Քառյակներ

**
Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

1890

***
Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

1916

***
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում։

1917

****
Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։

1917

***
Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։

1917

***
Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

1917

***
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

1917

***
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։

1917

***
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։

1917

***
Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

1917

***
Մընացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային,
Հիմի կգա հերթը մեզ։

1917

***
Հոգիս` տանը հաստատվել —
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել։

1917

***
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

1918

***
Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից։

1918

***
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու մինչև Մարդը իր ճամփան։

1918

***
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մէջ վայրենի…
Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տուն…

1919

***
Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

1921

***
Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

1921

***
Ասի. «Հէնց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ»…
Երբ ճառագեց անծայրածիր քո ժըպիտը հոգուս դեմ.
— Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես,
Դու աստվա՜ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես:

1921

***
Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ`
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ Նրա մոտ…

1921

***
Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսնավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

1921

***
Աղբյուրները հընչում են
ու անց կենում,
Ծարավները տենչում են
ու անց կենում,
Ու երջանիկ ակունքներին
երազուն`
Պոետները կանչում են
ու անց կենում։

1922

Կարծիքներ

կարծիք