Մայրուղի

Հեղինակ:

20152910152254928

Մայրուղին դեռ չէր տաքացել արևի առաջին ճառագայթներից: Առավոտյան այդ ժամին մեքենաները քիչ էին, ճանապարհը հանգստանում էր, գյուղացիները՝ կամաց-կամաց արթնանում:

Մառան, բարձրակրունկները ձեռքերում, ոտաբոբիկ, մոտեցավ տանը, մի քանի վայրկյան կանգնեց այդպես՝ գլուխը հենած դռանը: Ծեր կինը ետ տարավ դռան կողքի պատուհանի վարագույրը, տեսավ Մառային ու շուտ բացեց:

-Եկար, էլի հոգնա՞ծ… գոնե մի քիչ հարմար կոշիկ հագի, այ բալա,- ասաց ծեր կինը: Մառան շուրթերը մոտեցրեց, որ համբուրի ցածրահասակ կնոջ ճակատը, բայց ինչ-որ բան հիշեց. պարզապես գրկեց տատին ու լուռ առաջ գնաց:

-Մառա ջան, էդ փռում էդ գիշերային սմեններդ քեզ հալից կգցեն, բալա ջան, բան կուտե՞ս, թե՞ քնում ես,- ծեր կինը սեղանի վրա գցած սպիտակ սրբիչը ետ տարավ, սեղանի վրա երևացին թարմ կանաչի, պանիր ու մի քանի կտոր խաշած միս:

Մառան չնայեց սեղանի կողմը, պառկեց բազմոցին:

-Հիմա, հաց բերեմ, Մառա ջան… Մառա՞,- կողքի սենյակից բարձր սկսեց խոսել ծեր կինը,- ա՞յ Մառա… ասում եմ՝ գոնե հարմար կոշիկ հագնես, էդ կարճ շորերն էլ  հագնում ես, կմրսացնես քեզ, այ բալա… քո տարիքում ես գիտե՞ս ինչ տաք էի հագնում… դրա համար էլ երկու առողջ տղա ունեցա… օղորմածիկ հերդ ու հորեղբայրդ, որ պատերազմում չզոհվեին, հիմա դու էս գործին չէիր լինի… Մառա՞ ջան…,- ծեր կինը մտավ սենյակ ու տեսավ, որ Մառան քնել է, խնամքով ծածկեց թոռանը, սպիտակ սրբիչը նորից գցեց սեղանի ուտելիքի վրա ու դուրս եկավ՝ այգում նստելու:

Երևի ամբողջ գյուղում միայն Մառայի ծեր տատը չգիտեր, որ աղջիկը ոչ թե գյուղին կպած քաղաքի փռում է աշխատում, այլ ավելի մոտիկ: Մառայի աշխատանքը գիշերային չշտապող վարորդներին ու ուղևորներին կարճատև հաճույք պատճառելն էր: Մայրուղին մեծ էր, ուր ասես, որ չէր տանում մարդկանց այդ ճանապարհը, ու Մառան ամեն անգամ երազկոտ նայում էր շտապող մեքենաների հետևից: «Տեսնես ուր են գնում, ուր են շտապում, տեսնես մի օր ես էլ կգնա՞մ էս գրողի տարած գյուղից»,- մտածում էր նա: Գյուղում բոլորը գիտեին, բոլորը խուսափում էին նրանից, նույնիսկ Ռուզիկը. տատը ինչ ասես չէր ասում վերջինիս մասին.

-Աննամուսը էլ ազապ ու կնկատեր չթողեց, սաղի վրա նշան արեց, ամոթ դրան, ի՞նչ անենք, թե մարդը խոպանից չեկավ, ռուսով ընկավ, բա՞ նամուսը…

Ու Մառան վատ էր զգում թե՛ ինքն իրեն Մառայից բարձ դասող մեկի համար, թե՛ իր համար:

-Տատ, վերջացրու, չես իմանա, ով է ճիշտ ապրում, Ռուզիկը որ իմացավ մարդը ետ չի գալու, էնտեղ ընտանիք ունի, իրեն գետը գցեց, հազիվ մահից պրծավ:

-Հայ, հայ, Թումանյանի Անուշն էր, իրեն գետը գցեց, էն էլ էն ժամանակ, երբ էդ նույն գետում գյուղացիք Վարդավառ էին նշում,- հեգնում էր տատը, բայց Մառան չէր հանձնվում.

-Է, տատ, էդպիսի մահից պրծածները միշտ ավելին գիտեն, քան մենք, միշտ ավելի լավ գիտեն՝ ոնց պետք ա ապրել:

-Ես մի ապրելու ձև գիտեմ, բալա ջան, նամուսով ապրելն ա էդ ձևը,- ասում էր տատը, ու Մառան գլուխը կախում էր:

Գյուղի ջահել հարսները անհանգիստ էին. գյուղում Մառա կար՝ սիրուն էր, անբարո էր, դա էլ հերիք էր: Երեկոյան ուշ տուն եկող ամուսինների վերնաշապիկներից ուզում էին օտար օծանելիքի բույր որսալ կամ օձիքին՝ շրթներկի հետք, բայց իզուր, որովհետև Մառան գյուղից ոչ ոքի չէր սպասարկում:

Գյուղում բոլորը գիտեին Մառայի գործի մասին, բայց խնայում էին ծեր կնոջը, խղճում էին, ոչինչ չէին ասում: Ինքը տղաների մահից հետո սկսեց խուսափել հարևաններից, հարսի մահից հետո ընդհանրապես մեկուսացավ թոռան հետ, ու այն, որ վերջին շրջանում բոլորը սկսել էին խուսափել իրենցից, ծեր կինը չէր էլ նկատում: Վերին թաղերից Բակուրը մեկ-մեկ գալիս էր, տղամարդու գործ էր անում՝ փայտն էր ջարդում, այգու ավելորդ խոտն էր հնձում, ջարդված աթոռն էր սարքում ու բթացած դանակներն էր սրում: Բակուրը դա անում էր՝ անտեսելով մոր դժգոհությունն ու հարևանների աղջիկների ծուռ հայացքները: Մի օր ընկերների հետ խմում էին, Լևոնի գլուխը շատ էր տաքացել, հետաքրքրությունը իրենն արեց, ու սա Բակուրի ականջին կիսաձայն հարցրեց.

-Մառա՞ն ա գործիդ հախը տալիս:

Բակուրը կատաղած բարձրացավ տեղից, հավաքեց մանկության ընկերոջ օձիքն ու կխփեր, հաստատ կխփեր, եթե տղերքը մեջները չմտնեին: Ոչ ոք չիմացավ, թե ինչո՞ւ Բակուրն այդպես կատաղեց, ոչ ոք՝ Լևոնից բացի: Ու Լևոնը թաքուն քեն պահեց:

Բակուրը երեկոյան տուն հասավ ու այդ օրը հասկացավ, որ Մառային ուրիշ աչքով է նայում: Ինքն իր վրա կատաղեց, փրփրեց, իրեն չներեց, չհավատաց, բայց հաջորդ օրը՝ առավոտյան, տեսավ Մառային՝ բարձրակրունկները ձեռքերում, ոտաբոբիկ դռանը մոտենալիս, ու նրա ամուր սիրտը թուլացավ: Մի քանի օր անց ուշ երեկոյան ընկերների հետ նստած էր գյուղամիջում, երբ տեսավ, թե ինչպես է Մառան տանից դուրս գալիս ու բարձրակրունկներով անհարթ ճանապարհի վրա կոտրատվելով գնում դեպի մայրուղի: Բակուրը կատաղությունից կորցրեց իրեն, կարմրեց, ձեռքերն սկսեցին դողալ, Լևոնը նկատեց ու համոզվեց, որ ընկերոջ սիրտը կպել է Մառային:

Ասում էին՝ Մառան գյուղից ոչ ոքի չի սպասարկում, բայց Լևոնը շատ էր ինքնավստահ ու այդ երեկո գնաց Մառայի հետևից:

Բակուրը տուն գնաց ու չկարողացավ քնել, Ղարաշը՝ Բակուրի շունը, ամբողջ գիշեր ոռնաց: Ղարաշին Բակուրի հայրն էլ հանդ չէր տանում հետը, հովվին որձակ շուն էր պետք, իսկ այս շանը գայլերը մի տարի առաջ խեղճացրել էին: Հոտի համար կռիվ տալիս Ղարաշը վնասվել էր ու էդ օրից էլ էգի համ չէր տեսել:

-Էգ չունեցող շան դուխը կոտրված ա, սա ինձ էլ հույս չէ,- ասում էր Բակուրի հայրը, ու Ղարաշը Բակուրի հետևից էր ման գալիս:

Մի քանի օր անց Լևոնը գյուղի տղերքի բերանը գցեց, թե Մառան վատիկը չէ, որ իրենից փող էլ չի վերցրել: Նույն գիշերը Ղարաշը բնում խեղդել էր Լևոնի շանը:

-էս շան ուժը դեռ տեղն ա,- թաքուն հպարտանում էր Բակուրի հայրը:

Լևոնի պատմություններից համարձակություն ստացած գյուղից մի ջահել մի քանի օր հետո գնաց Մառայի մոտ, խոսք ու զրույց եղավ, ու պարզ դարձավ, որ Լևոնը սուտ է խոսել, որ Մառան ոնց առաջ, էնպես էլ հիմա գյուղից ոչ մեկին չի սպասարկում:

Մառայի մտքում միայն մի բան էր, փող հավաքել ու հեռանալ: Արդեն բավական փող ուներ: Իր հաշվարկով՝ մի երկու ամսից կարող էր վերցնել տատին ու տեղափոխվել այնպիսի մի տեղ, որտեղ իրեն չեն ճանաչում: Չգիտեր՝ տատին ոնց է համոզելու, ինչ է ասելու, բայց հավատում էր, որ երբ պահը գա, ճիշտ բառերը կգտնի: Մեկ-մեկ ցերեկները չէր քնում կամ շուտ էր արթնանում, ինքն էր գնում խանութ առևտուր անելու: Ինչ էլ հագնում էր, իր վրա ուրիշ էր երևում: Անունը դուրս էր եկել, ու հասարակ շորն էլ նրա հագին աչք էր ծակում: Եթե Մառան հագել է, ուրեմն գյուղում էլ ոչ մի աղջիկ էդպես չպետք է հագնվի: Մառան փողոցում իրեն նայողների միջով անցնում էր գլուխը բարձր: Ոչ նրա համար, որ հպարտ էր, այլ որ ուրիշները մտածեն, թե ինքը հպարտ է, որ իրեն գլուխը կախ չտեսնեն, որովհետև ընկած եզան վրա դանակավորը շատանում է: Շուկայում բամբասանք անող կանանցից ավելի վատ են գյուղամիջում նստած պարապ տղամարդիկ: Ու սկսում էին քչփչալ՝ բացի Զավենից: Զավենը ութսունն անց էր, գյուղի ամենածեր մարդկանցից մեկը: Մառան որ անցնում էր, Զավենը գլուխը կախում էր ու երբ խեթ նայում էր կողքիններին, քչփչոցները լռում էին:

Մառան արդեն քիչ-քիչ հավաքում էր իրեն անհրաժեշտ իրերը: Դրանք շատ չէին, միայն առաջին անհրաժեշտության մի քանի բան, մնացածը տեղում կգներ, թեև դեռ չգիտեր էլ, թե ուր է գնալու:

Բակուրը հերթական անգամ Մառայի տատի խնդրանքով եկել էր գերանդին սրելու: Ծեր կինը մածուն ու հաց բերեց Բակուրի համար ու երանությամբ ասաց.

-Բակուր ջան, Մառայիս քեզ նման մարդ ա պետք, աշխատասեր, լուրջ, շատ շնորքով տղա ես,- ասաց ու տուն մտավ՝ մտածելով, որ իր ուզածը նրբորեն ակնարկել է, հիմա սպասել է պետք: Մառայի տատը թոնրատան կտուրին ավել էր դնում, կարմիր շոր էր փռում լվացքի թոկից՝ իր իմացած բոլոր ձևերով ակնարկելով, որ տանը ջահել, մարդու տալու աղջիկ կա: Բակուրը, թե տատի խոսքերից ոգևորված, թե խանդից, մի երեկո Մառային կանգնեցրեց ճանապարհին:

-Բակուր, գործիդ գնա, ասել եմ, գյուղից ոչ մեկին…,- տեսավ Բակուրի հայացքն ու չշարունակեց:

-Մի գնա, էլ էդտեղ մի գնա, Մառա…

-Քո ի՞նչ գործն է

-Իմ գործն է, հենց իմ գործն է… մի գնա, մենակ իմը էղի… քո համար ամեն ինչ կանեմ, Մառա…

Մառան չհավատաց իր լսածին, մտածեց, որ Բակուրը իրեն ամուսնության առաջարկ է անում: Մի քանի վայրկյանում հասցրեց տեսնել իրենց փոքրիկ տունը, ծաղկած այգին, ոտաբոբիկ երեխաներին ու համատեղ երջանիկ ծերությունը:

-Մենակ քո՞նը լինեմ,- հարցրեց կասկածելով:

-Հա… հա, Մառա ջան, մենակ իմը… ես քեզ կապահովեմ ամեն ինչով… մենակ ես կգամ մոտդ, մենակ ինձ հետ կլինես… դու ու Անիկ տատը ոչ մի բանի կարիք չեք ունենա…

…Ու Մառայի գլխից հիմար թյուրիմացության նման ցնդեց իր ու Բակուրի համատեղ կյանքը, փոխարենը տեսավ իրեն արդեն պառաված, տեսավ, որ դեռ քչփչում են իր հետևից, որ կողքով անցնելիս Բակուրի կինը իրեն խեթ է նայում…

Ոչինչ չասաց, թեքվեց ու շարունակեց ճանապարհը դեպի մայրուղի: Բակուրը վազեց հետևից:

-Մառա,- գոռաց Բակուրն ու ամուր բռնեց աղջկա թևից,- չե՞ս հասկանում, որ չպետքա գնաս, որ չեմ կարա տեսնեմ, թե ոնց ես գնում… կջարդեմ, Մառա, ոտքերդ կջարդեմ, բայց չեմ թողնի, որ էլի գնաս…

Ղարաշը տիրոջ բարձր ձայնից մի քանի անգամ հաչեց ու սկսեց պոչը խաղացնելով խցկվել նրանց միջև:

-Թող ձեռքս, Բակուր,- անտարբեր ասաց Մառան,- թող ու տուն գնա… ես իմ ճանապարհն ունեմ:

Մայրուղու եզրին կառուցվող շինության բանվորներից մեկը Մառային էր սպասում: Մառան նայեց նրա կողմը ու գնաց առանց ետ նայելու:

Մեկ շաբաթ անց Մառան առավոտ կանուխ տատի հետ նստեց տաքսի ու մեկնեց անհայտ ուղղությամբ: Գյուղում դա նկատեցին միայն մի քանի օր անց: Զավենը գյուղամիջում ասաց.

-Լավ էղավ, ձեր հալալ հախն ա, ձեզ լավ բանը չի սազում,- բոլորը ծիծաղեցին, իսկ Բակուրը տխրեց: Նա Ղարաշի հետ օրեր շարունակ պտտվում էր Մառայի տան մոտ՝ հույսով, որ նա դեռ կվերադառնա: Բայց Մառան չվերադարձավ:

 

 

Անդին 5, 2015

Share

Կարծիքներ

կարծիք