«Անաբասիս» շարքից

Հեղինակ:

Լուսանկար

Անաբասիս

*
Այնպես ինքնաբուխ են խինդն ու լռությունը,
որ բառն այլևս տպավորություն չի փնտրում…

վարդի թերթերին նիրհող Կեսգիշերից խաղաղ
կպոկվի Անունը չարտաբերվող քո գիշերների.-
իր իսկ քայքայումի մեջ ակնթարթը սնող Դեմքը
կծաղկի արդեն Մենության մեջ Սրտի…

միակ Հանդիպումը դեռ խուսափում է
հայացքիդ մոխիրների մեջ Գեղեցիկը ամբողջացնել.-
մոռացումը կթաքնվի մտքիդ կնճիռներից՝
հիշողությունդ սրտով գտնելու համար…

ձայնը քեզ կխորասուզի
անվճռականության ու ցավի ամայության մեջ,
որի ժամանակը անապատում է դեռ սպառվել…

շրջադարձերի նստվածքի մեջ
կարոտը անցյալ է փնտրում…

*
Սիրտը ստվերներ դեռ չի ճանաչում,
բայց իր ստվերում է հասունանում ապրումը…

շարունակ կփորձես մտածել
ինքն իր մեջ շուռ եկած անցյալի մասին,
անտարբեր չի լինի սակայն ակնթարթը՝
բազմաքանակությունից մի կերպ արտաշնչվող…

սրտիդ միջով կնահանջի Անունը՝
հանց ջրերի վրայով սահող լուսին,
կոպերիդ ներքո կբացվի հանկարծ
սրտիդ մեջ հալածվող քնքշանքը
(ուր ընտրությունը ճանաչողություն չէ բնավ)…

թեկուզ չես խուսափում սխալվելուց,
միևնույն է, երբեք չես իմանա
առեղծվածը առասպելական հիշողության՝
կեսգիշերային ներկայությամբ սրբագրվող…

*
Անհնար է այլևս վերապրել Ակունքը…

Քեզ հետապնդող Անցյալն ու Մահը
դեռ խուսափում են հանդիպումից,
զի որոնումներիդ հանդգնության մեջ
ծփում է գույնը ծիծաղկոտ միամտության՝
հանց ծիածանի տակով հոսող քաոս…

Թեպետ զգացմունքային չեն բառերը,
սակայն քնքշանք կա նրանց մեջ.-
չեմ ուզում, որ մեզ միավորի անհասանելիությունը,
բայց Գեղեցիկը թող մեզ չլքի…

Թեպետ բառերը զուրկ են զայրույթից,
բայց վախը նրանց մեջ է թաքնվում.-
շրջվիր ու տես, թե հեռուների առատության մեջ
ինչպես է ծփում գոյության բերկրանքը,
շրջվիր ու շուռ տուր տարվա եղանակները
Վերհուշի մեջ բռնկվող Ճակատագրի,
միայն թե զայրացած մի՛ հեռացիր…

Մակընթաց հորիզոններից

*
Կանաչ մի հայացք ընկնում է սրտիդ մեջ՝
հանց Սիզիփոսի քարը…

փակի՛ր աչքերդ,
սա այն գիշերն է,
որը չի կարող անցնել հմայքիդ միջով…

*
Ուրիշ է անփութությունը
դուռը բացող ձեռքի…

գարեջրի քներակից թափվող
մանուշակագույն մի հեռացում՝
լքումից անդին…

լռության վրա
սրտից մնացած հետքեր
(շուրթերի համար այլևս անընթեռնելի)
ու մի կտոր ձանձրույթ,
որ չի բուրում ինչպես օծանելիքը քո…

անցյալի հետքերը շոշափելով չէ,
որ կփոխես կյանքիդ հատակագիծը…

Share

Կարծիքներ

կարծիք