Բանաստեղծություններ

nkar

***
Երևանն իր ծանր աչքերը թարթում
Ու լուսանում է,
Մենք Երևանի հայացքը կարդում՝
Մեկուսանում ենք…

Մեկն ամենօրյա խոհերում սուզված
Մեր խիղճն է շարժում,
Մեկը, մեր անզոր պատկերից հուզված,
Իր ձեռքն է պարզում…

Մենք տերն ենք ոմանց, իսկ ոմանց գերին.
Անցյալն ենք իրար
Եվ տեղ ենք տալիս մեր հին մտքերին
Ապրելու համար…

Մեր հոգին անգույն թախիծով բարդում
Ու գնում ենք հեզ,
Երևանը իր աչքերը թարթում
Ու կորցնում է մեզ…

***
Պաղ հովերով, հովերով
Սիրտս փոքրիկ նովելով
Պարուրվել է ու մաղվել
Ցուրտ քամիներ գովելով…

Վառ փայլերով, փայլերով
Միտքս, աստղեր այրելով,
Վաղորդայնին է հասել
Կրակաշատ քայլերով…

Եվ սպասելով, սպասելով,
Բնավ ոչինչ չասելով՝
Ուրիշ լույսեր եմ ըղձել՝
Ինքս արև հյուսելով…

Ցուրտ հովերով, հովերով
Կյանքս փոքրիկ նովելով
Վերջացել է ու անցել
Օտար սրտեր գովելով…

***
Իսկ եթե ամենը պարզապես սուտ է,
Եվ միամիտ ենք մենք ու խաբված,
Եթե արևն էլ իրականում մութ է,
Պարզապես դեղինով է օծված:

Եթե երկինքը՝ կապույտ թվացող,
Մի հսկա հայելի է իրականում,
Կամ էլ նա է մեզանով հիացող,
Իսկ մենք հակառակն ենք կարծում:

Երբ փակում ենք մենք աչքերը մեր,
Հայելին այդ կորցնում է իր լույսը,
Եվ մենք էլ դրան կոչում ենք գիշեր.
Որքա՜ն միամիտ ու անհույս ենք…

Ու երբ այդ գիշեր կոչվածն է եկել,
Արևն էլ է մնացել մեր հույսին,
Մենք էլ իրական արևն ենք տեսել,
Բայց նրան անվանել ենք լուսին…

***
Չտեսնված, անպարտ մի կիրք
Արդարատենչ լույսի ներքո.
Ո՞ւմ ես խաբում, իմ հայրենիք.
Մի՞թե սա էր աղոթքը քո…

Դե ինչ արած՝ անդեմությամբ
Խարխլել են անդորրը քո.
Ո՞ւմ ես սպասում, իմ հայրենիք,
Երբ քեզ են սպասում բոլորը…

Հորիզոններդ լայն ու ձիգ
Հասել են արցունքդ մինչև,
Ո՞ւր ես վազում, իմ հայրենիք
Օրերիդ միջև…

Շրջվիր հիմա դեպի երկինք,
Դեպի հոգիս հայելապատ
Եվ կտեսնես, իմ հայրենիք,
Միայն ցնորքդ անպարտ…

***

Ոչ միայնակ, ոչ էլ տխուր
Ինքս ինձ հետ ապրում եմ.
Իմ կյանքը մի հեռու և լուռ
Ճանապարհի անցնում է…

Առանց մորմոք, առանց դավի
Ինքս ինձ հետ վիճում եմ
Ու անփոշման, առանց ցավի
Երբեմն էլ ինձ զիջում եմ…

Մարդիկ ահա գնում,գալիս,
Հիմա նորից գնում են,
Իսկ ես խնջույքը անցյալիս
Ինքս ինձ հետ տոնում եմ…

Նրանց գույներն աշխարհի
Իրար կողքի խամրում են,
Իսկ ես իմ լուռ ճանապարհին
Ինքս ինձ հետ ապրում եմ…

***
Աշունը, ա՜խ, այնպես անցավ՝
Եվ ցնցող, և ծանր, ինչպես
Հանճարեղ ոճիր կամ հանցանք…

Ե. Չարենց

Հոգիս սիրով է սնվել
Ու խաբվել է,
Մի կում աշուն է խմել
Ու հարբել է…

Սիրտս տերև է փշրում
Ամբողջ տարին
Եվ իր զարկերն է հաշվում
Խուլ, ձանձրալի…

Մտքերիս էջերն էլ քամին
Թերթում է,
Ճակատագիրս պատգամի
Երդում է…

Ես էլ քամուն եմ տրվել
Ու խաբվել եմ.
Հոգիս աշուն է խմել
Ու հարբել է…

* * *
Որպես ավարտ՝ գրված արկածային գրքում,
Համառորեն տենչած ապագայում աղոտ,
Նույն թատրոնի դիմաց՝ մի ամայի այգում
Կվառվի նորից երկու ծխախոտ:

Իմ անորոշ կյանքի տագնապալի ընկեր,
Մեր օրերի վերջում, այն նույն տեղում նստած,
Մենք հիշելու ենք, որ երբեք չէինք ընկել,
Ու խաղաղված հոգով լուռ հոսելու ենք ցած:

Հիմա դիտմամբ անցած հիշողության քամի,
Ու դեպի տուն պարզած սավառնումի թևեր.
Ես հասկացա հիմա, որ մանկությունը մեր
Պիտի մեզ մեծ ու նոր ապագային գամի:

Հիմա մեր կես կյանքի թեժ ներկայի հրում,
Ուր մտածում են, թե մտքեր պիտի կոփեն,
Հոգին է իր մեջ ժամանակը կրում
Ու ինքնություն դարձնում ամեն անցած րոպեն:

Անէացած նրանց հայացքների տակ խեղճ՝
Տեսնում ենք միայն շահած պարտություն
Ու ամեն ինչի ներկայության մեջ
Մի անտանելի չար կիսատություն:

Ժամանակն հիմա թշնամի է մեծ
Ու պիտի երեք կրակոց պահի՝
Ապագա, անցյալ ու ներկա՝ անեծք,
Որն իրականում ակնարկ է մահի…

Ժամանակը մեր թշնամին է նենգ,
Բայց հոգին մեր այն սեղմում է իր մեջ,
Ու չենք ընկրկում, ու կռվում ենք մենք,
Այլ ոչ թե այն բյուր հայացքները խեղճ…

Երբեմն մի վառ հավատ է գալիս,
Որ կդադարեն ներկաները մութ,
Ու հավատը այդ, որ ուժ է տալիս,
Դարձնում է ամբողջ ժամանակը սուտ:

Ու չենք դադարում երազել համառ,
Որ այս աշխարհում չապրենք «ուղղակի»,
Ու հատուցել ենք մեր զգացածների համար
Կանգառներում մեր խենթ թարս ու շիտակ կյանքի:

Բայց ապագան գտած, ինչպես սպասված նվեր,
Հազարավոր անսանձ ներկաներով անցած՝
Մենք վառելու ենք հին ծխախոտները մեր
Ու խաղաղված հոգով լուռ հոսելու ենք ցած…

* * *
Նստած եմ, սպասում եմ հիմա.
Ինչպես միշտ, սպասում անհամբեր,
Մինչև արևը թեքվի նստարանիս վրա.
Ամպեր… ամպեր… ամպեր…

Ես վախենում եմ առավոտներից.
Ամեն ինչ քամոտ է ու չար,
Կարծես բնությունը պատժում է ինձ
Գիշերվա երազիս համար…

Աչքերիս մեջ դեռ երազն է չվում,
Մի գիրք եմ վերցնում ու մի ծխախոտ,
Բայց նույնիսկ Չարենցը օտար է թվում՝
Կարոտ… կարոտ… կարոտ…

Ամպերը ծածկել են այն ամենն, ինչ կար,
Ինչ կոչում էի ես հայրենիք,
Ամպերից այն կողմ աղմուկ է, աշխարհ,
Արեգակ, ոսկեգույն, մարդիկ…

Եվ քամիներն են ստանում երկնքից
Հողմացած օրհնությունն իրենց,
Իսկ միջավայրը պարգևում է ինձ
Լռություն, ծխախոտ, Չարենց…

Անդին 5, 2014

Share

Կարծիքներ

կարծիք