Շլո՞ր, թե՞ խնձոր. այս էր խնդիրը

Հեղինակ:

20151303165720503

Պրոֆեսորը ծերացել էր: Ծերացել էր զառամելու աստիճան: Մեզ՝ առաջին կուրսեցիներիս, դժվար էր երևակայել, որ նա երբևէ երիտասարդ էլ էր եղել, բայց ենթադրել կարելի էր: Համենայն դեպս, գիտեինք, որ բոլոր ծերերն էլ մի ժամանակ երիտասարդ են եղել: Գիտեինք նաև, որ ժամանակին Պրոֆեսորը հավասարի իրավունքով ու վաստակով ընկերություն է արել իր սերնդի ու իրենից ավագ շատ ու շատ երևելիների հետ: Այդ երևելիներից ու երանելիներից մեզ հասել էին միայն բարի հիշատակներ ու մեկ էլ Պրոֆեսորը՝ իր անհամար խորշոմներով:

Պրոֆեսորի խորշոմները… ինչքա՜ն շատ էին ու բազմիմաստ: Ապագա բանասերներս դրանք նմանեցնում էինք մեր լեզվի կետադրական նշաններին: Դրանց մեջ շատ էին հարցականներն ու բացականչականները, շեշտերն ու չակերտները, կետերն ու բազմակետերը… Ուշադիր հայացքը դրանց մեջ նույնիսկ կնշմարեր տասնյակից ավելի ապաթարց: Սակայն քիչ չէին նաև այնպիսի նշանները, որոնցից զուրկ է հայերենի կետադրության նշանների համակարգը: Առավել նկատելի էին հիացական ու երանության, կարոտի ու կսկիծի, ընդգծված մուննաթի ու աղոտացած բղջախոհության, շանթի, ցասումի, անողորմության ու այլ նշանները: Երբ Պրոֆեսորը հանդարտ էր ու անվրդով, խորշոմ-նշանները խաղաղ հարևանություն էին անում ու ոչինչ չէին արտահայտում: Բայց երբ նրա հոգում ահագնանում էր որևէ տրամադրություն ու զգացում, բոլոր խորշոմները մեկեն վերածվում էին այն նշանին, որը բնորոշ էր տվյալ հոգեվիճակին:

Խորշոմները սփռված էին ամենուր: Ոչ միայն դեմքին ու ճակատին, այլև բովանդակ ճաղատով մեկ: Ու քանի որ ճակատն ու ճաղատը չունեին որոշակի սահմանագիծ, դժվար էր որոշել՝ Պրոֆեսորը լայնաճակա՞տ էր, թե՞ լայնաճաղատ: Մի բան սակայն ակնհայտ էր. ճաղատի գագաթին, քաջառողջության անհետացող նշանի ճիշտ կողքը, սկսել էր թանձրանալ հավերժության նշանը:

Ի տարբերություն խորշոմ-կնճիռների, Պրոֆեսորի ձյունաճերմակ հոնքերը ոչ մի հոգեվիճակում փոփոխության չէին ենթարկվում: Դրանք թավ էին, ծայրերը՝ խոնարհված: Եթե մի հնարով միանային իրար, կստացվեր կազակի կախ ընկած բեղ: Ասում էին, որ շատ տարիներ առաջ Պրոֆեսորի հոնքերը սև են եղել ու ցից ծայրերով՝ նման ֆիդայու ըմբոստ բեղի:

 

Պրոֆեսորը շտապում էր: Գիշեր-ցերեկ գրի էր առնում իր փոթորկալից կյանքի մեծ ու փոքր իրադարձությունները: Ու որքան շատ էր գրում, այնքան ավելի շատ բան էր մնում գրելու: Շատ կորուստներ էր ունեցել ու տարիների ընթացքում ճարահատ հաշտվել դրանց հետ: Մեկիկ-մեկիկ հաշտվել էր նվիրական ընկերների կորստին, հաշտվել էր վատթարացող առողջության ու նույնիսկ տկարացող տեսողության հետ, ինչը նրան գրեթե զրկել էր ամենասիրելի զբաղմունքից՝ ընթերցանությունից: Բայց ժամանակի կորստի ու մանավանդ հիշողության մթագնման մտքի հետ հաշտվելն անհնար էր: Իր հիշողությունն իր հպարտությունն էր, իր սփոփանքը: Վաղուց հեռացած սերնդակից երևելիները ապրում էին իր հիշողության ծալքերում, և օրեցօր մթագնվող հիշողությունը սպառնում էր դառնալ նրանց երկրորդ ու վերջին գերեզմանը: Ինքն իր նշանավոր սերնդի վերջին նշանավորներից էր և պարտավորվածության աննահանջ զգացումով մղվում էր փրկելու ընկերներին սեփական հիշողության թանձրացող ճահճից, փրկելու մոռացումից ու փառավորելու իրար հաջորդող հատորների մեջ: Ահա թե ինչու էր շարունակ գրում, և ահա թե ինչու էր դեպքից դեպք լսարան մտնում:

Ուսումնական տարին մոտենում էր ավարտին, սակայն մենք ընդամենը երեք անգամ էինք հնարավորություն ունեցել լսելու նրա դասախոսությունները: Բայց ի՜նչ վայելք էին այդ դասախոսությունները: Դրանցից ամեն մեկի տպավորությունը երկար ամիսներ իշխում էր մեզ վրա, տրամադրում հիշել ու վերհիշել ամեն դրվագը:

Անհամբեր սպասում էինք չորրորդ դասախոսությանը: Մեր ակնկալիքը հիմքեր ուներ, որովհետև ավագ կուրսերի ուսանողները մեզ հավաստիացրել էին, որ Պրոֆեսորը Թումանյանին ոչ մի դասախոսի չի վստահում, և ինչ էլ որ պատահելիս լինի, Մեծ Լոռեցուն նվիրված դասաժամերին պարտադիր ինքն է մտնելու լսարան: Ամբիոնից վաղուց ճշտել էինք Թումանյանի ստեղծագործությանը հատկացված ամսաթվերն ու անհամբերությամբ օրերն էինք հաշվում:

 

Վերջապես հասավ բաղձալի օրը: Դա այն բացառիկ օրերից էր, երբ դեռ դասի մեկնարկի զանգը չհնչած մեր բազմամարդ կուրսի բոլոր 150 ուսանողներն էլ, իրարից առաջ ընկնելով, դիրքավորվել էին ընդարձակ լսարանում: Ավելին, այլ կուրսերից էլ էին ուսանողներ ժամանել՝ թարմացնելու համար նախորդ տարիների տպավորությունները:

 

Զանգը հնչեց: Ներս մտավ Պրոֆեսորը՝ ձեռքին Թումանյանի պոեմների հատորը, որոնց էջերից դուրս էր ցցված էջանշան ծառայող թերթիկների մի ստվար փունջ: Ասում էին, որ տարիներ առաջ նա դրանց կարիքը ամենևին չէր ունեցել: Իր խոսքի հմայքն ու թովչանքը կատարյալ դարձնելու համար կարողացել էր ցանկացած պոեմի ու բանաստեղծության ցանկացած հատվածը բերանացի ներկայացնել: Իսկ հիմա, երբ հիշողությունը սկսել էր հաճախակի դավաճանել, հարկադրված էր դիմել էջանշանների օգնությանը՝ հարկ եղած պահերին գիրքը բացելու և անհրաժեշտ հատվածներն ընթերցելու համար: Իհարկե, գիրքը թերթելն ու հատվածը գտնելը որոշակի վայրկյաններ էին խլում նրանից, ինչը փոքր-ինչ ստվերում էր դասախոսության հմայքը, սակայն նույնիսկ դա չէր խանգարում, որ Պրոֆեսորը միշտ լիներ սպասված ու անմրցակից:

Ողջունեց, սովոր հայացքով չափեց լեփ-լեցուն լսարանը ու սկսեց:

Տասը րոպե պահանջվեց, որպեսզի  «Հառաչանքը» թառանչանքներ պոկի առաջին շարքերում տեղավորված առավել զգացմունքային ուսանողուհիներից: Էլի տասը-տասնհինգ րոպե, և «Դեպի անհունը» մեզ հասցրեց անկշռելիության ու գլխապտույտի: Միմյանց հաջորդած «Թմկաբերդի առումը», «Լոռեցի Սաքոն» ու «Անուշը» ավելի ու ավելի լսելի դարձրեցին արտասվախառն ֆսֆսոցներն ու հեծկլտոցները:

Պրոֆեսորը տարերքի մեջ էր: Իր խոսքի զորությունը ստուգելու համար երբեմն-երբեմն կկոցում էր աչքերը և զննում իրեն ավելի մոտ գտնվող ուսանողուհիների դեմքերը: Տարիների ընթացքում սովորել էր իր խոսքի արժեքը չափել ուսանողուհիներից կորզած արցունքների ու ֆսֆսոցների հաճախականության չափով: Միայն թե վերջին տարիներին ցանկալի արդյունքը ավելի շատ ժամանակ էր պահանջում նրանից:

Դասախոսության սկզբին, երբ ուսանողուհիների աչքերում խոնավություն նկատեց, ավելի ինքնավստահ դարձավ: Պատկերից պատկեր, դրվագից դրվագ ու պոեմից պոեմ խոնավությունն աննկատ վերածվեց արտասուքի կաթիլների, գլորվեց քթերն ի վար, գրկախառնվեց վերին շրթունքներին մինչ այդ լերդացած հուզումնառատ քրտինքին ու սկսեց քոռուփուչ լինել թաշկինակներում: Այդպիսի պահերին էր, որ Պրոֆեսորի ճակատն ու ճաղատը խճողած մեծ ու փոքր նշանները միախառնվում էին ու դառնում մի մեծ, ընդհանուր նշան՝ երանության նշան: Քանի հազար այսպիսի պահ էր ունեցել: Այո, դեռ ոչինչ կորած չէ, ինքը դեռ նույն Պրոֆեսորն է, որը նախկինի նման կարողանում է լսարանը հասցնել իր ուզած վիճակին ու վարվել նրա հետ իր ուզած ձևով:

Այսպես լալահառաչ էլ հասանք «Մարոյին»:

Ահա սարերի մեջ փռված ավանդական գյուղը՝ իր զմայլելի ու զարհուրելի կիրճ ու ձորով: Ահա իննամյա կենսախինդ աղջնակը՝ Մարոն, ով մանկական վայելքների մեջ է, սիրում է մորը և սիրում է խաղալ հասակակիցների հետ: Ի՞նչ իմանա դժբախտ արարածը, որ իրենց գյուղերում մանկությունը տևում է ընդամենը մի ակնթարթ: Նրա համար գյուղի բոլոր տղամարդիկ, այդ թվում և չոբան Կարոն, հորեղբայրներ և քեռիներ են, որոնցից կարելի է ակնկալել միայն պաշտպանություն, կանփետ ու չամիչ: Ի՞նչ իմանա անհոգ մանուկը, որ շուտով իրեն կտրելու են մորից ու խաղերից, և նույն այդ քեռի Կարոն քարշ է տալու ամուսնական առագաստ:

Այստեղ, մոտալուտ ողբերգությունը ներկայացնելուց առաջ, Մարոյի անմեղ պարզամտությունը ընդգծելու նպատակով, Պրոֆեսորը հարկ համարեց մեջ բերել հերոսուհու հայտնի խոսքերը, որոնք ծանոթ են ամեն դպրոցականի: Բնականաբար, այդ հանրահայտ տողերն արտաբերելու համար կարիք չկար էջի ու էջանշանի.

-Լավն է, ասում էր, Կարոն,

Բերում է ինձ ամեն օր,

Կանփետ, չամիչ ու…

-Շլո՛ր,- ակամա թռավ բերանիցս:

-Շլոր,- ինքնաբերաբար կրկնեց Պրոֆեսորը:

Առաջին փռթկոցին հետևեցին ուրիշները և մի վայրկյանում բազմապատկվեցին: Դիմացի շարքերում զգացմունքների հեղեղից տոչորվող աղջիկները կտրուկ շրջվեցին և ատելությամբ լի հայացքներով ոչնչացրին ինձ:

Պրոֆեսորը շվարեց: Զգաց, որ դավադրություն է տեղի ունեցել: Արագ խոնարհվեց սեղանին դրված գրքի վրա և սկսեց տենդագին թերթել այն:

Այլևս պարզ էր, որ փոթորիկ է հասունանում: Առավել ևս պարզ էր, որ այդ փոթորիկը պայթելու է իմ գլխին: Մեզ բազմիցս զգուշացրել էին, որ Պրոֆեսորը միշտ անողորմ է եղել իր դասը խանգարողների հանդեպ: Ուստի ավելի քան վաթսուն րոպե ձանձրացող տղաները զվարթացան և պատրաստվեցին վայելելու մոտալուտ աղետը: Իսկ աղջիկներն իրար մեջ քչփչում էին, որ ինչ էլ պատահի ինձ հետ, միևնույն է, շատ քիչ է լինելու ինձ համար:

Վերջապես Պրոֆեսորը գտավ փնտրած էջը, և լսարանում քար լռություն տիրեց: Մոտեցրեց գիրքը տկար աչքերին և բարձրաձայն կարդաց.

  Բերում է ինձ ամեն օր

                                Կանփետ, չամիչ ու խնձոր:

-Խնձո՛ր, իհա՛րկե խնձոր,- ահեղաձայն որոտաց:- Ո՞վ ասաց ՙշլոր՚:

Լռությունը սաստկացրեց Պրոֆեսորի ցասումը:

-Ո՞վ էր այդ սրբապիղծը, թող ոտքի՛ կանգնի: Ոչ ոք այստեղից դուրս չի գա, մինչև չիմանամ՝ ով էր դա: Կպատժեմ ողջ կուրսը, բոլորիդ՝ առանձին ու միասին…

Չէի կարող թույլ տալ, որ դասընկերուհիներիցս որևէ մեկը մատներ ինձ, մանավանդ որ նրանցից շատերը խիստ չարացած էին նայում վրաս: Գլխիկոր ոտքի կանգնեցի:

-Դու՜՜՜,- շառաչելով առաջացավ Պրոֆեսորը,- ո՜վ հրե՛շ, ո՜վ բարբարո°ս…

Նրա դեմքին ու գլխին երանության նշանի հետքն անգամ չէր մնացել, այն ցասումից ու ցասումով փշրվել էր՝ վերածվելով շանթի ուղղահայաց ու հորիզոնական անհամար նշանների՝ նման լատինական N և Z տառերի:

-Ես կոչնչացնե՛մ քեզ, փոշի՛ կդարձնեմ,- շարունակում էր շաչել Պրոֆեսորը,- դու այդ ո՞ւմ դասն ես խանգարում, այդ ո՞ւմ ես ծաղրում…

Կմկմալով արդարանալու մի անհույս փորձ արեցի.

-Ես… ես դասը խանգարելու որևէ մտադրություն չեմ ունեցել… Պրոֆեսոր: Հավատացեք, Թումանյանն ինձ ամենահարազատ հեղինակն է, նրա ամեն գործը կարդացել եմ հարյուր անգամ: Պարզապես… հիշողությունս բանի պետք չէ, հա, բոլորը գիտեն, որ հիշողությունս թույլ է, շարունակ շփոթում եմ տողերն ու բառերը…

Հավանաբար նրա ամենախոցելի տեղին էի դիպել: Փուքսը փոքր-ինչ իջավ.

-Ինչպե՞ս թե՝ հիշողությունդ թույլ է: Բա ի՞նչ գործ ունես այստեղ, ինչպե՞ս են քեզ ընդունել այս ֆակուլտետ:

Ընկերներիս խրախուսական հայացքներից ոգևորված՝ որոշեցի զարգացնել այս փոքրիկ հաջողությունը.

-Բանը միայն հիշողությունը չէ: Ես սիրում եմ անընդհատ վերլուծել Թումանյանի տողերն ու պատկերները: Երբ համոզիչ չեն թվում, երբեմն որոշների փոխարեն իմ սեփական տարբերակներն եմ հորինում: Երևի գլխումս դա է շփոթ առաջացնում: Օրինակ՝ Մարոյի այդ խոսքերի դիմաց ունեմ մի քանի տարբերակ, որոնցից մեկը ընդունելության քննությանը ներկայացրի քննող հանձնաժողովին:

Կասկածի ու տարակուսանքի նշաններ հայտնվեցին ոչ միայն Պրոֆեսորի, այլև բոլոր դասընկերներիս դեմքերին: Անկեղծ ասած, ինքս էլ չէի հասկանում, թե ինչու եմ շարունակում խաղալ փոքր-ինչ մեղմացած կրակի հետ:

-Ի՞նչ ես դուրս տալիս, ի՞նչ տարբերակի մասին է խոսքը:

-Ահա, լսեք, խնդրեմ.

 Բերում է ինձ… քիչ թե շատ,

                             Կանփետ, չամիչ ու… փշատ:

-Ինչպիսի՛ խեղկատակություն: Ու քեզ դուրս չշպրտեցի՞ն քննասենյակից:

-Ոչ, ի՞նչ եք ասում:

-Ուզում ես ասել, որ թույլ տվեցին շարունակե՞ս զառանցել:

-Ավելին, լսեցին իմ պատճառաբանությունը ու կարծես թե ընդունեցին:

Պրոֆեսորի համբերությունը սպառվում էր.

-Ի՞նչ պատճառաբանություն կարող է ունենալ այդպիսի տխմարությունը:

-Ինչպես ասացի, սիրում եմ վերլուծել Թումանյանի պատկերները, ստուգել դրանց հավաստիությունը: Ուստի ուսումնասիրել եմ մեր գյուղերի ավանդական կենցաղը, սովորույթները: Հավատացնում եմ Ձեզ, Պրոֆեսոր, որ Թումանյանի սերնդի գեղջուկ մանուկները խնձորից ավելի շատ… սիրում էին փշատ:

Արդեն երկար ժամանակ շուրջս խեղդված գվվոց էր լսվում: Գիտեի, որ ընկերներս տանջալիորեն ջղաձգվում էին՝ խրխինջները զսպելու համար: Բայց խուսափում էի նրանց նայել, որպեսզի հանկարծ չժպտամ, ավելին՝ չծիծաղեմ ու լուրջ վտանգի տակ դնեմ հետագա ուսումնառությունս բանասիրականում: Ուստի հնարավոր փռթկոցի գայթակղությունը հեռու վանելու համար ավելի առաջ գնացի.

-Հապա հիշեք Ձեր մանկությունը, Պրոֆեսոր, հիշեք Ձեր գյուղը: Մի՞թե չէիք սիրում գրպաններում լիքը փշատ ունենալ և շարժել ընկերների նախանձը, հը՞…

Այս վերջին ստորությանը թերևս անհնար էր դիմանալ, և տղաներից մեկը սկսեց շնչահեղձ լինել ու խուլ կռնչալ, ինչը վարակիչ օրինակ հանդիսացավ մյուսների համար:

Բարեբախտաբար, Պրոֆեսորը, լսելով հայրենի գյուղի և հեռավոր մանկության մասին, մի պահ կտրվել էր լսարանից: Ո՞վ իմանար՝ չարչարված միտքը ուր էր հասել: Կասկած չկար, որ վերհուշի այդ քաղցր ակնթարթների մեջ տեղ ուներ նաև փշատը, քանզի վայրկյաններ անց սթափված Պրոֆեսորի արձակած վճիռը զարմանալիորեն մեղմ էր ու մարդասիրական.

-Գուցե դա էլ կարող է տարբերակ համարվել, բայց դու դո՛ւրս կորիր լսարանից ու այլևս չերևաս իմ դասերին:

Փոթորիկն անցել էր: Արագ դուրս եկա միջանցք ու սկսեցի դռան արանքից հետևել հետագա իրադարձություններին: Ներսում Պրոֆեսորը ջանքեր էր թափում լսարանի նախկին վիճակը վերականգնելու համար: Ցավոք, դա նրան այնքան էլ չէր հաջողվում:

Դասը դարավոր կաղնու նման ճարճատյունով տապալվել էր, և նրա կոտրտված ճյուղերի արանքից իր բարի-բարի ու ներողամիտ աչքերով ժպտում էր Հովհաննես Թումանյանը:

 

 

Անդին 9, 2014

Share

Կարծիքներ

կարծիք