Բանաստեղծություններ

nkar

ԿՈՒԶԵԻ ՉՍԻՐԵԼ ՔԵԶ

Կուզեի չսիրել քեզ,
որ սկսեի նորից,
որ երազներս հագցնեի քո ստվերներին,
որ աչքերս բացեի քո երեկոների վրա,
որ մատներս հանդգնեին ստանալ քո
ընծաները,

որ չհարմարվեի քեզ սպասելուն,
որ սպասեի նորից:

ԵՍ ՈՐՈՆՈՒՄ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ

Ես փնտրում եմ աստծուն` կում-կում խմելով
կյանքը,
երբեմն կծելով,
քաշքշելով երբեմն,
նաև` քերծելով իմ հոգին:

Եվ հաճախ ես կտոր-կտոր եմ լինում,
Աստծուն փնտրելով հոգուս խորքերում, ամենախորքում,
որտեղից ողբն ու ծիծաղն են գալիս,
և որտեղ տխուր հաճույքը կորցնում է հույսը:

Աստծուն փնտրելով ես ի՞նձ եմ փնտրում.
Այս ի՛նչ չար բախտ է՝
Մարդը ինքն իր մեջ աստծուն է փնտրում
և կտոր-կտոր լինում:

ՀԱՍՆԵԼ ՔԵԶ

Ես ջանք եմ թափում,
որպեսզի հասնեմ քեզ,
հասնեմ քո ողնուղեղը,
հասնեմ քո գագաթը,
որպեսզի սուզվեմ քո ջրերում:

Բայց դու
շարունակ
աճում,
հեռանում ու
խորանում ես
ու քանդում բոլոր սահմանները:
Եվ ես տակավին ջանքեր եմ թափում,
բարձրանում ավելի վեր,
հեռանում
ինքս ինձնից
և կորչում
անդունդներում
գրեթե անհատակ:

ԱՍՏՎԱԾ ԸՆԿՆՈՒՄ Է ԻՄ ՁԵՌՔԻՑ

Երբեմն,
ինչպես այդ ջինջ մայրամուտին,
Աստված ընկնում է իմ ձեռքից,
ու նրա հեռանալը.
ասես գերագույն մի կորուստ,
խորտակում է իմ տկար գոյը:
Այնժամ ողջ կյանքս, իմ ամբողջ կյանքը
թափվում է գետին:
Եվ ես լաց եմ լինում, ինչպես այն երեխան,
այն խեղճ երեխան, որի խաղալիքը ջարդել են:

ՁԵՌՔ ՉՏԱՔ ԻՄ ԱՍՏԾՈՒՆ

Աստծուն մի՛ դիպչեք
և Նրա մասին ինձ հետ խոսեցեք
լոկ արտասվելով կամ էլ ժպտալով,
թեկուզ քերթվածով՝ թոթով ու թեթև:
Նրան մի՛ վախեցրեք ձեր իմացությամբ
և ոչ էլ փորձեք նրան պարփակել
ինչ-որ վանդակում՝ երբեք չփակվող
ինչ-որ հանճարեղ սահմանումների:

Աստծուն չդիպչե՛ք,
Նա այդպիսին է,
Աստված ուրիշ է ամեն օր:

Թարգմանությունը՝ Վահան Սարգսյանի

Share

Կարծիքներ

կարծիք