«Այգաբացի պատարագ» շարքից

Լուսանկար

Մեռնող Քաղաքի հոգեվարքը

Դեղնաշաղախ տերևների ծանրությունից
փշրվել է լռությունը մթնշաղի,
և ոսկեցող մայրամուտի ցոլքերի մեջ
զրնգում են պատկերները շողակաթոց:
Շիկացած պղնձի նման
հալվում է երկաթն արևի,
որ սոսնձում է թախիծը մամռոտ
մեղրագույն լույսի շատրվաններին:
Ալրոտ երկինքը կապույտ է մաղում
բյուրեղապակյա ծառերի վրա:
Արծաթե հոսքը արնաքամ եղավ
ճաքած ապակու արտացոլքի մեջ,
տաք լապտերների սարդոստայններից
մոմե փաթիլներ թափվեցին ներքև,
որոնք մոխրագույն ցանցեր հյուսեցին
անձրևից լքված ճամփեքի վրա:
Ու արցունքների միջից հորդառատ
կարոտից խեղդված լուսնոտների պես
առանց հրաժեշտ հեռանում են լուռ
գաղթական դարձած ուղևորները:
Քահանայատեսք ստվերի նման
կիսադատարկ փողոցներով
թափառում են վհուկները կնճռոտված՝
որոնելով շշուկները անցյալի
Մեռնող Քաղաքի հոգեվարքի մեջ:

Տեսիլաժամ

Հրահոսուն տաք հեշտանքով,
ակոսելով մարմինդ բորբ՝
կշոշափեմ երակներդ զմրուխտազօծ
ու աստղահամ գիշերվա մեջ
արարչագործ շնչառությամբ
ես կհալվեմ տեսիլքի պես
քո կապույտի հորձանքներում:
Կիզիչ կրքի հորդող հրից,
լուսերիզող խենթությունից աներևույթ
կճառագի մերկությունդ ծովածավալ:
Հախճապակե քո կոնքերի խոնավությամբ
շիկացնում ես լուսամփոփը աստղափոշի
և ճախրանքով փոթորկածին
կախարդում ես ցայգալույսը ուրվատեսիլ՝
Սեպագրելով Սարդոստայնը Ստվերների:

Հիմա դու էլ ինձ պես
հիշողության տենդից
մութ զնդանում փակված
մռնչում ես մարխե հնչյուններով
և խավարն է քամում արցունքներդ արծաթ՝
շեփորելով հեռվում շամանդաղով ծածկված
երգս հրկեզ ու մահաշունչ:
Տե՛ս,
իջնում է
որպես մաղձոտ մի ստվեր
տխրությունս տարտամ ու հոգեցունց:
Երբ կբացվի աղջամուղջը վառման,
կդալկանաս կարոտների ցավից՝
մշուշելով ոտնահետքս արնոտ
բաժանումից խարկված ծովափերին:

Գունատ մենություն

Մոմապատ մթի մետաղյա միգում,
hունցված միրաժի մոգական ոսկուց
դողում է կարմիր ստվերը լույսի՝
հպվելով փոշոտ շաղերին պուրպուր:
Մռայլ գիշերվա արտացոլքի մեջ
խունկ են տարածում աստղերը ճերմակ՝
թաղելով գունատ ասուպի հայելին
ժանգոտ քաղաքի կանաչ դագաղում:
Կապույտ մշուշի ջահերին բոսոր
իջել է ձյունը տխրությամբ արծաթ,
շղթայված մեռած երազի շողից՝
թախծոտ հուշերս արնաքամ եղան:
Խավար լռության տեսիլաժամին,
անագե,
մեռնող ուրվականի պես
քաոս է հեղում մթնշաղը բորբ՝
ցողելով մրրկոտ սարսուռ մեղեդին
պրկված մենության Լաբիրինթոսում…

Մահերգ

Բորբ մայրամուտ:
Մարխե երկինք:
Առաձգական, հրե անձրև:
Լարված եթեր:
Ճրագարան:
Հորիզոնում մեռնող ԱՐԵՎ:
Ոսկե ցոլանք:
Լուսաժայթքում:
Վերջալույսի պատարագվող հաղորդություն:
Օծված ամպեր:
Դեղին փոշի:
Սառած լճում բոցվող աստղեր:
Արծաթ լուսին:
Կիսախավար:
Շարականի Շառագունած ելևէջներ:
Մոռացության մշուշաքող:
Աղոթարան:
Մղձավանջի վերջին տեսիլք:
Դամբանական:
Կարմիր շղարշ:
Խավարում է ու խենթություն:
Մահվան նոր ծես ծծմբաբույր արեգակի:
Խնկված պատկեր:
Ոսկե դագաղ:
Թանաքագույն ծփանքներում օվկիանոսի:

Խնկարկում

Մթակալած մի սև գիշեր:
Երկու մարմին:
Մեռնող մոմեր:
Շողարձակում:
Կիսաստվերում Կիզվող Կրքեր:
Աստղանկար:
Այրվող երկինք:
Օծյալ խորան:
Պողպատագույն օվկիանոսում
արծաթաձույլ,
մռայլ Լուսին:
Հորիզոնն է գահավիժել մոռացության Մթնոլորտից՝
խնկարկելով գերեզմանը Արշալույսի:

Անդին 12, 2013

Share

Կարծիքներ

կարծիք