Մարդն առանց հատկությունների III

Հեղինակ:

20150603140727951

Երկրորդ մասն այստեղ

 

7

Տկարության վիճակում

Ուլրիխը մի նոր սիրուհի է ձեռք գցում

 

Մի առավոտ Ուլրիխը իրեն տուն գցեց ահավոր դրության մեջ: Նրա պատառոտված հագուստը կախ էր ընկած իրենից, նա հակադրված էր սառը թրջոցներ դնել գլխի վերքերին, ժամացույցն ու դրամապանակը բացակայում էին: Նա չգիտեր, թե արդյոք այն երեք մարդիկ, ում հետ ինքը ձեռնամարտի մեջ էր մտել, հենց նրանք էին դրանք թռցրել, կամ գուցե, այն կարճ ժամանակամիջոցին, երբ ինքը գիտակցությունը կորցրած պառկած էր սալահատակին, դրանք գողացվել էր մարդկության մի ինչ-որ լուռ բարեկամի կողմից: Նա պառկեց անկողնում, և երբ իր տանջահար անդամները, ուղղաձիգ դիրք ընդունելով, վերստին իրենց խաղաղված ու ծածկված զգացին, նա մեկ անգամ ևս մտովի վերապրեց այդ պատահարը:

Երեք գլուխները հանկարծակի հայտնվեցին նրա առաջ. նա, հնարավոր է, ուշ երեկոյան, ամայի փողոցում այդ տղամարդկանից մեկին քսված լիներ, քանի որ նրա մտքերը ցրված էին և ուրիշ բանով էին զբաղված, սակայն այդ դեմքերն արդեն չարության էին նախատչամադրված և լապտերի շրջանակի մեջ մտան արդեն աղճատված տեսքով: Այստեղ նա մի սխալ գործեց: Նա պետք է անմիջապես հետ ոստներ` վախեցածի պես, և այդ ընթացքում մեջքով ամուր հրեր այն տղային, որ կանգնած էր իր հետևում, կամ էլ արմունկով հարվածեր նրա փորին, և հենց նույն պահին ևեթ պետք է փորձեր ճողոպրել, քանի որ երեք ուժեղ տղամարդկանց դեմ անիմաստ էր կռվել: Փոխարենը նա մի պահ հապաղեց: Պատճառը տարիքն էր, իր երեսուներեք տարիները. քանի որ թշնամությունն ու սերը հիմա արդեն փոքր-ինչ ավելի երկար ժամանակ են պահանջում: Նա չէր ուզում հավատալ, թե այն երեք դեմքերը, որ հանկարծակի` գիշերվա կեսին, ատելությամբ ու չարությամբ իրեն էին նայում, հենց միայն իր փողի վրա աչք ունեին, այլ տրվեց այն զգացողությանը, որ այստեղ մեկտեղվեց ու մարմին առավ իր դեմ ուղղված ատելությունը: Եվ մինչ այդ շրջմոլիկները նախշում էին իրեն ամենավերջին փողոցային հայհոյանքներով, նա ուրախացավ այն մտքից, որ գուցե դրանք բնավ էլ շրջմոլիկներ չէին, այլ նույնպիսի քաղաքացիներ, ինչպիսին ինքը, միայն թե մի քիչ հարբած էին և կաշկանդումներից զերծ, որի մեջ ինքը, նրանց կողքով անցնելիս, գտնվում էր, և որն իր մեջ ատելությունը բորբոքեց, ինչը մշտապատրաստ սպասում է իրեն և, ընդհանրապես, ցանկացած օտար մարդու` ինչպես փոթորիկը մթնոլորտում: Քանզի դրա նման մի զգացողություն, պատահում էր, որ ինքն էլ էր ունենում: Անհավանական մեծ թվով մարդիկ այսօր տխրեցնող հակասություն են զգում իրենց և անհավանական մեծ թվով այլ մարդկանց միջև: Դա մշակույթի հիմնարար սկզբունքն է, որ մարդը մեծագույն անվստահություն է տածում իր սեփական շրջանակից դուրս ապրող մարդու հանդեպ, այնպես որ ո՛չ միայն գերմանացին` հրեային, այլ նաև գնդակին հարվածող ֆուտբոլիստը ստեղնաշարին հարվածող դաշնակահարին համարում է անհասկանալի, այլև անլիարժեք մի էակ: Քանի որ առարկան, վերջիվերջո, պահպանվում է լոկ շնորհիվ իր սահմանների և դրանով իսկ` ի շնորհիվ շրջապատի հանդեպ մի որոշակի, առավել կամ նվազ թշնամական հակազդեցության: Առանց Հռոմի Պապի չէր լինի Լյութեր, իսկ առանց հեթանոսների` Պապ, ուստի չի կարելի չընդունել, որ մարդուս խորագույն կապվածությունը իրեն համագոյակից մարդու նկատմամբ կայանում է նրան մերժելու մեջ: Այդ մասին նա, անշուշտ, այդքան հանգամանալից չէր մտածում, բայց նա գիտեր այդ անորոշ մթնոլորտային թշնամության վիճակը, որով ներծծված է օդը մեր դարաշրջանում, և երբ այն հանկարծակի թանձրանում է երեք անծանոթների վրա, որ հետագայում հավիտյանս անհետանային պիտի, որպեսզի պայթեր որոտ ու կայծակի պես, ապա ուրեմն դա գրեթե թեթևացնող մի բան է:

Ամեն դեպքում ի դեմս երեք շրջմոլիկների նա, թերևս, մի քիչ ավելի երկար մտածեց, քան որ հարկն էր: Ճիշտ է, առաջինը, որ հարձակվեց իր վրա, նույն պահին էլ հետ թռավ, քանի որ Ուլրիխը, նրա կզակին հասցրած հարվածով, կանխեց նրան, սակայն երկրորդին, որի հետ պետք էր հաշիվները մաքրել կայծակնային արագությամբ, բռուցքը հազիվ միայն թեթևակի կպավ, քանի որ այդ ընթացքում հետևի կողմից մի ինչ-որ ծանր առարկայով հասցված հարվածից Ուլրիխի գլուխը քիչ էր մնում ճայթեր: Նրա ծնկները ծալվեցին, նրան բռնեցին, նա նորից ուղղվեց մարմնի այն գրեթե անբնական թեթևությամբ, որ սովորաբար հաջորդում է առաջին ուժաթափությանը, ցցվեց օտար մարմինների խառնաշփոթի մեջտեղում և գնալով ավելի ու ավելի մեծ դարձող բռունցքների հարվածներից գետնին տապալվեց:

Քանի որ արդեն հստակեցվել էր իր թույլ տված սխալի բնույթը, և ընդամենը սպորտի բնագավառին էր վերաբերում, ինչպես եթե խոսքը մի գերկարճ ցատկի վերաբերելիս լիներ, Ուլրիխը, որ դեռևս առաջվա պես գերազանց նյարդերի էր տիրապետում, խաղաղ քուն մտավ` գիտակցության կորստի  զսպանակաձև պտույտների ճիշտ և ճիշտ այն նույն հիացականության արտահայտությամբ, որպիսին նա, իր կրած պարտության ընթացքում, արդեն իսկ զգացել էր հոգու խորքերում:

Արթնանալուն պես նա համոզվեց, որ իր վերքերn աննշան էին, և մեկ անգամ ևս խորհրդածեց պատահարի մասին: Ծեծկռտուքը միշտ էլ մի տեսակ տհաճ համ է թողնում, այսպես կոչված` շուտափույթ մերձակցության, և անկախ նրանից, որ ի՛ր վրա էին հարձակվել, Ուլրիխն այն զգացողությունն ուներ, որ նա իրեն համարժեք ձևով չէր պահել: Բայց ինչո՞վ էր իր պահվածքն անհամարժեք: Այն նույն փողոցների կողքին, ուր ամեն երեք հարյուր մետրի վրա օրենքի պահապանը պատժում է իրավակարգի ամենաաննշան իսկ խախտումի համար, գտնվում են այնպիսիք, որոնք նույնական ուժ և նույն կարգի մտավոր ունակություն են պահանջում` ասես խուլ անտառում: Մարդկությունն արտադրում է աստվածաշնչեր ու զինամթերք, տուբերկուլյոզ և տուբերկուլին: Այն ժողովրդավարական է` թագուհու ու ազնվականության հետ, կառուցում է եկեղեցիներ և այդ եկեղեցիների դեմ հիմնում է համալսարաններ, վանքերը զորանոցներ է դարձնում և, սակայն, զորանոցներ է գործուղում դաշտային հոգևորականներին: Բնականաբար, շրջմոլիկ-հանցագործների ձեռքն էլ տալիս է արճճով լցոնված ռետինե ձողեր, որպեսզի դրանով այլանդակի իր նմանակ մարդու մարմինը, իսկ հետո էլ այդ միայնակ և խեղանդամված մարմնին փետուրե անկողին է դնում, ինչպես այն, որ այս պահին ծրարել էր Ուլրիխին, որն ասես լեցուն լիներ վեհանձն հարգամեծարությամբ և նախազգուշական ուշադրությամբ: Դա այն նույն քաջածանոթ իրողությունն էր` կյանքի հակասություններ, անհետևողականություն և անկատարություն: Դրանց առիթով ծիծաղում են կամ հոգոց հանում: Բայց Ուլրիխը բոլորովին այդպիսին չէր: Նա ատելով ատում էր կյանքի հանդեպ հնազանդության և կույր սիրո այդ միախառնուրդը, որ իրար հետ էր հաշտեցնում այդ հակասություններն ու կիսատ-պռատությունները, ինչպես որ ծեր օրիորդն է հաշտվում իր ջահել զարմիկի մեծ ու փոքր զանցանքների հետ:

Միայն թե անմիջապես էլ վեր չթռավ անկողնուց, երբ պարզվեց, որ այնտեղ պառկած մնալը կնշանակի օգուտ քաղել մարդկային գործերում տիրող անկարգությունից, քանի որ որոշ իմաստով դա ասես խղճի հետ հապշտապ գործարք լինի` ի հաշիվ բուն գործի, կարճ միացում, փախուստ դեպի մասնավոր կյանք, երբ որ դու անձամբ խուսանավում ես վատից և լավն ես անում, փոխանակ հոգ տանելու համընդհանուր կարգուկանոնի մասին: Իր ակամա փորձառության արդյունքում Ուլրիխին թվաց նույնիսկ, որ հուսահատության աստիճան քիչ օգուտ կարող էր լինել, եթե մի տեղ զենքերի գործածությունն արգելվեր, մեկ այլ տեղ թագավորները վերացվեին, և մի ինչ-որ փոքր կամ մեծ առաջընթաց կնվազեցներ հիմարությունն ու չարամտությունը, քանի որ նողկալիությունների ու ստորությունների չափը հենց նույն պահին էլ նորերով կլցվեր, որ ասես աշխարհի մի ոտքը մշտապես հետ է սահում, երբ մյուսը առաջ է մղվում: Անհրաժեշտ է ճանաչել դրա պատճառն ու գաղտնի մեխանիզմը: Դա անշուշտ անհամեմատ ավելի կարևոր կլիներ, քան հնացող սկզբունքներով լավ մարդ լինելը, այդ իսկ պատճառով` բարոյականության հարցում Ուլրիխն ավելի շատ հակված էր դեպի գլխավոր շտաբում ծառայությանը, քան բարության ամենօրյա հերոսականությանը:

Այժմ նա կրկին ներկայի մեջ տեղափոխեց նաև իր գիշերային արկածի շարունակությունը: Երբ նա ուշքի եկավ անհաջող ընթացք ունեցած ծեծկռտուքից, փողոցի մայթի մոտ կանգառել էր մի վարձու մեքենա, որի վարորդը ջանում էր վիրավոր անծանոթին, ուսերից քաշելով, ոտքի կանգնեցնել, և մի կին խոնարհվել էր իր վրա` դեմքի հրեշտակային արտահայտությամբ: Նման պահերին, երբ գիտակցությունն ասես վեր է հառնում անդունդից,  մարդ ամեն ինչ տեսնում է` ինչպես մանկական գրքերի աշխարհում: Բայց շուտով այդ ուշագնաց վիճակն իր տեղը զիջեց իրականությանը, իր համար հոգ տանող կնոջ ներկայությունը թարմացրեց Ուլրիխին` ինչպես անուշահոտությունների սրվակի արթնացնող ազդեցությունը, և անմիջապես էլ նա հասկացավ, որ իր վիճակը այնքան էլ ծանր չէր և փորձեց հնարավորինս նրբագեղ շարժումներով ոտքի կանգնել: Դա նրան անմիջապես լիովին չհաջողվեց, և տիկինը, մտահոգված, առաջարկեց նրան մեքենայով տեղափոխել այնտեղ, ուր նրան կարելի կլիներ օգնություն ցույց տալ: Ուլրիխը խնդրեց իրեն տուն տանել, և քանի որ նրա տեսքն իրոք դեռ ցրված ու անօգ էր թվում, տիկինը համաձայնվեց կատարել նրա խնդրանքը: Այնուհետև Ուլրիխը, մեքենայի մեջ, շատ արագ ուշքի եկավ: Նա մայրականորեն զգայական մի բան էր զգում իր կողքին, օգնության պատրաստ իդեալիզմի նրբանուրբ մի ամպաքուլա, որի ջերմության մեջ հիմա, երբ նա վերստին տղամարդ էր դառնում, սկսում էին իրար կցմցվել կասկածամտության սառցաբյուրեղները և չկշռադատված արարքի հանդեպ վախը, օդը լցնելով ձյան տեսքով տեղումների փխրափափկությամբ: Ուլրիխը պատմեց իր արկածի մասին, և գեղեցկուհի տիկինը, որ թվում էր, թե իրենից ընդամենը մի քանի տարի ավելի երիտասարդ կլիներ, գուցե մի երեսուն տարեկան, հանդիմանական խոսքեր տեղաց մարդկային բռիության վերաբերյալ և այն նողկալիորեն ցավալի գտավ:

Ուլրիխն, իհարկե, հիմա սկսեց աշխուժորեն պաշտպանել տեղի ունեցած պատահարը և բացատրում էր իր կողքին գտնվող մայրականորեն բուրող զարմացած գեղեցկուհուն, որ նման բախումների մասին չի կարելի դատել ըստ հաջողության: Դրանց գրավչությունը կայանում է հենց այն բանում, որ ամենակարճ ժամանակի ընթացքում, առօրյա քաղքենիական կյանքում երբևէ չտեսնված-չլսված արագությամբ և հազիվ միայն ընկալելի ազդանշանները որսալով, անհրաժեշտ է կատարել այնքան շատ բազմատեսակ, ուժերի կենտրոնացում պահանջող և այնուհանդերձ իրար հետ ճշգրտագույնս փոխհամաձայնեցված շարժումներ, որոնց գիտակցական վերահսկողությունը միանգամայն անհնարին է դառնում: Ընդհակառակը, յուրաքանչյուր սպորտսմեն գիտի, որ մրցումներից մի քանի օր առաջ պետք է դադար տալ մարզումներին, իսկ դա արվում է ոչ այլ պատճառով, քան որպեսզի մկաններն ու նյարդերը կարողանան իրար հետ վերջին համաձայնությունները կայացնեն, ընդսմին` զանց առնելով կամքի, ձգտման և գիտակցության մասնակցությունը, առավել ևս` միջամտությունը: Գործողություների դիմելու պահին այնուհետ ամեն ինչ հենց այդպես էլ լինում է, նկարագրում էր Ուլրիխը. մկաններն ու նյարդերը, ազատություն ստանալով, ցատկոտում ու կռիվ են տալիս եսի հետ: Վերջինս էլ, սակայն, մարմինն իր ամբողջության մեջ, հոգին, կամքը, քաղաքացիական իրավունքի տեսակետից իրեն շրջապատող աշխարհից բաժանող գլխավոր և լիակատար անձնավորության այդ ամբողջականությունը, նրանց կողմից միայն մակերեսորեն է վերցվում, ինչպես Եվրոպան` ցուլի վրա նստած, և եթե ինչ որ բան այնպես չէ, երբ, ի դժբախտություն, դատողականության նվազագույն իսկ ճառագայթն այդ խավարի մեջ է թափանցում, գործն այդժամ, որպես կանոն, ձախողվում է… Ուլրիխը խոսում էր ամբողջովին կիրք դարձած: Դա սկզբունքորեն, հաստատականապես նա ասաց հիմա, նկատի ունենալով գիտակից անձնավորության գրեթե ամբողջական դուրսմղման կամ նրա մեջ ներխուժման երևույթը, դա ըստ էության նույնական է այնպիսի անցած-գնացած, մոռացության մատնված վերապրման երևույթների հետ, որոնք ծանոթ էին բոլոր կրոնների միստիկներին, և այդ պատճառով դա ինչ-որ իմաստով հավերժական պահանջմունքների ժամանակակից փոխարինող է, թող որ նողկալի, բայց ամեն դեպքում` փոխարինող: Այդպես և բռնցքամարտը կամ այդ կարգի սպորտաձևերը, որ այդ ամենը բանական համակարգի մեջ են դնում, ըստ էության մի տեսակ աստվածաբանություն են իրենցից ներկայացնում, եթե անգամ չես կարող բոլորից պահանջել, որ այն համընդհանուր ճանաչում գտնի:

Ուլրիխն այնպիսի ջերմեռանդությամբ էր դիմում իր ուղեկցուհուն, մի փոքր էլ, հավանաբար, փառամոլ ցանկությունից դրդված, որպեսզի նրան մոռացներ տար այն թշվառական վիճակի մասին, որի մեջ նա իրեն գտել էր: Այսօրինակ հանգամանքներում տիկնոջ համար շատ դժվար էր տարբերել, նա լուրջ էր խոսում, թե սրամտում էր: Ամեն դեպքում, նրան կարող էր, ըստ էության, միանգամայն բնական թվալ այն, որ դիմացինը ջանում էր աստվածաբանությունը բացատրել սպորտի միջոցով, ինչը, հավանաբար, նույնիսկ շատ հետաքրքիր էր, քանի որ սպորտը մի ինչ-որ ժամանակակից բան է, մինչդեռ աստվածաբանությունը, ընդհակառակը, այնպիսի մեկը, որի մասին ընդհանրապես ոչինչ չգիտես, չնայած չի էլ կարելի ժխտել, որ իսկապես էլ դեռևս բազմաքանակ եկեղեցիներ կան: Ամեն դեպքում, նա գտնում էր, որ երջանիկ պատահականության բերումով ինքը հոգեպես շատ հարուստ մարդու էր փրկել, միայն թե, ժամանակ առ ժամանակ նա ինքն իրեն հարց էր տալիս, չլինի թե վերջինս ուղեղի ցնցում ստացած լինի:

Ուլրիխը, որ հիմա հասկանալի մի բան էր ուզում արտաբերել, օգտվեց առիթից, որպեսզի հընթացս նշեր նաև, որ սերը նույնպես պատկանում է կրոնական և վտանգավոր երևույթների խմբակազմին, քանզի այն մարդուս կտրում է բանականության գրկից և նրան տեղափոխում է ոտքի տակ ամուր հող չունեցող, օդում ճախրող մի դրության մեջ:

Այո, ասաց, տիկինը, բայց սպորտը շատ կոպիտ բան է:

Անշուշտ, շտապեց խոստովանել Ուլրիխը, սպորտն իսկապես կապիտ երևույթ է: Այն կարելի է ասել խտացումն է նրբորեն տեղաբաշխված համընդհանուր ատելության, որ ի ցույց է դրվում և վերառվում մարտարվեստների մեջ: Անշուշտ, հակառակն էլ են պնդում. որ սպորտը կապում է մարդկանց, նրանց ընկերներ է դարձնում և այս կարգի այլ բաներ: Բայց ըստ էության դա միայն ապացուցում է, որ կոպտությունն ու սերը իրարից ավելի հեռու չեն ընկած, քան որևէ մեծ, գունավոր, համր թռչունի մի թևը մյուսից:

Նա շեշտը հատուկ դրեց թևերի և գունագեղ, համր թռչունի վրա, ըստ էության անիմաստ մի միտք, սակայն դույզն-ինչ լեցուն այն հսկայական զգայականությամբ, որով կյանքը միաժամանակ բավարարում է իր անընդգրկելի մարմնի մեջ գտնվող ախոյան հակադրությունները: Այժմ նա հասկացավ, որ իր հարևանուհին ասվածը բնավ չէր հասկացել, սակայն այն փխրուն ձյան տեսքով տեղումը, որ նա տարածում էր մեքենայում, ավելի էր թանձրացել: Այստեղ նա ամբողջապես շրջվեց նրա կողմն ու հարցրեց, թե արդյո՞ք նա խորշանք չէր զգում նման կարգի մարմնական բաների մասին խոսլելուց: Մարմնական գործունեության խնդիրներին անդրադարձը սկզբունքորեն ամենասարսափելի զգացողություններ է առաջացնում, քանի որ մարմինը, եթե այն հիանալի մարզավիճակում է, գերակշռություն է ձեռք բերում և առանց որ ինքն իրեն հարց տալու` իր մեքենայականության աստիճան հղկված շարժումներով, ամենայն ինքնավստահությամբ, հակազդում է ցանկացած գրգռիչի,  այնպես որ տիրոջ մոտ դիտորդի կարգավիճակին հարիր ընդամենը տագնապալի մի զգացողություն է մնում, որ կարծես այն իր հետ ոչ մի կապ չունի և որ իր բնավորությունն  ասես փոխանցվելիս լինի մի որոշակի մարմնամասի:

Թվաց, թե իրականում այդ հարցը խորապես հուզում էր երիտասարդ կնոջը: Նա իր մեջ զգաց այդ խոսքերի առաջ բերած անհանգստությունը, սկսեց շնչել ավելի խորը և աշխույժ և փոքր-ինչ հետ ընկրկեց:  Վերևում նկարագրված մեխանիզմին նմանվող մի բան, ինչպես` խորը շունչ քաշելը, մաշկի շառագունումը, սրտի խփոցները, և հավանաբար էլի ինչ-որ բաներ, թվաց թե շարժման մեջ էր դրվել նրա ներսում: Բայց հենց այդ պահին մեքենան կանգ առավ Ուլրիխի առանձնատան առաջ: Ուլրիխը հասցրեց միայն, ժպտադեմ, հարցնել իր փրկիչ-ազատարարի հասցեն, որպեսզի նրան իր երախտագիտությունը մատուցի, սակայն, ի զարմանս իրեն, այդ բարեհաճությունն իր հանդեպ չցուցաբերվեց: Եվ սև, երկաթակուռ ճաղավանդակը փակվեց զարմացած անծանոթի հետևից: Հավանաբար դրանից հետո էլ, էլեկտրական լապտերների լույսի մեջ թաթախված, վեր խոյացան հին պարտեզի բարձրաբերձ ու մուգ ծառերը, պատուհաններում լույսեր վառվեցին, և կարճ խուզված զմրուխտափառ սիզամարգերի վրա տարածվեցին զարդասենյակի պահարան հիշեցնող փոքրիկ դղյակի ցածրիկ թևերը, աչքերի առաջ հառնեցին գեղանկարներով զարդարված և գունագեղ գրադարակներով ծածկված պատերը, և հրաժեշտ տված մեքենայից հենց նոր իջած ուղևորին դիմավորեց անսպասելիորեն գեղեցիկ կենցաղը:

Եղավ այն, ինչ եղավ: Եվ երբ Ուլրիխը դեռ խորհրդածում էր, թե որքան տհաճ բան կլիներ, եթե ինքն իր ժամանակը կրկին անգամ վատնելու լիներ մի հերթական սիրային արկածի վրա, որոնցից ինքը վաղուց արդեն մինչև կոկորդը կուշտ էր, նրան հաղորդեցին, որ իրեն մի տիկին է այցելել, ով սակայն չէր ցանկանուն իր անունը հայտնել, որը և մուտք գործեց նրա մոտ` դեմքն ամբողջովին շղարշաքողով ծածկած: Դա այն նույն կինն էր, ով հրաժարվում էր հայտնել իր անունը և իր բնակարանի հասցեն, և սակայն մի այսօրինակ ռոմանտիկ-բարեգործական շղարշի տակ, այն պատրվակով, թե եկել է տուժածի որպիսությունն իմանալու, ինքնակամ շարունակեց արկածը:

Երկու շաբաթ անց Բոնադեան տասնչորս օրից ի վեր արդեն նրա սիրուհին էր:

 

 

8

Կականիա

 

Այն տարիքում, երբ դեռ կարևորություն ես տալիս դերձակային ու վարսավիրական գործերին և հաճույքով նայում հայելու մեջ, հաճախ նաև այնպիսի մի վայր ես պատկերացնում, ուր կուզենայիր կյանքդ անցկացնել, կամ առնվազն մի վայր, որ հաճելի է մնալու համար, նույնիսկ երբ այն զգացումն ունես, թե անձամբ քեզ համար այնտեղ այնքան էլ հաճելի չէր լինելու: Նմանօրինակ մի սևեռուն մտապատկեր արդեն վաղուցվանից դարձել է գերամերիկյան քաղաքը, ուր ամենքը, վայրկյանաչափը ձերքում բռնած, տեղիցտեղ են շտապում կամ անշարժացած՝ տեղում մեխվում: Օդն ու հողը մի մրջնանոց են կազմում՝ երթևեկ փողոցների ցանցի հարկաբաժիններով գծագրված: Օդաչու գնացքները, վերգետնյա գնացքները, ստորգետնյա գնացքները, փոստի պես խողովակաշարերով առաքվող մարդիկ, ավտոմեքենաների շղթաները սուրում են հորիզոնական կտրվածքով, արագընթաց վերելակները ուղղահայաց պոմպով դուրս են փչում մարդկային զանգվածներին երթևեկի մի մակարդակից մյուսը. հանգուցվող կետերում մարդիկ շարժական մի տեղափոխասարքից դեպի մյուսն են ցատկում, դրանց ռիթմից, որ որոտընդոստ, իրարից պոկվող զույգ արագությունների միջև մի թալկացում, դադար, քսանրոպեանոց մի կարճատև փորվածքավիհ է գոյավորում, որ առանց դույզն-ինչ ըմբռնելու՝ ներծծվում են ու կուլ գնում, այդ համընդհանրական ռիթմի միջնադադարներին շտապ-շտապ իրար հետ մեկ-երկու կցկտուր խոսքեր փոխանակելով: Հարց ու պատասխանները սողնակների պես հպվում են իրարու՝ ինչպես մեքենաների մասեր, ամեն ոք միայն խստիվ որոշակի խնդիրներ ունի, մասնագիտությունները տեղաբաշխված են առանձին խմբերի մեջ՝ որոշակի վայրերում, ուտում են հընթացս՝ ոտքի վրա, զվարճալիքները քաղաքի այլ մասերում են հավաքված, և նորից ինչ-ինչ այլ վայրերում վեր են խոյանում աշտարակասյուները, ուր գտնում ես կնոջդ, ընտանիքդ, գրամոֆոնը և հոգին: Լարվածությունն ու ընդարմացումը, գործունեությունն ու սերը ճշգրիտ հստակությամբ տարանջատված են ժամանակի մեջ և հիմնավոր լաբորատոր ստուգումից հետո՝ վերատեղաբաշխված: Այդ գործունեություններից մեկի ժամանակ ինչ-որ դժվարության ես բախվում՝ գործը պարզապես թողնում ես, քանզի մեկ այլ գործ ես ձեռնարկում կամ էլ՝ պատահմամբ ավելի լավ ճանապարհ գտնում, կամ մեկ ուրիշն է գտնում ճանապարհը, որից դու շեղվելով վրիպել ես: Դա բոլորովին էլ դժբախտություն չէ, քանզի համընդհանրական իմաստով ոչինչ այդչափ եռանդուժ չի մսխում, որքան այն հանդուգն հավակնոտությունը, թե մարդս կոչված է չհրաժարվելու որոշակի անձնական նպատակների հետապնդումից: Ուժային որակներով հատկանշվող կոլեկտիվում ցանկացած ճանապարհը լավ նպատակի է տանում, եթե միայն շատ երկար չես վարանում ու խորհրդածում: Նպատակները կարճ հեռավորության վրա են, բայց նաև կյանքն էլ կարճ է, նրանից այդպիսով հասանելիի առավելագույնն ես ստանում, ավելիի կարիքը մարդս չունի իր երջանկության համար, քանզի այն, ինչին հասնում ես, կազմավորում է հոգին, մինչդեռ այն, ինչը տենչում ես առանց բավարարման, միայն աղճատում, խեղում է այն, երջանկության համար դույզն-ինչ կարևոր չէ, թե ինչ ես ուզում, բայց միայն այն, որ հասնես նրան: Բացի այդ՝ կենսաբանությունը ուսուցանում է, որ անլիարժեք անհատների գումարից, ըստ ամենայնի, կարող է և միանգամայն հանճարեղ մի ամբողջություն բաղադրվել:

Բոլորովին էլ վստահաբար չի կարելի ասել, թե դա հենց այդպես էլ պետք է լինի, սակայն նման մտայնությունները պատկանում են ճա-նապարհորդական երազանքների դասին, որոնցում արտացոլվում է առանց դադարի շարժման զգացողությունը, որ պաշարում է մեզ: Դրանք մակերեսային են, անհանգիստ ու կարճառոտ տեսակի: Աստված գիտե, թե ինչ է իրականում լինելու: Կարելի է կարծել, թե մենք ամեն րոպե սկզբնավորումն ենք պահում մեր ձերքերում և մեզ բոլորիս համար մի ծրագիր պետք է կազմենք: Եթե մեզ դուր չի գալիս արագությունների հետ գործ ունենալը, այդժամ մեկ ուրիշը կձեռնարկենք: Օրինակի համար՝ մի շատ դանդաղկոտ, շղարշաքողի նման ծածանվող, ծովախխունջի պես խորհրդավոր երջանկությամբ փայլող և խորապես կովային հայացքով մեկը, որի մասին դեռևս հույներն էին երազում: Սակայն այդ ամենը բոլորովին այդպես չէ: Նա հենց ինքն է մեզ իր ձեռքի մեջ պահում: Ընթանում ես նրա մեջ՝ գիշեր ու զօր և հազար ու մի ուրիշ բաներ անում. սափրվում ես, ուտում, սիրում, գրքեր կարդում, աշխատում ես քո մասնագիտությամբ, և կարծես թե չորս պատերը հանգիստ կանգնած են, բայց զարհուրելին հենց այն է, որ պատերն այդ ընթանում են, մինչ դու կնկատես այն, և առաջ են նետում իրենց երկաթգծերը՝ որպես երկարուկ շոշափուկներով գալարաճկված դերձաններ, առանց իմանալու թե ուր: Եվ բացի այդ՝ ցանկանում ես, ըստ հնարավորին, ինքդ պատկանել այն ուժերին, որոնք ուղղորդում են ժամանակի գնացքը: Դա մի չափազանց անպարզ դեր է, և պատահում է, երբ մարդ գերերկար դադարից հետո դուրս է նայում, նկատում է, որ տեսարանը փոխվել է, կողքովդ թռչողը այդպես էլ թռչում-գնում է, քանզի այլ կերպ չի էլ կարող լինել, սակայն, չնայած քո ողջ հնազանդությանն ու նվիրումին, տհաճ մի զգացում ավելի ու ավելի մեծ իշխանություն է ձեռք բերում քո նկատմամբ, որ կարծես դու վրիպել ես քո նպատակից կամ սխալ մի վայր ես ոտք կոխել: Ու մի օր էլ մոլեգին մի պահանջ է ի հայտ գալիս՝ վայր իջնել, ներքև ցատկել: Մի կարոտախտ՝ կանգնեցված լինելու, չզարգանալու, մի բանի դեմ առնելու, վերադառնալու այն կետին, որ ընկած է բոլորովին էլ ոչ այն ճյուղավորման առաջ: Եվ այն բարի ու հին ժամանակներում, երբ դեռ գոյություն ուներ Ավստրիական կայսրությունը, այդպիսի դեպքերում կարելի էր լքել ժամանակի գնացքը, նստել սովորական երկաթուղու սովորական գնացքը և տուն վերադառնալ:

Այնտեղ՝ Կականիայում, այնուհետ կործանված, անհասկանալի մնացած այդ պետությունում, որը շատուշատ հարցերում, առանց որ այդ առթիվ ճանաչված լինելու, օրինակելի է եղել, նույնպես տեմպ գոյություն ուներ, բայց ոչ բավարար արագընթաց: Բավական էր միայն, որ օտարության մեջ այդ երկրի մասին մտածեիր, աչքերիդ առաջ ճախրելու պես հառնում էր հիշողությունը քայլարշավների ու սուրհանդակների ժամանակների ճերմակ, լայնարձակ ու բարեշեն ճանապարհների մասին, ճանապարհներ, որ կարգուկանոնի գետակների պես ձգվում էին նրանով մեկ՝ բոլոր ուղղություններով, ինչպես լուսաճերմակ զինվորական զոլավոր խտակտավի կապերը՝ շուլալելու պես պարուրելով երկրները կառավարման ճերմակաթղթե ձեռքով: Եվ ինչպիսի¯ երկրներ. Սառցադաշտ ու ծով, Կարստ ու բոհեմական ցանքսեր կային այնտեղ, գիշերներ Ադրիայի ափին՝ ծղրիդների անդադար ճռռոցից զրնգացող, և սլովակյան գյուղեր, ուր բուխարիներից ծխնելույզներով վեր ամբառնացող ծուխը կարծես շուռ տված, վերձիգ քթանցքներից բարձրանալիս լիներ, և գյուղը կուչ եկածի պես պպզել էր երկու փոքրիկ բլրակների միջև, ուր հողն ասես փոքր-ինչ բացել էր շուրթերը, որպեսզի նրանց արանքում իր մանկանը ջերմացներ: Անշուշտ՝ այդ ճանա-պարհներով նաև ինքնաշարժեր էին գլորվում, բայց ո՛չ բավականաչափ մեծ թվով ինքնաշարժեր: Այստեղ ևս օդի նվաճման նախապատրաստություններ էին ձեռք առնվում, բայց ո՛չ բավականաչափ հետևողականորեն: Ժամանակ առ ժամանակ նավ էին ուղարկում դեպի Հարավային Ամերիկա կամ Արևելյան Ասիա, բայց ո՛չ շատ հաճախ: Չկա՛ր համաշխարհային տնտեսության կամ համաշխարհային տիրապետության և դույզն-ինչ փառամոլության նշույլ: Նստած էր Եվրոպայի ճիշտ մեջտեղում, ուր աշխարհի հին սռնիներն էին իրար հետ խաչվում: Գաղութ և անդրօվկիանոսյան երկրներ բառերը հնչում էին որպես դեռևս բոլորովին անհայտ, հեռու-հեռավոր մի բան: Այնտեղ ևս ծանոթ էին շքեղաշուք ճոխություն ասածին, բայց ո՛չ երբեք այնպես գերնրբացյալ, ինչպես ֆրանսիացիները: Պարապում էին սպորտով, բայց ո՛չ այնպես խելահեղորեն, ինչպես անգլո-սաքսոնները: Ահռելի գումարներ էին ծախսում բանակի վրա, բայց ճի՛շտ և ճի՛շտ հենց այնքան, որքան դա պետք էր, որպեսզի հաստատապես թուլությամբ երկրորդը մնային մեծ տերությունների շարքում: Գլխավոր քաղաքը ևս զգալիորեն ավելի փոքր էր, քան աշխարհիս բոլոր մյուս մեծ քաղաքները, բայց և, համենայնդեպս, շատ ավելի մեծ էր, քան պարզապես ասած՝ մեծ քաղաքները: Եվ կառավարվում էր այդ երկիրը մի լուսավորյալ, սակավ զգայելի, բոլոր սուր անկյունները զգուշորեն կտրելու միջոցներով, Եվրոպայի լավագույն բյուրոկրատիայի կողմից, որին միայն մեկ սխալի համար կարելի էր հանդիմանել. հանճարեղությունը և հանճարեղ ձեռներեցության մոլուցքը մասնավոր անձանց, որոնք դրա արտոնությունն իրենց ազնվականական ծագմամբ կամ բարձր պետական հանձնառությամբ չէին ստացել, ընկալվում էր որպես անհամեստ, ամբարտավան պահվածքի և ինքնապաստան հանդգնության արտահայտություն: Դե ո՛վ իրեն բավարարված կզգար, երբ բոլոր իրավունք չունեցողները սկսեին աջ ու ձախ ցուցումներ տալ: Բացի այդ էլ՝ Կականիայում հենց միայն հանճարին էին մշտապես հիմարի տեղ դնում, բայց ո՛չ երբեք, ինչը ուրիշ վայրերում էր պատահում, հիմարին հանճարի տեղ:

 

Եվ ընդհանրապես ինչքա՜ն զարմանահրաշ բաներ կարելի էր պատմել այդ անհետացած Կականիայի մասին: Այն, օրինակի համար, Կայզերական-Թագավորական էր և Կայզերական ու Թագավորական. այդ երկու տարբերանշաններից՝ k.k. կամ k.u.k. , կրում էր այնտեղ ամեն բան և յուրաքանչյուր ոք, բայց, համենայնդեպս, մի ծածուկ գիտություն էր պահանջվում, որպեսզի ամեն կոնկրետ դեպքում վստա-հաբար կարելի լիներ տարբերակել, թե հատկապես ո՛ր կարգերը և ովքեր k.k. և որոնք k.u.k. պետք է կոչվեին: Գրավոր կերպով այն կոչվում էր Ավստրո-Հունգարական Միապետություն, իսկ բանավոր խոսքում թույլ էր տրվում նրան Ավստրիա կոչեին. ընդսմին՝ մի անունով, որը նա հանդիսավոր պետական երդմամբ հանել էր իր վրայից, բայց պահպանում էր բոլոր զգայական հանգամանքների համար, ի նշան այն բանի, թե զգացմունքները ևս նույնքան կարևոր են, որքան և պետական իրավունքը, և որ հանգամանքները չէ, որ արտահայտում են կյանքի իրական լրջմտությունը: Այն իր սահմանադրությամբ լիբերալ էր, բայց կառավարվում էր կղերականորեն: Այն կառավարվում էր կղերականորեն, բայց ապրում էր ազատականությամբ: Օրենքի առաջ բոլոր քաղաքացիները իրավահավասար էին, բայց բանն էլ այն է՝ բոլորը չէ, որ քաղաքացիներ էին: Կար մի խորհրդարան, որն այնքան լայնորեն էր օգտվում իր ազատությունից, որ այն սովորաբար փականքի տակ էին պահում: Բայց կար նաև հոդված արտակարգ իրավիճակների վերաբերյալ, որի օգնությամբ առանց խորհրդարանի էլ յոլա էին գնում, և ամեն անգամ, երբ բոլորն արդեն ցնծություն էին ապրում միապետության առթիվ, դրան հետևում էր Գահակալ բարձրագույն իշխանության կարգադրությունն առ այն, որ, այնուհանդերձ, այսուհետ պետք է պառլամենտական եղանակով կառավարել: Նման իրողություններ շատ կային այդ պետությունում, դրանց թվին էին պատկանում նաև այն ազգամիջյան կռիվները, որոնք օրինական կերպով Եվրոպայի հետաքրքրությունն էին իրենց կողմը գրավում և այսօր կատարելապես սխալ են լուսաբանվում: Դրանք այնքան ուժգին էին լինում, որ նրանց պատճառով տարվա ընթացքում շատ հաճախ պետական մեքենան խափանվում էր ու կանգ առնում, բայց պետականության ժամանակամիջոցներում և դադարների ընթացքում կատարյալ փոխհամաձայնություն էր տիրում, և ողջն այնպես էր ներկայացվում, կարծես ոչինչ էլ չէր պատահել: Իսկապես՝ էական ոչինչ տեղի չէր ունեցել: Պարզապես բոլոր մյուսների ձգտումների հանդեպ յուրաքանչյուր մարդու տածած հակակրանքը, որի հարցում մենք այսօր բոլորս միասնական ենք, այդ պետությունում ավելի վաղ էր կազմավորվել, և, կարելի է ասել, ոգեղեն հանդիսություն դարձել, որը թերևս շատ ավելի լուրջ հետևանքներ կարող էր ունենալ, եթե միայն նրա զարգացումը վաղաժամկետ չընդհատվեր տեղի ունեցած աղետից:

Այնուհանդերձ՝ ոչ միայն համաքաղաքացիների նկատմամբ հա-կակրանքն էր այնտեղ բարձրացված մինչև համերաշխության զգացումի աստիճանի, այլև անվստահությունը սեփական անձի և նրա ճակատագրի նկատմամբ խորը ինքնավստահության բնույթ էր ձեռք բերել: Այդ երկրում վարվում էին, ժամանակ առ ժամանակ հասնելով կրքի բարձրագույն աստիճանին՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ, մշտապես այլ կերպ, քան մտածում էին, կամ մտածում էին այլ կերպ, քան վարվում էին: Անտեղյակ դիտորդները դա, իրենց կարծիքով, իբրև թե ավստրիական բնավորության փափկության կամ էլ նույնիսկ թուլության արտահայտություն էին ընկալում: Բայց դա սխալ էր, և առհասարակ միշտ էլ սխալ է որևէ երկրում տեղի ունեցող իրադարձությունները պարզապես նրա բնակիչների բնավորությամբ բացատրել: Քանի որ երկրիս բնակիչը առնվազն ինը բնավորություն ունի՝ մասնագիտական, ազգային, պետական, դասակարգային, աշխարհագրական, սեռային, գիտակցված, չգիտակցված և հավանաբար նաև մասնավոր մեկը. նա այդ ամենն իր մեջ է միավորում, բայց վերջիններս տարրալուծում են նրան, և նա, իրականում, ըստ էության ոչ այլ ինչ է, քան մի փոքրիկ, այդ բազմաթիվ առվակներով ողողված գոգավորություն, ուր սողոսկում են նրանք և որտեղից շարունակում են դուրս հոսել, որպեսզի այլ առվակների հետ համատեղ մեկ ուրիշ փոս լցնեն: Այդ պատճառով էլ երկրիս յուրաքանչյուր բնակիչ նաև մի տասներորդ բնավորություն ունի, և այդ բնավորությունն այլ բան չէ, քան չլցված տարածությունների կրավորական երևակայախաղ. այն մարդուս թույլ է տալիս ամեն ինչ՝ բացի մի բանից. լուրջ ընդունել այն, ինչ անում են իր մյուս առնվազն ինը բնավորությունները և ինչ տեղի է ունենում նրանց հետ, այսպիսով՝ այլ կերպ ասած հենց այն, ինչը պետք է լցներ նրան: Այդ, պետք է խոստովանել, դժվարնկարագրելի տարածությունը Իտալիայում այլ կերպ է երանգավորված ու ձևավորված, քան Անգլիայում, քանի որ այն, ինչը տարանջատված, հեռացված է նրանից, այլ գունավորում և կերպարանք ունի, սակայն, ամեն դեպքում, այս ու այնտեղ՝ նույն դատարկ, անտեսանելի տարածությունն է, որի ներսում ամփոփ իրականությունը նմանվում է երևակայությունից զուրկ մանրաքարե խորանարդիկներից կազմված մի քաղաքի:

Այնքանով, որքանով որ նման բանն, ընդհանրապես, բոլորի համար կարող է ակնհայտ դառնալ, դա հնարավոր էր միայն Կականիայում, ուստի Կականիան, առանց որ այդ մասին աշխարհիս իրազեկությանը, ամենաառաջադիմական պետությունն էր. այն մի պետություն էր, որը մի ինչ-որ հնարքով ինքն իր հետ հաշտ էր ապրում, նրանում մարդս ժխտական իմաստով ազատ էր՝ մշտապես այն զգացողությամբ տոգորված, թե չկան բավարար հիմքեր սեփական գոյությանդ համար՝ տեղի չունեցածի, չկատարվածի մեծագույն երևակայությամբ, կամ էլ՝ ո՛չ մեկընդմիշտ տեղի ունեցածի, որ ողողում էր քեզ, ինչպես օվկիանոսների շնչառությունը, որից մարդկությունն է ծնունդ առել:

Դե°, պատահեց, ասում էին այնտեղ, երբ ուրիշ մարդիկ, այլ վայրերում, ենթադրում էին, թե միայն հրաշքով կարելի էր պատահարը բացատրել. դա մի խիստ ինքնատիպ, ուրիշ ոչ մի գերմանական կամ այլ լեզուներում չհանդիպող արտահայտություն էր, որի հագագահունչ շնչառության մեջ փաստերն ու ճակատագրի հարվածներն այնպես փափուկ ու թեթև էին դառնում, ինչպես նրբափետուրներն ու մտքերը: Այո՛, չնայած այն շատուշատ հանգամանքներին, որ հակառակն էին ապացուցում, Կականիան, համենայնդեպս, գուցե հանճարների երկիր էր, և թերևս հենց այդ պատճառով էլ այն կործանվեց:

 

9

Նշանավոր մարդ դառնալու երեք փորձերից առաջինը

 

Այդ մարդը, որ տուն էր վերադարձել, չէր կարող հիշել իր կյանքի մի այնպիսի ժամանակաշրջան, որը ոգեշնչված չլիներ նշանավոր մարդ դառնալու ցանկությամբ. Ուլրիխը, պետք է կարծել, հենց միայն այդ ցանկությամբ էլ ծնվել էր: Ճիշտ է նաև, որ նման անտեղիտալի ցանկությունը փառամոլության և հիմարամտության մասին կարող է նաև վկայել: Եվ սակայն, պակաս ճշմարիտ չէ նաև, որ այն մի շատ գեղեցիկ ու ճշմարիտ ձգտում է, առանց որի աշխարհիս երեսին հավանաբար ոչ այնքան շատ նշանավոր մարդիկ կլինեին:

Ճակատագրական դժբախտությունն այն է միայն, որ նա ոչ գիտեր, թե ինչպես այդպիսին դառնալ, ոչ էլ` թե ինչ ասել է նշանավոր մարդ: Դպրոցական հասակում նա այդպիսին Նապոլեոնին էր համարում: Մասամբ դա բացատրվում էր պատանիների շրջանում ոճրագործության հանդեպ հույժ բնական հիացական վերաբերմունքով, մասամբ էլ` քանի որ ուսուցչական անձնակազմը ամենայն հստակությամբ մատնանշում էր հենց այդ բռնակալին, որը փորձել էր Եվրոպան գլխիվայր շրջել, որպես մարդկության պատմության մեծագույն չարագործի: Դրա արդյունքը եղավ այն, որ Ուլրիխը, դպրոցի հետ հաշիվները մաքրելուն պես, դարձավ հեծելազորային գնդի ենթասպա: Հավանաբար նա այն ժամանակ, հարցին, թե ինչու ընտրեց հենց ա՛յդ մասնագիտությունը, այլևս այնպես չէր պատասխանի, թե` բռնակալ դառնալու համար: Սակայն նման ցանկությունները ճիզվիտներ են: Նապոլեոնի հանճարը զարգանալ սկսեց այն բանից հետո միայն, երբ նա գեներալ դարձավ, և ինչպե՞ս կարող էր Ուլրիխը, ենթասպա լինելով, համոզել իր գնդի հրամանատարին իր այդ պայմանի անհրաժեշտության մասին: Արդեն հեծելազորային զորավարժությունների ընթացքում ոչ հազվադեպ էր բացահայտվում, որ գնդապետն այլ կարծիքի էր, քան ինքը: Համենայնդեպս Ուլրիխը չէր անիծի զորավարժանքների հրապարակը, որի խաղաղ մակերևույթին հնարավոր չէր տարբերել ինքնահավանությունը կոչվածությունից, եթե այդքան պատվախնդիր չլիներ: ՙԺողովրդին զենքով դաստիարակելու մասին՚ խաղաղասիրականների լեզվական արտահայտություններին նա այն ժամանակ որևէ նշանակություն չէր տալիս, այլ լիուլի համակված էր հերոսականության ոգու` ռազմական բարեկամության, բռնության և հպարտության դրսևորումների մասին հիշատակություններով: Նա մասնակցում էր ձիարշավների, մենամարտում էր սրա-նրա հետ և մարդկանց միայն երեք տարատեսակ էր տարբերակում. սպաներ, կանայք և քաղաքացիական անձինք. վերջիններս ֆիզիկապես թերզարգացած, հոգեմտավոր կարողությունների առումով արգահատելի մի դասակարգ էին ներկայացնում, որոնց կանաք ու աղջիկները սպաների կողմից որսացու էին ծառայում: Նա անձնատուր էր եղել հիասքանչ հոռետեսությանը. նրան թվում էր, որ քանզի զինվորի մասնագիտությունը մի ինչ-որ սուր ու հրաբորբոք գործիք էր, ուրեմն և այդ գործիքով հարկավոր է վառել ու պատառոտել աշխարհը` ի բարօրություն հենց այդ նույն աշխարհի:

Չնայած, ի բարեբախտություն իրեն, այդ ընթացքում իր հետ ոչ մի անախորժություն տեղի չունեցավ, օրերից մի օր, սակայն, նա մի հայտնագործություն արեց: Հավաքույթներից մեկի ժամանակ մի փոքրիկ թյուրիմացություն տեղի ունեցավ իր մի ծանոթ ֆինանսիստի հետ, որը նա ուզում էր հարթել իր համար շատ սովորական տպավորիչ եղանակով, սակայն պարզվեց, որ քաղաքացիական հասարակության մեջ էլ կան տղամարդիկ, որոնք ընդունակ են պաշտպան կանգնելու իրենց ընտանիքի կին անդամների պատվին: Ֆինանսիստը զրույց ունեցավ ռազմական նախարարի հետ, որին նա անձամբ էր ճանաչում, և հետևանքն այն եղավ, որ Ուլրիխը երկարատև խոսակցություն ունեցավ իր գնդապետի հետ, որի ընթացքում նրան պարզաբանվեց էրցհերցոգի և սովորական սպայի միջև տարբերությունը: Այդ պահից ի վեր նրան այլևս ուրախություն չէր պատճառում ռազմիկի մասնագիտությունը: Նա սպասում էր, որ ոտք կդնի աշխարհացունց արկածախնդրությունների բենահարթակը, և հանկարծ ականատեսն եղավ այն բանի, թե ինչպես էր լայնարձակ ու ամայի հրապարակում հաբած մի երիտասարդ ձայնը գլուխը գցել, որին լոկ քարերն էին պատասխանում: Հասկանալով դա, նա հրաժեշտ տվեց այդ անշնորհակալ ասպարեզին, ուր միայն վերջերս էր նրան շնորհվել լեյտենանտի աստիճանը, և լքեց ծառայությունը:

 

Չորրորդ մասն այստեղ

Թարգմանությունը՝ Աշոտ Ալեքսանյանի

Share

Կարծիքներ

կարծիք