Սպանիա | Մարդը, որ ապրում է երազով /հատված/

Հեղինակ:

20152205141853869

… Երբ գլուխս դարձրի դեպի Դոն Խոզե-Մարիա Լոպեզը, նրա աչքերը տարօրինակ կերպով փայլում էին, շրթերը պինդ սեղմված էին, հոնքերը կուտակված և դեմքը գունաթափ:

-Ահա,- ասաց նա վերջապես,- ահա…Նա և ես որոնում ենք մեկ մեկի…

Վրան հարցական նայվածք նետեցի:

-Սպանիայի ամբողջ պատմությունը դրա մեջն է կայացել,- բացատրեց նա, — երկիրը փնտրել է իր մարդը և մարդը՝ իր երկիրը… Այստեղից՝ դարավոր պայքարները, կռիվները, օտար ցեղերի արշավանքները և նրանց անհետացումը:

Մարդիկ ծիծաղելիորեն միամիտ են. նրանք կարծում են, որ երկիրը կրավորական, գրեթե անշունչ, մեռած մի երևույթ է, որին կարելի է պարտադրել մեր կամքը: Քանդել, փորել, թղթե տնակներ կառուցանել, ջրանցքներ անցընել, հողեր փորել և հազար ուրիշ մի բան: Այնինչ, սենյոր, երկիրը ահավոր մի վիշապ է, կրակով, երկաթով և անհագ ախորժակներով լեցված մի վիթխարի վիշապ, որ չի ենթարկվում, այլ ընտրում է և պարտադրում իր կամքը: Մարդկանց շինարարությունները եղունգի հարվածներ են, որ նա չի իսկ զգում: Ալիքը գալիս անցնում է ավազի վրայից, և երեխաների շինած բուրգերից ոչինչ չի մնում:

-Համաձայն եմ ձեզ հետ:

-Նստեցեք: Դուք, ասացիք, ծանոթ եք Ունամունոյի հետ…

-Այո՜…

-Ներկա Սպանիայում ես քիչ մարդկանց եմ հարգում: Երկար է բացատրել, թե ինչո՛ւ… Մեր երկիրը անցնում է վտանգավոր մի շրջան, որովհետև նա կորցրել է իր սեփական կամքով գոյանալու ձգտումը և հետևում է դրսից ընդօրինակած գաղափարախոսություններին, որոնք, երբ մյուսները գլորվեն անդունդ, մեզ էլ իրենց հետ պիտի քաշեն տանեն: Բայց այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել… Ուզում եմ ասել, որ Դոն Միգուելը (Ունամունոն) այն հազվագյուտ սպանիացիներից մեկն է, որոնց հանդեպ ես տածում եմ ցեղային սեր: Մի քիչ տարօրինակ է, մի քիչ փոփոխական, բայց միշտ խոր, միշտ կարևոր իր փնտրտումների մեջ և մանավանդ միշտ ինքնուրույն: Ճանաչո՞ւմ եք նրա այն վեպը, որ Niebla է կոչվում…

-Կարդացել եմ:

-Հիշում եք անշուշտ, որ այդ վեպում նա դնում վիպասան ստեղծագործողի և իր երևակայած հերոսի հետ գոյություն ունեցող փոխհարաբերության խնդիրը: Ո՞վ է ո՛ւմ ստեղծում… Հիշում եք այն վիճաբանությունները, որ տեղի են ունենում հեղինակի և իր ստեղծած տիպի միջև, որի անունն է Ավգուստո: Ունամունոն նրան ենթարկում է մահվան, իսկ Ավգուստոն չի ուզում մեռնել: Հեղինակը ստիպված է ահագին ճիգ անելու և ժամանակ կորցնելու՝ իր նպատակին հասնելու համար: Ու կարելի չէ իսկ ասել, որ նրա կամքը լիովին կատարվում է, որովհետև Ավգուստոն մեռնում է, հեղինակից հեռու, և այդ վերջինը այդ մասին լուր է առնում հեռագրով և երբ լուր է առնում՝ տատամսանքի մեջ է ընկնում. արդյոք պե՞տք էր, որ հերոսը մեռներ: Հիշում եք, չէ՞…

-Այո, ինչպես չէ… Նույնիսկ գիտեմ, որ ամբողջ այդպես անվանած պիրանդելլոիզմը գալիս է Սպանիայից՝ Կալդերոնից, Սերվանտեսից, Ունամունոյից… Ճիշտ է, որ Պիրանդելլոն սիկիլիացի է, ուստի օգտվում է սպանիացիների թողած հոգեբանական ժառանգությունից…

-Ինչ որ է: Ունամունոն իրավացի է մի բանում. այդ այն է, որ մենք միայն մասամբ տերն ենք մեր սեփական հոգեկան ստեղծագործության: Մենք իշխանություն չունենք թելադրելու նրանց ծնունդը կամ նրանց անհետացումը: Մենք տեր-տիրականը չենք նույնիսկ մեր մտքից դուրս եկած ուրվականների: Իրա՞վ է…

-Այդպես է անշուշտ…

-Եթե այդպես է, ուրեմն երևակայեցեք, թե ինչ հոգեբանական վիճակի մեջ է երկրի և մեր միջև, մեր և երկրի միջև տեղի ունեցող փոխհարաբերությունների հարցը:

-Ոչ այնքան պարզ, ինչպես կարծում են:

-Բարդ, սենյոր, բա՛րդ: Աստված կարծում է, որ նա ստեղծել է մեզ, մինչև իրականին մեջ մենք ենք նրան ստեղծել: Ու մենք կարծում ենք, որ մենք ստեղծում ենք երկիրը, կերպարանափոխում նրան, վերածում մեր հոգու ստեղծած պետքերին, մինչ… հաճախ նա է, որ մեզ հեռագիր է ղրկում, որ մեռել է… Դե, եկեք մեջից դուրս եկեք…

Ծունկը ձեռքերի մեջ առավ և լռեց:

-Սպանիան, Սպանիան, սենյոր,- հառաչեց Դոն Խոզեն,- նման է խորհրդապաշտ այն խորհողին, որի մասին ասված է, որ նա բարձրացել է աստվածային խավարի գերբնական ճառագայթին: Այս թերակղզին, ամեն անգամ, որ օվկիանոսի ալիքները բախվում են նրա եզերքներին, խոր տնքոց է արձակում, սիրտը սեղմվում է, երակների մեջ կրակ է վազում, թոքերը լայնանում են, և նրա ամբողջ մարմինը սարսռում է, դողում և անասելիորեն տառապում, որովհետև նա չի կարողանում ազատվել ինքն իրանից… Նա ուզում է լինել այնքա՜ն կյանքով, ինչքան կյանքը մահ է, և այնքա՜ն մահով, ինչքան մահը կյանք է: Իսկ նրան չես հասկանում. չեն հասկանում և դավաճանում են նույնիսկ նրանք, որոնց նա վերակոչել էր իր հոգու միջից, որոնց նա ստեղծել էր ծառայելու համար իր ճակատագրին: Սպանիան և սպանիացիները վազում են մեկը մյուսի ետևից՝ առանց կարողանալ հանդիպելու ներքին հոգեկան այն շրջանում, գերբնական այն մոգական կենտրոնում, ուր կանգնած է մեծ վիշապը, ուր մշտնջենական կրակ է, ուր իրական ներուժ կյանք է…

Այդ բավականին մութ խոսքերը նա արտասանում էր շատ ցածր ձայնով, ներշնչված շեշտով, առանց ինձ նայելու, կորաց հեռավոր մի երազի մեջ:

-Մենք խեղճ ենք բառերով,- շարունակեց նա,- մենք ողորմելիորեն աղքատ ենք մեր արտահայտությունների մեջ, և անկարելի է ասել այն, ինչ որ ուզում ենք ասել: Առհասարակ կարծում են, որ լեզուն խոսք է… Ինչպիսի՜ սխալ, բարեկամ, ինչպիսի՜ սխալ: Խոսքը, բերանացի արտահայտությունը, միմիայն մասնավոր մի դեպք է, չնչին մի հառաչ, անբավական մի կմկմանք, որ մնում է իրական արտահայտության մակերեսի վրա, որ ոչինչ չի ասում ու ասելիքի հեռավոր գաղափարն իսկ չի տալիս: Իրական արտահայտության համար պետք էր, որ մարդ կարողանար ոչ միայն շարժման մեջ դնել իր ամբողջ մարմինը, ոչ միայն խորհրդանշաններ գտնել զգացականի և հոգեկանի ամեն մի շարժումի համար, այլ պետք կարողանար բաղադրել ձայները լույսերի հետ, գույները՝ օդի, երկնքի, լեռների, դաշտերի վրայից անցնող թրթռացումների հետ,ժեստը կապել հովերի հառաչին, աչքերի նայվածքը՝ արևի ճառագայթումին, ժամանակը տարածության, անսահմանը սահմանվածին, աստղերը անհունին…

Քթի տակ կամաց ծիծաղեց:

-Իսկ մենք, սենյոր, ողորմելիորեն պզտիկ ենք… Այսօր, լսում եմ, մարդիկ են եկել, գոռոզ, անաչառ և վայրենի մարդիկ, որոնք խոսում են կյանքը վերաշինելու մասին: Նրանք, ավազի վրա խաղացող երեխաների նման, մի քիչ հող են վերցնում այստեղից, մի քիչ այնտեղից, քարեր են տեղափոխում, ջուր են սրսկում, աղյուս են չորացնում և, մեկ մեկի վրա շարելուց հետո, կանգնում, ինքնագոհ նայվածքով դիտում և հիանում են: Ու այդ անելու համար, ասում են ինձ, նրանք քանդում են եղած-չեղածը, մտրակում և չարչարում մարդկանց, սպանում և մարտիրոսացնում երեխաներին, բանտի վերածում կյանքը: Ու այն՝ ինչ որ շինում են՝ լափում է իրենց, ինչպես փարավոնների հարյուր հազարավոր զոհած մարդկանց ձեռքերով շինված գերեզմանները լափում էին փարավոններին:

Ու խոր շունչ առնելուց հետո.

-Սուրբ Իգնասիո դե Լոյոլան մի տեղ խոսում է Մարիամ Աստվածածնի մասին… Մարիամը խորասուզված դիտում և հիանում էր իր սեփական որդու հրաշալի ներկայությունը Ս. Հաղորդության մեջ. ա՛յն որդու, որին նա ծածկել էր շոյանքներով և համբույրներով, երբ նա մանուկ հասակին ժպտում էր իր կրծքի վրա: Նա մտածում էր, որ այժմ ևս, մասունքի մեջ ներկա այդ մարմնի հետ կարող է վարվել այնպես, ինչպես վարվում էր, երբ նա մանուկ էր: Ուստի նա սկսեց սիրով փայփայել և համբուրել նրան և արեց ա՛յն, ինչ որ չէր կարող անել, երբ նա իր կաթով էր ապրում՝ նա կերավ նրա մարմինը և նրա արյունը, իր սեփական զավակի մարմինը և արյունը, և այդպիսով կյանք ստացավ, որովհետև չէ՞ որ նա ասել էր «Այն, որ ինձ ուտում է՝ պիտի ապրի իմ մեջ և իմ միջոցով»: Ու Ս. Իգնասիո դե Լոյոլան, որ անողորմ և վիթխարի մի հավատացյալ էր, մարդկանց այրում էր՝ նրանց հոգիները փրկելու համար… Նա ուզում էր, որ ամենքը ապրեն գերագույն մարդկակերության խորհրդանշանի տակ և հանուն այդ մարդակերության, հանուն մորը, որ ուտում էր իր զավակին, նա ուրանում էր այդ կյանքը և խոստանում երկնային հավիտենականությունը… Այրում, քանդում, չարչարում, խոստանում… Ես երբեմն մտածում եմ, սենյոր, արդյոք ե՞ս եմ խենթը, թե՞ խենթ են մարդիկը…

Աչքերը փայլում էին անբնական կերպով:

-Լռում եք, սենյոր,- ասաց նա՝ կարծես ինձ նոր էր տեսնում:

-Լսում եմ,- պատասխանեցի,- շատ մեծ հետաքրքրությունով լսում եմ…

-Գերագույն մարդակերություն… Կանիբալականություն, սենյոր… Սարսափելի է ասել, սարսափելի է մտածել, բայց այդպես է. մեկը ուտում է մյուսին… Ու եթե լավ ուսումնասիրեք բոլոր գաղափարախոսությունները, փիլիսոփայական, ընկերային, քաղաքական գաղափարախոսությունները, պիտի տեսնեք, որ նրանց տակ թաքնված են փարավոնների ուրվականները և հայր Իգնասիո դե Լոյոլայի ուրվականը: Նրանք դեռ շարունակում են ղեկավարել աշխարը և իր գործերը. նրանք ներկա են ամեն տեղ, նրանք տերն ու տիրականն են այս մոլորակի… Փաստը այս է… Իրողությունը այս է, սենյոր… Չե՞ք կարծում, որ այդպես է:

-Մասամբ՝  այո՜…

-Մարդկության հետ ընդհանրապես և Սպանիայի հետ մասնավորապես պատահել է մի դժբախտ բան, սենյոր, մի շատ դժբախտ բան: Մոռացել են երկիրը, մոռացել հողը, որի վրա ապրում են: Մարդիկ նրան համարում են ինչ-որ անշունչ, անկամք, կրավորական, կանացի մի երևույթ, որի հետ կարելի է վարվել անպատիժ կերպով, անել՝ ինչ ուզում ես… Ի՜նչ սխալ, ի՜նչ սխալ… Մեծ Վիշապը լռում է, թողնում է, որ քերեն իր մակերեսը, խաղ անեն իր խորդուբորդությունների վրա, վազեն, վազվզեն, տքնեն, խաղան. լսում է և սպասում: Որովհետև՝ եթե մենք նրան համարում ենք մեր ստրուկը և թշնամին, նա ևս մեզ համարում է իր ստրուկը և թշնամին և մեր ձեռքերում գտնվող զենքերով հարվածում է մեզ: Լափում է մեզ… Մարիամ Աստվածածնա նման նա չի հաղորդվում մեր մարմնով, նա չի մասնակցում այն հոգեկան կյանքին, որ միություն է, միաթափ թռիչք է, վերելք է, այլ լափում է մեզ, ինչպես թշնամին լափում է թշնամուն: Ահա անեծքը:

Դոն Խոզե-Մարիան, այս ասելու ժամանակ, ոտքի էր կանգնել, ցուցամատը վեր բարձրացրել, գլուխը քիչ ետև նետել: Վերջալույսի ճառագայթները պատուհանի վրա կրակ էին ման ածում: Ներսը սկսել էր մթնել: Գլուխը շարժելու ժամանակ նրա ճակատի վրա մի փունջ լույս էր թառում, ու ցուցամատի ծայրը այրվում էր: Եվ այդ պատճառով անշուշտ Դոն Խոզեն անբնական մի երևույթ ուներ, այնքա՜ն, որ մի վայրկյան մտածեցի, թե արդյոք գտնվում եմ իրակա՞ն մի մարդու առջև, թե՞ երազի մեջ ցցված մի ուրվական է:

-Սպանիայի պատմության մեծագույն շրջանները, սենյոր,- շարունակեց նա,- եղել են այն շրջանները, երբ մեր թագավորները, մեր սրբերը, մեր հերոսները, երկրի հետ դեմ առ դեմ կանգնած, որոնել են նրա խորհուրդը, նրա կամքի գաղտնի խավարը և նրա մտքի պայծառ լույսը: Անկարելի է հասկանալ Ֆիլիպ Երկրորդին, Ս. Թերեզային և ամենին, ամենին, առանց դրան: Մեր մարմնի և հոգու աճումը, մեր  արյունի շրջանառությունը, մեր սրտի տրոփը կապված է եղել նրա սրտի բաբախման և հոգու աճման հետ: Երբ մենք չենք կարողացել դրսևորել նրա ապրելու եռանդը, մենք ձգտել ենք միանալ նրան մահվան միջոցով: Գնալ ընկնել նրա ծոցը, տարրալուծվել նրա բարդ քիմիական և հոգեկան բաղադրությունների մեջ, միանալ նրա կամքին, հոսել նրա արյունի հետ, թրթռալ նրա ձայների հետ, ընդգրկել նրա կշռական լինելիությունը, նոր կամքով վերադառնալու համար լույսին և կյանքին: Ինքը՝ Իսլամը, սենյոր, երբեք չպիտի կարողանար այդքա՜ն դարեր այստեղ մնալ, եթե կարողությունը ունեցած չլիներ հաղորդվելու երկրի բարդ խորհուրդի հետ և այդ միջոցով հասնելու բարձր հոգեկանության… Այստեղ արաբներն իսկ գտել են երկնային Երուսաղեմը և առանց նրանց՝ այսօր այլևս այդ ապացուցված է՝ Դանտեի «Երկնային Կատակերգությունը» անկարելի պիտի լիներ. նրա գլխավոր գաղափարը, նրա պատկերների մեծ մասը և մասնավորապես «Արքայության» ընդհանուր կառուցվածքը մեծ բանաստեղծը վերցրել է Սպանիայի լույսով այլափոխված արաբներից: Միգուել Ասին Պալասիոսը այդ ապացուցել է բազում և անհերքելի փաստերով: Այո՜, արաբները մնացել էին այստեղ, որովհետև նրանք, իրենց հոգեկան լավագույն հատկություններով, կարողացել էին, գոնե ժամանակավոր կերպով, մասնակցել թերակղզու համայն այն պոլիֆոնիային, թաքնաթաքուր այն մեղեդիացումին, որ հոգեղենություն է և լույս: Նրանց հեշտանքով լեցված երևակայությունը, այստեղ, Կաստիլիայի կարծր այս հողի վրա, կարողացել էր թևակոխել մի նոր աշխարհ՝ պայծառության և երանության աշխարհը: Գույներ, լույս և երաժշտություն, ճառագայթող ձայների մեղմ դաշնակություններ, ոչ միայն նյութապաշտություն, այլ երազանք, անմարմին թռիչք և լուսավոր լինելություն,- ահա այն աշխարհը, ուր ճամփորդել են արաբական առասպելի Մուհամեդը և ինքը՝ Դանտեն: Դեպքերի և պատկերների զարմանալի նույնությունը, երբեմն պարզապես ընդօրինակած, երբեմն քիչ փոփոխված ու, ինչ որ գլխավորն է, ներքին այն երաժշտականությունը, որ կազմում է ամեն մի իսկական երկի ինքնուրույնությունը, գալիս են այստեղից… Ու նկատեցեք, այն օրը, երբ արաբները այլևս անկարող եղան այդ խորհուրդին միանալու, այն օրը, երբ նրանք կորցրին հոգեկան կապը երկրի հետ և անկարող եղան լսելու նրա ներքին երաժշտականության խորհուրդը, երկիրը նրանց ներկայությունը մերժեց, և մենք ի վիճակի եղանք նրանց վռնդելու:

-Մոտավորապես այդպես ես էլ մտածել եմ իմ երկրիս մասին,- ասացի ես,-  և մեր դրսի և ներսի թուրք լուսավորչականները…

Բայց Դոն Խոզեն ինձ չէր լսում: Նա երևի ինձ չէր էլ տեսնում, այլ, տարված իր գաղափարով, խոսում էր ինքն իր հետ:

-Այսօր Սպանիան սպասում է իր նոր մարդկանց. նրանք, որ պիտի կարողանան լսել իր ձայնը… Բայց ո՞ւր են, ո՞ւր են նոր սպանիացիները… Հողերը կարծարցել և չորացել են ավելի, քան երբեք. նրանք տառապում են անասելի ներքին տառապանքով, նրանք կյանք են ուզում և կյանք տվող չկա, նրանք երգ են ուզում, և երգը շարադրելու համար մեղեդի չկա… Եվ ասում եմ՝ Վիշապը նորից պիտի արթնանա և կրակ պիտի փսխի և մարդիկ պիտի ուտեն մարդկանց, և աշխարհի պիտի լեցվի աղաղակներով և այրվող հորիզոնի վրա քայլելով նորից պիտի գա, ուրիշ զգեստներ հագած և ուրիշ անվան տակ, ինքը՝ Հայր Իգնասիո դե Լոյոլան և և խարույկները պիտի բարձրանան և…

Մութը կոխել էր սենյակը:

Դոն Խոզե-Մարիան ապոկալիպսյան մի էջ կարդացող մոլեռանդ մի վանականի էր նմանում: Նրա աչքերը փայլում էին, ձայնը դողում էր, և ձեռքերը գալարվում էին տարօրինակ կերպով:

Այլևս չկարողացա դիմանալ, ջղերս լարվել էին, և մարդը սկսել էր ինձ վախ ազդել: Ուստի կամաց-կամաց մոտեցա դռան և շտապ քայլերով վազեցի դուրս: Վարը, բարեբախտաբար, կանգնած էր սպասուհին: Գրպանիցս հանեցի բոլոր պեզետոները և դրի ձեռքին մեջ: Դարբասը կես բաց արեց, և ես նետվեցի բլուրից վար:

Մինչև վայր էի իջնում՝ նա վերը կանգնած հառաչում էր:

Մութ:

Ինչպե՞ս պիտի գտնեի ճամփան:

Share

Կարծիքներ

կարծիք