Մարդն առանց հատկությունների II

Հեղինակ:

20150503130736929

Առաջին մասը այստեղ

 

5

Ուլրիխ

 

Առանց հատկությունների մարդը, ում մասին այստեղ պատմվում է, կոչվում էր Ուլրիխ, և Ուլրիխը – հաճելի չէ ամեն անգամ անունով կոչել որևէ մեկին, ում հետ դեռևս շատ թռուցիկ ես ծանոթ, սակայն նրա ազգանունը՝ իր հոր հանդեպ պատկառանքից դրդված՝ հարկ ենք համարում լռության մատնել – իր մտածողության յուրահատուկ կերպի առաջին օրինակը ցույց տվեց արդեն իսկ մանկական հասակից պատանեկությանն անցնելու սահմանագծին՝ հայրենասիրության գաղափարն արծարծող դպրոցական իր մի շարադրության մեջ: Հայրենասիրությունը Ավստրիայում խիստ առանձնահատուկ առարկա էր: Քանզի գերմանացի երեխաներն, օրինակ, պարզապես ուսանում էին արհամարել ավստրիացի երեխաների պատերազմները, և նրանց ուսուցանում էին, թե ֆրանսիացի երեխաները խեղճուկրակ անառակաբարոների թոռներն են, որ հազարներով փախչում են իրենց մոտեցող գերմանացի երկրապահ զինվորի տեսքից, մանավանդ երկարամորուս արտաքինով: Դերերի դրափոխությամբ, ապա թե ցանկալի փոփոխություններով՝ բացառապես նույն բանն էին սովորում նույնքան հաճախակի հաղթանակած ֆրանսիացի, ռուս ու անգլիացի երեխաները: Իսկ երեխաները պարծենկոտ են, սիրում են խաղալ ավազակի ու ոստիկանի խաղը և մշտապես պատրաստ են մեծ X-փողոցի Y ընտանիքը, եթե իրենք պատահաբար նրան են պատկանում, աշխարհի ամենագլխավոր ընտանիքը համարել: Հետևաբար նրանց շատ հեշտ է հայրենասիրությամբ վարակել: Ավստրիայում, սակայն, դա փոքր-ինչ ավելի բարդ էր: Քանի որ պատմության ընթացքում իրենց վարած բոլոր պատերազմներում ավստրիացիները թեև հաղթել են, սակայն այդ պատերազմների մեծամասնության արդյունքում մշտապես ինչ-որ բան ստիպված են եղել զիջել: Դա միտքը մշտարթուն է պահում, և Ուլրիխը, հայրենասիրության թեմայով իր շարադրության մեջ, գրել էր, թե իսկական հայրենասերը երբեք չպետք է իր հայրենիքը լավագույնը համարի: Ավելին, իր վրա իջած պայծառատեսության պահին, որն իրեն որպես առանձնահատուկ գեղեցկություն էր պատկերանում, թեև ինքը ավելի շուտ կուրացած էր նրա փայլից, հասկանալու համար, թե ինչ էր տեղի ունենում իր աչքերի առաջ, նա այդ կասկածելի նախադասությանն ավելացրեց երկրորդը ևս, թե, հավանաբար, Աստված ինքն էլ նախընտրում է իր արարչագործած աշխարհի մասին խոսել Conjunctivus potentialis  եղանակով (hic dixerit quispiam = այստեղ կարելի է առարկել), քանի որ Աստված արարում է աշխարհը, ընդսմին` մտածելով, որ այն կարող էր և այլ կերպ լինել: Ուլրիխը չափազանց հպարտ էր այդ նախադասության համար, սակայն, նա գուցե այնքան էլ հասկանալի չէր արտահայտվել, որովհետև մեծ աղմուկ-աղաղակ բարձրացավ և քիչ էր մնում նրան դպրոցից հեռացնեին, չնայած այդպես էլ որևէ որոշում չկայացվեց, քանի որ չէին կարողանում կողմնորոշվել, թե արդյոք նրա այդ հանդուգն դիտարկումը պետք էր հայրենիքի հանդեպ հանդիմանությու՞ն համարել, թե՞ աստվածանարգություն: Այն ժամանակ նա դաստիարակվում էր համբավավոր Թերեզիանական արքունական վարժարանում, որը պետությանը մատակարարում էր ամենաազնվակարգ հերթափոխով, իսկ նրա հայրը, զայրացած այն ամոթանքից, որի մեջ հայտնվել էր իր ճյուղից հեռու ընկած խնձորի պատճառով, Ուլրիխին օտարության ուղարկեց, մի փոքրիկ բելգիական կրթական հաստատություն, որը գտնվում էր կորած-մոլորված մի քաղաքում, ղեկավարվում էր խելամիտ առևտրական հմտություններով, և, թեև ցածր գնային քաղաքականությանը, մեծագույն եկամտաբերությամբ էր աշխատում՝ ի հաշիվ ճանապարհից շեղված աշակերտներից գանձվող տուգանքացուցակի: Այնտեղ Ուլրիխը սովորեց ուրիշների իդեալների հանդեպ իր արհամարանքին միջազգային հնչեղություն հաղորդել:

Այն ժամանակվանից անցել էին տասնվեց կամ տասնյոթ տարիներ՝ ինչպես քամուց քշվող երկնքի ամպերը: Ուլրիխը ո՛չ ցավում էր նրանց համար, ո՛չ էլ առանձնապես հպարտ էր դրանց առթիվ, իր կյանքի երեսուներեքերորդ տարում նա միայն զարմացքով նայում էր նրանց հետևից: Այդ ընթացքում նա շատ վայրերում էր եղել, երբեմն էլ՝ կարճ ժամկետով հայտնվում էր իր հայրենիքում,  ամենուրեք զբաղվելով ինչպես արժանավոր, այնպես էլ` դատարկ բաներով: Արդեն ակնարկվել է այն մասին, որ նա մաթեմատիկոս էր, և այդ մասին չարժե թերևս ավելին ասել, քանզի ցանկացած մասնագիտական բնագավառում, որին եթե անգամ փողի համար չես ծառայում, այլ սիրուց դրդված, գալիս է մի պահ, երբ թվում է, թե տարիների անցնելուն հետ ոչինչ չի կատարվում: Այն բանից հետո, երբ այդ պահը շատ երկարաձգվեց, Ուլրիխը մտաբերեց, որ հայրենիքին վերագրում են խորհրդավոր մի հատկություն, թե այն ի զորու է անուրջներն արմատավորելու և պարարտ հողի մեջ դնելու, և նա փոխադրվեց այնտեղ պանդուխտի զգացողությամբ, որը հավերժապես նստած է մնում նույն նստարանին, թեև նախազգում է, որ ահա՛ ուր որ է վեր է կենալու:

Երբ նա այդ ընթացքում իր տունն էր կարգի գցում, ինչպես Աստվածաշունչն է ասում, նա մի հայտնություն կատարեց, որին, ըստ էության, սպասում էր: Նա իրեն դրեց մի հաճելի վիճակի մեջ՝ իր ձեռք բերած բարձիթողի, փոքրիկ սեփականությունը զրոյական մակարդակից վերանորոգել ըստ իր ցանկության: Սկսած զուտ ոճական վերանորո•ումից` մինչև լիակատար աննրբազգացությունը, բոլոր այդ սկզբունքներն իր տրամադրության տակ էին, նույնպես և՝ բոլոր ոճերը, սկսած ասորականից մինչև կուբիստականը, հարկ էր որ նա ընտրություն կատարեր: Որ մեկի վրա, սակայն, պետք է իր ընտրությունը կանգներ: Ժամանակակից մարդը ծնվում է հիվանդանոցում և մահանում է հիվանդանոցում. ուրեմն նա պետք է որ նաև ասես հիվանդանոցում էլ ապրելիս լինի: Այդ միտքը վերջերս հռչակվել էր նշանավոր մի ճարտարապետի կողմից, իսկ մեկ ուրիշ ներքին հարդարման բարեփոխիչ պահանջում էր բնակարաններում շարժական պատեր կառուցել, այն հիմնավորմամբ, որ մարդս մարդու հետ միասին ապրելով պետք է սովորի վստահել նրան և չպետք է առանձնանա նրանից ու ինքն իր մեջ ամփոփվի: Հենց այն ժամանակ էլ սկիզբ էր առել նոր ժամանակը (քանի որ նա՛ է արարում յուրաքանչյուր ակնթարթը), իսկ նոր ժամանակը պահանջ է դնում նոր ոճի: Ի երջանկություն Ուլրիխի` փոքրիկ դղյակը, ինչպիսին ժամանակին այն ներկայացավ իրեն, արդեն իսկ երեք ոճեր էր իր մեջ կրում՝ իրարու մեջ ագուցված, այնպես որ նրա հետ իսկապես էլ կարելի չէր անել այն, ինչ պահանջվում էր, այնուհանդերձ, Ուլրիխն իրեն զգում էր խիստ հուզագրգիռ վիճակում՝ դրդված այն պատասխանատվությունից, որ իր վրա էր դրված տան կառուցապատման պատճառով, և սպառնալիքը՝ «ասա՛ ինչպես և որտեղ ես դու ապրում և ես կասեմ քեզ, թե ով ես դու», որը նա հաճախակի էր կարդացել արվեստագիտական ամսագրերում, կախված էր նրա գլխավերևում: Այդ ամսագրերի խորազնին ուսումնասիրության արդյունքում նա եկավ այն եզրակացությանը, որ ավելի լավ է ինքն իր ձեռքը վերցնի իր իսկ անձնավորության կազմավորման գործը և սկսեց իր ապագա կահույքը սեփական ձեռքով նախագծել: Բայց հենց որ նա որևիցե տպավորիչ ու ցնցող  կաղապար էր հղանում, նրան այցելում էր այն միտքը, որ դրա փոխարեն նույն հաջողությամբ կարելի էր տեխնիկապես ավելի պարզ ու ժլատ լուծում գտնել, իսկ երբ պատահում էր, որ նա` սեփական ուժի ծանրության տակ կքած, որևէ երկաթբետոնյա կաղապար էր նախագծած լինում, նրա հիշողության մեջ արթնանում էին վաղ գարնան պես լղարիկ կաղապարները տասներեքամյա մի աղջնակի և սկսում էր երազել՝ փոխանակ վճիռ կայացնելու:

Դա հենց այն նույն` իրեն լրջորեն այնքան էլ չհետաքրքրող հարցն էր, գաղափարների այն հայտնի անկապակցվածությունը և նրանց ընդարձակումը՝ առանց միջնակետի, որոնք հատկանշական են ժամանակակից կյանքի համար, և կազմում են նրա յուրատեսակ թվաբանությունը, հարյուրից դեպի հազարավորները ցատկող, առանց որ միավորումն ունենալու: Վերջիվերջո նա հորինաստեղծում էր ընդհանրապես միայն անիրականանալի սենյակային լուծումներ, պտտվող սենյակներ, գեղադիտակային կառույցներ, հոգու համար կերպափոխիչ ձևակառույցներ, և նրա մտահղացումները գնալով ավելի ու ավելի բովանդակազուրկ էին դառնում:  Այստեղ նա վերջապես հասավ այն կետին, որին նա ներքուստ ձգտում էր: Նրա հայրը դա մոտավորապես հետևյալ կերպ  կարտահայտեր. եթե մարդս անում է այն, ինչ ուզում է, ապա նա շուտով հոգեկան խռովքից դրդված գլուխը կկորցնի: Կամ էլ այսպես. Նա, ով անում է ամեն ինչ, ինչ իր խելքին փչում է, նա շուտով կդադարի գիտակցել, թե ինչ է իսկապես իր ուզածը: Ուլրիխը մտմտալով կրկնում էր դա մեծագույն բավականության զգացումով: Այդ հնաբույր իմաստնությունը նրան պատկերացավ որպես բացառապես նորահայտ գաղափար: Մարդուս պետք է իր բոլոր հնարավորություններում, ծրագրերում և զգացմունքներում նեղ դրության մեջ դնել ի հաշիվ ամեն տեսակ կանխակալ դատողությունների, նախապաշարմունքների, ավանդույթների, դժվարությունների ու սահմանափակումների միջոցով, ինչպես խեղկատակին զսպաշապիկ հագցնելով, և միայն այդժամ այն, ինչը նա ընդունակ է ստեղծելու, գուցե թե կարող է արժեք, հասունություն և ամրություն ձեռք բերել: Իրոք դժվար է, եթե չասենք՝ անհնարին, գուշակել, թե ինչ է նշանակում այդ միտքը… Այսպիսով առանց հատկությունների մարդը, հայրենիք վերադառնալով, նաև երկրորդ քայլը կատարեց, որպեսզի իրեն ենթարկեցնի արտաքին ազդեցության կենսակազմակերպիչ պարագաներին, իր խորհրդածությունների այս կետում նա իր տան կառուցապատումը պարզապես հանձնեց իր մատակարարների հանճարին, այն ամուր համոզվածությամբ, որ նրանք, վստահաբար, իրենք էլ հոգ կտանեն ավանդույթի, նախապաշարումների ու սահմանափակման մասին: Իր կողմից նա պարզապես թարմացրեց հին գծերը, որ անցյալից էին մնացել, եղջերուի սևաթույր եղջյուրները՝ փոքրիկ սրահի ճերմակաթույր կամարների ներքո կամ սալոնի հարթ առաստաղը, իսկ մնացյալ հարցերում այնպիսի հավելումներ կատարեց, որ իրեն նպատակահարմար ու հարմարավետ թվաց:

Երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր, նա իրավունք ուներ թոթվելու գլուխը և ինքն իրեն հարցնելու. ա՞յս է, ասել է թե, այն կյանքը, որ իմն է դառնալու… Դա մի սքանչելի փոքրիկ պալատ էր, այն, ինչը իրեն էր պատկանում, այդ տունը թերևս հարկ է հենց այդպես էլ կոչել, քանի որ այն հենց այդպիսին էլ կար, ինչպիսին որ մարդիկ պատկերացնում են դրանք, մի նրբաճաշակ նստավայր՝ բարձրաշխարհիկ անձնավորությանը վայել, ինչպիսին այն պատկերացվում էր կահույքի, գորգերի և կահ-կարասի տեղադող ընկերությունների կողմից, որ առաջատար դիրք էին գրավում իրենց բնագավառներում: Միայն այն շլացուցիչ ժամացույցի մեխանիզմը հնարավոր չեղավ ոչ մի կերպ գործի գցել, այլապես տեղ ու դադար չէր լինելու բարձրաստիճան պաշտոնյաների ու ազնվաշխարհիկ տիկնանց տեղափոխող հանրակառքերից, սպասավորները ցած կթռչեին մատուցասանդուղքներից և անվստահ կհարցնեին Ուլրիխին. «Բարի՛ մարդ, ու՞ր է քո տերը»:

Նա լուսնից էր վերադարձել և անմիջապես էլ, ասես լուսնի հարևանությամբ, վերստին իր տեղը գտավ:

 

 

6

Լեոնա կամ հեռանկարի տեղաշարժ

 

Երբ մարդ տունն է կարգի գցում, պետք է նաև մեկին կնության առնի: Այն օրերի Ուլրիխի ընկերուհուն կոչում էին Լեոնտինե, որ երգչուհի էր մի փոքրիկ վարիետեում, նա բարձրահասակ էր, կառուցիկ ու լիքը, ծայրաստիճան գրավիչ ու անկյանք, և Ուլրիխը նրան անվանում էր Լեոնա:

Նա Ուլրիխի ուշադրությունը գրավեց իր աչքերի խոնավ մգությամբ, իր կանոնավոր, գեղեցիկ, երկարուկ դեմքի ցավատանջ կրքոտության արտահայտությամբ և այն զգայացունց երգերով, որոնք նա հնչեցնում էր անբարեվայելուչների փոխարեն: Բոլոր այդ հնաոճ ու կարճառոտ երգերի բովանդակությունն էին կազմում սերը, տառապանքը, հավատարմությունը, լքվածության զգացումը, անտառի աղմուկը և կարմրախայտի թեփուկափայլը: Ամբողջ հասակով և մինչև ուղնուծուծը լքված մեկի կերպարանքով՝ կանգնում էր Լեոնան փոքրիկ բեմահարթակին և ամենայն համբերատարությամբ, տնային տնտեսուհու ձայնով, երգում էր դրանք ունկնդիր հասարակությանը, և երբ այդ ընթացքում մեկ-մեկ պատահում էին բարոյական առումով ուշադրություն հրավիրող մասեր, ապա դրանք ծայրաստիճան անկյանք ու ուրվականային տպավորություն էին գործում, քանի որ այդ աղջիկը` ինչպես ողբերգական, այնպես էլ սրտի զավեշալի զգացումները հրամցնում էր միանման, ջանադրաբար սերտած շարժուձևերով: Ուլրիխին դա անմիջապես հիշեցրեց այն հնամենի լուսանկարները կամ գերմանական ընտանեկան ալբոմներում խնամքով պահ տված վաղուց անցած-գնացած տարիների գեղեցկուհիների նկարները, և մինչ նա կխորհրդածեր այդ կնոջ դեմքի առնչությամբ, նա այնտեղ մի ամբողջ շարք մանրումեծ գծեր հայտնաբերեց, որոնք բնավ չէին կարող իրական լինել և, սակայն, այդ դեմքն էին բաղադրում: Անշուշտ բոլոր ժամանակներում էլ կան հայացքների ամեն տեսակ բազմաձևությունները, սակայն ժամանակի ճաշակը դրանցից միայն մեկն է առանձնացնում, բարձրացնելով այն երջանկավետության ու գեղեցկության պատվանդանին, մինչդեռ բոլոր մյուս դեմքերը ջանում են նմանվելու հենց այդ տարատեսակին: Նույնիսկ տգեղներին է դա հաջողվում՝ շնորհիվ համապատասխան սանրվածքի ու նորաձևության, և միայն տարօրինակ հաջողությունների հավակնող ա՛յն դեմքերին դա ամենևին չի հաջողվում, որոնցում իր արտահայտությունն է գտնում անցած ժամանակների արքայավայել ու անցած-գնացած գեղեցկության իդեալը, առանց դույզն-ինչ զիջողականության նշույլի: Նման դեմքերը թափառում են նախկին ըղձատենչումի դիակների հանգույն՝ սիրատածության խաղի մեծահսկա իմաստազուրկ դատարկության մեջ, և տղամարդիկ, որ աչք էին ածում Լեոնտինեի երգեցողության ձանձրալի հեռաստանին, չիմանալով, թե ինչ է կատարվում իրենց հետ, նրանց քթանցքները դողդողում էին բոլորովին այլ զգացմունքներից, քան որ պստլիկ, հանդուգն երգչուհիների տանգոյին հարմարեցված սանրվածքը կարող էր պատճառել: Հենց այդ պահին էլ Ուլրիխը որոշեց նրան Լեոնա անվանակոչել, և նրան տիրապետելու ձգտումն իրեն թվաց նույնքան ցանկալի, որքան կաշեգործարանում մշակված հսկայամեծ առյուծամորթուն տիրանալը:

Իսկ այն բանից հետո, երբ նրանց ծանոթությունը սկիզբ էր առել, Լեոնան ոչ ժամանակակից մի հատկություն ևս զարգացրեց, նա սարսափելիության աստիճան շատակեր էր, և դա մի արատ էր, որի հանդեպ բարձրագույն մակարդակով գիտելիքների տիրապետումը վաղուց արդեն դուրս էր եկել նորաձևությունների ոլորտից: Ըստ իր ծագման` դա թանկարժեք քաղցրավենիքի հանդեպ ընչազուրկ մանկան ի վերջո ազատություն ստացած կիրքն էր, իսկ այժմ այն տեսլականի ուժ էր ստացել, վերջապես պատռել էր ճաղավանդակը և իշխանություն նվաճել: Նրա հայրը պետք է, որ պատվարժան մանր քաղքենի եղած լիներ, ով ամեն անգամ քոթակում էր նրան, երբ նա իր հերթական երկրպագուն էր ձեռք գցում: Բայց նա դա անում էր սոսկ այն պատճառով, որովհետև մեծագույն հաճույքով սիրում էր նստել որևէ փոքրիկ հրուշակեղենի խանութի պարտեզում և, երևելի կեցվածք ընդունած` անցնող-դարձողներին հայացք գցելով, գդալով իր պաղպաղակն անուշ աներ: Ճիշտ է նաև, որ չի կարելի հաստատապես պնդել, թե նա անզգայուն մեկն էր, բայց քանի դեռ թույլատրելիի սահմանը չենք անցում, կարելի է ասել, որ ինչպես մնացած բոլոր հարցերում, այնպես էլ այս հարցում նա բավական ծույլ էր և աշխատելու համար ուշքը չէր գնում: Նրա հսկայածավալ մարմնում յուրաքանչյուր գրգիռի համար զարմանալիորեն երկար ժամանակ էր պահանջվում, որպեսզի ուղեղին հասներ, և պատահում էր, որ օրվա կեսին նրա աչքերը, առանց պատճառի, սկսում էրն սմքել, թալկանալ, իսկ գիշերները անշարժ գամվում էին սենյակի առաստաղի մի կետին, ասես այնտեղ ճանճին ուշիուշով զննելիս լինեին: Նույն կերպ էլ երբեմն նա կարող էր կատարյալ լռության մեջ քրքջոցը կապել որևէ կատակի առիթով, որ հիմա էր միայն հասանելի դառել իրեն, որը սակայն նա օրեր առաջ էր լսել, առանց իմաստը հասկանալու: Եթե նա հատուկ պատճառ չէր ունենում հակառակության համար, այդժամ նա միանգամայն կարգին էր իրեն պահում: Թե ինչպես էր նա ընդհանրապես իր այս մասնագիտությանը եկել, երբեք հնարավոր չէր նրանից դուրս կորզել: Ըստ երևույթին ինքն էլ դա այնքան լավ չէր պատկերացնում: Հնարավոր եղավ պարզել միայն, որ երգերի կատարումը նա կյանքի անհրաժեշտ բաղկացուցիչն էր համարում և բոլոր վեհ գաղափարները, որ երբևէ լսել էր արվեստի ու արվեստագետների մասին, նրա հետ էր կապում, և այդ պատճառով նրան շատ ճիշտ էր թվում, նաև կրթա-դաստիարակչական տեսակետից, ու նաև առաքինի, ամեն երեկո բարձրանալ ծխախատի ծխի մեջ կորած պստլիկ բեմի վրա և երգեր կատարել, որոնց հոգեպարար ազդեցությունը վիճարկման ենթակա խնդիր չէր: Բնականաբար, երբեմն-երբեմն նա չնկատելու պես հնչեցնում էր երգերի խոսքերում հանդիպող անպատշաճությունները, որպես թե բարեվայելչությունն հաստատագրելու անկեղծ մղումով, այն հաստատ համոզվածությամբ, որ կայսերական օպերայի առաջին երգչուհին ճիշտ նույն բանն էր անում, ինչ և ինքը:

Անշուշտ, եթե անպայմանորեն դա պետք է պոռնկություն անվանել, երբ մի մարդ փողի դիմաց տալիս է ոչ այն, ինչպես սովորաբար լինում է, իր անձն ամբողջությամբ, այլ միայն իր մարմինը, ապա ուրեմն ժամանակ առ ժամանակ Լեոնան պոռնկությամբ էր զբաղվում: Բայց եթե ինը տարիների ընթացքում, տասնվեց տարեկանից սկսած, երբ իրեն ճանաչելի դարձավ օրավարձի սակավությունը, որ վճարվում էր երգեցողությամբ ուղեկցվող ամենացածրակարգ պանդոկներում, գլխում մտապահած ունենալով արդուզարդի առարկաների ու սպիտակեղենի գները, վարձավճարի պահումները, սեփականատերերի ժլատությունն ու կամայականությունները, գինովցած հյուրերի կերած-խմածի դիմաց գանձվող սպասարկման տոկոսները, ինչպես և հարևանությամբ գտնվող հյուրանոցի սենյակի հաշիվը, եթե ամեն օր գործ ունենաս այդ ամենի հետ, դրանց պատճառով վիճաբանությունների մեջ ընկնես և առևտրական հաշվենկատություն ու ջիղ դրսևորես, այդժամ այն, ինչով սիրողական մակարդակից վեր չկանգնածներն իբրև սանձարձակ շվայտության արտահայտություն էին հրճվում, դառնում է մասնագիտություն` լի տրամաբանությամբ, առարկայական նպատակադրմամբ ու դասակարգային օրենքներով: Քանզի պառնկությունն այնպիսի մի բան է, որի դեպքում մեծ տարբերություն կա, թե դու վերևից ես նայում նրան, թե ներքևից:

Չնայած Լեոնան միանգամայն առարկայական պատկերացում էր հանդես բերում սեռական հարցի վերաբերյալ, բայց նա նաև իր ռոմանտիկան ուներ: Միայն թե ցանկացած հափշտակություն, ամենայն փառամոլություն, մսխողություն, այնպիսի զգացմունքներ, ինչպես` հպարտությունը, նախանձը, վավաշոտությունը, կծծիությունը, նվիրվածությունը, կարճ` անձնավորության կայացման ու հասարակության մեջ հաջողակության շարժիչ ուժերը, բնական ընտրությամբ, նրա մեջ կապված էին ոչ թե այսպես կոչված սրտի հետ, այլ tractatus abdominalis-ի` մարսողական տրակտի, որի հետ, ի դեպ ասած, սովորաբար նախկին ժամանակներում էին կապվում, ինչն այսօր էլ դեռ կարելի է դիտել պարզունակ վայրենիների կամ զեխ գինարբուքների անձնատուր գյուղացիների պահվածքում, ովքեր հաջողացնում են զ•ացմունքների առաքինությունն ու մնացած ամեն ինչ, որ բնութագրում է մարդուն, արտահայտել տոնական ճաշկերույթների միջոցով, որի ընթացքում մարդս հանդիսավորապես և բոլոր տեսակի ուղեկցող երևույթներով` ուտելուց պայթում է: Պանդոկների սեղանիկների հետևում Լեոնան իր պարտականություններն էր կատարում, բայց այն, ինչի մասին նա մտածում էր, մի ասպետ էր, որի հետ միառժամանակ կապվելը` վարձահրավերների հեռահաշվարկով, իրեն կազատեր իր այդ պարտականություններից և թույլ կտար նրան բարեկիրթ կեցվածքով նստելու բարեկրթորեն կազմված ճաշացուցակի առաջ` բարեհամբավ ռեստորանում: Այնժամ նա կնախընտրեր փորձել խոհանոցի բոլոր ճաշատեսակներից, բայց միաժամանակ նրան ցավալիորեն-հակասական բավականություն էր պատճառում իրեն ընձեռված հնարավորությունը` ցուցադրելու համար, որ ինքը լավ գիտի, թե ինչպես պետք էր ընտրություն կատարել և ինչպես են կազմում լավագույն ճաշացուցակը: Միայն փոքրիկ աղանդերների առնչությամբ էր նա ի վիճակի ազատություն տալու իր երևակայությանը, և սովորաբար դրա վերջը հակառակ հերթականությամբ մատուցված մի երկրորդ և խիստ սննդարար ընթրիք էր լինում: Լեոնան սև սուրճով և գրգռիչ խմիչքների բազմությամբ վերականգնում էր իր տարողունակությունը և անակնկալ նորամուծություններով հմայում էր ինքզինքը այնքան ժամանակ, մինչև հագուրդ կտար իր կրքերին: Այդժամ նրա որովայնն այնքան շատ էր լցված բարեբանյալ ու նրբակիրթ համադամ կերակուրներով, որ հազիվ էր կարողանում չպայթել: Ծուլորեն, բայց հուրհրատող հայացքով, նա շուրջն էր նայում, և չնայած երբեք աչքի չէր ընկնում խոսելու ցանկությամբ, այդ հոգեվիճակում նա սիրում էր հետնահայաց դատողություննեով համեմել այն արժեքավոր ուտելիքները, որ ինքն անուշ էր արել:  Երբ նա արտաբերում էր Polmone Ո la Torlogna կամ` Խնձոր Ո la Melville, նա այնպես էր դրանք արտասանում, ինչպես եթե մեկ ուրիշը հատուկ դիտավորությամբ, բայց կարծես հենց այնպես, ասես ձեռի հետ հիշատակելիս լիներ, որ ինքը զրուցել էր մի իշխանի կամ լորդի հետ` նույն այդ անունները կրող:

Քանզի Լեոնայի հետ մարդամեջ դուրս գալը բոլորովին Ուլրիխի ճաշակով չէր, նրան կերակրելու գործը նա սովորաբար կազմակերպում էր իր տանը, ուր Լեոնան կարող էր ազատորեն քեֆ անել, ուտել-խմել եղջերուի պոզերի և նրբաոճ կահույքի ընկերակցությամբ: Բայց դա չէր բավարարում նրա հասարակական փառասիրությունը, և երբ չլսված-չտեսնված ուտեստեղեններով, որպիսիք միայն ճաշարանատերը կարող էր առաքել, առանց հատկությունների մարդը նրան դեպի անժուժկալությունն էր դրդում, վերջինս իրեն վիրավորված էր զգում` ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես այն կինը, որը նկատում է, որ իրեն ամենևին իր սրտի համար չեն սիրում: Նա գեղեցիկ էր և երգչուհի, նա կարիքը չուներ թաքնվելու, և ամեն երեկո նրան էին սևեռվում մի քանի տասնյակ տղամարդկանց տենչալից հայացքները, որ կարող էին հաստատել նրա իրավացիությունը: Այս մարդը, սակայն, որքան էլ ցանկություն ուներ առանձնանալու իր հետ, ընդունակ չէր նույնիսկ ասելու նրան. Տիրամայր Մարիամ, Լեոնա, քո այդ… երանություն է ինձ համար… և իրեն տեսնելուն պես ախորժաբեր մղումով բեղերը լիզել, ինչին ինքը սովոր էր տեսնել իր ասպետների միջավայրում: Լեոնան դույզն-ինչ արհամարհում էր Ուլրիխին, չնայած նրա հանդեպ, բնականաբար, հավատարմություն էր հանդես բերում, և Ուլրիխը տեղյակ էր այդ մասին: Ուլրիխը հիանալի գիտեր, ի դեպ, թե ինչն էր ընդունված և ինչպես էր պետք ինքզինքը պահել Լեոնայի ընկերակցությամբ, բայց ժամանակները, երբ իր շրթունքներն ի զորու էին նման բան արտաբերել և երբ իր այդ շրթունքները բեղեր էին կրում, վաղուց արդեն անցել-գնացել էին: Իսկ երբ դու այլևս ընդունակ չես մի բանի, որ նախկինում ի զորու էիր անելու, թող որ դա նույնիսկ մեծագույն հիմարություն լիներ, ապա դա նույնն է, թե ձեռքերդ ու ոտքերդ կաթվածահար եղած լինեն: Նրա ակնախնձորակները դողդողում էին, երբ նա նայում էր իր ընկերուհուն, որի գլուխը կերակուրներով ու խմիչքներով էր լցվում: Կարելի էր նրա գեղեցկությունը զգուշորեն հեռացնել նրանից: Դա հերցոգուհու գեղեցկությունն էր, որ Շեֆֆելի Էքքեհարդը  վանքի շեմքով անցկացրեց, հեծյալ ասպետուհու գեղեցկությունը` ձեռնոցին թառած բազեով, գեղեցկությունը առասպելական կայսրուհի Եղիսաբեթի` վարսերի ծանր պսակով, գայթակղիչ գրավչությունը բոլոր այն մարդկանց, ովքեր վաղուց արդեն մահացել էին: Եթե ավելի ճշգրիտ արտահայտվելու լինենք, նա հիշեցնում էր նաև աստվածային Յունոնային, բայց ո՛չ այն հավերժականին ու անանցողիկին, այլ նրան, որ իր անունը այս անցած կամ անցնող դարաշրջանին էր տվել: Այսպիսով, կեցության երազանքը սոսկ ամենաթույլ ձևով  էր պատենավորում նրա բաղադրանյութը: Լեոնան սակայն գիտեր, որ ինչ-որ ձևով հարկ էր վարձահատույց լինել բարձրաշխարհիկ հրավերքի դիմաց, նույնիսկ եթե հյուրընկալողը որևէ ցանկություն չի արտահայտում, և որ չի կարելի պարզապես թույլ տալ հայացքով դարպասել քեզ: Այդ պատճառով նա տեղից վեր էր կենում, հենց որ վերստին ձեռք էր բերում այդ ընդունակությունը և սկսում էր, սառնարյուն հանգստությամբ, և սակայն` բարձր ձայնով, որքան թոքերում ուժ կար երգել: Իր ընկերոջը նման երեկոներն իբրև պատառոտված թերթոն էին պատկերանում, կենդանություն ստացած` զանազան հիշատակներից ու մտքի խաղերից, սակայն, ինչպես կապերը կտրած ամենայն բան, զմռսված և առլեցուն հավերժապես արձանացած այն բռնակալությամբ, ինչը կենդանի նկարների զարհուրելի գրավչությունն է կազմում, ուր կյանքն ասես հանկարծակի քնաբեր էր ընդունել և հիմա կանգ էր առել ու քարացել` լի ներքին կապակցումով, կտրուկ սահմանագծումներով և սակայն` ամբողջի մեջ սարսափելիորեն անհեթեթ:

 

Երրորդն մասն այստեղ

Թարգմանությունը՝ Աշոտ Ալեքսանյանի

Share

Կարծիքներ

կարծիք