Մարդու երգը

20150204180649704

Ծնվել է 1883թ. դեկտեմբերի 6-ին Հյուսիսային Լիբանանի Բեշարե գյուղում: 

Հայրն անվանակոչում է նրան իր գերդաստանի անունով Ջուբրան Խալիլ Ջուբրան, որով էլ հայտնի է արաբ գրականության մեջ, ամերիկյան գրականությունում նրան ճանաչում են Քահլիլ Ջուբրան անունով /հետագայում Խալիլը փոխվում է Քահլիլի/: 1894թ. Քամիլեն չորս զավակներով` Պետրոս, Ջուբրան, Մարիաննան, Սուլթաննան, մեկնում է Հյուսիսային Ամերիկա և հաստատվում Բոստոնում: Ապրում են ամենաաղքատ թաղամասերից մեկում` չինական թաղում: 

1902թ. ապրիլի 4-ին քույրը` Սուլթանան, մահանում է  թոքախտից: Որոշ ժամանակ անց նույն հիվանդությունից մահանում են եղբայրն ու մայրը:

1896թ. Բոստոնից մենակ վերադառնում է Բեյրութ` Մադրասաթ ալ-Հիքմայում /«Իմաստության դպրոց»/ ուսումը շարունակելու: Բեյրութում մնում է չորս տարի` ուսանելով  բժշկություն, միջազգային օրենք, պատմություն, կրոն, երաժշտություն: 

1901-1903թթ.-ներին ապրում է Փարիզում, ուր ուսանում է նկարչություն և  միաժամանակ տպագրվում  արաբական մամուլում: Այդ շրջանում էլ գրեց իր «Ըմբոստ հոգիներ» երկը հոգևորականության դեմ, որի  պատճառով էլ  հեղինակն արտաքսվեց Մարոնի եկեղեցուց:

1903թ.  քրոջ մահվան և եղբոր ու մոր հիվանդության լուրերը նրան նորից Ամերիկա բերեցին: Նկարչական իր առաջին ցուցահանդեսը բացեց Բոստոնում, որն էլ Մարի Հասքելի հետ ծանոթության առիթը հանդիսացավ: Մարին` Բոստոնում իգական վարժարանի տնօրենը, հրավիրեց նրան իրենց մոտ գեղարվեստի թեմայով դասախոսություններ կարդալու, ապա  հինգ տարով ամսական 75 դոլար նպաստ տրամադրեց` օգնելով, որ Փարիզ մեկնի` նկարչական արվեստի ուսուցումը կատարելագործելու համար:

Փարիզում Ջուբրանը գերվեց Ռոդենով, որի  դասախոսություններից մեկի ժամանակ  իմացավ բանաստեղծ, նկարիչ Վիլյամ Բլեյքի մասին, վերջինս զգալի ազդեցություն թողեց իր վրա: Մյուս ստեղծագործողը, որից նա ազդվեց,  Ֆ.Նիցշեն էր, հատկապես  «Այսպես խոսեց Զրադաշտը» երկը:  Փարիզից հետո վերադարձավ Բոստոն, ուր  երկար չմնաց, շուտով տեղափոխվեց Նյու-Յորք: 

1920թ. ստեղծվեց  «Գրչի միությունը», որը գլխավորում էր  Ջուբրանը` հավաքելով իր շուրջ գաղափարակից ստեղծագործողների, ինչպես ինքն էր բնորոշում` Ճշարտության ոգու եղբայրների: Միության անդամները սեփական ստեղծագործությունները  հրատարակում էին իրենց  «Աս-Սաիհ» /«Ճանապարհորդ»/ թերթում, «Ալ-Ֆունուն» /«Արվեստ»/ ամսագրում և «Գրչի միություն» ալմանախում, թեև   միությունը երկար չգոյատևեց, բայց ժամանակակից արաբական գրականության զարգացման վրա հսկայական  ազդեցություն թողեց:                                                          

Նա այն հազվագյուտ գրողներից էր, որ ստեղծագործում էր երկու լեզվով, այդպիսիք էին  նաև Ամին ար-Ռեյհանին ու Միխայել Նուայմեն:

Արաբերենով մի քանի  գիրք հրատարակելուց հետո, Ջուբրանը զգաց, որ ժամանակն է անգլերենով ստեղծագործելու. իր արաբական երկերը անգլիախոս աշխարհը չէր հասկանում, իսկ եվրոպամետ նկարները Արևելքը չէր հասկանում: 

1921թ.-ին հիվանդության նշանները սկսեցին երևան գալ: 1931թ.-ի ապրիլի 10-ին, երեկոյան ժամը 11-ին, Բոստոնի Սեն-Վենսան հիվանդանոցում իր մահկանացուն կնքեց Ջուբրան Խալիլ Ջուբրանը:

Դեռևս 1908թ. նա եղբորը գրած իր նամակում ասում է. «Մարդիկ Սիրիայում ինձ անվանում են հերետիկոս,    Եգիպտոսում գրականագետներն ինձ քննադատում են` ասելով, որ ես հաստատուն օրենքների, ամուսնական կապերի ու հինավուրց ավանդույթների թշնամին եմ՚:

Կյանքի վերջին տարիներին ասում էր.

— Հաճախ  է պատահում, որ զգում եմ ասես ուրիշ մոլորակից եմ եկել: Մարդ եմ այս երկրի վրա` առանց անցյալի: 

 

 

Մարդու   Երգը

 

Մեռած էիք և ձեզ  կենդանացրեց, հետո ձեզ կմահացնի, 

ապա կկենդանացնի, հետո իրեն եք վերադառնում:

Ղուրան 

 

Ես եղել եմ դարերից ի վեր, և կամ, և կլինեմ մինչև վերջին ժամանակները, ու չկա իմ գոյին վախճան:

Լողացի տիեզերքի անսահմանության մեջ, սավառնեցի երևակայության աշխարհում, մոտեցա ամենաբարձր լույսի գոտուն, և ահա  ես, հիմա, նյութի բանտարկյալն եմ:

Լսեցի Կոնֆուցիոսի ուսմունքները, լսեցի Բրահմայի իմաստությունը, նստեցի Բուդդայի կողքին` իմացության ծառի տակ, և ահա ես, հիմա, պայքարում եմ տգիտության ու ապերախտության դեմ: Ժամանակի մեջ էի, և  երևաց Եհովան Մովսեսին, ու Հորդանանի ջրերի մեջ տեսա Նազովրեցու հրաշքները, քաղաքում լսեցի արաբ մարգարեի խոսքերը, և ահա ես, հիմա, խառնաշփոթության գերին եմ: Տեսա  Բաբելոնի ուժը, Եգիպտոսի  փառքը, Հունաստանի հզորությունը ու շարունակում եմ տեսնել և տկարությունը, և ստորությունը, և փոքրոգությունը. երևում են այդ ամենը բոլոր գործերում: Նստեցի  Դորի կախարդների աղբյուրի մոտ ու Ասորեստանի քահանաների և Պաղեստինի մարգարեների հետ շարունակեցի բարբառել ճշմարտությունը: Սովորեցի  իմաստությունը, որն իջել էր Հնդկաստանի վրա, հայտնաբերեցի բանաստեղծությունը, որը բխում էր Արաբական թերակղզու բնակչության սրտերից, գիտակցեցի երաժշտությունը` մարմնավորված Մարոկկոյի բնակիչների զգացմունքներից ու շարունակում եմ մնալ կույր. չեմ տեսնում, և խուլ` չեմ լսում: Համբերությամբ դիմացա արյունարբու զավթիչների դաժանությանը, զգացի բռնակալների անարդար իշխանության  վայրագությունը և անարդար հզորների ստրկությունը ու շարունակում եմ պահել ուժն իմ, որով պայքարում եմ այս օրերին:

 

Տեսա և լսեցի այդ ամենը, և ես երեխա եմ, տեսնելու եմ և լսելու երիտասարդության գործերն ու նպատակները, ծերանալու եմ ու հասնելու կատարելությանը և վերադառնալու եմ  Աստծուն:

 

Ես  եղել եմ դարերից ի վեր, և կամ, և կլինեմ մինչև վերջին ժամանակները, և չկա իմ գոյին վախճան:

 

 

 

Գթա, Ով Հոգի, Գթա

 

Մինչև ե՞րբ պիտի ողբաս հոգիս, դու, որ գիտես իմ թուլությունը, մինչև ե՞րբ պիտի արտասվես: Ես մարդկային խոսքից բացի ոչինչ   չունեմ, որոնցով էլ պատկերում եմ քո երազները:

Նայիր ինձ,  հոգիս, քո դասերը լսելով եմ կյանքս արդեն ավարտել: Զննիր ինձ, ով ինձ տանջող, քո քայլերին հետևելով եմ մարմինս արդեն կործանել: Մի ժամանակ սիրտն էր իմ տերը, իսկ հիմա դարձավ ստրուկը քո: Համբերությունս էր ինձ կարեկցողը ու քեզանով դարձավ ինձ նախատող: Երիտասարդությունն էր իմ ընկերակիցը, իսկ այսօր դարձավ  ինձ նախատողը, և այս ամենը, ինչ հաճելի է նրան, նախախնամությունից է: Ի՞նչն է քեզ հրապուրում, ինչի՞ ես դու ձգտում:

Մերժել եմ արդեն ինքս ինձ` թողնելով կյանքիս հաճույքները, լքելով  կյանքիս  փառքին, ու քեզանից բացի ոչ-ոք չի մնացել ինձ համար: Ինձ արդար դատիր. արդարությունը քո փառքն է, կամ էլ կանչիր մահվան  ու  ազատագրիր  գերությունից քո իմաստին:

Գթա, հոգի, սիրով ես արդեն բեռնավորել, այլևս չեմ կարող տանել:

— Դու և սերը միավորվաժ ուժ եք, ես ու նյութը` բաժանված թուլություն, ձգվում է արդյո՞ք վեճը ուժեղի և թույլի միջև: Գթա, ով հոգի, հեռվից ինձ արդեն ցույց ես տվել երջանկությունը. դու և երջանկությունը` բարձր լեռան վրա,  ես և դժբախտությունը` ամայության խորքերում. իրականանում է արդյո՞ք հանդիպումը բարձրի և ցածրի միջև:

Գթա, ով հոգի, ինձ համար արդեն կառուցել ես  գեղեցկություններ ու թաքցրել. դու և գեղեցկությունը` լույսի մեջ, ես և տգիտությունը` մթության. ձուլվում է արդյո՞ք լույսը խավարին: Դու, ով հոգի, ուրախանում ես ավարտով, վերջին ժամանումից առաջ, իսկ այս մարմինը դժբախտանում է կյանքով. նա կյանքի մեջ է: Դու շտապում ես դեպի հավերժությունը, իսկ այս մարմինը դանդաղ քայլում է դեպի վախճանը, և դու չես հապաղում, և նա չի շտապում. ահա սա է, ով հոգի, անսահման  դժբախտությունը:

Դու բարձրանում ես վեր` երկնքի գայթակղությամբ, այս մարմինը ընկնում է ներքև`  հողի ձգողականությամբ, և ոչ դու ես նրան մխիթարում, և ոչ էլ նա է քեզ շնորհավորում. ահա  սա է ատելությունը:

Դու, ով հոգի, հարուստ ես քո իմաստությամբ, իսկ այս մարմինը խեղճ է իր բնույթով, և ոչ դու ես զիջում, և ոչ էլ նա է հետևում. ահա սա է ամենամեծ դժբախտությունը:

Գիշերվա խորունկ լռության մեջ գնում ես սիրեկանիդ մոտ` համբույրից ու գրկախառնությունից հաճույք ստանալու, իսկ այս մարմինը մնում է միշտ սպանված` կարոտից ու բաժանումից:

Գթա, ով հոգի, գթա…

 

 

Արաբերենից թարգմանեց Ռուզաննա Մանուկյանը

Կարծիքներ

կարծիք