Բանաստեղծություններ

Հեղինակ:

nkar

Անակնկալ

Ուշացա՜ծ,
մրսո՜ղ այս թռչունների թևերի վրա՝
մառախուղի մեջ՝
Անհունն է գնում կասկածըս երեր.
-Բա որ էս մեկը
երամից զատվի ու չդիմանա,
-Ամայությունը բա որ կլանի
սրանց մեկ առ մեկ…

Թանձրացող կավճե մշուշը արագ
պատ է հնարում,
Երամը խռիվ առնում է իր մեջ՝
սվաղում թա՛վ-թա՛վ.
-Սպասե՜ք… Ու հիմա՝
կասկածից առաջ պոկվելու տենդով՝
Միտքըս է արդեն
կաղ կասկածանքս շրջանցում արագ…

Եվ թռչունների թևերին նեցուկ
լինելու համար,
Եվ նրանց արյան եռքը պահելու
արթուն մինչև վերջ,
Տեղ հասցընելու՝ հեռավոր, տաքուկ,
ապահո՜վ ափեր՝
Հոգի՜ս, հոգի՛ս է առաջնորդ դառնում
երամի համար…

 

Այնպես հե՜շտ է…

Այնպես հեշտ է
մահանալը ձմռան կեսին՝
երբ բնության հաշիվները
կանաչի հետ փակ են արդեն,
ու մայիսից արդեն չկա
ո՛չ մի վկա…
Այդպես հեշտ է
մահանալը արշալույսին՝
թե արևը ուշանում է:
Խենթություն է՝
ապրել ու հե՛նց… արև՜ լինել…

***
Էս երկու գիշեր լուսինն ինձ հետ է,
գալիս նստում եմ ես էլ իր կողքին —
Մորըս կարոտից քունըս չի տանում…
Ծնվելուց առաջ երևի ես էլ ցավեր եմ քաշել,
երևի ցավի հիշողությունն ինձ
Լուսնի օղակ ու լույս է թվացել՝
կլորիկ, տաքուկ իմ կացարանում…
Ու լրված արդեն ժամ ու օրերի
ցավի՜ — կորերի ընդարձակումով՝
ո՜վ պիտի վաղը ծնվի,- արդյոք ե՞ս,
Թե՞… Մա՜յրըս… ինձնով…

***
Բուդդան ծնվեց իր մոր
թևատակից…
Ամուսինըս՝ իր մոր ծնկից…
Ինձ արագիլը բերեց…
Կաղամբի մեջ փնտրեցի ու
ձա՛գ չգտա…
Ո՜չ մի բարուր
չմոռացան շեմիս առաջ…
-Ների՛ր,
Քանզի քեզ չունեցա
ո՛չ մի ձևով,
Անսկավառա՜կ Լուսի՛ն…

***
Մեր նվիրումից, սիրուց, կարոտից,
մեր անվերջական
ամեն այրումի անուշահոտից,
երկնակամարում՝
աննկատ – դանդա՜ղ
բյուրեղանում է վառվռուն մի փայլ…

-Ես փաթիլներից վերև եմ եղել
ու հստակորեն տեսել եմ՝ ինչպես
Աստըծո ամեն հիացմունքի հետ,
թեթև հևոցից Նրա թրթըռուն՝
ամենապայծառ մեր ապրումներից
լավագույնները
ինչպե՜ս են թափվում՝
իբրև մաքուր ձյո՜ւն…

***
Հոգի՜ս —
Անխորտակ նավը օվկիանիդ,
Տե՜ր, զորությամբ քո
ուղղորդիր արդեն ավելի հեռու,
քան նավիս մարմնի կապերը,
հոդե կապանները մերկ՝
իրենց պրկումի կարելվույն չափով
անքանդ կպահեն անդամներըս դեռ…
Տե՜ր, թող որ ճիգն իմ իսպառ թուլանա,
և ձգաններըս՝ այսպես դիմացկուն,
թող որ ավելի ճկուն, բայց արդեն
բացազատ լինեն…
Մեկ է՝ դեռ ոչ մի ոսկոր ջլի հետ
այնպես ներդաշնակ և այնքան կապված
չի եղել՝ որքան
այս նավորդ մարմնիս կառույցը նվազ՝
Նավազ հոգուս հետ…
Թողնում եմ նավիդ մարմինը հողին.
Հոգի՜ս, Դու հոգի՛ս ուղղորդիր միայն…

Քամոտ եղանակ

Լարախաղա՜ց,
Լարախաղա՜ց թռչունների
Երամի պես
Պար են բռնել ցնծուն
Հագուստները,-
Փախուստ պարաններից…
Բացված կոճակների շքերթ,
Քանդված կապ ու գոտի՝
Իրարու մոտ-մոտի,-
Իմ փեշը՝
Ոլորված քո տաբատին,
Շապիկըս՝
Շապիկիդ թևերի մեջ.
Փախո՜ւստ,
Փախուստ մարմիններից-
Լարախաղա՜ց,
Լարախաղա՜ց թռչունների
Երամի պես…

Անդին 10, 2013

Share

Կարծիքներ

կարծիք