Արթնությունը Երկրի

Հեղինակ:

20142309170251183_(1)

Մորական պապս՝ Միքայելը, Սիրիայից է ներգաղթել 1946-ին, իր կնոջ, բուլղարահայ Օվսաննա տատիս հետ: Ցեղասպանություն վերապրածների զավակներ, լքել են Սիրիան և մեկնել Խորհրդային Հայաստան՝ դեպի անհայտություն՝ բանտ նետվելու և գնդակահարվելու վախը սրտներում: Մահն ու բանտը Հայրենիքում գերադասել են օտարության մեջ անվտանգ ապրուստին: Այսօր, ընդամենը երկու սերունդ անց, սիրիահայերը գերադասում են մահը օտար պետության մեջ հայրենադարձությանը և անվտանգությանը: Զարմանալի փոփոխություն այսքան կարճ ժամանակահատվածում: Վերլուծելուց կամ պատճառները հասկանալ փորձելուց առաջ փաստենք՝ օտարության մեջ մեծացած հայերի երկու սերունդը բավական է, որպեսզի կորուսվի կապը մեր պապերին Աստծուց տրված Հայրենիքի հետ:

Օտարում Հայրենիքից: Հայերիս բնորոշ զարմանալի հատկություն՝ անսպասելի, մանկականորեն նեղացկոտ, դավադրորեն անակնկալ: Այս մի բուռ հող-Հայրենիքը մեզ ավանդելու համար յոթ անգամ յոթանասունյոթ սերունդ արյուն հեղեց, մեր պապերը կառուցեցին պարսպապատ ամրոց-եկեղեցիներ, միշտ ստիպված համատեղելու կառուցելն ու պաշտպանելը, կառուցել, որ պաշտպանեն տեսակը, կռվել, որ պաշտպանեն կառուցածը:

Առաջինը վերցնելով Փրկչի խաչը՝ մեր ժողովուրդը տանում է այն անտրտունջ, բեռան ծանրության տակ կքած, բայց տանում է, հավատարիմ է խաչին, իր տեսակին, իր ճակատագրին ու առաքելադավան առաքելությանը: Ծանր է հայի խաչը: Գուցե դա՞ է պատճառն այն երևույթի, որ բնորոշվում է հայերենում իմ ամենաատած բառով՝ արտագաղթ: Արտագաղթ, ասել է թե բնիկ հողագործը դառնում է քոչվոր, հրաժարվում պապերի ժառանգությունից, տեսակից, լքում նախնիների գերեզմանները, լքում իր մեջ իր Հայրենիքը: Գելափի հարցումներից մեկի տվյալները խոսուն են՝ բուլղարացիներից հետո հայերը երկրորդ «պատվավոր» տեղում են Հայրենիքը լքել ցանկացող ազգերի մեջ: Հանգիստ թողնենք բուլղարացիներին և, դատապարտելու միտում չունենալով, փորձենք հասկանալ այն բացառիկորեն եղերական երևույթի պատճառները, որ կոչվում է «հայոց արտագաղթ»:

Երեք ամիս Մոսկվայում շինանյութ եմ վաճառել ազգականներիս «կետում», ունենալով հնարավորություն ոչ միայն լինել օտարության մեջ ապրող հայի կաշվի մեջ, այլև տեսնելու տասնյակ ազգակիցների, որ ապրում ու տանջվում են Մոսկվայի մարդաշատ ամայության կառափնարանում: Հանդիպել եմ բարձրագույն կրթությամբ բազմաթիվ տարեց ու պատվավոր հայերի, որ վարորդ են աշխատել, վաճառող,  բեռնակիր: Զրույցի էի բռնվում հետները, հացնում, թե նման անպատվաբեր աշխատանքի համար արդյոք արժե՞ր լքել Երկիրը, չէ՞որ նման մի գործ Հայաստանում ևս կարելի էր գտնել, հատկապես որ Մոսկվայում գրեթե բոլորը վարձով էին ապրում, իսկ Հայրենիքում գոնե տուն-տեղ ունեին: Պատասխանը, թեև սպասելի, միշտ զարմացնում էր ինձ՝ մենք մեզ թույլ չենք տա Հայաստանում անել այն, ինչ անում ենք այստեղ: Ինքս էլ ստիպված էի խոստովանել, որ Հայաստանում երբեք առևտուր չէի անի, շինանյութ չէի վաճառի, կամաչեի, որ ծանոթ մեկը կարող է ճանաչել ինձ, իսկ օտարության մեջ, օտարների մեջ ումի՞ց ամաչես, ամաչես «սրանցի՞ց»:

Հայերիս մեջ այլ ազգերի նկատմամբ սեփական գերակայության գենետիկ զարմանալի գիտակցում կա: Մենք չենք կարող ստորանալ մեզ հավասարների մեջ, բայց ՙմեզանից ցածրերի՚ մեջ կարող ենք մեզ թույլ տալ այն, ինչ թույլ չէինք տա Հայրենիքում: Մենք չենք ամաչում նրանցից, ում մեզանից ցածր ենք համարում:

Ազգականս, որի մոտ աշխատում էի, հարուստ էր անգամ Մոսկվայի չափումներով. տներ էր առել, իրեն ու եղբորը ծոռնեծոռ ապահովել էր: Տանը խոսում էին միայն հայերեն: Երբ մի անգամ իրենց տանը հյուր եղած ժամանակ հեռուստատեսությամբ ռուսական ալիք միացրի, ազգականիս՝ Արմենի արձագանքը կոշտ էր՝ ալիքը փոխիր, էդ խոզերի լեզուն չեմ ուզում լսել: Երբ հարցրի, թե հապա ինչո՞ւ է ապրում խոզերի մեջ, պատասխանը կարճ էր՝ փող կա:

Գրանցենք հայերի արտագաղթի պատճառներից մեկը, ըստ իս՝ գլխավորը. հայերի ակնկալիքներն Հայրենիքից շատ ավելի մեծ են, քան մյուս ազգերի մոտ: Զարմանալիորեն Հայաստանի սրբացումը կարող է հանդիսանալ արտագաղթի առիթ, քանի որ մեր սպասելիքները Հայրենիքից և երկրի օրվա ղեկավարներից այնքան շատ են, այնքան հավակնոտ, որ փոքր անհամապատասխանության դեպքում անգամ լքում ենք Երկիրը, գնում օտարության մեջ պանդխտության, պատրաստ ամեն տեսակի աշխատանքի, որովհետև օտարության մեջ ինչ էլ լինի, միևնույն է՝ անարդար է, անարդար էլ պիտի լինի, որովհետև օտարից, ուրիշից, «դրանցից» բա ուրիշ ի՞նչ պիտի սպասի հայը…

Առաջին քրիստոնյա ազգը Աստծո կողմից ընտրյալ ազգ է, արյունը՝ ծանր, հիշողությունը՝ հին: Ամեն հայ գիտի, որ ընտրյալ է, որ Հայաստանը Հայրենիք է, ամեն հայ Հայաստանից ակնկալում է այն, ինչ գուցե հասանելի է միայն Երկնային Արքայությունում: Օտարության մեջ ամենայն անարդարություն հայի համար սովորական է ու սպասելի, բայց սեփական երկրում, իր Հայրենիքում հայը չի կարողանում մարսել անարդարությունը, իր արքայական տեսակի և անփառունակ կենցաղի անհամապատասխանությունը: Այդպես սեփական գերակայության գենետիկ իմացությունը և սահմաններ չճանաչող ակնկալիքները Հայրենիքից կարող են դառնալ Հայաստանը լքելու պատճառ:

Հայի համար Հայրենիքը ամենօրյա տքնանք չէ, երազ է՝ միշտ ավարտուն, պատրաստ, միշտ անհասանելի, ուստի միշտ՝ Արարատից այն կողմ: Սուտ է, թե հայերս սիրում ենք օտարի լուծը: Պարզապես օտարի պարտադրած անարդարությունը մեզ այնքան չի վիրավորում, որքան անկախ պետականության օրոք գործվող անարդարությունը: Հայերիս ակնկալիքը իշխանությունից ու Հայրենիքից անսահմանափակ է, ակնկալիքն ինքներս մեզանից՝ նվազագույն: Հայրենիքը միշտ պարտք է հային և գրեթե երբեք՝ հակառակը: Մենք արդեն հիմա, արդեն այսօր ուզում ենք այն, ինչ երազանք է, պահանջում ենք այն պետությունը, որը պարտավոր է լինել լավագույնն աշխարհում (և վստահ եմ՝ լինելու է), որը պիտի բավարարի ամեն հայի ակնկալիքները, անհատական սպասումները, որի թագավորը, իշխանները պիտի լինեն անձնազոհ նվիրյալներ, պետության ու ազգի ծառաներ: 600-ամյա թմբիրից հետո արթնացած Երկրից պահանջում ենք այն, ինչին կարող էինք մեր օրերում հասած լինել միայն պետականության կորուստ չունենալով, ասես պահանջենք մեզ հասանելիք անկախ ու հզոր պետականության պարտքը՝ 600 տարում կուտակված տոկոսներով: Պատճառը գուցե Հայաստանում ապրող հայերիս անքակտելի կապն է մեր նախնյաց հետ, չէ՞ որ հայի համար Ավարայրն ու Տիգրան Մեծի գահակալությունը եղել են վերջերս, ոչ շատ առաջ: Հայերիս կապը մեր նախնիների ու Հայրենիքի հետ զարմանալի ամուր է, կարծես վեց հարյուր տարվա քունը մի գիշեր է եղել, տանջող մղձավանջ, և հիմա արթնացել ենք, զարմացել ու բարկացել, թե ինչո՞ւ Հայաստանն այն չէ, ինչպիսին էր դեռ երեկ, նախքան մեր ննջելը: Դժգոհ օրվա անարդարությունից, օրվա իշխանություններից՝ մենք հաճախ մոռանում ենք, որ թագավորները, իշխաններն ու իշխանիկներն անցողիկ են, Հայրենիքը՝ հավերժ:

Հայաստանը նավ է, որ տանում ենք մեր ուսերին դեպի բաղձալի ծովը, դեպի երազանքի Հայրենիք: Գուցե ոչ այս, ոչ հաջորդ սերունդը չհասնի ծովին, գուցե դեռ ծանր է լինելու մեր վերջին տաժանքը նախքան մեր երազին, մեր հայրերի սուրբ Հայրենիքի վճիտ ծովին հասնելը և ազատ նավարկելը: Չգիտեմ: Գիտեմ միայն, որ ամեն գնացողի, Հայրենիքն ամեն լքողի հեռանալով ծանրանում է մնացողներիս բեռը, մեկը երկուսի բեռ է տանում, և պահերն են լինում, երբ թվում է՝ ազգովի ճզմվելու ենք Հայաստան նավի բեռան տակ: Չեմ դատապարտում գնացողներին, միայն խնդրում եմ քար չնետել մեզ վրա, ցեխ չնետել մեր Հայաստան նավի վրա՝ նետված ցեխից նավը ծանրանում է, նետված քարերից արնահոսում են մեր վտիտ հոգիները:

Երկրաշարժի, պատերազմի, ցուրտ ու մութ տարիների միջով անցանք մեկ շնչով ու չնկատեցինք անկախության աստվածատուր պարգևը, չգիտակցեցինք, թե ինչ անկարևոր է անցողիկ դժվարը գալիք անանցանելի երազանքի, Հայրենիքի տեսլականի համեմատությամբ: Պատերազմի ու ցրտի, ամենօրյա հերկի տաժանքով տարված՝ չհասցրինք սիրել Երկրի արթնությունը, 600-ամյա թմբիրից արթնացած Հայաստանին կեսբերան չասացինք՝ բարի լույս, զավակս, ինչ լավ է արթնացար:

Թեև արմատներով հինավուրց, մեր նորանկախ պետությունը դեռ մանուկ է, որն ունի մեր սիրո ու հոգատարության կարիքը: Հայաստանցիներս կիսում ենք մեր երկրի, մեր հրաշամանուկի հետ նրա բոլոր օրերի հոգսն ու ուրախությունը, տխրում ենք, երբ թուլանում է, ցնծում ենք՝ տեսնելով աճն ու զորանալը: Ուս ենք տալիս իրար հսկա նավի տակ, հույս տալիս իրար, տանում ենք մեր նավը անմռունչ, համբերատար, հայացքներս՝ առաջ, խիղճներս՝ հանգիստ և որդիական խոնարհությամբ կիսում ենք մեր երկրի լավ ու վատ օրերը, ընդունում մեր երկիրը որպես ճակատագիր, թեև երբեմն նեղանում, բայց համբերում ենք՝ մինչև մեծանա և կարողանա տալ եթե ոչ մեզ, ապա գոնե մեր զավակներին այն, ինչին թե մենք, թե մեր զավակներն արժանի ենք՝ տալ հային արժանի Հայրենիք, հայի երազած Հայաստանը: Գիտենք, որ Հայրենիքը ծնվում է արյամբ, ամբողջանում ու կայանում է քրտինքով, ամենօրյա տքնանքով, գիտենք, որ երեխա մեծացնելը հեշտ չէ, Հայրենիք կայացնելը՝ հազարապատիկ դժվար: Ուս ու թիկունք ենք իրար, մենք՝ հայաստանցիներս ենք միակ պաշտպանն ու հենարանը մեր սրբազան նավի…

Այս զրույցը կուզենայի ամփոփել բանաստեղծությամբ, որ գրեցի ինձ համար ծանր օրերին, երբ օրվա հոգսերի մեջ մի պահ մոռացել էի անկախ Հայրենիքի մաս լինելու բերկրանքը, երբ օրահոգսի թմբիրում չէի նկատում անգամ իմ սիրելի տուն-Երևանի ամառվա տաք փողոցների հարազատությունը և անգամ մտածում էի հեռանալու մասին: Գրեցի որպես հիշեցում, որպես աղոթք, որ կարդամ ու սփոփվեմ, կարդամ ու հիշեմ՝ զատելով անկարևորը կարևորից, օրահոգսը՝ Երկրի արթնությունից:

 

Արթնությունը Երկրի

 

Արթնությունն իմ Երկրի

Թողել եմ անսեր,

Ցրիվ եկած հոգսեր,

Տաժանք վերջին հերկի:

 

Արթնությունն իմ Երկրի…

 

Լույս իմ տուն-քաղաք,

Թողնում եմ կարոտ

Ամեն առավոտ

Փողոցներդ տաք:

 

Լույս իմ տուն-քաղաք…

Իմ Երկրի երկինք.

Կսկիծը քո երգի,

Գույները քո եռքի

Ո՞նց թողնեմ անկիրք:

 

Իմ Երկրի երկինք…

 

Իմ Երկրի կարոտ.

Թող շնչեմ անհագ

Գույներդ տաք-վարակ՝

Վառվող, կարմիր, քարոտ:

 

Իմ Երկրի կարոտ…

 

Արթնությունը Երկրի

Թողել ենք անսեր,

Ցրիվ եկած հոգսեր,

Տաժանք վերջին հերկի:

 

Արթնությունը Երկրի…

 

Անդին 1, 2014

Share

Կարծիքներ

կարծիք