Անդինի հյուրն է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը

Լուսանկար-Պարոն Սարգսյան, ի՞նչն է ամենադժվարը Ձեր ներկա աշխատանքում, ոչ որպես պաշտոնյա, այլ որպես մարդ:

 

-Անկեղծ ասած, ամենադժվարը, թերևս, աշխատանքի կազմակերպումն է այնպես, որ ամենասիրելի ու հարազատ մարդիկ՝ մերձավորներս, ուշադրության պակաս չունենան, քանզի աշխատանքիս բնույթն այնպիսին է, որ չունի հստակ աշխատանքային ժամեր, և ավելի շատ ծառայություն է, քան աշխատանք: Իսկ ծառայության տարբերությունը աշխատանքից այն է, որ չկա աշխատանքի հստակ ժամ, չկա պահ, երբ դու կարող ես դադարել մտածել աշխատանքի մասին և անցնել կենցաղային խնդիրների:

Պետության կառավարումը մի գործառույթ է, որն ակնկալում է քսանչորսժամյա անընդհատ ուշադրություն: Եվ զբաղեցնել մի պաշտոն, որն օգնում է հանրապետության նախագահին կատարել իր սահմանադրական պարտականությունները, ենթադրում է, որ դու և քո թիմը ևս քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր պետք է ուշադրության կենտրոնում պահեք կառավարման ամենատարբեր ոլորտները, և, հետևաբար, այդ աշխատանքը պահանջում է հարյուրտոկոսանոց նվիրում, ուշադրությունը մեկ հարցից մյուսը արագ տեղափոխելու, մի քանի կենսական կարևորություն ունեցող նախագծեր և ոլորտներ ուշադրության կենտրոնում պահելու կարողություններ: Իսկ այս ամենը ենթադրում է ուժերի գերլարում, որն էլ անդրադառնում է ինչպես քո կենսակերպի, այնպես էլ քո հարազատների, մտերիմների՝ քեզ հետ շփվելու հնարավորության վրա: Եվ դա, թերևս, ամենաբարդն է նման աշխատանքում:

 

-Իսկ ինչպիսի՞ մարդիկ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Խոսքը մասնագիտական կարողությունների մասին չէ, այլ անձնային որակների:

 

-Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը բարձրագույն հայեցողական պաշտոն է, որին մարդը նշանակվում է նախագահի կողմից՝ նրա թիմը համակարգելու նպատակով, և այս պաշտոնի թեկնածուի անձնային հատկանիշները մեծապես պայմանավորված են նրանով, թե ով է քո պաշտոնում նշանակող ղեկավարը: Հայեցողական պաշտոնները, սովորաբար, չունեն պահանջվող անձնական հատկանիշների այնպիսի հստակ նկարագիր, ինչպիսին կարող են ունենալ ունեն քաղծառայողական պաշտոնները:

Եթե ղեկավարը կարևորում է մասնագիտական գիտելիքները, փորձը, միջանձնային հարաբերություններում ճիշտ կողմնորոշվելու կարողությունները, ուրեմն իր թիմը ևս կլինի այդպիսին: Հետևաբար նման դեպքերում պաշտոնյայի անձնային հատկանիշների առջև դրված պահանջները շատ հարաբերական են, դրանք պետք է համադրելի լինեն ղեկավարի աշխարհընկալման և նպատակների հետ:

 

-Իսկ ի՞նչ մասնագիտական կարողություններ են պետք այդ աշխատանքի համար:

 

-Մասնագիտական պահանջներն առավել հստակ են նկարագրվում նման պաշտոնի համար, քանի որ անձնակազմի ղեկավարը գործ ունի կառավարման՝ իրավական, տնտեսական, փորձագիտական և այլ ոլորտների ամենօրյա խնդիրներ ունեցող մեծ թիմի հետ, իսկ նման թիմ ղեկավարելու համար նախ և առաջ պետք է ունենալ համադրման, հաղորդակցման ճկուն ունակություններ, հատկապես մարդկային ռեսուրսների կառավարման լավ գիտելիքներ, բարձր աշխատունակություն, քանի որ աշխատանքային ժամերն իսկապես շատ երկար են և պարտավորեցնող:

Իմ դեպքում հետաքրքիր է, որ ես աշխատակազմերի այն քիչ ղեկավարներից եմ, որոնք աշխատում են իրենց մասնագիտությամբ: Ես ավարտել եմ Սանկտ Պետերբուրգի Կառավարման ակադեմիան՝ «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ, իսկ մասնագիտացումս եղել է «Անձնակազմի կառավարումը»:

 

-Այսպիսով, Դուք որակյալ կրթություն եք ստացել արտերկրում, արդյոք դրսում ստացած կրթությունը հեշտ կիրառելի՞ է հայկական միջավայրում:

 

-Ես շատ կարևորում եմ հենց հայկական միջավայրում մասնագիտական զարգացման բաղադրիչը: Երբեմն իմ ընկերները, իրենց զավակների ուսման հետ կապված, խորհուրդ են հարցնում ինձանից, և ես վստահորեն առաջարկում եմ, որ ավելի լավ է բակալավրիատի աստիճանն ստանալ հենց Հայաստանում: Դա, թերևս, այն շրջանն է, երբ դպրոցից հետո երիտասարդը ձևավորում է իր ընկերների,  մասնագիտական հետաքրքրությունների ու կապերի ուրույն շրջանակը, և եթե նա արտերկրում ստանա նույնիսկ լավագույն կրթությունը, միևնույնն է՝ նրա կայացման մեջ ինչ-որ բան պակաս է լինելու: Իհարկե դա անդառնալի կորուստ չէ, միշտ էլ կարելի է լրացնել, բայց այն բնական զարգացումը, որով դա պետք է ընթանար, այլևս չի լինի:

Ես Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում կրթությունս զուգահեռում էի Սանկտ Պետերբուրգի Կառավարման ակադեմիայում հեռակա ուսման հետ, իսկ երկուսն էլ ավարտելուց և Ազգային ժողովում աշխատանքային փորձ ձեռք բերելուց հետո դիմեցի Հարվարդ և Թաֆթս համալսարանների համատեղ ուսումնական ծրագրին՝ Միջազգային իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց, որտեղ ստացա իմ մագիստրոսական կրթությունը, ինչը մեծապես նպաստեց արտաքին քաղաքականության ոլորտում իմ աշխատանքին:

Առհասարակ, մագիստրոսական մակարդակում և դրանից բարձ հումանիտար կրթությունն իր էությամբ մարդու մեջ ճիշտ հարցադրումներ ձևավորելու գործառույթ ունի: Եթե կրթությունն ուսանողին փորձում է տալ բոլոր հարցերի ճիշտ պատասխանները, ուրեմն այդ կրթությունն ի սկզբանե դատապարտված է անհաջողության, որովհետև ժամանակն արագ է ընթանում, և հասարակական գիտությունների այն պնդումները, որոնք ժամանակին բացարձակ ճշմարիտ էին թվում, այսօր կարող են վերանայման կարիք ունենալ: Եվ եթե քեզ սովորեցրել են, թե ինչպես է պետք լուծել մերձավորարևելյան ճգնաժամը, ուրեմն քեզ սխալ բան են սովորեցրել, քանի որ դա ինքնին գործընթաց է, որի կարծրացած ճիշտ լուծում չի կարող ունենալ: Ուստի կրթությունը պետք է ձևակերպի արդի հիմնախնդիրներից բխող հարցադրումներ և դրանց հնարավոր պատասխանները որոնելու հմտություններ:

 

-Համարո՞ւմ եք, որ Ձեր անձը և աշխատանքը ճիշտ է ընկալված Ձեր աշխատակիցների և հասարակության կողմից:

 

-Այս հարցը, թերևս, երկու մասի բաժանեմ: Նախ՝ ես միշտ կարևորում եմ այն փաստը, որ նախագահի աշխատակազմի աշխատակիցներն ի՛մ աշխատակիցները չեն: Կա մեծ հսկայական հայեցողական թիմ՝ նախագահի խորհրդականները, օգնականները, մամլո քարտուղարը, ռեֆերենտները, քաղաքացիակն ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող իմ տեղակալները, վարչությունների պետերը, բաժինների վարիչները և ուրիշ պաշտոնյաներ, որոնք նշանակվում են հանրապետության նախագահի կողմից:  Եվ ես ինձ համարում եմ այս մրցունակ աշխատակիցների գործուն և մեծ թիմի անդամներից մեկը, ում հանձնարարված է անել մի փոքր ավելին՝ համադրելով բոլորի ջանքերը և երբեք չփորձելով փոխարինել նրանց աշխատանքն իմով: Նման թիմը չի կարող արդյունավետ լնել մեկ անձի միջոցով ողջ աշխատանքը ֆիլտրելու պարագայում: Այսինքն՝ ես հավասարներից մեկն եմ, ով փոքր-ինչ ավելի պատասխանատվություն ունի համադրման ոլորտում:

Եթե ես այս ամենն այսպես չդիտեմ, իմ աշխատանքը երբեք չի հաջողվի, քանի որ կարող մարդկանց թիմ համակարգելը նախ և առաջ պահանջում է հարգանք այդ մարդկանց նկատմամբ: Իսկ այստեղ կան մարդիկ, ովքեր երկու-երեք տասնամյակների աշխատանքային փորձ ունեն նման ոլորտներում, անցել են երեք նախագահների պաշտոնավարման շրջանները և բազում հարցերում շատ ավելի փորձառու են, քան ես:

Ինձ համար կարևոր և հաճելի է այն, որ որպես աշխատակազմի ղեկավար նշանակվել եմ ոչ թե դրսից, այլ հենց աշխատակազմի ներսից, այսինքն՝ մինչև այս պաշտոնին նշանակվելս ավելի քան ութ տարի աշխատել եմ աշխատակազմում՝ տարբեր պաշտոններում: Դա շատ է, իմ պատկերացմամբ, հեշտացնում իմ աշխատանքը և հարաբերությունները գործընկերներիս հետ:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ես միշտ համարել եմ, որ մեր պետությունը՝ իմ երկիրը շատ շռայլ է եղել իմ նկատմամբ: Իմ ծրագրած ցանկացած քայլի համար ես տեսել եմ իմ ղեկավարության բարեհաճ արձագանքը՝ թե՛ գովեստի, թե՛ պետական պարգևների և թե՛ պաշտոնական առաջխաղացման տեսքով:

Իմ գործունեության մեջ կան տարրեր, որոնք առնչվում են հասարակության լայն շերտերի հետ, և ես, բացի սատարման խոսքերից, չեմ լսել այնպիսիք, որոնք ինձ նեղսրտելու առիթ կտային, իսկ քննադատությունները ես ընդունում եմ որպես խորհուրդ՝ գործս ավելի լավ կատարելու համար: Եվ ընդհանրապես, եթե պետական պաշտոնյան աշխատում է՝ ակնկալելով, որ իր գործունեությունը պետք է դառնա համաժողովրդական երախտապարտության, փառաբանության դրսևորում, ուրեմն նա սխալ տեղում է, քանի որ հատկապես անցումային շրջաններում պետական կառավարումը շատ բարդ գործընթաց է, և արած ամեն լավ գործի կողքին կան բազմաթիվ չարված գործեր, իսկ հասարակության մեջ՝ չբավարարվածության շատ մեծ զգացում, որին պետք է պատրաստ լինել ի սկզբանե:

Եթե հասարակությունն անընդհատ գովերգում է իր ղեկավարին, ուրեմն այդպիսի հասարակությունն իր մեջ լուրջ խնդիրներ ունի: Թեև մեր ժողովրդավարությունը դեռ շատ երիտասարդ է, այն հիմնվում է ազատականության խորը արմատների վրա: Սա պայմանավորված է թե մեր քրիստոնեական հավատքով, հասարակական հարաբերությունների ավանդույթներով, և թե մեր ազգի ձեռներեցական ջիղով, որն այսօր միջազգային ճանաչում ունի: Եվ եթե մարդն ուզում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, նա ավելի պահանջատեր է ժողովրդավարության, ազատության, արդարության հարցերում: Հետևաբար՝ ինչ-որ բան ստեղծելու, մրցունակ լինելու այդ ջիղը թելադրում է նաև ազատականության այս խորը առանցքը, որի շուրջ ժողովրդավարություն կառուցելը համեմատաբար դյուրին է դառնում:

Ընդհանրապես ժողովրդավարություն կառուցելը հեշտ չէ: Դա միայն արդար դատարաններն ու ազատ ընտրությունները չեն, այլ բազմաթիվ գործոնների համադրում է, հասարակության տարբեր շերտերի համապարփակ և ներդաշնակ զարգացում, որը թույլ է տալիս սոցիալական ճիշտ ուղեցույցներով հասարակության արժեհամակարգի ձևավորում: Մենք, որպես երիտասարդ ժողովրդավարություն, տառապում ենք շատերին բնորոշ հիվանդությամբ. թվում է, թե մենք գրելու ենք ամենաճիշտ օրենքները, և արդյունքում կյանքը դառնալու է հիասքանչ: Իրականում դեռևս մ.թ.ա. IV դարից սկսած նմանօրինակ ջանքերը տապալվում են: Սրա լավագույն օրինակը Պլատոնն էր, ով ասում էր, թե իդեալական պետություն ստեղծելու համար պետք է գտնել արդար մարդկանց, որոնց պետք է նշանակել վերահսկողներ, և նրանք պետությունը կտանեն ճիշտ ճանապարհով: Պլատոնին հնարավորություն տվեցին այդ գաղափարներն իրականացնելու համար, սակայն որոշ ժամանակ անց նա հիասթափված վերադարձավ, թե՝ մի բան կա, որ ես հաշվի չէի առել. ո՞վ է վերահսկելու վերահսկողներին:

Իրականում կյանքը բազմագույն է ու հարուստ, և այն չի տեղավորվում քրեական և քաղաքացիական, ընտանեկան օրենսգրքերի նեղ շրջանակներում: Դրանք ընդամենը նորմեր են, որոնք հասարակությունը որոշել է թղթին գրելով կարգավորել, սակայն կան սոցիալական, բարոյական և այլ նորմեր, որոնք պակաս կարևոր չեն, և եթե դու փորձում ես միայն իրավունքի միջոցով լուծել քո հասարակության առաջընթացի խնդիրներն, ուրեմն դու դատապարտված ես ձախողման:

Եվ ես վստահ եմ, որ մեզ չի պահանջվելու երկու հարյուր տարի, ինչպես պահանջվեց եվրոպական շատ երկրների՝ մեր կողմից տեսած կամ պատկերացրած մոդելներն ունենալու համար:

 

 -Սակայն մեծ քայլերի դեպքում արդյոք չե՞նք սխալվի:

 

-Կսխալվենք, բայց չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Հետևաբար պետք է նաև սխալվել, հետ քայլ անել, կշռադատել…

Ընդհանրապես շատ լավ է, որ մենք պահանջկոտ ազգ ենք, որովհետև պահանջկոտությունն առաջընթացի դրդիչ ուժն է: Սակայն պետք է նաև գիտակցել և ընդունել այն, որ ժողովրդավարությունը մեկ սերնդի գործ չէ: Պետության կյանքում հիսուն-վաթսուն տարին իրականում ոչինչ է, և դժվար է տրամադրվել այն հարցի շուրջ, որ դու անում ես մի բան, որի արդյունքը երևալու է երկար ժամանակ անց: Բայց եթե ժամանակին այդպես մտածեին չինացիները, երբեք չէին կառուցի Չինական մեծ պարիսպը:

 

-Վերադառնանք Ձեր պաշտոնին: Դուք տարբեր ղեկավարների հետ եք աշխատել: Ինչպիսի՞ն էր նրանց աշխատաոճը: Ղեկավարներից ո՞ւմ հետ եք ավելի հեշտ աշխատել կամ աշխատում:

 

-Իմ բոլոր ղեկավարների հետ աշխատել եմ շատ հեշտ ու ներդաշնակ՝ փորձելով շատ բան սովորել նրանցից: Այսօր ջերմությամբ եմ հիշում բոլորին՝ սկսած Ռուբեն Եգորյանից, Հրանուշ Հակոբյանից, ում ղեկավարած խորհրդարանական հանձնաժողովում արտահաստիքային փորձագետ եմ եղել, Բաբկեն Արարքցյանից, ում հետ աշխատել եմ 1995 թվականից, Խոսրով Հարությունյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ում հետ սկզբում աշխատել եմ որպես պաշտպանության նախարարի օգնական, իսկ հիմա՝ արդեն երկրորդ նախագահական շրջանը որպես Նախագահի օգնական, աշխակազմի ղեկավարի տեղակալ և այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար:

Ճիշտ չեմ համարում նրանցից որևէ մեկին առանձնացնելը, քանի որ յուրաքանչյուրն էլ ինչ-ինչ չափով եղել է մեր երիտասարդ պետության հիմնադիր: Իսկ «հիմնադիր հայր» հասկացողությունը չի ենթադրում բացարձակ կատարյալ, անթերի կերպար: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ պետությունների հիմնադիր հայրերը աստվածամարդ չէին, նրանք պարզապես խիզախություն են ունեցել ժողովրդին առաջնորդելու ծանր պահերին:

 

-Վերջին շրջանում Դուք մի քանի անգամ հանդես եկաք հեռուստատեսությամբ, և թույլ տվեք նկատել, որ հետաքրքիր եք խոսում և ազնիվ եք Ձեր խոսքի մեջ: Ինչո՞ւ ավելի հաճախ չեք հանդես գալիս:

 

-Իմ պաշտոնը քաղաքական պաշտոն չէ, հայեցողական է, և իմ գործունեությունն ուղղված է հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթների իրականացման ապահովմանը: Դա շատ հստակ նկարագրված աշխատանք է:

Իմ հանրային ելույթները միշտ կապված են զուգահեռ իմ մեկ այլ պարտականության հետ, քանի որ, ինչպես նկատեցիք, որպես աշխատակազմի ղեկավար ելույթներ շատ քիչ եմ ունենում, որովհետև մեր քաղաքականությունն արտահայտում է հանրապետության նախագահը, ով իր հանրային ելույթներով պարբերաբար լուսաբանում է այս կամ այն խնդիրը: Հիմնականում ես ելույթ եմ ունենում որպես որևէ խնդիր կամ նախագիծ համակարգող: Օրինակ՝ այժմ ես համակարգում եմ Մեծ եղեռնի հարյուրերորդ տարելիցի՝ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում կայանալիք միջոցառումները:

Ես հանրային ելույթ եմ ունենում որպես Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ՝ ինձ համար ամենապատվաբեր մի պաշտոն, որում ընտրվել եմ հենց մատենադարանցիների առաջարկությամբ և շատ եմ փորձելու արդարացնել նրանց սպասումները: Մատենադարանը մեր կարևորագույն սրբավայրերից է ու խորհրդանիշերից է և  մեր ազգային ինքնության գիտակցման ամենակարևոր առանցքներից մեկը:

 

-Պարոն Սարգսյան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: Ի դեպ, ես հաճելիորեն զարմացած եմ, որ Ձեր հեռախոսահամարը, այսպես ասած, «գոլդ» չէ, ինչպես պետական շատ այլ պաշտոնյաներինը:

 

-Չեմ հիշում, թե ով ասաց վերջերս՝ առաջ ասում էինք «սա էլիտար շենք է, քանի որ այստեղ ապրում է մեր մտավորականության կամ պետական-հասրակական գործիչների էլիտան», իսկ հիմա ասում են «նոր էլիտար շենք է կառուցվում, բնակարան չառնեն՞ք»: Հեռախոսահամարի «գոլդ» լինելը ինձ համար պայմանավորված է միայն նրանով, թե ինձ համար որքանով հաճելի մարդ կպատասխանի իմ զանգին, այլ ոչ նրանով, թե թվերի ինչ կրկնությունից է բաղկացած այն: Ընդհանրապես, մեծագույն ողբերգություն է, երբ ձևն ընկնում է բովանդակությունից առաջ:

 

4

 

Share

Կարծիքներ

կարծիք