Բանաստեղծություններ

nkar

..
Աշո՛ւն, ոսկեհո՛ւռ տիկին,
Շորորներով, զմայլանքով վայրի,
Ադամանդե արցունք-անձրևներով,
Հառաչներով թախծահմա,
Աշո՛ւն, անսփոփ այրի…

 

Անակնկալ
Սառցե թախիծ` մութի մեջ,
Սառցե կտոր,
Սառցե տեգ է
Նուրբ ու մատաղ սրտի մեջ,
Սառցե անձրև,
Սառցե ձմեռ`
Գարնան ծաղկած գրկի մեջ…


Ով է գետնում
Երկինքները ամպերի,
Ով է փնջում
Աստղաբույլերն անհունի,
Ով է հայում
Տիեզերքը քաոսի,
Ով է գրկում
Անգրկելին հավերժի,
Ով է չափում
Անչափելին Արարչի…


Երբ կողքիս չես, երբ ինձ հետ չես`
Կյանքս պահք է,
Տաքը գաղջ է,
Շուրթս` սեղմ,

Երբ կողքիս չես, երբ ինձ հետ չես`
Օրս խեղճ է,
Շունչս թույլ է,
Միտքս` հեղգ,

Երբ կողքիս ես, երբ ինձ հետ ես,
Շեշտս թափ է,
Թափս վանկ է,
Վանկս` հենք…


Ես նայում եմ անդունդն ի վեր
Անչափելի խավարի,
Ու հայացքս մագլցում է
Մութ սանդուղքով երկնքի:

Ես անդունդի հատակում եմ,
Կապտաերկինքն է հմա,
Երկու աստղ ցոլցլում են,
Ու նայում են ինձ վրա:

Լռությունը խավարի հետ
Մտերիմ ու ներդաշնակ,
Ըմբոշխնում է մռայլության
Խաղաղությունը համակ…

Անդին 6, 2014

Կարծիքներ

կարծիք