Մնաց

Հեղինակ:

20152108145419439

Վաթսուներեք թվականին, երբ ֆուտբոլիստ Չալիկյանը պատահականության բերումով հայտնվեց Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածում, մենք էդ պահին Գեղամենց տների դիմաց ֆուտբոլ էինք խաղում, և Չալիկյանը մի տասնհինգ րոպեի չափ կողքանց մեր խաղը զննելով՝ ինձ ու իմ հասակակից երկու ուրիշների պաշտոնապես հրավիրեց ֆուտբոլի դպրոցի իր խումբ, բայց մայրս կտրականապես մերժեց, և հայրս, որ շատ էլ ոգևորված էր Չալիկյանի էդ առաջարկից, իր կարծիքն առանձնապես չպնդեց, ու ես առայսօր էն կարծիքին եմ, որ հայկական ֆուտբոլը համաշխարհային դափնիների չի արժանանում հիմնականում էն պատճառով, որ մեզանում, ի տարբերություն հայրերի, ոչ մի ծնող մայր իր որդու ֆուտբոլիստ դառնալը ոչ միայն չի երազում, այլև չի էլ ենթադրում, և մեզանում ֆուտբոլիստ դառնում են հիմնականում նրանք, ովքեր բացարձակապես ազատ են մայրական խնամքից ու հոգատարությունից, ինչպես նաև նրանք, ում ընտանիքներում ծայրեծայր հայրիշխանություն է:

Մեր ընտանիքում ոչ հայրիշխանություն էր և ոչ էլ մայրիշխանություն. պարզապես էն գլխից հայրս մեր սանձերն անմնացորդ հանձնել էր մորս ոչ միայն էն պատճառով, որ ինքը զահլա չուներ, ոչ միայն էն պատճառով, որ իմ ու քրոջս ապագայի հետ կապված մայրս կոնկրետ ու հեռահար նպատակներ ուներ, ոչ միայն էն պատճառով, որ մայրս մանկավարժ ու հայոց լեզվի ուսուցչուհի էր, այլև ու հիմնականում էն պատճառով, որ իր երեխաների կրթության ու ապագայի հարցերը մորս կյանքի բուն իմաստն էին: Եվ հայրս, որ ֆուտբոլիստ դառնալուս շատ էլ կողմ էր, իր կողմ լինելն առանձնապես չարտահայտեց ու չպնդեց, որովհետև գիտեր ու համոզված էր, որ երաժշտական կրթությանս վերջնական ձախողումից հետո մայրս ինձ առնվազն նկարիչ է դարձնելու: Էդ ամենից էլ բացի հայրս, թունդ ֆուտբոլասեր լինելով հանդերձ, հոգու խորքում նաև ազատ դաստիարակության կողմնակից էր. այսինքն՝ համարում էր, որ երեխային պիտի իր նախասիրությունների հետ ազատ թողնես, ու էդ էր պատճառը, որ, հոգու խորքում ֆուտբոլիստ դառնալուս տեսլականը փայփայելով հանդերձ, իր էդ փայփայածն առանձնապես չէր արտահայտում ու չէր շեշտում, չնայած ինքը ոչ միայն շատ թունդ ֆուտբոլասեր, այլև ֆուտբոլային քայլող հանրագիտարան էր, և Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածում ֆուտբոլիստ Չալիկյանի անակնկալ հայտնությունից անմիջապես հետո հենց հայրս էր, որ ի լուր հարևանության հայտարարեց, որ ԽՍՀՄ հավաքականի լեգենդար դարպասապահ Խոմիչն իր կյանքում ամենից ավելի հենց էս Չալիկյանից է վախեցել ու սարսափել, ու, ամեն ինչից զատ, Խոմիչի վախի ու սարսափի պատճառը նաև մեր էս Չալիկյանի աչքերի շլությունն է եղել, և Խոմիչը մեր Հանրապետական մարզադաշտում Չալիկյանից հերթական գոլն ուտելուց հետո ֆուտբոլային մի շատ նեղ շրջանակում Չալիկյանից իր վախն ու սարսափը խոստովանելով ու արտահայտելով ասել է. ՙՉյորտ պաբիրի. կուդա սմոտրիտ, կուդա բյոտ՚:

Մետաքսի մեր հատվածում ֆուտբոլիստ Չալիկյանի անակնկալ հայտնությունից ուղիղ մի տարի անց ճակատագիրը մեր ընտանիքին ընդամենը մի տարով տեղափոխեց Բութանիա՝ Թորամանյան փողոց, որովհետև Կրիվոյի մեր կոոպերատիվ շենքից բնակարան ստանալու համար մենք ընտանյոք պարտավոր էինք առնվազն մի տարի վարձով ապրել, ու մենք մի ամբողջ տարի վարձով ապրեցինք հենց ֆուտբոլիստ Չալիկյանի տան դեմ դիմաց և ոչ միայն շատ մոտիկից տեսանք Չալիկյանի աչքերի թեթևակի շլությունը, այլև տեղեկացանք ու իմացանք, որ ֆուտբոլիստ Հակոբ Չալիկյանը ոչ թե երեք աղջիկ ուներ, ինչպես ողջ հարևանությունն էր կարծում, այլ երկու աղջիկ ու մի տղա, և դա, Չալիկյանի ընտանիքի անդամներից բացի, միայն մենք գիտեինք, որովհետև վեցամյա կրտսերը՝ տղան, իր ավագ քույրերի պես երկար ու սիրուն հյուսեր և մեծ ու կարմիր ժապավեններ ուներ և երբեք տանից դուրս չէր գալիս ու մշտապես իրենց պատուհանի գոգին նստած՝ իր անուշաձայն շվին էր փչում, և իր նախապատմությունը հետևյալն էր. ֆուտբոլիստ Չալիկյանն ու իր կինն ամենասկզբում երկու աղջիկ էին ունեցել, այնուհետև երեք անգամ վրա-վրա տղա երեխեք էին ունեցել, բայց երեքն էլ, վեց ամսական չհասած, վրա-վրա մահացել էին: Հետո իրենք չորրորդ տղան էին ունեցել, բայց էս անգամ արդեն հարևանության մեջ և Բութանիայով մեկ ասել ու տարածել էին թե՝ էդ վերջին նորածինն աղջիկ է և ոչ թե տղա. էդպես էին ասել ու տարածել, որ հարևանության աչքը չկպնի, և նորածնին էլ շուրջ վեց տարի Վարդուհի ու Վարդ էին անվանում, և երբ Վարդուհին արդեն վեցուկես տարվա վարդ էր, վերստին անվանակոչեցին ու վերջնական անուն դրեցին՝ Մնացական, Մնաց. այսինքն՝ մնաց, ապրեց, ու մինչև դպրոց ընդունվելը հյուսերը չկտրեցին, և հյուսերին կարմիր ու սիրուն ժապավեններ էին կապում, որ հարևանությունն աչքով չտա, և հարևանությունը ոչ միայն աչքով չէր տալիս, այլև, Մնացին լուսամուտի գոգին մշտապես շվի ածելիս տեսնելով, ասում էր. «Խեղճերի վրա տղա չի գալի հերիք չի, էս ամենավերջին աղջիկն էլ Աստծո գեշն ա՝ սև քյոմուր, ու չնայած շատ լավ ա նվագում, բայց աղջկա նվագելն ո՞ւմ ա պետք»:

Չնայած մենք Բութանիայում կարճատև, ժամանակավոր ու վարձու կենվորներ էինք, ֆուտբոլիստ Չալիկյանն իր ընտանիքի խորագույն գաղտնիքը հենց հորս վստահեց, որովհետև հայրս ֆուտբոլիստների ու արվեստագետների շրջանում բավական հայտնի մարդ էր, և հատկապես վաթսունականներին իր կենդանագրական արհեստանոցը մշտապես լեցուն էր հանրահայտ մարզիկներով ու դերասաններով, որովհետև հայրս ոչ միայն մայրաքաղաքի առաջին կեդանագիրն էր բառի բուն իմաստով, այլև առաջին կենդանագիրն էր, որ սկսեց ավտոմեքենաների համարները սպիտակ բրոնզով բարակ ու նուրբ գրել, և Մաթևոսյանը, Բեգլարյանը, Ֆրունզը, Խորիկն ու էլի հանրահայտ ուրիշներ հենց հորս էին իրենց ավտոմեքենաների համարները գրել տալիս կամ ժամանակ առ ժամանակ թարմացնում արդեն գրածը: Եվ դրանից էլ բացի հայրս առաջին կենդանագիրն էր, որ Ռաֆայել Իշխանյանի խորհրդով փոխեց իր արհեստանոցի ճակատի գիրը՝ «Կենդանագրականը» դարձնելով «Գեղագրական»:

Եվ էդ ամենից էլ բացի հայրենադարձ Չալիկյաններն իրենց ընտանիքի խորագույն գաղտնիքն ընդամենը մի քանի ամսով Բութանիա տեղափոխված մեր ընտանիքի առաջ բաց արին նաև էն պատճառով, որովհետև մեզ, ըստ երևույթին, կրթված և Բութանիայի բնակչության ընդհանուր մակարդակից ահագին տարբեր ու ահագին բարձր ընտանիք համարեցին, և չնայած կրթված, հայրենասեր և նմանապես հայրենադարձ Ճենտերեջյաններն էլ Չալիկյաններից մի տուն այն կողմ կային, Ճենտերեջյաններն իրենք իրենց հիմնովին մեկուսացրել էին Թորամանյան մեր երրորդ նրբանցքի ընդհանուր կյանքից ու առօրյայից, չնայած իրենց բակից անընդհատ հնչող Արմեն ու Աշոտ Ճենտերեջյան երկվորյակների զվարթ ջութակները մշտապես ճեղքում էին իրենց հաստաբեստ պարիսպները և միախառնվելով Մնացի շուրջօրյա շվիին՝ գունազարդում ու իմաստավորում էին նրբանցքի կյանքն ու առօրյան:

Մենք Բութանիայում միակն էինք, որ Չալիկյաններին ու Ճենտերեջյաններին «ախպար» չէինք անվանում, որովհետև մայրս մեզ խստիվ էր արգելել, ու մենք ոչ միայն էդ բառը չէինք օգտագործում, այլև օգտագործողներին էլ նկատողություն ու դիտողություն էինք անում, ու մեր էդ կեցվածքը հավասարապես դուր էր գալիս Չալիկյաններին ու Ճենտերեջյաններին, որոնց բախտն ակնհայտորեն չէր բերել աշխարհագրական տեսանկյունից, քանի որ մեր նրբանցքից ընդամենը երեք նրբանցք հետո սկսվում էր Արեշը, ուր բոլորն էին հայրենադարձ: Իսկ երրորդ նրբանցքում մենք տեղացիներից միակն էինք, որ «ախպար» արտահայտությունն ընդհանրապես չէինք օգտագործում, ու բնավ պատահական չէր, որ Չալիկյաններն իրենց նվիրական գաղտնիքը հենց մեզ վստահեցին ու խոստովանեցին, քանի որ Ճենտերեջյանների հետ բակային ու տարածքային լուրջ տարաձայնություններ ունեին:

Մնացն իսկապես մնաց և յոթանասունականների վերջերից սկսած՝ Երգի-պարի պետական համույթում հավասարապես շվի, դուդուկ ու կլառնետ էր նվագում, բայց Մնացի մեջ մնացել էին ու մշտապես կային առաջին տարիների աղջկական ամոթխածությունն ու հոր՝ անբնական չափերի հասնող համեստությունը: Այսինքն՝ Չալիկյան Մնացն ի ծնե տաղանդի տեր էր, բայց արտիստական աչքաբացություն ու ցուցամոլություն չուներ, ու չեմ հիշում, որ Մնացը երբևէ ելույթ ունեցած լինի հեռուստացույցով, այլ միայն՝ ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, ուր Երգի-պարի համույթի բազմության մեջ ոչ միայն հորից ժառանգած աչքերի շլությունը չէր նշմարվում, այլև ինքը՝ հաղթանդամ Մնացը:

Share

Կարծիքներ

կարծիք