Մարդն առանց հատկությունների IV

Հեղինակ:

20151003124833263

Երրորդ մասն այստեղ

 

10

Երկրորդ փորձը: Առանց հատկությունների մարդու

բարոյականության նախադրյալները

 

Սակայն Ուլրիխը նժույգը միայն փոխեց, երբ նա հեծելազորից անցում կատարեց դեպի տեխնիկան. նոր նժույգը մետաղյա անդամներ ուներ և մի տասն անգամ ավելի արագ էր վազում:

Գյոթեի աշխարհում մանածագործական հաստոցի թակոցը դեռևս խանգարիչ հանգամանք էր համարվում, Ուլրիխի դարաշրջանում արդեն ձեռնամուխ էին եղել մեքենահաստոցային սրահների, դարձագամ մուրճերի և գործարանային շչակների երգեցողության հայտնագործմանը: Ընդսմին, պետք չէ մտածել, թե մարդիկ շուտով նկատեցին, որ երկնաքերն ավելի բարձր է, քան նժույգը թամբած հեծյալը, ընդհակառակը, դեռ այսօր էլ, երբ ցանկանում են իրենցից մի ինչ-որ առանձնահատուկ բան ներկայացնել, մարդիկ ոչ թե երկնաքերի գլխին են հեծնում, այլ նժույգի թամբին, վերջիններս արագ են, ինչպես քամին և սրահայաց են` ո՛չ ամենևին ինչպես հսկայական ոսպնյակավոր հեռադիտակը, այլ արծվի նման: Նրանց զգացումը դեռևս չի սովորել օգտվելու սեփական բանականության ծառայություններից, և այդ երկուսի միջև ընկած զարգացման տարբերությունը գրեթե նույնքան մեծ է, որքան  կույրաղիքի և ուղեղի մեծ կիսագնդի կեղևինը: Նշանակում է, դա այնքան էլ փոքր երջանկություն չէ, երբ գալիս ես մի եզրակացության, որ, ինչպես դա տեղի ունեցավ Ուլրիխի հետ` նրա գռեհկաբան տարիքի ավարտական փուլում, որ մարդիկ բոլոր այն բաներում, որոնք նրանց բարձրագույն խնդիրներ են պատկերանում, իրենց ձեռքի տակ եղած շատ ավելի հնավանդ կաղապարներով են առաջնորդվում, քան նրանց մեքենաներն են:

Մեխանիկայի ուսումնական դասասրահները մուտք գործելուն պես, հենց առաջին իսկ պահից դող ընկավ Ուլրիխի մեջ: Ինչի՞ է պետք այլևս Բելվեդերյան Ապոլլոնը, երբ քո աչքերի առաջ են տուրբինային շարժիչի նոր տեսականու կաղապարները կամ շոգեմեքենայի կառավարման սարքի հոդանոթների խաղը: Ո՞մ են պետք հազարամյա խոսակցություններն այն մասին, թե ինչն էր լավ կամ ինչն էր վատ, երբ պարզվում է, որ դրանք բնավ էլ «հաստատուն մեծություններ» չեն, այլ «ֆունկցիոնալ արժեքներ», այնպես որ` պատրաստվածքի բարորակությունը կախված է պատմական հանգամանքներից և մարդկանց բարորակությունը` նրանց հատկությունների գործածականության հոգետեխնիկական հմտություններից: Աշխարհը պարզապես ծիծաղելի է, եթե նրան նայելու լինես տեխնիկական տեսակետից, ոչ պրակտիկ է բոլոր մարդկային փոխհարաբերություններում, բարձրագույն աստիճանի անտնտեսվարական է ու անճշգրիտ իր մեթոդական հիմքով: Եվ նա, ով սովոր է կարգավորել իր գործերը հաշվեքանոնով, նա պարզապես անկարող է լուրջ ընդունել մարդկային հավաստիացումների մի գերակշիռ մասը: Հաշվեքանոնը թվերի և բաժանարար զուգագծերի զարմանալի սրամտությամբ փոխմիահյուսված համակարգ է, հաշվեքանոնը դա երկու սպիտակ, լաքապատված, մեկը մյուսի մեջ սահող հարթ, սեղանակերպ, շեղանկյուն կտրվածքով փայտիկներ են, որոնց օգնությամբ կարելի է վայրկենապես լուծել ամենադժվար ու խճճված խնդիրները, առանց որ զուր տեղը որևէ միտք գործադրելու, հաշվեքանոնը մի փոքրիկ խորհրդանիշ է, որ կրում ես կրծքագրպանում և սրտիդ վրա զգում ես իբրև կոշտ ու սպիտակ մի շեղբ. եթե դու ունես հաշվեքանոն և գալիս է մեկը բարձրագոչ խոսքերով կամ մեծազոր զգացմունքներով, դու նրան ասում ես. մեկ վայրկյան խնդրեմ, նախ եկեք հաշվենք սխալվելու սահմանները և այդ ամենի հավանական արժեքը…

Դա, անկասկած, ինժեներական գործի գերհզոր հայեցակարգ էր: Այն շրջանակ էր ապահովում ապագայի հրապուրիչ ինքնանկարի, որ պատկերում էր տղամարդուն վճռական գծերով, ատամների արանքում թութունով լի ծխամորճը սեղմած, սպարտային գլխարկով և ձիավարության համար նախատեսված հիասքանչ մույկերով, որ երթևեկում է Քեյփթաունի և Կանադայի միջև ընկած ճանապարհի մի ինչ-որ կետում, իր ձեռնարկության համար մեծագույն նախագծեր կյանքի կոչելու նպատակով: Այդ ընթացքում միշտ էլ կարելի է ժամանակ գտնել և, անհրաժեշտության դեպքում, սեփական տեխնիկական մտածողության ընդերքից դուրս կորզել աշխարհի կառուցվածքին և նրա կառավարմանը վերաբերող որևէ խորհուրդ կամ էլ ինչ-ինչ թևավոր ասացվածքներ կազմել, զորօրինակ Էմերսոնի այն միտքը, որը լավ կլիներ կախ տալ յուրաքանչյուր արհեստանոցի ճակատին. «Մարդիկ թափառում են երկրի երեսին որպես ապագայի իմաստնախոսություններ, և բոլոր նրանց գործողությունները փորձեր են ու փորձառություններ, քանի որ յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր արարք հաջորդով կարող է հաղթահարվել»: Ճիշտն ասած, այս նախադասությունը պատկանում էր հենց Ուլրիխին և կազմված էր Էմերսոնի մի քանի մտքերի համադրությումից:

Դժվար է ասել, թե ինչու ինժեներները այնքան էլ այդպիսին չեն, որպեսզի համապատասխանեին այս ասույթին: Ինչու՞ են նրանք, օրինակ, այդքան հաճախ շղթայով ժամացույց կրում, որը կորնթարդ թեքագիծ աղեղով ձգվում է բաճկոնակի գրպանիկից դեպի վերևի կոճակներից մեկը, կամ ինչու՞ է այդ շղթան նրանց որովայնի մասում մեկ բարձրացող գոգավորություն և երկու իջվածք գոյավորում, որ ասես այն բանաստեղծության ոլորտից լինի: Ինչու՞ են նրանք նախընտրում եղջերուի ատամներով կամ պայտերով գնդասեղներ խրել իրենց փողկապների մեջ: Ինչու՞ են նրանց կոստյումներն այնպես կառուցապատված, ինչպես առաջին սերնդի ավտոմեքենաները: Ինչու՞ են նրանք վերջապես շատ հազվադեպ խոսում այլ բաների մասին, բացի իրենց մասնագիտությունից, իսկ եթե խոսում էլ են, ապա ինչու՞ են դա անում մի առանձնահատուկ, ձգձգված, հեղհեղուկ, ասես իմիջիայլոց` ձևական եղանակով, ինչը դեպի ներս` ավելի խորը չի գնում, քան մինչև մակակոկորդը: Անշուշտ, բնականաբար դա ոչ բոլորին է վերաբերում, բայց վերաբերում է շատերին, և նրանք, ում հետ Ուլրիխը ծանոթացավ, երբ առաջին անգամ ծառայության մտավ գործարանային գրասենյակում, այդպիսին էին,  ու նաև նրանք, ում հետ նա ծանոթացավ երկրորդ աշխատատեղում, նույնպես այդպիսին էին: Նրանք այնպիսի մարդկանց տպավորություն էին թողնում, որ ասես ամուր կապված էին իրենց գծագրական տախտակներին, սիրում էին իրենց մասնագիտությունը, ջանադիր էին և իրենց գործում մեծագույն ընդունակություններ էին հանդես բերում: Սակայն առաջարկությունը` իրենց գաղափարների համարձակությունը գործադրել ո՛չ թե իրենց մեքենաների, այլ իրենց հանդեպ, նրանք նույն կերպ կընկալեին, ինչպես որ մուրճը` սպանության հակաբնական նպատակի համար գործածելու պահանջը:

Ուստի այսպես շատ արագ վերջացավ նաև այս երկրորդ և ավելի հասուն փորձը, որ ձեռնարկել էր Ուլրիխը, այն հաշվով, որպեսզի տեխնիկայի միջոցով նշանավոր մարդ դառնար:

 

 

11

Ամենակարևոր փորձը

 

Այդ ամբողջ նախորդող ժամանակաշրջանի առթիվ Ուլրիխն այսօր էլ գլուխը կտարուբերեր, ինչպես եթե նրան պատմելիս լինեին իր հոգու վերաբնակեցման մասին, սակայն ո՛չ բնավ իր երրորդ փորձի առիթով:  Կարելի է հասկանալ, որ ինժեները կլանված խորասուզվում է իր առանձնահատկության մեջ, փոխանակ մուտք գործի գաղափարների աշխարհի ազատ հեռաստանները, չնայած նրա մեքենաները մատակարարվում են մինչև երկրագնդի ամենահեռավոր ծայրերը. քանզի փոխանցելու հարցում նա նույնքան քիչ ընդունակության կարիքն ունի տեխնիկայի համարձակությունն ու հոգու նորարարությունը իր մասնավոր անձնական հոգուն փոխանցելու, ինչպես որ մեքենան ի զորու չէ ինքն իր հանդեպ կիրառելու իր իսկ հիմքում ընկած անսահման փոքր թվերի հաշվարկումը: Մաթեմատիկայի մասին սակայն նույնը չի կարելի ասել: Այստեղ մենք գործ ունենք բուն իսկ նորագույն ուսմունքի, նորագույն տրամաբանության, նորագույն ոգու հետ, այստեղ են ընկած ժամանակի ակունքներն ու մեծահսկա վերափոխումների սկզբնաղբյուրը:

Եթե դա առնչվում է նախածին, վաղնջական ժամանակներից սերող հավերժական երազների իրականացմանը` թռչել կարողանալուն և ձկների հետ ճամփորդելուն, լեռնային հսկաների ոտքերի տակ հորատանցքեր բացելուն, աստվածային արագընթացությամբ լուրեր հաղորդելուն, անտեսանելին և հեռական տեսանելուն և նրանց ունկնդիր լինելուն, մեռածների խոսքը լսելուն, հրաշապատում կազդուրմանը տրվելուն, կենդանի աչքերով տեսնել կարողանալուն, թե ինչպիսի տեսք ունի մարդս մահվանից քսան տարի անց, կրակված գիշերներին հազարավոր բաներ իմանալուն` այս աշխարհի վերևում ու ներքևում կատարվող, որոնց մասին առաջներում ոչ ոք ոչինչ չգիտեր, և եթե լույսը, ջերմությունը, ուժը, վայելքը, հարմարավետությունը մարդկության վաղնջական երազներն են, ապա ուրեմն այսօրվա հետազոտական միտքը ո՛չ միայն գիտություն է, այլև կախարդանք, բարձրագույն հոգևոր և մտավոր ուժի ցուցադրական հանդես, որի առաջ Աստված մեկը մյուսի հետևից բացում է իր թիկնոցի ծալքերը, մի կրոն, որի հավատո հանգանակը ներծծված է ամրակուռ, համարձակ, շարժուն, դանակի պես սառն ու հատու մաթեմատիկական գիտական ուսմունքով և կառավարվում է նրա կողմից:

Ամեն դեպքում, չի կարելի ժխտել, որ բոլոր այս վաղնջական երազները, ո՛չ մաթեմատիկոսների կարծիքով, հանկարծակիորեն բոլորովին այլ կերպ էին իրագործվել, քան որ նախապես պատկերացնում էին: Մյունխհաուզենի փոստային եղջերվափողն ավելի գեղեցիկ էր, քան գործարանային եղանակով պահածոյացված ձայնը, յոթը մղոնանոց մույկերն ավելի գեղեցիկ են, քան ավտոմեքենան, Լաուրինի  թագավորությունն ավելի գեղեցիկ է, քան երկաթուղային թունելը, կախարդական արմատն ավելի գեղեցիկ է, քան ֆոտոհեռագիրը, սեփական մոր սրտից ուտելը և թռչուններին հասկանալն ավելի գեղեցիկ է, քան կենդանիների հոգեբանության բնագավառի հետազոտությունը թռչնաձայնի ելևէջումների արտահայտչականության մասին: Մարդս ձեռք է բերել իրականությունը և կորցրել է երազը: Մարդիկ այլևս չեն պառկում ծառի տակ և ոտքի միջնամատի ու երկրորդ մատի արանքի միջով նայում երկնքին, այլ արարում, ստեղծագործում են: Չի կարելի նաև քաղցած ու մտացրիվ լինել, եթե ուզում ես ջանադիր աշխատել, այլ պետք է բիֆշտեքս ուտել և շարժման մեջ գտնվել: Դա ճիշտ և ճիշտ նման է այն բանին, որ կարծես հնամենի անջանադիր մարդկությունը քուն էր մտել մրջնանոցի վրա, և երբ նորը արթնացավ, մրջուններն արդեն նրա արյան մեջ էին սողոսկել և այնուհետ նա հարկադրված է ուժային սաստիկ շարժումներ կատարել` առանց որ իր ուսերից թոթափել կարողանալու կենդանական աշխատունակության այդ անարգ ու խղճուկ զգացողությունը: Կարիքը չկա, իրապես, այդ մասին երկար խոսելու, մարդկանց մեծամասնությանն այսօր արդեն առանց այն էլ պարզ է, որ մաթեմատիկան, դևի հանգույն, մուտք է գործել մեր կյանքի բոլոր ոլորտները: Միգուցե այդ մարդկանցից ոչ բոլորն են հավատում սատանայի պատմությանը, ում կարելի է սեփական հոգին ծախել. սակայն բոլոր մարդիկ, որ հոգու առնչությամբ որոշակի հասկացողություն են հանդես բերում, քանի որ նրանք, հոգևորականներ, պատմաբաններ և արվեստագետներ լինելով, դրանից մեծ եկամուտներ են ստանում, վկայում են նաև, որ այն ավերակվել է մաթեմատիկայի կողմից և որ մաթեմատիկան մի ինչ-որ չար բանականության աղբյուրն է հանդիսանում, որը մարդուն թեև աշխարհի տերն է դարձնում, բայց և մեքենայի ստրուկը: Ներքին չորությունն ու դատարկությունը` մասնավորությունների հանդեպ խորաթափանցության և ամբողջի հանդեպ անտարբերության այդ հրեշավոր միախառնուրդը, մարդուս սարսափահարույց լքվածությունը մանրուքների, մասնավորությունների անապատում, նրա անհանգստությունը, չարությունը, անօրինակ անսրտությունը, շահամոլությունը, սառնությունն ու դաժանությունը, որ մեր ժամանակի բնութագրիչներն են հանդիսանում, ըստ այդ վկայությունների պետք է հենց միայն հետևանքը լինեն այն կորուստների, որ տրամաբանական սուր մտածողությունն է հոգուն պատճառում: Եվ ահա արդեն այն ժամանակներում էլ, երբ Ուլրիխը մաթեմատիկոս դարձավ, կային մարդիկ, որ կանխատեսում էին եվրոպական մշակույթի կործանումը, ելնելով այն բանից, որ մարդու մեջ այլևս չկար ո՛չ հավատ, ո՛չ սեր, ո՛չ պարզություն, ո՛չ բարություն, և հատկանշական է, որ նրանք բոլորն էլ պատանեկան ու դպրոցական հասակում վատ մաթեմատիկոսներ էին եղել: Ավելի ուշ դա նրանց համար ապացույց հանդիսացավ այն բանի, որ մաթեմատիկան` ճշգրիտ բնական գիտությունների մայրը, տեխնիկայի տատիկը, նաև նախամայրն է հանդիսանում այն ոգու, որից ի վերջո ծնունդ առան թունավոր գազերն ու ռազմական օդաչուները:

Այս վտանգների անգիտության մեջ ապրում էին, ըստ էության, հենց միայն իրենք` մաթեմատիկոսներն ու նրանց աշակերտները` բնագետները, ովքեր նույնքան քիչ էին այդ ամենը իրենց հոգում զգում, որքան և հեծանվորդները, որ ամենայն ջանադրությամբ ուժ են տալիս ոտքերին և աշխարհում ոչինչ չեն տեսնում` բացի իրենց առևջից ընթացողի հետևի անիվից: Ուլրիխի մասին, դրան հակառակ, կարելի էր ամենայն վստահությամբ ասել, որ նա մաթեմատիկան սիրում էր հանուն մարդկանց, որոնք այն տանել չէին կարողանում: Նա ոչ այնքան գիտականորեն, որքան մարդկայնորեն էր սիրահարված այդ գիտությանը: Նա տեսնում էր, որ բոլոր այն հարցերում, ուր մաթեմատիկան իրեն իրավասու էր համարում, այն այլ կերպ էր մտածում, քան սովորական մարդիկ: Եթե միայն հնարավոր լիներ գիտական հայեցակարգերը փոխարինել կենսահայեցողությամբ, գիտական վարկածը կամ հիպոթեզը` փորձարարությամբ,  և ճշմարտությունն էլ` գործողությամբ, ապա ցանկացած ականավոր բնագետի կամ մաթեմատիկոսի կյանքի գործը իր քաջարիությամբ և կործանարար ուժով միանգամայն կգերազանցեր պատմության մեծագործությունները: Դեռևս լույս աշխարհ չի եկել այն մարդը, ով ի զորու կլիներ ասելու իրեն հավատացողներին. կողոպտե՛ք, սպանե՛ք, անառակությամբ զբաղվեք, մեր ուսմունքը այնքան հզոր է, որ այն ձեր մեղքերի կոյուղաջուրը կվերածի ճերմակափրփուր լեռնային առվակի: Սակայն գիտության մեջ մի քանի տարին մեկ այնպես է լինում, որ ինչ-որ մի բան` մինչ այդ սխալմունք համարվող, հանկարծակի հեղաշրջում է բոլոր նախկին պատկերացումները կամ էլ որևէ անբարետես, խղճուկ ու արհամարհված միտք նոր գաղափարների թագավորության տիրակալն է դառնում, և այդօրինակ դեպքերն այնտեղ ո՛չ միայն պարզապես հեղաշրջումներ են, այլ երկնուղեշ աստիճանի հանգույն դեպի բարձունքն են տանում: Գիտության մեջ ամեն ինչ տեղի է ունենում նույնքան ցայտուն, նույնքան անփույթ ու անհոգ, այլև զարմանահրաշ կերպով, ինչպես հեքիաթում: Եվ Ուլրիխը զգում էր. միայն թե մարդիկ դա չգիտեն. նրանք գաղափար իսկ չունեն, թե ինչպես կարելի է արդեն մտածել. եթե հնարավոր լինի նրանց նորովի մտածել սովորեցնել, նրանք նաև ուրիշ կերպ կապրեին:

Այստեղ, սակայն, հարց է առաջանում, թե արդյո՞ք աշխարհում ամեն ինչ այնքան է գլխիվայր շրջված, որ այն հեղաշրջելու խնդիր է դրված: Սակայն այս հարցին աշխարհն ինքը վաղուց արդեն երկու պատասխան է տվել: Քանզի աշխարհի ստեղծման օրվանից մարդկանց մեծամասնությունը, իրենց պատանեկության շրջանում, կողմ էին այն հեղաշրջելուն: Նրանք ծիծաղելի էին գտնում այն հանգամանքը, որ մեծահասակները կառչած էին գոյություն ունեցողից և սրտով էին մտածում, մսի այդ կտորով, փոխանակ ուղեղով մտածելու: Այդ երիտասարդները մշտապես նկատում էին, որ մեծահասակների բարոյական բթամտությունը միաժամանակ նաև անընդունակություն է նոր կապերի ու կապակցումների առնչությամբ, ինչպես որ սովորական բանական հիմարամտությունը, մինչդեռ իրենց բնական բարոյականությունը արտադրողականությանը, հերոսականությանը և փոփոխություններին էր վերաբերում: Սակայն ոտք կոխելով իրագործումների տարիքը, նրանք այլևս ոչինչ չեն հիշում այդ մասին, և ոչ էլ ուզում են անդրադառնալ: Ահա թե ինչու շատ-շատերը, ում համար մաթեմատիկան կամ բնագիտությունը մասնագիտություն են նշանակում, մեծագույն ու չարամիտ լկտիություն կընկալեին Ուլրիխի պես մեկի կողմից վերոհիշյալ պատճառներով գիտությամբ զբաղվելու փաստը:

Համենայնդեպս իր այս երրորդ մասնագիտության բնագավառում, այն պահից ի վեր, երբ նա տարիներ առաջ անձնատուր եղավ նրան, մասնագիտական կարծիքի համաձայն` նա այնքան էլ քիչ բան չէր արել:

 

12

Տիկինը, ում սերն Ուլրիխը շահեց

սպորտի և միստիկայի մասին մի խոսակցությունից հետո

 

 

Պարզվեց, որ Բոնադեան ևս մեծազոր գաղափարների էր ձգտում:

Բոնադեան այն տիկինն էր, որ փրկել էր Ուլրիխին իր անհաջող կռփամարտի գիշերը և հաջորդ առավոտյան, դեմքն ամբողջովին շղարշաքողով պատած, այցելության էր եկել: Նա տիկնոջը մկրտեց Բոնադեա` բարի աստվածուհի անունով, քանի որ նա այդպես էր իր կյանքի մեջ մտել ու նաև  ի պատիվ անարատության այն աստվածուհու, ով Հին Հռոմում մի տաճար ուներ, որը սակայն, տարօրինակ վերաիմաստավորման արդյունքում, դարձել էր ամեն տեսակի անառակությունների կենտրոնատեղին: Տիկինն այդ մասին չգիտեր: Հնչեղ անունը, որ իրեն Ուլրիխն էր տվել, նրան դուր էր գալիս, և նա բոլոր այցելությունների ժամանակ կրում էր այն` որպես ճոխ ասեղնագործված գիշերազգեստ: «Ես, ուրեմն, քո բարի աստվածուհի՞ն եմ»,- հարցրեց նա,- «քո Bona Dea-ն», և այդ երկու բառերի ճշգրիտ արտասանությունը պահանջում էր, որպեսզի նա այդ ընթացքում ձեռքերով գրկի նրա պարանոցը և դույզն-ինչ հետ գցած գլխով, բարեսիրտ զգայականությամբ նրան նայեր:

Նա մի հարգարժան մարդու տիկինն էր և երկու գեղեցիկ տղա երեխաների քնքուշ մայրը: Նրա նախասիրած հասկացությունն էր` «հույժ բարեպատշաճ»: Նա այդ արտահայտությունն էր կիրառում մարդկանց, սպասավորների, գործերի ու զգացմունքների նկատմամբ, երբ ցանկանում էր ինչ-որ լավ բան ասել նրանց մասին: Նա ընդունակ էր «ճշմարիտը, բարին և գեղեցիկը» բառերն արտաբերելու նույնքան հաճախակի և բնական եղանակով, ինչպես մեկ ուրիշը հինգշաբթի  կասեր: Այն, ինչը լիագույնս բավարարություն էր տալիս նրա գաղափարական պահանջմունքներին, պատկերացումն էր խաղաղավետ, կատարելագույն կենսավարվեցողության մի շրջանակի վերաբերյալ, որ կազմված էր իր ամուսնուց ու երեխաներից, մինչդեռ այդ շրջանակից շատուշատ ներքև, ստորին հեռաստաններում տարուբերվում է «մի տար ինձ ի գայթակղություն»-ի մութ թագավորությունը, որն իր սահմռկեցուցիչ խավարով է պատում լուսաճառագող երջանկությունը, այն փոխարկելով առկայծող լապտերի լույսի: Նա միայն մեկ պակասավորություն ուներ, այն, որ տղամարդկանց հենց միայն հայացքից նա հույժ արտասովոր պարբերաչափով գրգռվում էր: Նա բնավ հեշտասեր չէր. նա հուզազգայուն էր, ինչպես որ ուրիշ մարդիկ այլ ախտեր են ունենում, օրինակ` քրտնաթորող ձեռքեր, կամ էլ այն, որ հեշտությամբ փոխում են իրենց գույնը, այն կարծես բնածին երևույթ էր և նա ոչինչ չէր կարող անել դրա դեմ: Երբ նա ծանոթացավ Ուլրիխի հետ այդօրինակ ռոմանտիկական, երևակայությունն արտասովոր կերպով բորբոքող հանգամանքներում, առաջին իսկ վայրկյանից նա դատապարտված էր դառնալու մի կրքի զոհը, որն սկսեց իբրև կարեկցանք, ապա կարճատև, սակայն թեժ պայքարի արդյունքում փոխարկվեց արգելված խորհրդավորության և շարունակվեց որպես մեղքի ու զղջումի խայթոցների իրարահաջորդում:

Սակայն Ուլրիխը նրա կյանքում Աստված գիտե թե որերորդ դեպքն էր: Նման սիրատոչոր, մոլեռանդ կանանց տղամարդիկ, հասկանալով ինչն-ինչոց է, հաճախ ավելի լավ չեն վերաբերվում, քան ապուշների հանդեպ, որոնց կարելի է ամենահիմար միջոցներով ստիպել շեղվել ճանապարհից, ամեն անգամ նույն հարցում ստիպել սայթաքել: Քանզի տղամարդու նրբագույն զգացմունքների ինքնամոռաց նվիրվածությունը մոտավորապես նման է մի կտոր մսի առաջ հովազի մռնչոցին, և աստված մի արասցե եթե փորձես խանգարել նրան… Դրա հետևանքն այն էր, որ Բոնադեան հաճախակի էր կրկնակի կյանք վարում` որպես առօրյա կյանքում հարգարժան քաղաքացի, որն իր գիտակցության մութ ու խուլ անկյուններում երկաթուղային կայարանի գողի վարուբարքով է ապրում, և այդ հանդարտ, բարեկազմ ու վայելչագեղ տիկինը, երբ նրան ոչ ոք իր գիրկը չէր առնում, տանջվում էր ինքն իր հանդեպ նողկանքի զգացումից, որն առաջ էր գալիս ստերից ու պատվազրկումներից, որոնց ինքը անձնատուր էր լինում` գրկված լինելու սիրույն: Երբ նրա զգայականությունը գրգռված էր լինում, Բոնադեան մելամաղձոտ ու բարի էր դառնում, ավելին, սքանչացումի ու արցունքների, կոշտուկոպիտ բնականության և անխուսափելի զղջման իր այդ միախառնուրդի մեջ, արդեն իսկ սպառնացող վերահաս ճնշվածության իր մոլի բռնկումներում նա մի առանձնահատուկ գրավչություն էր ձեռք բերում, որը նույնքան հուզագրգռիչ էր` ինչպես մթնասույզ քողի տակ թմբուկի անընդհատ կոտորակահարվածները: Սակայն այդօրինակ նոպաների միջակայքում, տկարության զույգ հոգեվիճակների միջև ընկած զղջումի արանքներում, որը նրան զգացնել էր տալիս իր անօգությունը, նա լիքն էր լինում արժանապատիվ հավակնություններով, որոնք դժվարացնում էին նրա հետ շփումը: Պետք էր լինել անկեղծ և բարեհոգի, կարեկցել դժբախտներին, սիրել կայսերական արքունիքը, պատվել ամենայն պատվելին և բարոյական առումով այնպիսի նրբանկատություն հանդես բերել, ինչպես հիվանդի անկողնու մոտ:

Եթե դա չէր պատահում, դա ևս ոչինչ չէր փոխում իրերի ընթացքում: Իրեն արդարացնելու համար նա մի հեքիաթ էր հորինել այն մասին, որ այս ցավալի վիճակի մեջ ինքն ընկել էր իր ամուսնու պատճառով` իրենց ամուսնության առաջին անմեղ տարիներին: Այդ ամուսինը, որ իրենից զգալիորեն ավելի մեծ էր տարիքով և մարմնով ավելի զանգվածեղ, այստեղ ներկայացվեց որպես անամոթ ու կոշտուկոպիտ մի հրեշ, և իր նոր սիրո արդեն իսկ առաջին ժամերին նա այդ մասին թախծոտ բազմանշանակալիությամբ պատմեց նաև Ուլրիխին: Ավելի ուշ, սակայն, վերջինս իմացավ նաև, որ այդ մարդը հայտնի և մեծ հեղինակություն վայելող իրավաբան էր, իր մասնագիտության մեջ շատ պրպտուն միտք ունեցող  ու հաջողակ մեկը, բացի այդ էլ` իր զոհին միամտացնող ու դաժանորեն սպանող որսի մի անմեղ սիրահար և ցանկալի հյուր ամեն տեսակ խնջույքների սեղաններին` որսորդների և իրավաբան-օրենսգետների, ուր խոսվում էր տղամարդկան խնդիրների մասին` փոխանակ արվեստի և սիրո: Այդ դույզն-ինչ պարզամիտ, բարեհոգի և կենսուրախ մարդու միակ վրիպումը կամ զանցառությունն այն էր եղել, որ նա ամուսնացել էր իր կնոջ հետ և այդ պատճառով մյուս տղամարդկանցից ավելի հաճախ էր նրա հետ գտնվում այնպիսի հարաբերությունների մեջ, ինչը դատական ակտերի լեզվով պատահական կապ են կոչում: Մի մարդու կողմից տարիներ շարունակ հնազանդեցված լինելու հոգեբանական ազդեցությամբ, մարդ, ում հետ ինքը ամուսնացել էր ավելի շատ հեռահար հաշվարկով, քան սրտի թելադրանքով, Բոնադեայի մոտ պատրանք էր ստեղծվել, որ ինքը մարմնապես գերհուզագրգիռ է և այդ երևակայական պատրանքը գրեթե իր գիտակցությունից անկախ էր ձևավորվել: Իրեն իսկ անհայտ ներքին պարտադրանքը շղթայում էր իրեն հանգամանքների բարեբաստիկ դասավորության արդյունքում իրեն տիրացած այդ մարդուն. ինքն ատում էր նրան սեփական կամքի թուլության պատճառով և ինքզինքը թույլ էր զգում, որպեսզի հնարավորություն ունենա ատելու նրան: Նա խաբում էր ամուսնուն, որպեսզի փախչեր նրանից, սակայն այդ ընթացքում ամենաանհարմար պահերին խոսում էր նրա մասին կամ երեխաներից, որոնց ինքը նրանից էր ունեցել, և երբեք ի վիճակի չէր ամբողջովին ազատվելու նրանից: Շատուշատ դժբախտ կանանց նման, իր բավականաչափ խարխուլ կենսատարածության պատվարը նա վերջապես գտավ իր կողքին մշտապես առկա ամուսնու նկատմամբ տածած անբարյացկամ վերաբերմունքի մեջ և նրա հետ թշնամական հակամարտությունը նա տեղափոխում էր յուրաքանչյուր նոր ծանոթության ոլորտը, որն իրեն պետք է փրկեր նրանից:

Նրա վայնասունը կտրելու համար ուրիշ բան չէր մնում անելու, քան հնարավորինս շուտափույթ` ընկճվածության վիճակից նրան տեղափոխել մտամոլության վիճակի մեջ: Այդժամ նա մերժում էր նրան, ով այդպես էր վարվում և չարաշահում էր իր տկարությունը, ինչքան էլ բարի մտադրություններով դա արվեր, բայց ներքին տառապանքը պարուրում էր նրա աչքերը խոնավ նրբության թաղանթով, երբ նա, ինչպես որ գիտական հեռահար անաչառությամբ ինքն էր այն արտահայտում, «հակվում էր» դեպի այդ մարդը:

 

Թարգմանությունը՝ Աշոտ Ալեքսանյանի

Հինգերորդ մասն այստեղ

Share

Կարծիքներ

կարծիք