«Տեր, մի՞թե զավակդ չեմ» ժողովածուից

nkar

Մի՞թե քո զավակը չեմ

Ու՞ր են քո զավակները,
նրանք,
որոնք պիտի ծնվեին,
նրանք,
որոնք ծնվեցին, բայց մեռան,
նրանք՝
ովքեր ծնվեցին ու չմեռան:

Ու հիմա
երբ հոգիս ընդվզում է աշխարհի
ու սրանց դեմ,
ու՞ր են քո զավակները,
ու՞ր են…

Ես հիմա մանկան ճիչեր եմ լսում:
Երազումս
մորս հոտն է այցի գալիս,
իսկ աչքերիս դեմ լուռ օրորվում է
պատկերն անցյալի՝ դասերը կյանքի:

Միթե մարտակոչը ողբ պիտի դառնա
ու անէանա:
Միթե ժայռերը ավազ կդառնան,
իսկ ավազները էլ չեն կարծրանա:

Փափկում է զրահը կամքիս,
քանզի չգիտեմ
ուր են զավակներդ, իսկ դու լռում ես,
կարծես ես
էլ քո զավակը չեմ:

Դե լսիր, խոսիր վերջապես:
Ուր են նրանք,
ովքեր ծնվեցին, չմեռան
ու…չկան:


Բարձրացիր դանդաղ,
անշտապ
և մի՛ կանգնիր:
Բարձրացիր դանդաղ,
անշտապ,
շտապելով կկորցնես մտքերդ,
որոնք քեզ պետք չեն,
բայց ավելորդ չեն:
Բարձրացիր դանդաղ,
անշտապ,
ցրիր մշուշը
զգուշորեն այնպես,
որ կոշիկներդ չքսվեն
սպիտակ ծվեններին:
Բարձրացիր դանդաղ,
անշտապ
և մի՛ շտապիր:
Բարձունքը ոչ մեկին պետք չէ:

Հիշողություն

Օդի երեսուն ծալքերում անտես
թիթեռներ կան
ու մեղուներ անթիվ,
ծաղիկներ, երգեր,
թախիծ՝մոռացված մի երգի…

Օդի երեսուն ծալքերում անտես
ջրեր կան հոսող
ու անթիվ ցոլքեր՝
լույսի,
գույնի,
կյանքի:

Եվ պատկերներ կան
իմ անհոգ մանկության
ուրախ հուշերից,
պապիս պատմածից,
թուրքի ասկյարից
ու Կարսի կռվից:

Օդի երերուն ծալքերում անտես
տատիս խորշոմած ձեռքերն են լողում,
ականջներիս հնչող
անեծքը նրա
խունկի հոտ ունի:
Անցյալը իմ դեմ է լողում
ձկների տեսքով,
որոնց շուրթերին ոսկե օղեր կան…
Օդի երերուն պատկերների մեջ
մի անհայտ ցավ կա,
սիրո կարոտի ցավատանջ ճիչ՝ հեռու
անցյալից:


Իրիկնապահին
թռչունները սև էին,
ցելերը սև էին,
և ուրվականները իրիկնապահին
որոնում էին աստվածներին հին:

Իրիկնապահին
տատասկների մեջ
մի մարդ էր ճկվել՝
խաչը ուսերին:

Իրիկնապահին
արդեն գիշեր կար
ու մի մութ կասկած:
Հորթը կորել էր իրիկնապահին:

Իրիկնապահին…
մի մարդ խաչեցին:


Իմ ափերի մեջ մնացել է մի հուշ
քո գոլ կրծքերի սարսուռից կրքոտ,
և մի շեղ համբույր,
որը կաշվիս տակ դողում է կրկին:

Անցյալը նա է,
որ լուսնի լույսի տակ ստվեր է դառնում:
Անցյալը դու ես,
անձրևը,
քամին,
գիշերվա մթնում մեղմիկ խոսքերդ
սեր են խոստանում,
ծառի բույրն անգամ սիրո հևքն ուներ:
Անցյալն այստեղ է՝ իմ աչքերի մեջ,
ու ես չեմ տեսնում:

Բամբակ է փափուկ՝ մարմինս,
ծառերը հուշում են՝ գիշեր է,
փակում եմ ափերս՝ ու նորից
այրում է համբույրդ ափերս:

Share

Կարծիքներ

կարծիք