելի

սիրուն ապրեմ ու ցածով
շարունակեմ իմ ճամփան:
Ո՞նց անեմ, որ ամեն բան
լինի հենց ձեր ուզածով:

Ո՞նց անեմ, որ չըզատեմ
ինձ՝ գործերից իմ արած:
Ո՞նց անեմ, որ չըդատեմ
ինձանից լավ մարդկերանց:

Ո՞նց անեմ, որ վերանամ
արդեն արած իմ գործից:
Ո՞նց անեմ, որ տիրանամ
հազարամյա ձեր փորձին:

Ո՞նց շարժըվեմ Էս կյանքում,
ո՞նց հայտնըվեմ դեպքի վայր,
որ էս պստիկ արանքում
ինձ համարեք ձեզ եղբայր:

Հին ու չարչարված

Վերամբարձ ու հին, հին ու չարչարված
կյանք է. առայժըմ մեզ չի գոհացնում:
Եվ նըշանառու ամեն մի հարված
դիպչում է սրտին ու չի մոռացվում:

Կյանք է: Առայժըմ մեզ չի գոհացնում:
Ահաբեկում է իր սլաքներով:
Օրեր են. հերթով գալիս են-անցնում
Իրիկնամուտի վերելակներով:

Գալիս-անցնում են ու չեն գոհացնում
ու մեզ չեն ցնցում մեր խախուտ հիմքից:
Կյանք է հարահոս. գալիս է-անցնում
ու իր հետքերը թողնում է դեմքիս:

Սերը թոշնում է, բայց չի մոռացվում:
Ու չի մոռացվում և ոչ մի հարված:
Կյանք է. անտեղյակ գալիս է-անցնում
վերամբարձ ու հին, հին ու չարչարված:

Դևը

Մենք երկատված դեմք ու հոգով
շարժըվեցինք դեպի առաջ:
Ո՞վ էր քաշում մեզ իր թոկով,
ո՞վ էր գալիս մեզ ընդառաջ

ու անընդհատ գըրգըռում մեզ՝
համարելով իր զավակունք:
Ո՞վ դիզեց մեր հոգսերի դեզն,
ո՞վ մեր դժվար բախտի ակունքն

անդառնալի ցամաքեցրեց՝
ցուցանելով խոտոր ճամփա:
Ո՞վ մեր օդը նվազեցրեց՝
դարձընելով կյանքը ճամբար:

Վերջերգ

Պրծավ: Ավարտվեց: Ամեն-ամեն ինչ:
Ամեն ինչ պրծավ, ու մընաց ոչինչ:
Բա՛վ է ձևանամ: Բա՛վ է խաղ անեմ:
Բա՛վ է իմ ու ձեր վերքին աղ անեմ:

Ափսո՜ս, չունեցա հազար ու մի կյանք.
Հազարն էլ սրտանց ձեզ մատաղ կանեի:

Անդին 5, 2014

Share

Կարծիքներ

կարծիք