Պարսկական նամակներ

Հեղինակ:

20150707125224591

1721թ. Ֆրանսիայում  լույս ընծայվեց մի փոքրիկ գիրք՝ անսովոր վերնագրով  և առանց հեղինակի անվան: Գիրքը ներկայացնում էր արևմտյան Եվրոպա մեկնած մի քանի հարուստ  ու անվանի պարսիկների նամակագրություն, նրանց կարծիքներն ու դատողությունները  իրենց համար զարմանալի եվրոպական  բարքերի մասին:  Նամակների մեջ միաժամանակ  բացահայտվում էր չափազանց կոլորիտային  ու  եվրոպացի  ընթերցողի համար նույնքան զարմանալի արևելյան բարքերի նկարագիրը: Բոլորի համար ակնառու էր, որ  անանուն հեղինակը թաքնվում էր նամակների համեստ հավաքողի  անվան տակ: Գիրքը չտեսնված հետաքրքրություն առաջ բերեց ֆրանսիական հասարակության մեջ, այն կարդում էին, նրա մասին խոսում էին գրական շրջասնակներում  և փարիզյան սրճարաններում: 

Ֆրանսիացի անվանի գրողը, 18 -րդ դարի ֆրանսիացի լուսավորիչների ավագ սերնդի ներկայացուցիչը, իր այս գրքում սուր երգիծանքով ու  սրամտությամբ շարադրում է իր փիլիսոփայական ու  քաղաքական հայացքները:

 

 

ՆԱՄԱԿ   VI

 

Ուզբեկը՝ իր բարեկամ Նեսիրին, Իսպահան

Մենք լքեցինք Պարսկաստանը և Էրիվանից մեկ օրվա հեռավորության վրա մտանք  Թուրքիայի հպատակության տակ գտնվող տարածքները: Տասներկու օր հետո  հասանք  Էրզրում, որտեղ կմնանք երեք-չորս ամիս:

Պետք է  խոստովանեմ  քեզ, Նեսի՛ր. ես  գաղտնի ցավ  ապրեցի, երբ իմ տեսադաշտից  կորցրի  Պարսկաստանը ու հայտնվեցի կեղծավոր օսմանցիների  մեջ: Որքան խորանում  էի   այդ  պիղծ մարդկանց երկրում, այնքան, կարծես, ես էլ   դառնում  էի  պիղծ:

Իմ հայրենիքը,  իմ  ընտանիքն ու  բարեկամներս  միտքս  էին գալիս,  գորովանքն արթնացավ իմ մեջ,  ու  անորոշ մի տագնապ  խռովվեց հոգիս` զգացնելով, որ հոգուս հանգստությունը  դժվար կվերագտնեմ  ձեռնարկածիս պատճառով:

Սակայն  սիրտս ամենից շատ  տխրում է իմ կանանց պատճառով, հնարավոր չէ նրանց մասին  մտածել  այնպես, որ վիշտը չհոշոտի ինձ: Պատճառն այն չէ, սիրելի՛ Նեսիր, որ ես սիրում եմ նրանց, այդ  առումով ես  այնքան անտարբեր եմ, որ նրանց  բոլորովին չեմ  ձգտում: Բազմանդամ հարեմում, ուր ապրում էի,  ես   կանխում էի սիրո դրսևորումներն ու դրանով իսկ ոչնչացնում այն , սակայն հենց իմ այդ  սառնությունից  բխում է մի գաղտնի խանդ, որը լափում է ինձ: Ես տեսնում եմ, թե կանանց  խումբն ինչպես  է հանձնվել ինքնահոսի և նրանց համար  միայն անարժան մարդիկ են   պատասխանատու  իմ առջև: Ես վստահ  կլինեի, եթե իմ ստրուկներն ինձ հավատարիմ լինեին: Եվ ինչ կպատահի, եթե նրանք այդպիսին  չլինեն: Որքան տխուր լուրեր ինձ կհասնեն  այն հեռավոր երկրներում, ուր պետք է այցելեմ: Սա այն ցավն է, որին բարեկամներս  չեն կարղանա դարման անել, սա  այն ոլորտն է, որի  ցավալի գաղտնիքները պետք է անհայտ մնան: Եվ ինչ կարող են անել նրանք:  Ես հազար անգամ նախընտրում եմ  կասկածելի  անպատժելիությունը աղմկահարույց պատժից: Իմ բոլոր ցավերը քեզ  պատմում եմ, իմ սիրելի՛ Նեսի՛ր, սա ինձ համար միակ սփոփանքն է այս իրավիճակում, որի մեջ  հայտնվել եմ:

 

Էրզրումից, Ռեբիաբի  2-րդ  լուսնի 10, 1711 թ:

 

 

 ՆԱՄԱԿ    VII

 

Ֆաթման՝ Ուզբեկին, Էրզրում

 

Երկու  ամիս է,  ինչ մեկնել ես, իմ սիրելի՛  Ուզբեկ, բայց դեռևս  չեմ կարողանում   հավատալ, որ այսպիսի սրտաբեկ վիճակում եմ:  Ես վազվզում  եմ հարեմով մեկ, ինչպես, երբ  դու այստեղ էիր, թեև բոլորովին պատրանքների մեջ չեմ: Եվ ինչ ես  ուզում, որ կատարվի այն կնոջ հետ, որը սիրում  է քեզ, որը սովոր  էր քեզ  իր գրկում պահել, որի  միակ  հոգսն   իր քնքշանքն արտահայտելն  էր  քո հանդեպ, կին, որն ազատ է ծնունդով, սակայն  ստրուկ` սիրո թելադրանքով:

Երբ ամուսնացա քեզ հետ, իմ աչքերը դեռևս տղամարդու դեմք չէին տեսել, և այժմ էլ միակն ես, որի դեմքն ինձ թույլատրված է տեսնել, քանզի տղամարդկանց շարքին չեմ դասում այս զզվելի ներքինիներին, որոնց նվազագույն անկատարությունն է տղամարդ չլինելը: Երբ  դեմքի գեղեցկությունը համեմատում եմ  քո նրանց  տձև դեմքերի հետ, չեմ կարող ինձ երջանիկ չհամարել: Իմ երևակայությունն անզոր է ստեղծել առավել  հիանալի կերպար, քան քո անձի սքանչելի հմայքներն են: Ես երդվում եմ քեզ, Ուզբե՛կ, եթե ինձ հնարավորություն  ընձեռվեր դուրս գալ այստեղից, ուր փակված եմ  իմ  կեցության անհրաժեշտությունից ելնելով, եթե կարողանայի  դուրս պրծնել ինձ պահպանողների շրջապատումից ու,  եթե ինձ թույլ տրվեր ընտրություն  անել   ազգերի այս մայրաքաղաքում բնակվող տղամարդկանց միջև, Ուզբե՛կ, երդվում եմ, որ  կընտրեի միայն քեզ: Ողջ աշխարհում  միայն դու ես արժանի, որ սիրված լինես:

Մի՛ մտածիր, թե քո բացակայությամբ ես աչքաթող եմ   անում իմ  գեղեցկությունը, որը թանկ է քեզ համար: Թեև ոչ ոք ինձ չպետք է տեսնի և այս զարդարանքները, որոնցով պճնվում եմ, չեն ծառայում քեզ երջանկացնելու  համար, համենայն դեպս  պահպանում եմ  դուր գալու սովորությունս: Մինչև չեմ օծվում  ամենաանուշ  յուղերով,  անկողին չեմ մտնում: Ես հիշում եմ այն երանելի ժամանակը, երբ գալիս էիր իմ գիրկը: Մի շողոքորթ երազ գայթակղում է ինձ` ցույց տալով  իմ սիրո թանկագին  առարկան, երևակայությունս  մթագնում է ցանկությունից, ինչպես և սփոփում հույսերով:  Երբեմն մտածում եմ, թե կհիասթափվես մի անախորժ ճանապարհորդությունից ու կվերադառնաս : Իմ գիշերն անցնում է երազների մեջ, որոնք, չգիտեմ` արթմնի եմ տեսնում, թե քնած, քեզ փնտրում եմ` նայելով կողքերս ու այդ ժամանակ  թվում է, թե փախչում ես ինձնից, ի վերջո ինձ լափող կրակն ինքն է ցրում այդ  դյութանքը` վերադարձնելով ինձ սթափությունս: Այդ ժամանակ  ես այնպիսի  հուզմունք եմ  զգում…

Դու չես հավատա, Ուզբե՛կ, անկարելի  է ապրել այս վիճակում, երակներովս կրակ  է հոսում: Ինչու չեմ կարողանում արտահայտել այն, ինչն այնքան լավ եմ զգում և ինչպես է, որ այնքան լավ եմ զգում այն, ինչն արտահայտել չեմ կարող: Այդ պահերին, Ուզբե՛կ,  աշխարհի տիրակալությունը կտայի քո մեկ համբույրի  դիմաց: Որքան դժբախտ է այն կինը, որը համակված է այսքան բուռն  ցանկություններով ու զրկված է այն միակից, որը կարող է բավարարել դրանք, որ նա, մնալով ինքն իր հետ, չունենալով  այլ զբաղմունք,  պետք է ապրի հառաչանքների ու փոթորկվող կրքի  պոռթկումների մեջ, կին, որը ոչ միայն հեռու է  երջանիկ համարվելուց, այլև զրկված է ուրիշի երջանկությանը ծառայելու ուրախությունից՝   հարեմի անօգուտ պաճուճանք, որը  պահվում է հանուն պատվախնդրության և ո՛չ  հանուն իր ամուսնու երջանկության:

Օ, որքան դաժան եք, դուք, տղամարդի՛կ: Դուք հրճվում եք, որ մենք  օժտված լինելով կրքով, չենք կարողանում ինքներս այն բավարարել, դուք մեզ վերաբերում եք այնպես, կարծես   մենք զգայազուրկ  ենք, թեև շատ կվրդովվեք, եթե այդպիսին լինենք , դուք կարծում եք, թե տևական ժամանակ մեր մեջ ճնշած  ցանկությունները կբորբոքվեն անմիջապես, երբ կտեսնենք ձեզ:  Սեր ներշնչելը   դժվար է և  ավելի  դյուրին  է, ըստ ձեզ, մեր ճնշվածությունից ստանալ այն, ինչը  հույսը  չունեք ստանալ ձեր արժանիքների շնորհիվ:

Մնա՛ս բարով, իմ սիրելի՛ Ուզբեկ, համարիր, որ ապրում եմ միայն քեզ պաշտելու համար, իմ հոգին լի է քեզնով, և քո բացակայությունը, որը  քեզ մոռացնել չի տվել, ավելի կբորբոքեր իմ սերը, եթե  այն ավելի կրքոտ լիներ:

 

Իսպահանի հարեմից, Ռեբիաբի /1/ լուսնի 12, 1711

 

ՆԱՄԱԿ   VIII

Ուզբեկն իր  բարեկամ  Ռուստանին, Իսպահան

 

Քո նամակը ստացա Էրզրումում, որտեղ գտնվում եմ:  Գիտեի, որ իմ մեկնումը մեծ աղմուկ կբարձրացնի. սակայն բոլորովին դրան  կարևորություն չտվի: Ի՞նչ ես կարծում, ինձ համար ի՞մ խոհեմությունն էր կարևոր, թե՞ թշնամիներիս:

Արքունիքում  հայտնվել էի  վաղ  պատանեկությանս  ժամանակից:  Կարող եմ ասել. իմ  սիրտն այնտեղ բոլորովին չի այլասերվել, ես նույնիսկ վեհ  ծրագիր էի  կազմել,   համարձակվել էի լինել առաքինի: Արատավորությունը ճանաչելու պահից`հեռացա դրանից, սակայն այնուհետև մերձեցա, որպեսզի դիմակազերծեմ այն: Ես ճշմարտությունը տարա մինչև իսկ գահի ստորոտը ու այնտեղ բարբառեցի  մինչ այդ նրանց անծանոթ  լեզվով, ես շփոթության մեջ գցեցի  միաժամանակ թե՛  երկրպագողներին, թե՛ կուռքերին: Սակայն երբ տեսա, որ իմ անկեղծությամբ թշնամիներ ձեռք բերեցի, որ առաջացնում եմ նախարարների  չարությունը` չունենալով տիրակալի բարեհաճությունը, որ այլասերված արքունիքում իմ հենարանը լոկ իմ անպաշտպան առաքինությունն է, վճռեցի այն լքել: Ձևացրի, թե  շատ  տարված  եմ գիտությամբ ու ձևացնելով` իրոք տարվեցի դրանով: Ես այլևս ոչ մի գործի  չէի խառնվում ու գնացի ապաստանելու  ամառանոցում: Սակայն սա էլ ունեցավ իր անցանկալի հետևանքները. ես շարունակ ենթարկվում էի թշնամիներիս  նենգություններին ու գրեթե զրկված էի ինձ պաշտպանելու հնարավորությունից: Մի քանի գաղտնի տեսակետներ ինձ հարկադրեցին  լրջորեն մտահոգվել ինձնով: Ես որոշեցի գաղթել իմ հայրենիքից, և իմ հեռանալու  դրդապատճառը, ինչպես  պալատից հեռանալու պարագայում  էր,  դարձյալ ճշմարտանման երևաց: Ես գնացի թագավորի մոտ, նրան ասացի  արևմուտքի գիտություններն ուսումնասիրելու ցանկությանս մասին` նրան  հավատացնելով, թե  իմ ճանապարհորդությունները կարող են  օգտակար լինել իր համար, ինչը նրա աչքին հաճելի թվաց, ես մեկնեցի ու ինձ ազատեցի թշնամիներիս  զոհը դառնալու  վտանգից:

Ահա, Ռուստան, իմ ճանապարհորդության իրական  դրդապատճառը: Թո՛ղ Իսպահանում խոսեն, ինձ պաշտպանիր միայն նրանց մոտ, ովքեր ինձ սիրում են, թշնամիներս էլ թող իրենց նենգ մեկնաբնություններն անեն, ես չափազանց երջանիկ եմ, որ սա միակ  վատությունն է, որ նրանք կկարողանան անել:

Այսօր իմ մասին խոսում են: Կարող է այնպես լինել, որ մոռացվեմ իսպառ և որ իմ բարեկամները… Ո՛չ, Ռուստա՛ն, չեմ ուզում տրվել այս անուրախ մտքին, ես միշտ նրանց համար սիրելի կլինեմ,  հույս եմ դնում նրանց հավատարմության վրա, ինչպես և քո:

 Էրզրումից, Ժեմադի 2-րդ լուսնի  20, 1711 թ.

 

 

  ՆԱՄԱԿ  IX

Առաջին ներքինին` Իբիին, Էրզրում

 

 

Այս ճանապարհորդություների ընթացքում դու ուղեկցում ես քո  վաղեմի  տիրակալին, անցնում ես   մարզերով ու թագավորություններով, քեզ  տանջող վշտեր չունես, ամեն մի  պահը  մի   նոր բան է ի հայտ բերում  քեզ համար, այն ամենն, ինչ տեսնում ես,  զվարճացնում  է քեզ  և ժամանակդ աննկատ է   անցնում:

Նույնը չեմ կարող  ասել իմ մասին, քանզի  փակված   եմ այս  զզվելի բանտում` մշտապես  շրջապատված նույն առարկաներով, տառապելով  նույն ցավերով: Ես, ուժասպառ, տնքում եմ  հիսուն տարիների հոգսերի ու անհանգստությունների բեռան  տակ և կարող եմ ասել, որ իմ երկար կյանքի ընթացքում մի անհոգ օր ու  մի հանգիստ վայրկյան չեմ  ունեցել:

Երբ իմ առաջին  տիրակալն իր  կանանց ինձ վստահելու  դաժան ծրագիրը կազմեց ու գայթակղելով   և հազարավոր սպառնալիքներով  ինձ հարկադրեց, որ ընդմիշտ բաժանվեմ ինքս ինձնից, ես, որ արդեն ձանձրացել էի ամենահոգնեցուցիչ աշխատանքներով ծառայելուց, կարծեցի, թե իմ կրքերը զոհաբերելու գնով  հանգստություն ու հարստություն ձեռք կբերեմ: Որքան դժբախտ էի:  մ հոգսաշատ միտքը բավարարվում   էր միայն փոխհատուցումը տեսնելով, անտեսելով կորուստս: ես հուսով էի, որ զերծ կմնամ  սիրո  հարվածներից, քանզի ի զորու չէի  լինելու դրան հագուրդ տալ: Ավա՛ղ, իմ մեջ  հանգցրել էին լոկ  կրքի կիրարկումը` չհանգցնելով  նրա հիմքը և թեթևանալու փոխարեն  ես շրջապատված էի   կրքերս մշտապես բորբոքող առարկաներով: Երբ մտա հարեմ, ամեն բան այնտեղ  արթնացնում էր իմ մեջ կորստիս ափսոսանքը, ամեն վայրկյան համակվում էի հուզմունքով, կարծում էի, թե հազարավոր մարմնական գեղեցկություններն ինձ երևում են միայն  վիշտ պատճառելու համար: Դժբախտությանս գագաթնակետը մշտապես երջանիկ  մի տղամարդու տեսնելն էր: Այդպիսի հուզված պահերին չի եղել այնպես, որ   կնոջը  մինչև իմ տիրակալի մահճակալն ուղեկցելուց, կամ նրա հագուստը հանելուց հետո` չվերադառնայի իմ սենյակը` կատաղած սրտով ու հուսահատ հոգով:

Ահա,թե ինչպես եմ անցկացրել  թշվառ երիտասարդությունս: Չունեի այլ խորհրդակից ինձնից բացի: Ձանձրույթով ու ցավերով  ծանրաբեռ` հարկադրված էի ինքնուրույն հաղթահարել դրանք, և այդ  նույն կանանց, որոնց ցանկանում էի նայել այնքան քնքշորեն, նայում էի խստությամբ: Ես կկորչեի, եթե նրանք թափանցեին  հոգուս մեջ: Եվ ինչպե՛ս կօգտվեին դրանից:

Հիշում, երբ  մի օր  բաղնիք  տարա մի կնոջ, ինձ այնքան  վերացած զգացի, որ բոլորովին կորցրի բանականությունս, ու համարձակվեցի ձեռքս  հպել  նրա մի վտանգավոր տեղին: Առաջին միտքս այն էր, որ այդ օրն  իմ  վերջին օրն  էր: Սակայն բախտս բերեց,  ու ես խույս տվի դաժան պատիժներից: Սակայն գեղեցկուհին, որն իմ թուլության վկան էր,  իր լռության համար ինձանից թանկ գին պահանջեց: Ես ամբողջովին  կորցրի նրա հանդեպ ունեցածս իշխանությունը, նա ինձ հարկադրեց այնքան հանդուրժող լինել, որ կարող էի  մի հազար անգամ կյանքս  վտանգի տակ դնել:

Ի վերջո երիտասարդական կրակը մարեց իմ մեջ, ես ծեր եմ ու այդ առումով գտնվում եմ  հանգիստ վիճակում, կանանց նայում եմ  անտարբերությամբ` վերադարձնելով նրանց  իրենց ողջ արհամարհանքն ու այն չարչարանքները, որոնց պատճառով տառապել եմ: Ես միշտ մտածում եմ, որ ծնվել եմ  նրանց հրամայելու համար, և այն պահերին, երբ  նրանց հրամայում եմ, ինձ կրկին տղամարդ եմ կարծում:  Նրանց ատում եմ այն ժամանակից ի վեր,  երբ սկսեցի   սառնասրտորեն նայել նրանց և   բանականությունս  ինձ թույլ է տալիս տեսնել նրանց բոլոր թուլությունները:  Թեև ես նրանց  պահպանում եմ ուրիշի համար, սակայն   նրանց իմ կամքին   ենթարկելու հաճույքն ինձ գաղտնի  ուրախություն է պատճառում: Երբ նրանց զրկանքների եմ ենթարկում, ինձ թվում է, թե դա անում եմ ինձ համար ու դրանից  ներքին բավարարվածություն եմ  ստանում: Հարեմում ես ինձ զգում եմ, ինչպես փոքրիկ թագավորությունում, և իմ փառասիրությունը`ինձ մնացած միակ կիրքը, փոքր-ինչ  հագուրդ է ստանում: Ես հաճույքով եմ նկատում, որ ամեն բան  իմ ձեռքի տակով է անցնում  և որ ամեն  վայրկյան զգում են  իմ կարիքը: Ես հաճույք եմ ստանում`արժանանալով այդ կանանց ատելությանը, քանզի դրանով  ամրապնդվում են իմ դիրքերը: Բայց ես էլ երախտամոռ չեմ. խոչընդոտում եմ նրանց ամենաանմեղ հաճույքներին, մշտապես նրանց ներկայանում եմ որպես անհաղթահարելի  արգելք: նրանք ծրագրեր են կազմում, ես հանկարծակի  դադարեցնում եմ դրանք, իմ զենքը մերժումն է, անչափ բծախնդիր եմ, իմ բերանից  հնչում են միայն  բառեր, որոնք նշանակում են  պարտականություն, առաքինություն, ամոթխածություն, համեստություն: Ես նրանց հուսահատեցնում եմ` անդադար խոսելով  իրենց սեռի թուլությունների ու  իրենց տիրակալի իշխանության մասին: Այնուհետև գանգատվում եմ, որ հարկադրված եմ  լինել այդքան խստապահանջ ու, կարծես ցանկանում եմ նրանց հասկացնել, որ  իրենց շահից բացի ես այլ շարժառիթ չունեմ  և  որ  մեծապես  կապված եմ նրանց հետ:

Իհարկե, ես էլ իմ հերթին ունեմ  անհամար  տհաճություններ,  և այդ  վրիժառու կանայք ամեն օր  ձգտում են գերազանցել այն, ինչ ես  անում եմ նրանց դեմ. նրանք շրջանցող սոսկալի հարվածներ ունեն: Մեր միջև կարծես գոյություն ունի իշխանության ու հպատակության  մակընթացություն ու տեղատվություն: Նրանք մշտապես   ամենանվաստացուցիչ գործերն են բարդում ինձ վրա, նրանք անօրինակ արհամարհանք են տածում իմ հանդեպ և հաշվի չառնելով ծերությունս` գիշերները տասն անգամ  ինձ հանում են անկողնուց չնչին պատրվակներով: Անդադար ինձ ճնշում են կարգադրություններով, հանձնարարություններով, պարտականություններով, քմահաճույքներով, նրանք, կարծես  խոսքները մեկ են անում` ինձ չարչարելու համար, ու նրանց քմայքները հաջորդում են  իրար: Հաճախ նրանք զվարճանում են` գործերս կրկնապատկելով. ինձ սուտ տեղեկություններ են հասցնում. երբեմն ասում են, թե պատերի տակ մի երիտասարդ  է երևացել, մեկ այլ անգամ, թե ինչ-որ աղմուկ են լսում կամ ինչ-որ մեկին նամակ  են հանձնելու: Այդ ամենն ինձ անհանգստություն է պատճառում, իսկ նրանք ծիծաղում են: Նրանք  ուրախանում են` երբ ես տանջում եմ ինքս ինձ: Երբեմն էլ   ինձ պահում են  իրենց դռան հետևում  և հարկադրում, որ չհեռանամ գիշեր-ցերեկ: Նրանք գիտեն` ինչպես հիվանդ ձևանալ, ինչպես ուշաթափվել կամ վախեցած ներկայանալ: Նրանք պատրվակաների պակաս չունեն, երբ ուզում են ինձ հասցնել այնտեղ, որտեղ իրենք  են ցանկանում: Նման իրավիճակներում հարկ է պահպանել կույր հնազանդություն ու անսահման  բարեհաճություն: Մերժումն այնպիսի մարդու բերանում, ինչպիսին ես եմ, կլինի  անհավատալի մի բան և եթե ես վարանեմ նրանց հնազանդվել, նրանք իրավունք կունենան ինձ պատժել: Ես կցանկանայի մեռնել, սիրելի՛ Իբի, քան ստորանալ այդ աստիճանի:

Սա դեռ ամենը չէ. ես երբեք, ոչ մի  վայրկյան վստահ չեմ  եղել  իմ տիրակալի բարեհաճության  վրա, նրա սրտում ես շատ  թշնամիներ ունեմ, որոնք մտածում են միայն ինձ վատություն անելու մասին: Նրանց տրամադրության տակ  կան քառորդ ժամեր, երբ կարող են ինձ չլսել, երբ նրանց ոչինչ չի մերժվում, երբ ես միշտ սխալ եմ: Ես իմ տիրակալի մահճակալի մոտ ուղեկցում եմ կանանց, որոնք  բարկացած են ինձ վրա և ինչ ես կարծում` նրանք   կարո՛ղ են  որևէ  բան անել իմ օգտին և ուժն, արդյո՛ք, իմ կողմը կլինի… Շատ բան կարելի է սպասել նրանց արցունքներից, նրանց հառաչանքներից, գրկախառնություններից ու  նույնիսկ նրանց  հաճույքից: Նրանք գտնվում են իրենց հաղթանակների վայրում,  նրանց  հմայքները վտանգավոր են ինձ համար, նրանց ներկայիս ծառայությունները ջնջում են իմ անցյալ բոլոր ծառայությունները և ինչ պաշտպանություն կարող եմ ակնկալել  իմ տիրակալից, երբ ինքն իրեն  չի պատկանում:

Քանի անգամ  եմ անկողին  մտել որպես արտոնյալ ու արթնացել  շնորհազուրկ եղած: Այն օրը, երբ  այնքան անարժանորեն մտրակահար եղա հարեմի  մոտ, ես ինչ էի արել: Ես  տիրակալիս գրկում թողեցի կանանցից մեկին: Նա հենց  տեսավ, որ տերս այրվում է  կրքից, արցունքների հեղեղ թափեց` բողոքելով այնքան  լավ, որ գանգատները   սաստկանում էին իր բորբոքած  սիրո չափով: Ինչի՞ վրա կարող էի հույս դնել այդ  դժվարին պահին: Վերջս եկել էր այն ժամանակ, երբ  դրան ամենից քիչ էի սպասում: Ես դարձա սիրային բանակցությունների ու դաշնության զոհ` հառաչանքների պատճառով: Ահա՛, սիրելի՛ Իբի, թե ինչ  դաժան կյանքով եմ ապրել:

Որքան երջանիկ ես դու: Քո հոգածությունը սահմանափակվում է միմիայն Ուզբեկի  անձով: Քեզ համար հեշտ է նրան հաճոյանալ ու վայելել նրա բարեհաճությունը  մինչև կյանքիդ վերջին օրը:

 

Իսպահանի հարեմից,  Սաֆարի լուսնի վերջին օրը, 1711

 

 

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Թերեզա Ստեփանյանի

Կարծիքներ

կարծիք