Անմեղության կանխավարկած

20141711120911975

Քեռին շաքար ուներ, խոլեստերին: Անոթներն էլ՝ վայ անոթ ասողին. սրտից ելնողները կային, մտնողները՝ քայքայվա՛ծ: Բերած արյունն էլ ծա՜նր՝ մա՛ղձ: Հրաշք՝ հրաշքով էր ապրում քեռին: Խմել, ծխել, ձկնորսություն ու բադ խփել, սար ու ձոր չափչփել, սիրուհիներ… Է՜ապրելը երբվանի՜ց էր թարգել քեռին: Չորս կողմը փրփուր հա՜ց, փախլավա՜, կերուխո՜ւմ… հիմա միայն վարսակի հաց էր ծամում խաշ ու խորոված կերած քեռին: Կյանք, ինչ ասեմ հորինողիդ՝ սարի պես տղամարդուց մնացել էր մի բարձրացող շաքար ու մի չիջնող խոլեստերին: Հլա ասա՝ ութսուն տարի, հլա ասա՝ հինգ երեխա ու երկու կին, գաղթական մեր, թուրք ու Հիտլեր, եվրոպաներ… Թզբեհը քաշում՝ ախ էր անում, ծակող կուրծքը տրորում՝ վախ էր անում… Էհ-էհ՝ վաղուց արդեն հոգոցներով էր կյանքի հետ խոսում քեռին. ցավ ու խոց էր՝ վերքոտ էր սիրտն ու հոգին: Ի՜նչ պիտի լիներ, որ քեռին էդ տարիքում ու բացակա անոթներով ելներ տեղից: «Բայց,- մտածում էր՝ չեղած բեղերն ոլորելով,- շաքարի դեմ ինսուլին են սրսկվում, խոլեստերինն էլ քայքայվում է կծու բիբարից: Արարատյան դաշտում բիբարներ են աճում՝ խոյի պոզերից սուր ու կեռ: Թո՛ւյն: Լեզու տվիր՝ աչքերիցդ կայծ է թռչում, ուղեղդ հալվում է տաքությունից, խոլեստերինի՞ց էլ մարդ վախենա: Ճամփեքն էլ ասֆալտած՝ շաքարն ի՞նչ կանի էդ ճամփեքին»: Եվ շաքարից փչացած տեսողությամբ քեռին «Այ մարդ,- համոզում էր ինքն իրեն,- շաքարն ի՞նչ է, որ քեզ խեղճացնի,- ու մտմտում ասելիքը. «Ժողովուրդ,- ասում էր մտքում,- իմ քույր ու քրոջ մարդ, իմ հարազատներ, հող լցրեք ձերգլխին՝ զավակ ենք կորցրել: Սի՛րտ,- հրամայում էր քեռին,- տեղդ նստիր, դու որ խառնվեցիր մտքիս, համը հանելու ես: Տեղդ նստիր, տեսնեմ ի՞նչ ենք անում»,- ու միտքն ու հոգին փորփրելով՝ ճշտում էր մարդու պատճառա-հետևանքային կապը սեփական հոգու հետ: «Ուրեմն,- ասում էր քեռին,- իմ սիրելի քույր ու քրոջ մարդ, հարգելի հարազատներ, մեր քրոջ տղան Ռուսաստանում մարդ է սպանել: Սրիկա՞ է: Սրիկա՛ է: Տակա՞նք է: Տակա՛նք: Թքե՞նք երեսին: Թքելը քի՞չ է… Բայց չմոռանանք, որ դա մե՛ր տականքն է, Ռուսաստանից փախել-եկել, քարանձավներում թաքնված է: Ամո՛թ, ամոթ մեզ: Իմ սիրելի քույր, երկու տարի առաջ որ հրդեհ եղավ ու քո աջ աչքը այրվեց, ներսուդրսով-կողուկշտով սևացավ, ուրեմն այրվեց ու մոխրացավ քո հոգու աջ հայելին, ափսո՛ս: Ձախն էլ պիտի այրվեր, քո հոգին անհայելի պիտի մնար, որ դու էս օրը չտեսնեիր, դու պիտի դրան չծնեիր: Բայց հիմա, որ քո կույր աչքը հանկարծ կենդանացել ու արցունք է ծորում, ուրեմն պիտի մտածես, որ դա քո երեխան է ու, քարանձավում թաքնված, օգնության է սպասում: Իմ սիրելի քրոջ ամուսին, ես գիտեմ՝ դու թուրք պիտի լինես, որ սպանողին օգնես, դու՝ մշեցի Վարդանի միակ որդի, որի պապի տասը երեխային մորթել են թուրքերը… դու շուն պիտի լինես, որ էդքանից հետո ձեռք մեկնես մարդասպանին: Մեր քարանձավները որ թասիբ ունենան, դրան կուլ կտան, իրենց մութ ու ցրտով, կարիճ-օձերով դրա կյանքը դժոխք կդարձնեն, բայց…,- չեղած բեղերի տակից թոնթորում էր քեռին,- անմեղության կանխավարկա՛ծ»:

Քեռին մտքում ձեռքը խփեց սեղանին ու շարադրեց անմեղության կանխավարկածը. «Էդ տղեն ձեր ընտանիքի զավակն է՝ տասնութերորդ հայը: Օրեր ու տարիներ դուք արու զավակ երազեցիք և ձեր երազանքին հակառակ՝ ծնեցիք ութ աղջիկ երեխա: Պետք չէր, քույրս, պետք չէր Աստծուց կռվով արու զավակ պոկել: Եթե Աստված մի բանը չի տալիս, ուրեմն բարին էդ է: «Հազար երեխա կբերեմ… էնքան, մինչև տղա ծնվի:- Հերթական աղջկա ծնունդից խեղճացած՝ Աստծո առաջ պայման էիր դնում՝ Աստված, ինձ արու զավակ տուր, թե չէ սրանից հետո քո անունը իմ սրտի միջից կհանեմ»: Հիմա, քույրս, որոշիր՝ Երկնավո՞րն էր խելոք, որ չէր տա¬լիս, թե՞ դու, որ կախվել էիր նրա երեսից: Ինչ որ է՝ եղածը եղած է: Մեր տղան մարդ է սպանել: Մենք սրանից հետո աշխարհի երեսին ապրելու իրավունք չունենք: Ո՞վ ¬մեզ բարև կտա, ո՞վ մեր տնից աղջիկ կտանի, ո՞վ մեր տուն աղջիկ կտա, ո՞վ կուզի, որ իր ընտանիքին քավոր կանգնենք: Մեր առաջ հաց դնող չի լինի, մեր տանը պատառ կիսող չի լինի… Այ էսենց խայտառակեց ձեր տղեն: Հիմա էլ փախել է կել, քարանձավներում թաքնվել… Որ ոստիկանությունն իմացավ՝ ինչ է, որ աշխարհն իմացավ՝ ինչ է… Էլ մեզ ո՞վ բարև կտա: Տա¬սը օրից ավել գիտենք էդ բանը ու քայլ չենք ձեռնարկել: Ասում եք՝ էդ սրիկային օգնող չկա, ասում եք՝ թող օձերը դրան ուտեն… Ինչ ասես՝ ասում եք, բայց աշխարհում անմեղության կանխավարկած կա… Մենք մարդասպանին օգնող չենք: Դա թուրք է ու մի բան էլ ավելի՝ համաձայն եմ,- էլի չեղած բեղերը ոլորեց քեռին,- բայց մենք իրեն չենք օգնում, այլ մե՛զ: Նա ո՞ւմ տղեն է՝ մե՛ր: Ո՞ւմ արյունն է՝ մե՛ր: Ուզենք թե չուզենք՝ էդ մարդասպանը նստած է մեր արյան մեջ: Որովհետև չկա ծնող, որի կենսագրությունը չտարածվի իր երեխայի ճակատագրի վրա, և չկա երեխա, որի ճակատագիրը իր ծնողի կենսագրության շարունակությունը չլինի: Եթե մենք նրան չօգնենք, հանձնենք ոստիկանի ձեռը՝ ուրեմն հաստատում ենք նրա մեղքը: Եթե օգնենք՝ ուրեմն չենք ընդունում: Հիմա կասեք՝ մեր ազգում բժիշկներ, թարգմանիչ ու մանկավարժ… խուժան չպիտի լինի՛ մեր մեջ: Բայց կյանքում պատահում է, որ խուժանն ավելի է պետք գալիս, քան բժիշկն ու մանկավարժը: Խուժանին էլ պահել ու պահպանել է պետք… Իսկ ո՞վ ասաց, որ ոստիկանությունը ճիշտ է, ո՞վ ասաց, որ նա հանցանք է գործել: Քո աչքով տեսե՞լ ես՝ չէ՛: Իսկ ոստիկանները սրիկա են, զորավորի մեղքը բարդում են անզորի ուսերին. անտեր երեխա են տեսել, եսիմ ո՞ւմ մեղքն են բարդել վրան: Ինքն էլ ջահել, լեզու չգիտի, թիկունքին ծնող ու հարազատ չունի, գրպանում փող չունի, ոչ էլ՝ գլխում խելք: Կբարդեն՝ բա ի՞նչ: Իսկ մեզ պե՞տք է դատ ու դատարան, պե՞տք է առերեսում ճշմարտության հետ, պե՞տք է իրականության հետ ճակատճակատի տալ: Մենք երկրին նորմալ ժառանգ ենք տվել՝ դպրոց գնացած, ընտանիք տեսած, բանակում ծառայած. թո՛ղ չդարձնեին հանցագործ: Քանի ինքը չկա՝ հաստատող կամ հերքող չկա: Մեկը սրան կհավատա, մեկը՝ նրան… Ինչքան մարդասպան կլինի, էնքան էլ անմեղ… Կասկա՛ծը: Մարդն ինքը Աստծո կասկածն է: Միշտ և ցանկացած հարցում կասկածի տեղ պիտի թողնես: Պարզությունը համը հանում է: Բերեք մեր զավակի համար ապահովենք կասկածը: Նրա համար անմեղ մնալու տեղ թողնենք: Իմացեք՝ էդ քայլով մենք մե՛զ համար ենք թողնում անմեղության կանխավարկածը, թե չէ՝ մեզ էլ ո՞վ բարև կտա: Պիտի ազատվենք էդ տղից: Կյանքում ամեն ինչի համար պետք է վճարել: Մենք պիտի վճարենք մեր տղայի համար, մեր արյան համար, նրա արած-չարածի համար… կանխի՛կ: Էս է կյանքը՝ ուրիշ տարբերակ չունենք: Ապօրինի գործ է, սահման անցնելը հեշտ չէ՝ փող է: Փող է, բայց հնարավոր… մեռնեմ Մեղրու կարմիր սարերին՝ սարերով կանցկացնենք, թող գնա Պարսկաստան: Դրանից հետո Պարսկաստանի բնակիչ է: Պարսկաստանը գիտի՝ իր քաղաքացին ու իր պրոբլեմները: Կարևորը անմեղության կանխավարկածն է, որ մենք մեզ համար ապահովում ենք, կասկածի տեղն է, որ թողնում ենք: Կասկա՛ծը՝ զորավո՜ր, կասկածը որ չլինի, կյանք չի լինի… Փողերը սուսուփուս բերեք, մեր բաժին կասկածն ապահովենք: Ով կհարցնի՝ ո՞ւր է, ասեք՝ Ռուսաստան միլիարդատեր էր, փողի համար սպանել են: Խոզ, շովինիստ ռուսները թույլ կտա՞ն, որ մեկն ու մեկը ապրի»:

Բայց քեռին՝ իմաստուն, քեռին կյանքի լավուվատը տեսած, քեռին՝ Աստծո տեղն իմացող… քեռին գիտի, որ գնացողից հետո մնացողին ապրելու տեղ պիտի թողնել: «Անմեղության կանխավարկա՛ծ,- չեղած բեղերը ոլորեց քեռին, էն ո՜նց ոլորեց. բա որ իրոք բեղ ունենար:- Իմ սիրելի քույր, իմ սիրելի քրոջ մարդ, սիրելի հարազատներ…- մտքում նույն բանը ա՛յլ տեղից սկսեց քեռին:- Քույրս, որ երկու տարի առաջ մեծ հրդեհ եղավ ու այրվեց քո հոգու աջ հայելին, արդար չէր: Պիտի ձախն էլ այրվեր, պիտի քո հոգին հայելի չունենար ու չտեսներ կյանքի դեմքը, իմ տանջված քույր: Եղեռնից մազապուրծ իմ ազգի շառավիղ, իմ հալալ աշխատավոր փեսա, երջանկությունն էն է, որ մեռնես ու էսպիսի բաներ չտեսնես, բայց մենք չենք ծնվում երջանկության համար,- էսպե՛ս սկսեց քեռին,- մենք ծնվում ենք մեր հոգին կոփելու համար, որ՝ ով գիտի, էլ ի՞նչ կա Աստծո մտքում…- տեղ-տեղ լալով, տեղ-տեղ բեղերն ոլորելով ու մտածելով, որ բեղ պահելն էլ ուրիշ տեսակ տանջանք է, քեռին խոսեց ու խոսեց…- Մեր տղեն… մեր միակ արու զավակը, մեր ու ձեր ընտանիքի տասնութերորդ հայը…- քխկաց քեռին,- ա’յ մարդ, էսպիսի բան կլինի…- սկզբում քխկաց քեռին, հետո քխկոցը դարձավ հազ, հազը` հազի նոպա,- կյանքը դարձել է հարամ-արյուն… ջահել ենք կորցրել, ժողովուրդ,- բռան մեջ հազաց քեռին, էն ո՜նց հազաց՝ սիրտ ու թոք բերանը եկան. արյո՛ւն թքեց քեռին:- Մեր տղեն Ռուսաստանում սպանվել է: Տունուտեղ է ստեղծել մեր տղեն, ֆիրմա ու ժառանգություն… բայց հայն ո՞վ է, որ էդպես ապրի ռսի քթի տակ: Ժողովուրդ, սպանել են մեր տղին: Սպանվել է մեր ընտանքի տասնութերորդ հայը: Ռուսական հողը չարժե նրա դիակին, չարժե՞: Պիտի տեղափոխենք: Մեր ջահել, մեր եղնիկ, թագ ու պսակի արժանի զավակը… Ինքնաթիռը սև պիտի լինի մեր քարանձավների հոգու պես, դագաղը ճոխ պիտի լինի, ծաղկեպսակներ… ծաղիկները դրախտից պիտի բերված լինեն: Հոգեհա՛ց: Արար-աշխարհը պիտի մասնակցի էդ հոգեհացին, արար-աշխարհը պիտի մեզ մխիթարի… Իսկ էդ բոլորը փող է, ժողովուրդ: Փող է, որ պիտի հավաքենք: Ես էս տարիքիս ու էս առողջությամբ՝ է՛լ  շաքար, է՛լ խոլեստերին, անոթներ որ՝ առհասարակ չունեմ, սիրտս մնացել է անսնունդ ու անճանապարհ… Դուք պատկերացրեք՝ ի՛նչ ցավ է իմ սրտին, դուք էդ ցավը պիտի՛ զգաք. մեր ջահել եղնիկին իր մեռած մուրազներով հո չե՞նք թողնի Ռուսաստանի սև հողին: Ձեր հարգանքը ձեր արյան հանդեպ հենց հիմա՛ պիտի ապացուցեք»:

Էլի ի՞նչ մտածեց քեռին, ի՞նչ տվեց ու առավ, գնա՞ց, մնա՞ց, ինչքա՞ն  հազաց քեռին, հազալուց հետո ի՞նչ խոսք ասաց, ո՞նց մխիթարեց, ի՞նքը մխիթարեց, թե իրեն մխիթարեցին, ո՞րն էր ճշմարտությունը, ճշմարտությունն ումի՞ց իմացավ քեռին և ո՞ւմ պահ տվեց՝ Աստծո մտքի նման անհայտ մնաց: Բայց երկու օր հետո Մեղրու սարերով, մեկ այլ անձնագիր գրպանում, հենց սահմանապահների միջոցով էլ քեռին նրան անցկացրեց Պարսկաստան: Անցկացրեց ու շաքարը բարձր, պառկած մտածում էր՝ պետք է դիմել դատարան: Դիմելու օրից վեց ամիս անց դատական կնիքը կիջնի նրա անվան վրա՝ անհայտ բացակայող: Պիտի էդ կնիքը լինի, որ ազգի կենսագրությունը մաքուր լինի: Քեռին պառկած լքլքում էր շաքարից, անոթների բացակայությունից ու մտածում, որ կարևորը վեց ամիս դիմանալն է: Մտովի քայլում էր դեպի դատարան, և խոլեստերինի հե՛րն էլ անիծած, նրա ողջ հույսը խոյի եղջյուրներից էլ կեռ կանաչ, կծու բիբարն էր:

 

 

 

Անդին 8, 2013

Share

Կարծիքներ

կարծիք