Մոսկվան, թութն ու… հազար դրամը

20150311131431445

Մեր ընկերներից մեկը Նոր տարվա շեմին ինձ կանչեց Մոսկվա` թութ ուտելու: Թութը առողջարար է, իսկ ձմռան թութը, որը միայն Սան Ֆրանցիսկոյում է աճում ու արժե կիլոն հարյուր հիսուն դոլար, սոսկ ընտրյալների համար է. ուտողը իր համար սահմանված կյանքից տասը տարի ավելի կապրի: Չապրեց (ասենք` մեքենայի տակ ընկավ)` ապրածն էլ հալալ է:

Ընկերոջս զանգի հետ անմիջապես նետվեցի տոմսի, սակայն մի գեղեցիկ աղջիկ ուրախ ժպիտով (հիմա հորդ մահվան մասին էլ ժպիտով են ասում) հայտնեց, որ իմ անձնագրի ժամկետը լրացել է, պետք է փոխեմ: Բացատրեցի, որ Մոսկվա թութ ուտելու եմ գնում, թութն էլ նոր անձնագրին չի սպասում, բայց գեղեցկուհին դիմեց մի ավելի հասակով գեղեցկուհու, նա` մի ավելի հասակով տղամարդու, տղամարդը զանգահարեց ավելի պաշտոնով տղամարդու, որպեսզի ինձ նորեն պատասխանեն` ոչ:

Շորերս թողնելով տոմսավաճառի մոտ` հասա անձնագրային բաժին: Որ դուռը ծեծեցի, կողքի դուռը մատնացույց արեցին: Ոչինչ, գտա: Մի կերած-խմած ոստիկան տիկին նայեց ինձ, հետո անձնագրիս, առաջարկեց դիմում գրել ու սպասել իրենց զանգին: Ձեռքերիս արագ շարժումները նրա վրա չազդեցին:

-Ժամանակին,- ժպտաց նա,- ոչ մի վայրկյան չենք ուշացնի:

-Իսկ շուտ չի՞ լինի:

-Կլինի: Ինչքան ժամանակը շուտ անցնի, այնքան շուտ կստանաք:

Դե արի ու մի ասա, թե Մոսկվայում Սան Ֆրանցիսկոյից բերած թութը սառցարանում սառույց է դարձել. ուտել է հարկավոր:

-Թութն արդեն սառույց է դարձել, երբ էլ հետ գա` միևնույն է, բայց բանկում պետք է նոր անձնագրի համար հազար դրամ մուծել:

Ես` Մոսկվայում թութ ուտող տղա, հազար դրամի փոխարեն իրեն տասն առաջարկեցի, միայն թե անձնագիրս հենց հիմա գրի ու տա, թե չէ շորերս էլ տոմսավաճառի մոտ կմնան: Բայց կինը ոչ թութը հասկացավ, ոչ Սան Ֆրանցիսկոն (պետք է գոնե մի անգամ այդ թութը կերած լիներ, որ հասկանար): Թղթերս թողեցի նրա մոտ և նետվեցի դեպի բանկ:

Հանեցի մի ճռճռան տասհազարանոց (մանր փող չեմ պահում) և դիմեցի աշխատակցուհուն:

Նա հոգնած աչքերով նայեց ինձ, կարծես երկու գիշեր չէր քնել, ու պահանջեց սոցիալական քարտս: Որ ասեմ` այդ քարտի անունը լսել եմ, բայց երեսը չեմ տեսել… Կուրծքս ծեծելով առաջարկեցի անձնական քարտ տալ, զեղչերի քարտ տալ, ատամնաբուժարանի անվճար քարտ տալ… Էշն ինչ գիտի` նուշն ինչ է: Նայում է ինձ, աչքերը կուլ են գնում, ու կրկնում է.

-Սոցիալական քարտ, կապույտ կնիքով:

Ժամանակ չվատնելու համար թքեցի հատակին և դուրս նետվեցի: Շեմքի վրա պահակը ձեռքիցս բռնեց.

-Քարտի օրենքը հազար դրամ է:

Ա՜յ քեզ լկտիություն: Հազար դրամի համար հազար դրա՞մ: Ու կաշա՞ռք: Հայաստանո՞ւմ: Չլսված բան է: Չգիտեի, թե ո՞ր ականջներիս հավատամ. ա՞յս, որ պահակին լսեցին, թե՞ այն, որ հեռուստացույց են լսում: Մի վայրկյան հապաղեցի, բայց քանի որ հեռուստացույց լսում եմ ամեն օր, իսկ այս ծերուկին տեսնում էի առաջին անգամ, բարձրացրի բռունցքս և պինդ թափահարեցի նրա մռութի առջև. ա՛ռ քեզ հազար դրամ: Ապո՜ւշ: Լուսնից գլուխկոնծի ասֆալտին է ընկել, գլուխը թողել է խորհրդայի՞ն, թե՞ նախախորհրդային շրջանում:

Զանգեցի տուն և կնոջս կարգադրեցի քարտս գտնել և իմ հայտվելուն պես պատշգամբից ներքև գցել: Կինս խոր շունչ քաշեց, ինչը նշանակում էր, որ անմիջապես անցնում է որոնումների:

Քանի որ մեքենայիս բանալին թողել էի շորերիս մեջ, ստիպված էի տաքսի վարձել: Երբ հայտնեցի, թե ուր ենք գնում, վարորդը սթափվեց և հիշեցրեց, որ վարձը հինգ հազարից պակաս չի լինի: Ես` թութն աչքիս դեմ, ձեռքս թափ տվեցի, և մենք շարժվեցինք:

Բարբառից հասկացա, որ վարորդս գյումրեցի է: Քանի որ իմ տատն էլ գյումրեցի էր, ուզեցի պարզել` գուցե բարեկամ է, իսկ բարեկամը բարեկամին պետք է որ անվճար տանի, մանավանդ առաջին անգամ:

-Ումենցե՞ն ես,- հարցրի ես:

-Պաբոյենցեն,- մի տեսակ արհամարհական պատասխանեց վարորդը:

-Պաբոյենք երկու կարգի են` ուստա Պաբոյենք և սատանա Պաբոյենք:

Վարորդը զարմացած նայեց ինձ, կարծես նրան պետական գաղտնիք էի հաղորդում:

-Հըմի ուստա չկա: Բիտտուն սադանա են,- պատասխանեց նա Գյումրու բարբառով ու պատուհանից դուրս թքեց:

Ոչ, այս մարդը իմ բարեկամը չէր: Իզուր էլ ասացի, որ Պաբոյենք երկու տեսակի են: Իմ մտավոր սեփականությունն էր, իսկ ամեն մի սեփականություն արժեք ունի: Միշտ էլ նույն դմբոն եմ: Դրա համար էլ բանի տեր չեմ դառնում:

-Արա՜գ,- պահանջեցի ես հենց առաջին խաչմերուկից` բացատրելով անընդհատ ծամոն ծամող այդ անձնավորությանը, որ ես գնում եմ Մոսկվա` թութ ուտելու, որ տոմսարկղում ինձ առաջարկել են փոխել անձնագիրս, անձնագրասեղանում պահանջել են սոցիալական քարտ, որ իմ մեքենայի բանալին մնացել է շորերիս մեջ, որոնք տոմսավաճառի մոտ են և այլն, որից հետո վարորդը նայեց ինձ ու ժպտաց.

-Այ քեզի փո՜ր. թութն ի՞նճ է, օր մե թթիմ համար Մոսկվա կերթաս:

Ոչ, այս մարդը լրիվ տափակ էր: Մնում էր միայն մի քանի անգամ կրկնել.

-Արա՜գ, արա՛գ, արա՛գ…

Եթե ես լինեի նրա փոխարեն, իմ մեքենան հիմա կսլանար նետի պես, բայց այս ոչխարն առանց ինձ նայելու նորից թքեց պատուհանից դուրս.

-Արագին ձգտողը ավտոյեն դուս գուքա, առջևեն կվազե…

Պատկերացնո՞ւմ եք այս բենզին խմողի լկտիությունը: Ես քաշեցի նրա օձիքից, որ մռութը աղցան սարքեմ, սակայն… Այդ րոպեին լսեցի մի սարսափելի հարված. մեր մեքենան մտավ դեմից ընթացողի հետնամասի մեջ… Դե արի հիմա էլ ԱՊՊԱ կանչիր, երբ կինդ, սոցիալական քարտդ ձեռքին, պատշգամբից կախված, անհամբեր քեզ է սպասում:

Վարորդներն իրար նայեցին թուրք ու հայի պես:

-Քիթ-մռութս լրիվ ջարդվել է, — գոռաց իմ վարորդը:- Քո հետևին բան չի եղել: Տե՛ս, լապտերս ինչ կեղտոտ տեղի է կպել:

-Դու հետևի մասին այդքան վատ կարծիքի մի եղիր,- ավելի բարձր գոռաց դիմացի մեքենայի վարորդը:- Հետևը միակ կեղտոտ տեղն է, ուր մարդիկ գլուխները հոժարակամ են մտցնում, այն էլ` եթե թույլ տան:

Իմ վարորդը սկզբում ապշեց, իսկ ես անմիջապես հասկացա, որ դիմացս գիտնական փիլիսոփա է: Ուշքի գալով` վարորդս հարձակվեց փիլիսոփայի վրա: Նա, տեսնելով մեր բոյ-բուսաթը… նստեց ճանապարհին ու սկսեց լաց լինել: Պարզվեց, որ մեքենան պետինն է` փիլիսոփայության ինստիտուտի տնօրենինը: Այս խեղճ արարածն այն հիմնարկության դռնից տանում էր պետենց բակը, իսկ պետը հետո մեքենայով պետք է Սևան գնար, Սևանից պետք է վերադառնար և երեկոյան մեկներ Մոսկվա… Ի՞նչ իմանամ. գուցե նրա ընկերն էլ է թութ ուտելու կանչել:

-Ոչինչ,- հանգստացնում էի ես:- Թող ձեր պետը տաքսիով գնա:

-Բա փո՞ղը:

Ես գրպանիցս երկու քսանհազարանոց հանեցի և մեկնեցի պետի վարորդին:

Վարորդը վերցրեց, բայց… շարունակեց ծնկները ծեծել:

-Հիմա՞ ինչն է պակաս,- զարմացա ես:

-Մեքենան: Մեքենան եթե կարգին լիներ, այս գումարը ինձ կվերցնեի: Ես էլ տաքսիով Գյումրի եմ գնալու:

Ստիպված էի հանել ևս երկու քսանհազարանոց:

-Տասհազարանոց տուր,- պահանջեց նա:

-Ինչո՞ւ:

-Գյումրիում միայն տասհազարանոց են վերցնում: Ճակատին Իսահակյանն է նկարած: Ուրիշ փող չեն ճանաչում:

Բայց սարսափելին այն էր, որ ես պնդում էի, որ վնասները պետք է հատուցի ԱՊՊԱ-ն, իսկ վարորդս պնդում էր, որ հատուցելու եմ ես` իմ սեփական գրպանից: Բա որ ԱՊՊԱ-ն էլ գյումրեցի եղա՞վ: Իսկ ես այլևս տասհազարանոց չունեի: Կանչեցինք ճանապարհային ոստիկանությանը, նրանք կանչեցին ԱՊՊԱ, ԱՊՊԱ-ն կանչեց տեսուչներին, տեսուչները պահանջեցին… մեր փաստաթղթերը: Քանի որ ես ոչ մի փաստաթուղթ չունեի, որոշեցին, որ ես կարող է… բանտից եմ փախել:

-Հիմա առանց փաստաթղթի միայն հանցագործերն են,- բացատրեց ոստիկաններից մեկը:- Իսկ մեր բան ու գործը հանցագործն է: Հանցագործ չեղավ` ոստիկանությունը ցրելու են: Առաջ լավ էր` գործազուրկ մարդուն տասնութ հազար դրամ ոջիլի դեղի փող էր հասնում, հիմա դա էլ պատգամավորները կերան:

Ոստիկանությունում առանց անուն-ազգանունս հարցնելու դատարկեցին բոլոր գրպաններս, բայց փողից բացի ոչ մի բան չկար` զենք, դանակ, ծակող գործիք… Գումարը  հաշվեցին, ակտավորեցին և հայտնեցին ինձ, որ վաղը պետք է ներկայանամ բաժին` բացատրագիր գրելու, թե որտեղի՞ց է իմ գրպանում այդքան գումար: Ես իհարկե փորձեցի հիշեցնել թութը, Մոսկվան, Սան Ֆրանցիսկոն, սոցիալական քարտը, բայց ոչ մի բան չազդեց: Մարդու բերանից թութն էլ հարամ արեցին: Մնացին ինձ վաղը առավոտյան ժամը ութն անց կեսին սպասող… Հասկացա, որ ուրախ կլինեն, եթե չգնամ…

Երբ ես ոտքով հասա տուն, կինս, սուրճը դեմը դրած, ոտքը ոտքին գցած, պատշգամբում ծխում էր:

-Քա՜րտս,- գոռացի ես` չսպասելով կնոջս արագ արձագանքին:

Կինս շրջվեց իմ կողմը և ծխախոտի մոխիրը ցուցամատով դանդաղ թափ տվեց մոխրամանի մեջ.

-Զանգիդ հետ քեզ եմ սպասում, պոնչիկս: Չասացիր` որտեղ փնտրեմ:

Ես վաղուց գիտեի, որ ծխելը մարդու առողջությանը վնաս է, բայց չգիտեի, որ ծխող կինն էլ է առողջությանը վնաս: Ու այդքա՜ն: Արի ու սրանից հետո մի երազիր Ամերիկայի մասին. ոչ սոցքարտ կա, ոչ դրամ, ոչ ԱՊՊԱ: Թութն էլ հո Սան Ֆրանցիսկոյում է աճում:

Բայց հետո խորհեցի, թե հազար դրամն ի՞նչ էր: Մեր մեծերը Ճիշտ են ասում, որ կաշառքից լավ բան աշխարհիս երեսին չի հայտնագործվել: Հազար դրամի փոխարեն հինգ հարյուր հազարը կորցրի: Բա թո՜ւթը: Ամերիկա… Հազար դրամ տաս` Հայաստանում էլ կապրես: Հացն էլ որ ձրի լինի, կդառնա դրախտ:

Ես էլ գիտեի, որ կաշառքը ձեռնտու է, բայց չգիտեի, թե այդքան… Մի բան էլ մինչև հիմա ինձ համար մո՜ւթ-մութ է մնացել, չնայած կինս հինգ անգամ բացատրել է` ինչ կապ կա հազար դրամ մուտք անելու և սոցիալական քարտի միջև: Երևի իմ խելքի բանը չէ…

 

Անդին 5, 2015

Share

Կարծիքներ

կարծիք