Տանձենի

Հեղինակ:

20150107134026348

Օրը վերջանում է: Ես դեռ անհամբեր եմ: Ինձ համար աշունը նոր է սկսվում, որովհետև մեր տանձենին արդեն դեղնում է: Փողոցի աղմուկը ճյուղերին պահած՝ հենվել է լուսամուտի անկյունին ու հոգնած սվսվում է: Բացում եմ փեղկերը, հեռանում պատուհանից, քայլում սենյակով: Անհանգստությունից եղունգներս կրծելու մոռացված սովորության հետ վերականգնվում են հին վախերս: Աստիճաններին հենվեցին եղբորս ոտնաձայները, հետո բաճկոնի գրպանում զնգաց բանալիների տրցակն ու մի քանի մանրադրամ: Կիսաժպիտ գծագրվեց դեմքիս: Բայց ավելի տխրեցի: Նա մի փոքր երկար խառնեց գրպանի պարունակությունը՝ այսինքն մտազբաղ էր ու կոտրված: Մինչև տան դուռը հրելն ու ներս մտնելը նա ամեն անգամ կանգնում էր վերջին աստիճանին, հետո ճոճվում հարթակին ու ստուգում՝ գրպանում են արդյոք բանալիները: Առանց այդ տրցակի իմ եղբայրն իրեն անդամալույծ է զգում: Նույն օղակի վրա զնգում են մեքենայի, ավտոտնակի, արվեստանոցի ու գրասեղանի բանալիները: Այս անգամ էլ, մինչ նա կհրեր դուռը, ես արդեն շեմին էի մոտեցել: Մեր աչքերը հանդիպեցին: Հույսը մշուշի նման տարածվել էր դեմքիս, նույնիսկ ինքս էի դա զգում: Նա խոնարհեց հայացքը, որպեսզի չտեսնի դա: Շրջանցեց ինձ առանց բառ ասելու: Պարզ էր արդեն: Մենք պետք է հրաժարվեինք մեր հայրական տնից: Քիչ հետո արդեն խոհանոցում ընթրիքի սեղան էի պատրաստել: Եղբայրս նստել էր պատուհանի տակ դրված աթոռին, մի ձեռքով հենվել էր սեղանին, որպեսզի ցույց տա, որ նկատել է ընթրիքն ու չնեղացնի ինձ արհամարհական վերաբերմունքով: Բայց պարզ տեսնում էի նրա աչքերում տնքացող հուսահատությունը: Հիմա նրա միտքը շատ հեռու էր ուտելու մասին մտածելուց: Ես դանդաղ քայլերով անցա հյուրասենյակը, մոտեցա բակ նայող լուսամուտին, նստեցի պատուհանագոգին, ու տանձենին ավելի հարազատ թվաց ինձ: Աչքերիս մեջ լճացավ ցավը, տերևները հիմա ավելի ազատ էին լողում հայացքիս առաջ: Դեղին, արտակարգ խոշոր ու հյութեղ տանձերով բեռնավորված ծառը կռացած նայում էր աչքերիս…

Մորս ջերմությունը քառասունից բարձր էր, բոլորս իրար էինք խառնվել: Հայրս կաղ ոտքով վազվզում էր տան մի անկյունից մյուսը՝ շարունակ ծխելով ու մոխիրը շտապ-շտապ թափելով մի քանի մոխրամանների մեջ, որոնք ամբողջ տնով մեկ շարված էին: Անհանգստությունից թուլանում եմ, ոտքերիս մեջ կարծես հաջորդաբար տաք ու սառը ջուր է լցվում, մի բառ անգամ արտասանել չեմ կարողանում: Ամբողջովին քարացած սպասում եմ: Փոխարենը ձեռքերս այնպիսի՜ եռանդով, այնպիսի՜ ջերմությամբ են սեղմում, փաղաքշում, շփում մորս ճմռթված ձեռքերը: Մենք մի քանի խումբ բժիշկներ ընդունեցինք ու ճանապարհեցինք: Երբ այրող հպումն աստիճանաբար սառեց, երբ ինձ անդամալույծ անող սարսափի թաթերի տակ կծկված հասկացա, որ սենյակում ստվերներն ավելի են թանձրանում հատկապես այդ երեկո, երբ քամին դանդաղ հանդիսավորությամբ ուժգնացավ և լուսամուտից ներս լցվելով խառնվեց մորս մարող շնչի հետ, երբ եղբայրս ամբողջ հասակի ծանրությամբ ու ամուր ծնկների դմփոցով կատվի նման կծկվեց մահճակալի փայտից կառչած, ես սկսեցի ինձ կողքից դիտել: Ծեր կնոջ նման կռացել էի ու թոշնել ցավից կուչ եկած: Բայց ես էլ, եղբայրս էլ հասկացանք, որ երկուսիս ցավը, իրար գումարած, չի համեմատվի հորս տառապանքի հետ…

Արթնացա մղձավանջից: Երկար գիշերը դեռ առջևում էր: Կիսաքուն ու վախից հևալով հասկացա՝ գիշերվա մնացորդը արթուն եմ անցնելու: Նա ավելի շատ ինձ համար էր անհանգստանում, որովհետև վաղուց հրավեր ու մեկնելու առաջարկ էր ստացել արտերկրում ապրող մի աղջկանից, ում սիրում էր դեռևս դպրոցական տարիներից: Ես բեռի նման հենվել էի նրա ուսերին, ու չէր կարողանում շարժվել տեղից: Մեղավոր չեմ… բայց կարող եմ դեռ փոխել ամեն բան: Մինչ մենք պայքարում էինք հայրական տունը չկորցնելու հույսով, բայց կորցրեցինք, գտանք իրար ամբողջ կյանքի համար: Կարող եմ ասել, թե ինչու: Սովորաբար այն ընտանիքներում, ուր ցավն ու տառապանքը շատ է, երեխաներն ավելի են մտերմանում՝ միմյանց կապվելով ընդհանուր վշտի օղակներով: Ես կուլ տվեցի կոկորդիս դառնությունը: Չեմ թողնի եղբայրս իմ պատճառով հրաժարվի իր բաժին երջանկությունից: Մենք շատ փոքր հասակից ամրացել ենք՝ տեսնելով հորս ճակատի կնճիռները շինծու զվարթությամբ հարթող ժպիտը: Այն նրբանկատությունը, որով նա հեռու էր պահում մեզ իր արհեստական ոտքի ու պատերազմից բերած սարսափելի տեսիլքների ստվերներից: Տեսել ենք մորս գերմարդկային սերն ու նվիրվածությունը, ամուսնու ավերված մարմինը պաշտող ժպիտը: Երբ նա իր փխրուն մարմնով դարձավ տղամարդու նման ուժեղ, նախշեց մեր աչքերի առաջ հորս հերոսական կերպարն ու աստվածացրեց մեզ համար նրա աշխատանքն ու հանգիստը: Երբ նրա թղթերին ձեռք տալիս կիսատ շշուկով կանչում էր ու թաց աչքերով խնդրում, որ մատների ծայրով դիպչենք այդ հուշագրություններին ու ամբողջ կյանքում հիշենք, թե ինչպիսի հարստություն ունենք: Մենք քարը քարի վրա շարելով, մեր փոքրիկ ձեռքերով օգնում էինք մեր ծնողներին տուն կառուցել արդեն շարված պատերի ներսում: Հիմա խլում են պատերը: Բայց տունը մնում է անսասան ու հպարտ ձգված:

Առավոտը այնքան գեղեցիկ էր մտնում իմ սենյակն, ու ես սովորել էի շունչս պահած վայելել այդ հանդիսավոր ծեսը: Երբ մարեցին եղբորս ոտնաձայներն ու նրա ամուր մեջքի ճնշումից տնքացին հին բազմոցի զսպանակները, ես ելա տեղիցս: Այդ օրը որոշիչ էր մեր հետագա կյանքի համար: Ինձ կարգի բերելուց հետո հյուրասենյակ մտնելիս մի փոքր ծույլ շարժումներով հատուկ ընդգծեցի անհոգությունս: Տնային հագուստը շարժումներիս ազատությունից պարում էր ուսերիս ու ալիքներ փոխանցում մեջքիս: Ես մոտեցա բաց լուսամուտին, բարձրացա, նստեցի պատուհանագոգին ու դանդաղ ժպտալով շնչեցի աշնան տաք բույրը: Զգում էի եղբորս հայացքը: Իմ ճկուն ձեռքերը տանձենու առանց այն էլ կռացած ճյուղերը ցած քաշեցին, ու ես ականջիս տակ լսեցի տանձի պոչի հնազանդ պոկվող կտտոցը: Երբ միրգը ձեռքիս նայեցի եղբորս կողմն ու նրան նետեցի սովոր շարժումով, նա արդեն պատրաստվել էր որսալ այն: Ծանոթ ծես էր: Հմուտ էինք ու հասկանում էինք մեկս մյուսի չասված խոսքը: Ես, ինձ համար էլ տանձ պոկելով ու ձայնիս դողը կուլ տալով, նետեցի.

-Մի՛կ, գիտե՞ս, երեկ շատ էիր նեղված, չուզեցի խոսել ուրիշ թեմայից: Հիմա ասեմ, հա՞:

-Ի՞նչ կա…

Տե՜ր Աստված, որքան է նման նրա ձայնը հորս ձայնին:

-Ես որոշում եմ կայացրել, ընդունում եմ Վարդանի առաջարկը:

Տանձը արտակարգ հասած ու քաղցր էր՝ ճիշտ իմ սիրածը: Համից չկշտանալով, կատվի նման կծկվեցի՝ պատուհանագոգին թառած:

-Կնայե՞ս աչքերիս:

Միքայելի ամուր քայլերը մոտեցան ինձ: Նրա բարձր հասակից ինձ ավելի փոքր զգացի: Մեր աչքերը հանդիպեցին: Եթե դեմքիս մի բան կար, որ մատնում էր ինձ, երևի խիստ շիկնած այտերս էին: Ես անհոգ ժպտում էի:

-Լո՞ւրջ ես խոսում:

-Իհարկե… տես ո՜նց եմ կարմրել:

-Ինչո՞ւ ես այդպես որոշել:

-Որովհետև նա ինձ դուր է գալիս: Չեմ կարողանում պատկերացնել իմ կյանքը առանց նրա հետապնդումների:

-Դա ծանրակշիռ պատճառ չէ՛ ամուսնանալու համար:

-Այ ցանցառ,- ես շինծու բարկությամբ հրեցի նրան:- Ուզում ես քեզ ասեմ ծանրակշիռ պատճա՞ռը:

Միքայելը անզուսպ ժպտաց: Աչքերի խորքում դեռ վախ կար:

-Ի՛նձ լսիր,- նա հոգատար անհանգստությամբ բռնեց արմունկս.- եթե իմանամ հատուկ ես քեզ այսպես պահում ու քո որոշումը կապ ունի տունը կորցնելու հետ, չեմ ների քեզ:

-Մի՛կ, հասկանում եմ, թե ինչ ես ասում,- տանձի պոչը պտտեցրի մատներիս մեջ, հետո սկսեցի սովորության համաձայն կրծել.- ես այդքան հիմար չեմ: Վարդանի հետ ամուսնանալ եմ ուզում, բայց մի քիչ էլ հանդիպենք, հետո…

-Լավ,- Միքայելի մատները հետ քաշվեցին, դողը մնաց արմունկիս:

Նրա լայն թիկունքին ուղղված աչքերիս մեջ հազիվ կարողացա խեղդել արցունքը: Դողում էի լարվածությունից:

Հայրս տուն եկավ նյարդային ու ավելի գունատ: Մենք սկսեցինք պտտվել նրա շուրջը: Նա խուսափում էր պատասխանել մեր հարցերին: Հետո նստեցրեց մեզ հյուրասենյակի սեղանի մոտ ու դանդաղ հանդիսավորությամբ հայտարարեց, որ հարազատ եղբայրը իրենից տունը խլում է: ժառանգության մասին վկայող ինչ-որ փաստաթուղթ է գտել ու ներկայացրել է դատարան: Մեծ վտանգ կա, որ կկորցնենք մեր միակ տունը: Ես բութ ցավով սեղմել եմ բազկաթոռի հենակները, մատներս քարի նման սառն են: Միքայելի դեմքին բարկություն կա, անզուսպ հայհոյանքը լցվել է բերանը: Դուրս փախա սենյակից ու միայն ականջիս պոչով լսեցի, որ հայրս գնում է եղբոր հետ խոսելու: Նրա կաղ ոտնաձանը դոփեց՝ հարթակից իջնելով աստիճաններին: Ես դա վերջին անգամ էի լսում: Եթե այդ պահին իմանայի, որ մեկ ժամ հետո մեր տուն են զանգելու ու հայտնեն, որ սրտի կաթվածի պատճառով կորցրել եմ հորս, դուրս վազած կլինեի, կգրկեի նրան, նրա հագուստին սեղմված կմնայի տանձենու տակ կանգնած:

Հատուկ խնամքով կարգի եմ բերել դեմքս, ներկել եմ սև աչքերս ու նայում եմ ինձ հայելուց զննող դեմքին: Արդեն երրորդ անգամ եմ հարդարում այս գունատ երեսը: Շպարս անզուսպ լացով փչացնելուց հետո երկու անգամ ստիպված եղա նորից ներկվել: Հոգնած ու բութ հանգիստ է իջել ուղեղիս: Երբ դուրս եկա տանից, ու Վարդանի շքեղ արտաքինը իմ սրտում միայն ծակոց առաջացրեց, արդեն համարձակությունս լքել էր ինձ:

-Լուսինն ինչ սիրուն է այսօր,- Վարդանի ձայնը ականջիս տակ դողաց:

Ես ամուր փակեցի կոպերս: Նա գրկեց ինձ, ու ես միայն կարողացա ջրի տակ շունչը պահող մարդու համառությամբ ակնթարթները հաշվել: Որքա՞ն կարող եմ դիմանալ: Երբ նա ետ քաշվեց՝ այդպես էլ չորսալով շուրթերս, կիսախուփ աչքերով տեսա տանձենու ճոճվող ճյուղը: Տերևներն այսօր ավելի դեղին էին: Հատուկ բույր ունի տանձը: Հորս է հիշեցնում: Չգիտեմ ինչու:

Արդեն երեք ամիս է անցել իմ որոշում ընդունելու օրից: Ձյան վրա զգույշ եմ քայլում, որովհետև բարձրակրունկ կոշիկներով եմ, որովհետև ամուսնուս այդպես է դուր գալիս: Նա ամեն օր ինձ շքեղ նվերներ է բերում, իսկ ես դողում ու սրբորեն պաշտում եմ այն արկղերը, որոնցով հայրական տանից որոշ իրեր եմ բերել: Կիսաբաց կուրծքս վերարկուիս տակ դողում է: Ձեռքիս մեջ ամուր պահել եմ եղբորս մատները: Սրահում աղմուկ է, լույս, առա՛տ, շլացնո՛ղ լույս: Խավարում խարխափողի նման հոտոտելով փորձում եմ գտնել այն պահը, երբ պիտի գրկեմ եղբորս ու հրաժեշտ տամ: Նրա ձեռքը հուզմունքից քրտնած ափի մեջ տրորում է իմ մատները: Ուզում եմ պոկել, մի կողմ նետել ամուսնական մատանիներն ու այն փոքրիկ, որբացած հատվածները, որ մնում են առանց նրա շոյանքի, հալեմ ու ձուլեմ նրա կյանքին: Թո՛ղ երբեք չմոռանա ինձ: Վարդանը խոնարհվում է ուսիս: Դեռ չեմ վարժվել ու ամեն անգամվա նման խուսափող շարժում եմ անում նրա գգվանքից փախչելու առաջին մղումով: Երկու ձեռքով կառչում եմ եղբորս պարանոցից, քաշքշում օձիքը, հևալով լաց լինում ու խնդրում, որ իրեն լավ նայի: Նա վաղուց արվեստանոցում չի աշխատել, բայց պարանոցից ու ձեռքերից թաց կավի հոտ է գալիս: Կյանքս լցվում է նրա երակներն, ու նա իր հետ տանում է ինձ: Ես մենակ եմ մնում: Եթե տանձենին հիմա տերևաթափ ու մի քանի սևացած պտուղներով կռացել է ձյան ծանրությունից, ուրեմն ես նման եմ նրան: Նա գարնանը կծաղկի:

Այն ժամանակ դեռ չգիտեի, որ այն նոր մարդիկ, որ գալու են իմ կյանք, ու ես ուրախանալու եմ նրանց համար, երբեք չեն լսելու իմ պատմությունը, որովհետև իմ տունը սիրելու համար պետք էր ապրել այն կյանքը, ուր մենք մնացել ենք՝ հայրս, մայրս, եղբայրս, ես…

Նրանք գնացին: Ես ընդմիշտ մենակ եմ: Անտո՛ւն…

 

Անդին 2, 2014

Կարծիքներ

կարծիք