Մեկ բանաստեղծություն

Հեղինակ:

nkar

Ձմեռը մտնում է քաղաք
մարդկային սրտերի միջով,
մարդկային սրտերի միջից
ձմեռը մտնում է քաղաք,
և որքան սրտերը՝ արջնած,
այնքան ցրտերը՝ դաժան,
այնքան բառերն՝ անպարզ,
այնքան արեգակը՝ թեք,
և հոգիները՝ միայնակ,
ու առավել քան իրական,
և ավագ հանգրվանն՝ հեռու,
և մեղքը՝ հսկա լեռնապար,
և վշտի դաշտերը՝ բերրի,
և կրքի վաշտերն՝ անհագուրդ,
և ամեն անակնկալ վարդ —
ասես գերեզմանոցում աճի…
և երգի ձայներ չկան,
բայց ինչ-որ շշուկներ են սվսվում՝
հատելով դատարկ փողոցները,
մարդկային սրտերը, գործերը,
քաղաքը — ինչպես քամին,
որից՝ այդ քամուց, սարսռում են
բառերը, մեղքերը, վարդերը՝
հար անակնկալ հայտնված…
մարգարե-գուշակի նման՝
ակնկալելի հայտնությամբ
կամ որպես հերթական նշան,
ձմեռը մտնում է քաղաք:

Share

Կարծիքներ

կարծիք