Մարդն առանց հատկությունների V

Հեղինակ:

20152403134814342

Չորրորդ մասն այստեղ

13

Հանճարեղ արշավաձին հասունացնում է

առանց հատկությունների մարդու գիտակցությունը

 

Բոլորովին էլ անէական չէ, որ Ուլրիխն իրավասու էր ինքն իրեն ասելու, թե իր գիտության ասպարեզում ինքը քիչ բան չի արել: Նրա աշխատասիրություններն իրեն նաև ճանաչում էին բերել: Հիացմունք կամ ակնածանք սպասելը կնշանակեր շատ բան պահանջել, քանզի ճշմարտության կայսրությունում անգամ՝ հիացմունք արտահայտում են միայն տարեց գիտնականների հանդեպ, որոնցից է կախված, թե կստանա՞ս արդյոք կամ չե՞ս ստանա դոցենտի կամ պրոֆեսորի աստիճան: Ավելի ճշգրիտ արտահայտվելու դեպքում՝ նա մնացել էր այն նույն կարգավիճակում, ում անվանում են հուսադրող կամ հեռանկարային, իսկ հուսադրո՛ղ, ուղեղների հանրապետությունում, անվանում են հանրապետականներին, դրանք այն մարդիկ են, որոնք երևակայում են, թե իրենց ողջ ուժն ու կորովը պետք է գործին նվիրաբերեն, փոխանակ դրա մեծագույն մասը արտաքին առաջադիմության համար ծախսելու: Նրանք մոռանում են, որ առանձին, եզակիների ավանդը չնչին է, մինչդեռ առաջընթացը, հակառակ դրան, բոլորի համընդհանուր ցանկությունն է, և արհամարհում են իրենց այդ ձգտման հասարակական պարտավորությունը, որ պարտադրում է սկսել որպես կարիերիստ, որպեսզի հաջողության տարիներին հենապատվար հանդիսանա նրանց՝ այն ուրիշների համար, ովքեր դրա օգնությամբ ի զորու կլինեն իրենց համար առաջընթացի ճանապարհ հարթել:

Եվ ահա, օրերից մի օր, Ուլրիխը դադարեց ցանկանալ հույս լինելուց: Այդժամ արդեն սկիզբ էր առել այն ժամանակը, երբ սկսել էին խոսել ֆուտբոլային մոլեգնավազքի և բռնցքամարտի մրցասպարեզի հանճարների մասին, իսկ ահա՛ առնվազն տասը հանճարեղ գյուտարարների, տենորների կամ գրողների դիմաց լրագրային հաղորդագրություններում բաժին էր ընկնում ո՛չ ավել քան մեկ հանճարեղ կենտրոնական պաշտպան կամ թենիսի մարզաձևի մի մեծագույն մարտավար: Նոր ոգին իրեն դեռևս լիարժեքորեն վստահ չէր զգում: Բայց հենց այդ ժամանակ, ինչ-որ մի տեղ, թերթոններից մեկում հանկարծ Ուլրիխի աչքովն ընկավ «հանճարեղ արշավաձի» վերտառությամբ մի արտահայտություն, որն ասես ամռան ավետաբեր նախազգացումը կամ շունչը լիներ: Դա տպագրված էր ձիարշավարանում տեղի ունեցած մի ցնցող հաջողության առթիվ հրապարակված հաղորդագրության մեջ, որի հեղինակը, հավանաբար, բնավ չէր էլ գիտակցում գաղափարի այն մեծությունը, որ իր գրչի տակ ծնունդ էր առել` հանրային համակեցության ոգու փոխանցումով: Ուլրիխը, սակայն, հանկարծ միանգամից հասկացավ, թե որպիսի անխուսափելի կապի մեջ է գտնվում իր ողջ կարիերան՝ աշխատանքային գործունեության մրցադաշտը, արշավաձիերի այդ հանճարի նկատմամբ: Քանզի նժույգը, ի սկզբանե անտի, եղել և մնում է հեծելազորի սրբազան կենդանին, և իր զորանոցային պատանեկության տարիներից ի վեր` ինքը հենց միայն ձիերի ու կանանց մասին էր լսել, որոնցից էլ խույս էր տվել՝ նշանավոր մարդ դառնալու նպատակով, բայց ահա՛ այժմ, երբ նա ուր որ է հասնելու էր իր բազմատեսակ, հարափոփոխ ձգտումների գագաթնակետին և արդեն, կարծես թե շատ մոտ էր դրան, այնտեղից՝ իր այդ ձգտումների վերջնագծից, իրեն ողջունում էր այն նույն նժույգ-ձին, որն իրենից առաջ էր անցել:

Դա անշուշտ արդարացված է ժամանակի առումով, քանզի շատ ժամանակ չի անցել այն պահից, երբ հիացականության արժանի տղամարդկային ոգին պատկերացվում էր իբրև մի էություն, որի համարձակությունը բարոյական համարձակություն էր ընկալվում, որի ուժը՝ հա-մոզիչ լինելն էր, որի ամրությունը՝ սրտի ու առաքինության ամրության հետ էր համեմատվում, մի էություն, որ շտապողականությունը դիտում էր իբրև մանկամտություն, խորամանկ հնարանքները՝ անթուլատրելի, ճարպկությունն ու արագաշարժությունը՝ արժանապատվությանը հակասող մի բան: Ընդսմին՝ այդ էությունն ի հայտ չէր գալիս կենդանի կերպարանքով, այլ սոսկ վարժարանների ուսումնական խորհուրդներում և ամենատարատեսակ գրավոր արտահայտություններում, այն այլևս վերածվել էր գաղափարախոսական ուրվականի, ուստի կյանքը պետք է տղամարդկության մի նոր կերպար որոներ: Այդ փնտրտուքի ընթացքում կյանքը, սակայն, նա իր համար մի հայտնագործություն արեց, ըստ որի՝ հնարանքներն ու խորամանկությունները, որ տրամաբանական հաշվարկների միջոցով բանեցնում է հնարագետ ուղեղը, իրականում շատ էլ չեն տարբերվում խստագույնս մարզված ու կոփված մարմնի մարտական հնարքներից, և որ գոյություն ունի համընդհանուր հոգեմարտական կորովի մի տեսակ, որին դժվարություններն ու անհավանականությունները դարձնում են սառն ու խելամիտ, անկախ այն բանից, թե արդյո՞ք այն սովոր լինելու իմաստով ընդունակ է գուշակելու հարձակման ենթակա խնդրո առարկայի, որ է՛ ֆիզիկական թշնամու, մատչելիությունը, թե որ կողմից է այն խոցելի: Եթե հոգետեխնիկական վերլուծության ենթարկելու լինենք մտքի տիտանին և բռնցքամարտի երկրի չեմպիոնին, այդժամ նրանց խորամանկությունը, նրանց քաջարիությունը, ճշգրտությունը, նրանց գործողությունների համակցվածությունը, ինչպես նաև իրենց ոլորտներում կարևոր հանդիսացող հակազդեցության արագագործությունը, ապա, իսկապես որ, դրանք, հավանաբար, իրար նկատմամբ նույնական կլինեն,  հնարավոր է նաև, որ առաքինությունների ու նրանց առանձնահատուկ հաջողությունը պայմանավորող ընդունակությունների առումով նրանք չտարբերվեն անգամ որևէ քաջահռչակ արգելավազորդ նժույգից, քանզի չի կարելի թերագնահատել այն հանգամանքը, թե որքա՜ն նշանակալի հատկություններ են գործի դրվում արգելապատնեշը հաղթա-հարելու համար: Բացի այդ՝ երիվարն ու բռնցքամարտի չեմպիոնը մտքի տիտանի հանդեպ այն առավելությունն ունեն, որ նրանց նվաճումներն ու դրանց նշանակալիությունը կարելի է անվիճարկելիորեն չափել, և նրանցից լավագույնը իսկապես էլ լավագույնի համարում է ձեռք բերում, ապա ուրեմն՝ սպորտն ու անաչառությունը ըստ արժանվույն հասել են մի բարձունքի, որ աստիճանաբար դուրս են մղում հանճարի ու մարդկային մեծության վերաբերյալ հնացած պատկերացումներն ու հասկացությունները:

Ինչ վերաբերում է Ուլրիխին, նույնիսկ պետք է ասել, որ նա այդ հարցում դեռ մի բան էլ մի քանի տարով առաջ էր անցել իր ժամանակից: Քանի որ նա գիտությամբ զբաղվում էր հենց այն նույն սկզբունքից ելնելով, երբ քո անձնական ռեկորդը բարելավում ես մի հաղթանակով ևս, մեկ սանտիմետրով կամ մեկ կիլոգրամով: Նրա միտքը պետք է ապացուցեր իր սրությունն ու ուժը և հզորներին հատուկ աշխատանք էր կատարում: Մտքի ուժի հանդեպ այդ հաճույքը մի իսկական սպասում էր, մարտաշունչ մի խաղ, ապագային ուղղված ինչ-որ անորոշ, բայց տիրական ձգտում: Նրա համար պարզ չէր, թե ինչի էր ինքը ի վերջո հասնելու իր այդ հզորությամբ. նրանով կարելի էր անել ամեն ինչ և ոչինչ չանել, դառնալ աշխարհի փրկիչ կամ ոճրագործ: Գուցե հենց ստեղծված ընդհանուր հոգեբանական իրավիճակն է մոտավորապես այդպիսին, որի առկայությամբ աշխարհը վերստին նո-րանոր մեքենաներով ու հայտնագործություններով է հարստանում: Ուլրիխը գիտությունը դիտում էր որպես մի տեսակ նախապատրաս-տություն` մարմնակոփության, մարզանքի պես մի բան: Երբ պարզվում էր, որ այդօրինակ մտածողությունը չափազանց չոր է, կտրուկ ու նեղ, որևէ հեռանկար չխոստացող, ապա դա պետք էր ընդունել այնպես, ինչպես զրկանքների ու գերլարվածության դրսևորումների հետ ես համակերպվում, որ դրոշմում են դեմքիդ ֆիզիկական ու հոգեկամային մեծամեծ ցնցումները: Նա, տարիներ շարունակ, սիրահոժար տրվել էր հոգևոր զրկանքներին: Նա արհամարելու պես ատում էր այն մարդկանց, որոնք անընդունակ էին, Նիցշեի բառերով ասած, «հանուն ճշմարտության կրելու հոգևոր քաղցը», նրանց, ովքեր ընկրկում են, այն փոքրոգիներին, նվաղկոտ նրբացյալներին, որոնք մխիթարում են իրենց հոգին՝ հոգու մասին զազրախոսություններով կերակրելով այն, քանզի բանականությունը հացի փոխարեն նրանց իբրև թե քար է մատուցում՝ կրոնական, փիլիսոփայական ու հորինաստեղծ զգացմունքների տեսքով, կաթի մեջ կակղացված ճերմակահացի հանգույն: Նա այն կարծիքին էր, որ այս հարյուրամյակում մարդս, հանուրց մարդկայինով հանդերձ, գտնվում է մի տեսակ գիտարշավորդի վիճակում, որ հպարտությունը պահանջում է, որպեսզի ամեն տեսակ անօգուտ հարցերին հակադարձվի «դեռ ոչ» կարգախոսը, որ ապրել պետք է ներքին ժամանակային սկզբունքներով, սակայն նպատակի հստակ գիտակցմամբ, որին կհասնեն հետագայում եկող սերունդները: Ճշմարտությունն այն է, որ գիտությունը զարգացրել է գերխիստ, ժուժկալ ու ողջախոհ մտավոր ներուժի հասկացությունը, ինչը պարզապես անտանելի է դարձնում մարդկային սեռի հնացած մետաֆիզիկական ու բարոյական պատկերացումները, չնայած, փոխարենը, դեռ կարելի է հույս փայփայել, որ կգա այն հեռավոր օրը, երբ մտքի տիրակալների ցեղախումբը, ցած իջնելով՝ ոտք կդնի հոգևոր պտղաբերության հովիտները:

Բայց դա հաջողվում է միայն այնքան ժամանակ, քանի դեռ ստիպված չես լինում հայացքդ կտրել մարգարեական հեռաստաններից ու այն դեպի մերձավոր ներկան ուղղորդել, այդ ընթացքում ինչ-որ տեղ պատահաբար ընթերցելով, որ ոմն արշավաձի՝ մինչ այս, մինչ այն, հանճարի դափնիներին էր արժանացել: Հաջորդ առավոտյան Ուլրիխն արթնացավ ձախ ոտքից, աջով անվստահ շարժումներ անելով՝ առավոտյան ոտնամանի որոնումներում: Դա տեղի ունեցավ իր ներկա կացավայրից տարբեր մեկ այլ քաղաքում և բոլորովին ուրիշ փողոցում, ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Նրա պատուհանի տակ, դարչնագույն ասֆալտի վրա արդեն սլանում էին ինքնաշարժ մեքենաները, առավոտյան օդի մաքրությունը սկսում էր լցվել ցերեկային դառնությամբ, և այժմ նրան անասելիորեն անհեթեթ թվաց վարագույրներից թափանցող կաթնագույն լույսի արտացոլանքներում սովորականի պես հետուառաջ ճկել իր մերկ մարմինը, որովայնի մկաններով այն գետնից կտրել ու նորից հատակին սեղմել և, վերջապես, բռունցքներով հարվածներ տեղալ բռնցքամարտի տանձաթիրախին, ինչը շատերն են անում՝ մինչև ծառայողական գրասենյակ ուղևորվելը: Օրեկան մեկ ժամը հավասարազոր է գիտակցական կյանքի մեկ տասներկուերորդական մասին, և դա բավական է մարզված մարմինը պահելու հովազի հոգեվիճակում՝ ցանկացած արկածախնդրության պատրաստ, բայց այն ծախսվում է լոկ անիմաստ սպասմանն ի տրիտուր, քանզի երբեք այնպիսի արկածախնդրություններ չեն լինում, որ արժանի լինեն նման մանրակրկիտ նախապատրաստության: Կատարելապես նույնն է խնդիրը նաև սիրո հարցում, որին մարդս նախապատրաստվում է անասելի ու անհնարին ծավալով, և վերջապես Ուլրիխը հայտնագործելու պես հասկացավ, որ գիտության մեջ էլ ինքը նմանվում է մի մարդու, որը հաղթահարում է լեռնաշղթաները մեկը մյուսի հետևից՝ առանց դույզն-ինչ վերջնական նպատակը տեսնելու: Նա տիրապետում էր մտածելու ու զգալու նորահայտ կերպավորման ինչ-ինչ մաս-նակի դրսևորումներին, բայց սկզբնապես այնքան ուժեղ թվացող նորի պատկերը աստիճանաբար կորսվեց, տարրալուծվեց ավելի ու ավելի բազմազան մասնավորությունների մեջ, և, եթե առաջ նա մտածում էր, թե խմում էր կենաց աղբյուրից, ապա այժմ ըմբոշխնել-սպառել էր գրեթե բոլոր իր սպասելիքները: Այստեղ նա՝ գործի կիսաճամփին, ընդհատեց մեծազոր ու բազմախոստում մտքի աշխատանքը: Նրա մասնագիտական գործընկերներն իրեն պատկերացան իբրև տրամաբանության ոչ այն է՝ անողոք ու հետապնդման մոլուցքով բռնված դատախազներ կամ անվտանգության գլխավոր պահապաններ, ոչ էլ՝ ափիոն խմող ու տարօրինակորեն անգույն թմրադեղ կլլողներ, որոնց արդյունքում աշխարհը նրանց առաջ լցվում է թվերի տեսիլքներով ու անառարկա կապակցություններով: «Բարեգո՛ւթ աստված,- մտածեց նա,- բայց չէ՞ որ ես նպատակ չեմ ունեցել իմ ողջ կյանքի ընթացքում մաթեմաթիկոս լինել»:

Բայց իսկապես` ի՞նչ նպատակ էր նա հետապնդում, ի՞նչ էր ուզում անել: Այդ պահին նա առավելագույնը կարող էր սոսկ փիլիսոփայությանը դիմել: Սակայն փիլիսոփայության բնագավառում տիրող իրավիճակը, որի մեջ այդ ժամանակ գտնվում էր այն, իրեն հիշեցնում էր Դիդոնայի  հետ կապված մի պատմությունը, երբ մաս-մաս է արվում ցլակաշին, սակայն դեռևս չափազանց անորոշ էր մնում, թե արդյո՞ք դրանով իսկ հնարավոր էր ձեռք գցել թագավորությունը, իսկ այն նորը, որ հավելադրվում էր, նման էր այն բանին, ինչով ինքն էր զբաղվում, բնավ չգայթակղվելով: Նա կարող էր միայն ասել, որ ինքն իրեն շատ ավելի առաջադիմած էր զգում համեմատած նրան, ինչ հավակնում էր դառնալ իր պատանեկության տարիներին, եթե միայն այդ ցանկությունն ինքնին կատարելապես անծանոթ չէր իրեն: Ամենայն պարզորոշությամբ ու հստակությամբ նա իր մեջ տեսնում էր, բացառությամբ փող վաստակելու ընդունակության, որի անհրաժեշտությունը նա չուներ, իր ապրած ժամանակներում խրախուսվող բոլոր այն կարողություններն ու հատկությունները, որոնց գործադրման հնարավորությունը, սակայն, կորսվել-չքացել էր: Եվ եթե, ի վերջո, ֆուտբոլիստներն ու ձիերը հանճարեղ կարող են լինել, ապա, ուրեմն, այդ կարողություններն ի գործ դնելը, ինչն ի դեպ անում են, ընդսմին այն միակ բանն է, ինչ մնում է սեփական ինքնությունը փրկելու առումով, այդ պատճառով էլ՝ նա վճռեց մեկ տարով արձակուրդ վերցնել իր կյանքից՝ սեփական ընդունակություններին համապատասխան կիրառում որոնելու նպատակով:

 

14

Պատանեկության ընկերները 

 

Իր վերադարձից հետո Ուլրիխն արդեն մի քանի անգամ եղել էր իր ընկերների` Վալտերի ու Կլարիսի տանը, քանզի այդ երկուսը, չնայած ամառային եղանակին, որևէ տեղ չէին մեկնել, և նա բազմաթիվ տարիներ չէր տեսել նրանց: Ամեն անգամ, երբ նա գալիս էր, նրանք դաշնամուր նվագելիս էին լինում: Նրանք ինքնին հասկանալի էին համարում այդպիսի մի պահի նրան չնկատելը, քանի դեռ չէին ավարտել ստեղծա•ործությունը: Այս անգամ Բեթհովենի Ուրախության ցնծերգն էր. միլիոնները ցած էին տապալվում, ինչպես դա նկարագրում է Նիցշեն, սարսափահար նետվելով փոշու մեջ, թշնամական արգելապատնեշները ջարդուփշուր էին լինում, աշխարհային ներդաշնության ավետիսը հաշտեցնում, միավորում էր բաժանվածներին. նրանք հետ էին վարժվել քայլելուց ու խոսելուց և անձնատուր էին եղել օդապարիկ վերընթաց ճախրին: Դեմքերն այտուցված էին, մարմինները կորացած, գլուխները վերուվարում էին կտրուկ շարժումներով, փքված վերջույթները խրվում էին խուսափուկ ձայնազանգվածի մեջ: Տեղի էր ունենում անչափելի մի բան. անորոշ գծագրումներով, ջերմաշունչ զգայականությամբ ուռած պղպջակը, արդեն ուր որ է պայթելու պատրաստ, և գերգրգռված մատնածայրերից, ճակատի նյարդային խորշոմներից, մարմնական սարսուռներից ճառագող այդ հուզախանդ հոգեվիճակը մշտապես նոր զգացմունքով էին լցնում հրեշավոր անձնական խռովքը: Եվ քանի՞ անգամ էր այդ բանն արդեն կրկնվել:

Ուլրիխը բնավ չէր կարողանում տանել այդ մշտաբաց դաշնամուրը` ծաղրական ատամնաշարով, այդ լայնամռութ, կարճոտն, գորշկաշան ու բուլդոգի խաչասերվածք այդ կուռքին, որն իրեն էր ենթարկեցրել նրա ընկերների կյանքը, մինչև իսկ պատից կախ տված պատկերներն ու գործարանային արտադրության գեղարվեստական կահույքի չորուցամաք ուրվապատկերները: Նաև հանգամանքը, որ նրանք աղախին չէին պահում, և բավարարվում էին լոկ ժամանակ առ ժամանակ այցելող սպասարկուհու մատուցած ծառայություններով, որը եփում-թափում էր ու հավաքում, դրան էր պատկանում: Այդ կացարանի պատուհանների հետևում, ալիքաձև անտառների ուղղությամբ վեր էին խոյանում խաղողի այգիները` հին ծառերի խմբերով ու ծուռմռտիկ հյուղակներով, սակայն մերձակայքում ողջն անկարգ էր, լերկ, բաժան-բաժան արված ու ամայի, ինչպես լինում է այն տեղերում, ուր մեծ քաղաքների ծայրամասերը մխրճվում են գյուղական վայրերի մեջ: Այդօրինակ առաջնախորշի և գեղասքանչ հեռաստանի միջև կամուրջ էր գցում այդ գործիքը. ամբողջովին սև` լուսափայլելով, այն պատերից անդին էր արտանետում նրբավարության ու հերոսականության հրակնած շիթերը, չնայած վերջիններս էլ, կոտորակված լինելով մանրագույն հնչյունական մոխիրների, արդեն մի քանի հարյուր քայլից տապալվում էին` չհասնելով անգամ սոճիների բլրակին, որտեղ ճանապարհի կեսին մի պանդոկ էր ընկած, որ դեպի անտառն էր ձգվում: Մինչդեռ բնակարանը դաշնամուրն ի զորու էր թնդացնել և այն բարձրախոսներից մեկն էր, որոնց միջոցով հոգին բղավում է տիեզերքի մեջ, ինչպես կտղուցով բռնված մայր եղջերուն, որին այլ պատասխան չի հետևում, քան նույնգունակ կրքոտությամբ հազարավոր ուրիշ, ողջ տիեզերքը բռնած, փողահարող մենավորիկ հոգիների մրցակցականչը: Այս տանը Ուլրիխի զբաղեցրած ամուր դիրքը հիմնված էր այն բանի վրա, որ նա երաժշտությունն իբրև կամքի անզորություն և մտքի խաթարում էր հռչակել և արհամարհական եղանակով էր խոսում նրա մասին, քան որ իրապես մտածում էր: Քանզի Վալտերի ու Կլարիսի համար երաժշտությունն այնժամ բարձրագույն հույս էր և բարձրագույն վախ: Դրա համար նրանք մասամբ արհամարհում էին Ուլրիխին, մասամբ էլ հարգում էին նրան` որպես թե մի չար ոգու:

Երբ այս անգամ նվագն ավարտվեց, Վալտերը` փափկած, հևասպառ ու մտացրիվ, միառժամանակ նստած մնաց իր կիսաշրջված աթոռակին, Կլարիսը, սակայն, տեղից վեր կացավ և աշխույժ ողջունեց ներխուժած հյուրին: Նրա ձեռքերում և դեմքին դեռևս դողում էր նվագի էլեկտրական լիցքը, նրա ժպիտը դուրս էր սողոսկում սքանչացման ու նողկանքի լարվածության միջով:

— Գորտերի արքան…,- բացականչեց նա, և նրա գուխը, դեպի ետ շրջված, ցուցանում էր ո՛չ այն է երաժշտությունը, ո՛չ այն է Վալտերին: Ուլրիխն զգաց, թե ինչպես իր և նրա միջև միության զսպանակվող ուժը վերստին ձգվեց: Իր նախորդ այցելության ժամանակ Կլարիսը նրան պատմել էր իր մի սարսափելի երազի մասին. ոմն լպրծուն արարած ցանկանում էր բռնանալ իր վրա քնի մեջ, այն փքված էր ու փափլիկ, նուրբ, նողկալի ու վայրագ, և այդ մեծ գորտը ներկայացնում էր հենց Վալտերի երաժշտությունը: Երկու ընկերները շատ էլ գաղտնապահություններ չունեին Ուլրիխից: Ողջունելուն պես` Կլարիսն անմիջապես շրջվեց նրանից, արագ-արագ վերադարձավ Վալտերի մոտ, կրկին անգամ բարձրաձայնեց իր մարտակոչը` «Գորտերի արքա», որը Վալտերը, ինչպես երևում է, չհասկացավ, և երաժշտությունից դեռևս դողացող ձեռքերով, ցավելով ու ցավ տալով, վայրենու պես սկսեց քաշքշել նրա մազերը: Նրա ամուսինը սիրալիրորեն վրդովված դեմք ընդունեց և մի քայլ մոտեցավ` երաժշտության սահանկող դատարկությունից հետ վերադառնալով:

Ապա Կլարիսն ու Ուլրիխը, առանց նրա, դուրս ելան զբոսնելու երեկոյան արևի շեղակի նետահարող անձրևի ներքո: Նա մնաց դաշնամուրի մոտ:  Կլարիսն ասաց.

— Ինքդ քեզ մի ինչ-որ վատ բանից հետ պահելու կարողությունը կենսական ուժի նշան է: Հյուծվածներին վնասակարը գրավում է… — Ի՞նչ ես կարծում այս կապակցությամբ: Նիցշեն պնդում է, որ թուլության նշան է, երբ արվեստագետը չափազանց շատ է զբաղվում իր արվեստի բարոյական խնդրով:- Նա նստեց փոքրիկ հողաբլրին:

Ուլրիխն ուսերը թոթվեց: Երբ երեք տարի առաջ Կլարիսն ամուսնացավ պատանեկության շրջանի իր ընկերոջ հետ, Ուլրիխը քսաներկու տարեկան էր, և հարսանիքի առթիվ ինքը Կլարիսին Նիցշեի երկերը նվիրեց:

— Եթե ես Վալտերի տեղը լինեի, ես Նիցշեին մենամարտի կհրավիրեի,- պատասխանեց նա ժպտալով:

Կլարիսի նրբակազմ, շրջազգեստի տակ նրբորեն գծագրվող մեջքը ձգվեց աղեղի պես, և նրա դեմքը նույնպես լարվածություն էր ճառագում, ու նա վախենում էր այն շրջել իր բարեկամի կողմը:

— Քո մեջ մինչև հիմա էլ աղջնային մի բան կա և միաժամանակ հերոսականություն…,- հավելեց Ուլրիխը: Հա՞րց էր դա, թե՞ ոչ, մի քիչ կատակախառն, բայց նաև դույզն-ինչ նրբավար սքանչացում: Կլարիսն ամբողջապես չհասկացավ, թե նա ինչ նկատի ուներ, սակայն այն երկու բառերը, որ նա մեկ անգամ արդեն օգտագործել էր, մխրճվեցին իր մեջ` ինչպես կրակված նետը ծղոտե տանիքի մեջ:

Այս ու այնտեղից նրանց էր հասնում անծրագիր, գրգռիչ ու սադրիչ հնչյունների ալիքը: Ուլրիխը գիտեր, որ Կլարիսը շաբաթներով Վալտերին հեռու էր պահում իրեն մերձենալուց, երբ վերջինս Վագներ էր նվագում: Չնայած դրան` նա շարունակում էր Վագներ նվագել, խղճի խայթից տոչոճվելով, դա կարծես տղայական արատ լիներ:

Կլարիսն հաճույքով ցանկանում էր հարցնել Ուլրիխին, թե ինչ գիտեր նա այդ մասին: Վալտերը երբեք չէր կարողանում որևէ բան թաքցնել մյուսներից: Սակայն նա ամաչում էր հարցնել այդ մասին: Հիմա Ուլրիխն էլ նստեց փոքրիկ հողաբլրին` նրա հարևանությամբ, և վերջապես Կլարիսը բոլորովին մեկ այլ բան ասաց.

— Դու չես սիրում Վալտերին,- ասաց նա:- Իրականում դու նրա ընկերը չես:- Դա հնչեց մարտահրավեր նետելու պես, սակայն Կլարիսը ծիծաղեց:

Ուլրիխը անսպասելի պատասխան տվեց.

— Մենք պատանեկության ընկերներ ենք: Դու դեռևս երեխա էիր, Կլարիս, երբ մենք պատանեկան ընկերության ավարտական փուլի առանձնահատուկ հարաբերությունների մեջ էինք գտնվում: Անթիվ-անհամար տարիներ առաջ մենք հիանում էինք միմյանցով, իսկ հիմա մենք իրար չենք վստահում` միմյանց մինչև ուղնուծուծը ճանաչելով հանդերձ: Յուրաքանչյուրս ցանկանում է ազատվել այն տհաճ տպավորությունից, որ մի ժամանակ ինքը մյուսին իր հետ էր շփոթել, և ուրեմն մենք մեկմեկու հանդեպ անկաշառ ծուռ հայելու դեր ենք կատարում:

— Դու ուրեմն չե՞ս հավատում,- վրա բերեց Կլարիսը,- որ նա դեռ ինչ-որ բանի կարող է հասնել:

— Չկա՛ անխուսափելիության մի այնպիսի երկրորդ օրինակ, քան այն, որ օժտված երիտասարդ մարդն է իրենից ներկայացնում, երբ նա խտանում-սեղմվում է մի սովորական ծեր մարդու մեջ. ընդսմին` ո՛չ բնավ ճակատագրի ինչ-ինչ հարվածների բերումով, այլ ինքնակծկումի, թառամելու պատճառով, որը նախապես կանխորոշված էր նրան…

Կլարիսն ամուր իրար սեղմեց շրթունքները: Նրանց միջև հին, պատանության շրջանի կայացրած համաձայնությունն առ այն, որ համոզմունքներն ավելի կարևոր են նրբազգացությունից, տակնուվրա արեց նրա սիրտը, բայց դա ցավեցնող էր: Երաժշտություն… Հնչյունները շարունակ այստեղ էին հասնում: Նա ականջ էր դնում նրանց: Հիմա, լռության մեջ, հստակորեն լսելի էր դաշնամուրի եռ եկող խլթխլթոցը: Չուզենայիր էլ ունկնդրել, այն կարծես հողաբլրակներից բարձրանալիս լիներ` ինչպես «բորբոքվող կրակը»:

Դժվար էր ասել, թե իրականում ինչ էր Վալտերն իրենից ներկայացնում: Նա մի հաճելի մարդ էր` խոսուն, բովանդակալից աչքերով, և այդպիսին էլ, հաստատապես, մնացել էր մինչև այսօր, թեև նրա երեսունհինգ տարին լրացել էր արդեն, և նա մի քանի տարի է, ինչ ծառայում էր արվեստագիտական մի հաստատությունում: Նրա հայրն էր որդու համար դասավորել այդ հարմարավետ պաշտոնը և հետն էլ սպառնացել, որ կզրկի նրան դրամական օժանդակությունից, եթե նա հրաժարվեր նրանից: Քանի որ, իրականում, Վալտերը նկարիչ էր. համալսարանում արվեստի պատմություն սովորելուն զուգահեռ` նա միաժամանակ աշխատում էր պետական ակադեմիայի նկարչական դասարանում և հետագայում` ավելի ուշ, միառժամանակ բնակվում էր մի արվեստանոցում: Եվ երբ նա Կլարիսի հետ բացօթնյա այդ բնակատեղին փոխադրվեց, դրանից քիչ առաջ վերջինիս հետ ամուսնանալուց հետո, այդ ժամանակ ևս նա նկարիչ էր: Սակայն այժմ, թվում էր, նա նորից երաժիշտ էր և իր տասնամյա սիրո ընթացքում նա մեկ սա էր, մեկ մյուսը, դրան հավելած` նաև բանաստեղծ, գրական մի ամսագիր էր հրատարակում և, ամուսնության գործը գլուխ բերելու համար, պատրաստ էր անգամ թատերգությունների տարածման գործակալությունում ծառայելու, սակայն մի քանի շաբաթ անց հրաժարվեց իր այդ նպատակից` ամուսնության գործը գլուխ բերելու համար, միառժամանակ անց դարձավ թատերական երգչախմբի խմբավար, կես տարուց նկատեց, որ դա էլ ցածր էր իր հնարավորություններից, դարձավ նկարչության դասատու, երաժշտական քննադատ, ճգնակյաց և այլևայլ նման բաներ, մինչև որ իր հայրը և ապագա աներհայրը, չնայած իրենց ողջ մեծահոգությանը, անկարող գտնվեցին հանդուրժելու այդ ամենը, քանզի նրանց համբերության բաժակն արդեն լցվել էր: Նրանց նման ծեր մարդիկ սովորաբար պնդում էին, թե նա պարզապես կամքի ուժ չուներ, սակայն նույն հաջողությամբ կարելի էր նաև պնդել, որ իր ողջ կյանքի ընթացքում նա ընդամենը բազմակողմանի դիլետանտ մեկն է եղել, և ամենահետաքրքրականն թերևս հենց այն էր, որ միշտ էլ գտնվում էին մասնագետներ երաժշտության, նկարչության կամ գրականության բնագավառներում, ովքեր ոգեշունչ դատողություններ էին անում Վալտերի պայծառ ապագայի կապակցությամբ: Ուլրիխի կյանքում, ընդհակառակը, թեև նրան անկասկած հաջողվել էր ինչ-ինչ արդյունքի հասնել, որոնց արժեքը վեր էր կասկածից, երբեք այդպիսի դեպք չէր եղել, որ ինչ-որ մեկը գար նրա մոտ ու ասեր. «Դուք հենց այն մարդն եք, որին ես միշտ փնտրել եմ և որին սպասում են իմ բարեկամները»: Վալտերի կյանքում դա պատահում էր եռամսյակը մեկ: Եվ եթե անգամ այդ մարդիկ ամենաազդեցիկ դատավորների թվին չէին պատկանում, բայց ամեն դեպքում դրանք մարդիկ էին, ովքեր ինչ-ինչ ազդեցություն համեայնդեպս ունեին, ընդունակություն` հեռանկարային առաջարկների, մարդիկ, ովքեր գլխավորում էին որևէ նորաբաց ձեռնարկություն, պաշտոններ էին վարում, ունեին կապեր, ծանոթություններ և հովանավորներ, որոնք նրանք իրենց կողմից հայտնաբերված Վալտերի տրամադրության տակ էին դնում, ում կյանքն, այդ պատճառով, կարող էր բազմահարուստ զիգզագաձև ընթացք ձեռք բերել: Նրա մեջ, նրանից վերև կար մի բան, որն ավելի կարևոր էր թվում, քան որոշակի վաստակը: Գուցե նրա տաղանդը կայանում էր հենց նրանում, որ ինքը մեծագույն տաղանդի համարում ուներ: Եվ եթե դա դիլետանտիզմ պետք է համարել, ապա ուրեմն գերմանական ազգի հոգևոր կյանքը մեծավ մասամբ հիմնված է դիլետանտիզմի վրա, քանի որ այդ օժտվածությունն առկա է բոլոր մակարդակներում, մինչև իսկ իրապես ամենաօժտված ու շատ տաղանդավոր մարդիկ, մինչդեռ հենց այսպիսիններն, ըստ երևույթին, հարկ է որ դրա պակասն ունենային:

Ու նաև դա հասկանալու օժտվածությունն ուներ Վալտերը: Չնայած նա, բնականաբար, ինչպես յուրաքանչյուր ոք, պատրաստ էր իր հաջողություններն իբրև անձնական վաստակ համարելու, ամեն դեպքում այն երջանկավետ թեթևությունը, որով նա մի պատահական հաջողությունից դեպի մյուսն էր բարձրանում, մշտապես անհանգստացնում էր նրան` ահասարս թեթևության հանգույն, և որքան հաճախ էր նա փոփոխում իր գործունեության ոլորտներն ու մարդկային կապերը, դա տեղի էր ունենում ո՛չ միայն անհաստատունությունից, այլ հիմնիվեր ներքին ինքնակեղեքումներից ու նաև սարսափից, որ ինքը պետք է, հանուն ներքին զգայական գրգիռների մաքրության, շարունակի իր թափառումները, քանի դեռ չի հասցրել ոտք դնել այնտեղ, ուր արդեն երևակվում է խաբուսիկ ապաստարանը: Նրա կյանքի ուղին զգայացունց վերապրումների մի շղթա է եղել, որից ծնունդ էր առել հոգու հերոսական պայքարը, որը, ընդդիմանալով բոլոր տեսակի կիսատ-պռատություններին, բնավ չէր կասկածում, որ դրանով ինքն իր սեփական թերկատարությանն էր ծառայում: Քանզի, մինչ նա տառապում ու պայքարում էր հանուն իր հոգևոր գործունեությունների բարոյականության, ինչը հատուկ է հանճարին, և ամբողջովին անձնատուր էր լինում իր տաղանդին, որին չնչին մի բան էր պակասում ավելի մեծ մի բան լինելու համար, նրա ճակատագիրը` կամաց-կամաց և շրջապտույտներով նրան հետ բերեց դեպի զրոյական վիճակը: Նա վերջապես հասավ այն տեղը, ուր իրեն այլևս ոչինչ չէր խոչընդոտում. խաղաղավետ, ինքնամփոփ, գեղարվեստի շուկայի անմաքրություններից պաշտպանված ծառայությունն իր կիսակրթյալ պաշտոնում նրան բավականաչափ ազատություն և ժամանակ էր տալիս` ամբողջովին կենտրոնանալու իր ներքին կանչին, սիրելի կնոջ գոյությունն ազատում էին նրան իր սրտում բուն դրած փշերից, ՙմենության եզրին՚ գտնվող տունը, ուր նա տեղափոխվեց կնոջ հետ` ամուսնությունից հետո, ասես ստեղծված լիներ հենց միայն ստեղծագործելու համար. բայց քանի որ չէր մնացել ոչինչ, որն հարկավոր էր հաղթահարել, պատահեց անսպասելին. ստեղծագործությունները, որոնք երկար ժամանակ խոստանում էին իր մտածական մեծազոր հղացումները, բնավ չհետևեցին: Վալտերը, թվում էր, այլևս անկարող էր աշխատել: Նա թաքցնում էր ու ոչնչացնում: Նա փակվում էր ամեն առավոտ կամ կեսօրից հետո, երբ տուն էր վերադառնում, ժամերով առանձնանում էր, երկարատև զբոսանքներ էր ձեռնարկում` փակ նկարչական ալբոմը ձեռքին, բայց այն սակավ արդյունքը, որ թղթին էր հանձնվում, նա ոչ ոքի ցույց չէր տալիս, թաքուն էր պահում կամ ոչնչացնում էր: Դրա համար նա հարյուրավոր ամենատարբեր հիմքեր ուներ: Բայց ամբողջի մեջ այդժամ նրա հայացքներն էլ նկատելիորեն սկսել էին փոխվել: Նա այլևս չէր խոսում «ժամանակակից արվեստի» և «ապագայի արվեստի» մասին (հասկացություններ, որոնք Կլարիսի համար, տասնհինգ տարեկան հասակից սկսած Վալտերի հետ էին կապված), այլ ինչ-որ մի տեղ սահմանագիծ էր քաշում. երաժշտության բնագավառում, օրինակ, մոտավորապես Բախից հետո, գրականության մարզում` Շտիֆտերից հետո, գեղանկարչության ոլորտում` Էնգրից հետո, և այն ամենը, ինչ դրանից հետո էր ստեղծվել, հայտարարում էր ուռճացված, անկումային, հույժ գերբեռնված և այլասերված վիժվածք: Ավելին, ամեն անգամ գնալով ավելի հաճախակի էին դառնում նրա հավաստիացումներն առ այն, որ իր հոգևոր արմատներով ծայր աստիճան փչացած մի այնպիսի ժամանակաշրջանում, ինչպիսին ներկան էր, մաքուր տաղանդը պետք է իսպառ ձեռք քաշեր ստեղծագործելու մտքից: Սակայն ամենադավաճանականն այն էր, որ չնայած նրա բերանից այդօրինակ խիստ տեսակետներ էին հնչեցվում, սակայն նրա սենյակից, հենց որ նա փակվում էր, ավելի հաճախ էին լսվում Վագների հնչյունները, այսինքն այն երաժշտության, որը նախկինում նա սովորեցնում էր Կլարիսին արհամարհել` որպես քաղքենիականորեն ուռճացված, անկումային ժամանակներին բնորոշ երևույթ, որին սակայն ինքն հիմա անկարող էր դիմակայել` որպես ամրակուռ, ջերմ ու արբեցնող օշարակին:

Կլարիսն ընդդիմացավ դրան: Նա ատում էր Վալտերին հենց թեկուզ նրա թավշե տաբատի և բերետի պատճառով: Կլարիսը դուստրն էր մի նկարչի, որի բեմական նկարազարդումներն ու տարազները մեծ հռչակ էին վայելում ողջ աշխարհում: Նրա մանկությունն անցել էր անդրկուլիսային օդով ու ներկաբույրով լեցուն մի թագավորությունում, երեք տարբեր արվեստագիտական ժարգոնների միջակայքում, այն է` թատերական, օպերային և նկարչական արվեստանոցի, շրջապատված թավիշով, գորգերով, հանճարներով, հովազամորթիներով, զարդատուփերով, սիրամարգի հովհարներով, վին ու քնարներով: Այդ պատճառով նա իր ողջ հոգով չէր կարողանում տանել արվեստի մեջ ցանկացած ցոփուշվայտություն և հակվածություն էր զգում ամեն տեսակ  սակավապետ ժուժկալությունների հանդեպ, լինի դա նորագույն ատոնալ երաժշտարվեստի մետաերկրաչափությունը կամ էլ դասական ձևերի մաշկազերծված, մկանային պատրաստուկի պես վճիտ դարձած կամարտահայտումը: Նրա օրիորդական կամազուրկ բանտվածության մեջ այդ մասին առաջին լուրը բերեց Վալտերը: «Լույսի արքայազն» կոչեց նրան Կլարիսը, և երբ նա դեռևս երեխա էր, ինքը և Վալտերը երդվեցին մեկմեկու, որ չեն ամուսնանա իրար հետ, մինչև որ նա թագավոր դառնա: Վալտերի փոփոխականությունների և ձեռնարկումների պատմությունը միաժամանակ պատմություն էր նաև անչափելի տառապանքների ու սքանչացումների, որոնց պայքարի գինը իրեն վիճակվեց վճարելու: Կլարիսն այնքան տաղանդավոր չէր, ինչպես Վալտերը, ինքը դա մշտապես զգում էր: Սակայն նա հանճարեղությունը իբրև կամքի դրսևորում էր պատկերացնում: Վայրի եռանդով նա տրվեց երաժշտությամբ զբաղվելու մոլուցքին. բացառված չէ, որ նա ընդհանրապես չուներ երաժշտական ընդունակություն, բայց նա օժտված էր դաշնամուր նվագելու համար տասը ջլապինդ մատներով և վճռականությամբ: Նա պարապում էր գիշերուզօր շարունակ և վարժեցնում էր իր մատները` տասը նիհարուկ եզների պես, որոնք պետք է հողից դուրս կորզեին նրա մեջ խրված, իրենց ուժից վեր, ծանրածանր մի բան: Նույն եղանակով էլ նա զբաղվում էր գեղանկարչությամբ: Տասնհինգ տարեկանից սկսած` նա Վալտերին հանճար էր համարում, քանի որ ինքը մշտապես նպատակ էր ունեցել ամուսնանալ հանճարի հետ: Եվ նա թույլ չէր տալիս Վալտերին այդպիսին չլինել: Եվ երբ ինքը նկատեց նրա անկարողությունը, սկսեց մոլեգնաբար ընդդիմանալ իր կենսամթնոլորտի այդ հեղձուցիչ, դանդաղ փոփոխությանը: Հենց այդ ժամանակ էր, որ Վալտերը առանձնակի կարիք էր զգում մարդկային ջերմության, և երբ նա տանջվում էր սեփական անզորությունից, նա հակվում էր դեպի Կլարիսը, երեխայի պես, որը կաթ ու քուն է տենչում, սակայն Կլարիսի փոքրիկ, նյարդային մարմինը մայրական չէր: Աղջկան թվում էր, թե պորտաբույծ մեկը քամում էր իր հյութերը, ցանկանալով բնավորվել իր մեջ, և ինքը դիմադրում էր դրան: Նա ատելով ատում էր լվացքատանն հատուկ այդ ծփացող ջերմությունը, որի մեջ նա մխիթարություն էր փնտրում: Հավանաբար նրա կողմից դա դաժանություն էր: Բայց նա ցանկանում էր ուղեկիցը լինել նշանավոր մի մարդու և պայքարում էր ճակատագրի դեմ:

Ուլրիխը ծխախոտ առաջարկեց Կլարիսին: Ուրիշ է՛լ ինչ նա կարող էր ասել, այն բանից հետո, երբ ամենաուղղամիտ ձևով ասաց այն ամենը, ինչ մտածում էր: Նրանց ծխախոտների ծխաքուլաները, որ դեպի երեկոյան արևի ճառագայթներն էին ձգվում, միավորվում էին` իրենցից որոշակի հեռավորության վրա:

— Ի՞նչ գիտեր այդ մասին Ուլրիխը,- մտածում էր Կլարիսը` իր բլրակին նստած:- Ախ, դե ի՞նչ կարող է նա ընդհանրապես հասկանալ այդօրինակ պայքարից:- Նա մտաբերեց, թե ինչպես էր խորտակվում Վալտերի դեմքը, ցավից դատարկվում, երբ նրան ճնշում էին երաժշտության տառապանքներն ու զգայականությունը, իսկ Կլարիսի դիմադրությունն, իր հերթին, հնարավորություն չէր տալիս նրանց ելք գտնելու: Ո՛չ, ենթադրում էր Կլարիսը, սիրախաղի այդ հրեշավորության մասին, ինչ-որ տեղ` Հիմալայներում խաղարկվող, կառուցված սիրուց,  ատելությունից, սարսափից և բարձրագույն պարտականություններից, Ուլրիխը ոչինչ չգիտեր: Կլարիսն այնքան էլ բարեհաճ կարծիքի չէր մաթեմատիկայի մասին, և Ուլրիխին երբեք այն աստիճան տաղանդավոր չէր համարում, ինչպես Վալտերին: Ուլրիխը խելացի էր, նա տրամաբանող էր, նա շատ բան գիտեր. բայց արդյո՞ք դա ավելին էր, քան բարբարոսությունը: Ճիշտ է, նախկինում նա անհամեմատ ավելի լավ էր թենիս խաղում, քան Վալտերը, և Կլարիսը շատ լավ հիշում էր, նրա վճռական հարվածների ականատեսը լինելով, երբեմն ինքը այն սուր զգացողությունն էր ունենում, թե նա կհասնի իր ուզածին, որպիսին նա երբեք չէր ունեցել Վալտերի նկարչության, երաժշտության կամ մտքերի հետ առնչվելիս: Եվ նա մտածեց.- «Իսկ գուցե նա մեր մասին ամեն ինչ գիտի՞ և ոչինչ չի՞ ասում»:- Իվերջո քիչ առաջ նա ամենայն հստակությամբ ակնարկեց իր հերոսականության մասին: Նրանց միջև հաստատված այս լռությունը հիմա արդեն շլացնելու աստիճան հետաքրքիր դարձավ:

Մինչդեռ Ուլրիխը մտածում էր. «Ի՞նչ գեղեցիկ էր Կլարիսը տասը տարի առաջ. այդ կիսաերեխան, որ կրակված սրտով հավատում էր մեր երեքի ապագային»: Եվ ընդամենը մի եզակի անգամ էր նա իրեն` Ուլրիխին անհաճո ներկայացել, այն ժամանակ, երբ Վալտերը և նա ամուսնացան. այնժամ Կլարիսն ի ցույց դրեց երկուսով լինելու այն տհաճ ինքնասիրությունը, որը երիտասարդ, իրենց ամուսիններին պատվախնդրորեն սիրահարված կանանց հաճախ այնքան անտանելի է դարձնում մյուս տղամարդկանց համար: ՙԱյս ընթացքում` ակնհայտ է փոփոխությունը դեպի լավը», մտածեց նա:

 

Թարգմանությունը՝ Աշոտ Ալեքսանյանի

Շարունակելի

Share

Կարծիքներ

կարծիք