Հրդեհված առավոտ

20151805130010791

Ներս մտանք: Հրդեհված տանը կանգուն էին մրոտ պատերը միայն: Այրված պատուհաններից ու դռնից բուքը այս ու այն կողմ էր վազում: Նստեցինք ձյան վրա, ցրտից պաշտպանվելու համար մեջքներս հենեցինք պատին: Հրամանատարը դաշտային պայուսակից հանեց հին քարտեզը, դրեց ծնկին:

-Ծխախոտ կուզե՞ք,- Ավագը ծխախոտի ճմռթված տուփը մեկնեց հրամանատարին:

Հրամանատարը մի գլանակ վերցրեց, Ավագը վառեց նրա ծխախոտը: Ոչ ոք ոչինչ չէր խոսում, կարծես հրաման էր տրված չաղմկելու և քամուն չխանգարելու, որը ձյունախառն պտտվում էր մեր գլխավերևում: Մրոտ պատին կանգնած ագռավի ձայնը խզեց լռությունը՝ Վերև նայեցինք՝ Նկատելով մեր շարժը՝ ագռավը թռավ:

-Էս լավ նշան չի,- վիրավոր ձեռքին վիրակապ փաթաթելով՝ ասաց Արամը:

Ոչինչ չասացինք: Հրամանատարը նետեց ծխախոտի մնացորդը, նայում ու ասես հապաղում էր բացել քարտեզը: Ջանում էր ոչինչ ցույց չտալ, բայց խրոխտ հրամանատարի մեջ տեսնում ու լսում էինք որդեկորույս սգացող հոր մորմոքը, ով ուր որ է պատռելու էր քարտեզը, նետելու էր զենքն ու փախչելու էր… մեզնից, աշխարհից, ինքն իրենից:

-Վերջը խփեցի,- Կամոն սպանված ճագարը դրեց ձյան վրա:

-Ի՞նչ անենք,- Ավագը նայեց հրամանատարին:

-Ինչ ուզում եք,- հրամանատարը բացեց քարտեզը:

-Խորոված:

-Գնացեք փայտ բերելու,- Ավագը գրպանից հանեց որսորդական դանակը:

Հրամանատարը մատիտով քարտեզի վրա նշումներ էր անում: Թույլ արևը սահում էր ձյան վրայով, կախվում լեռների լանջերից, ապա գլորվում ձորը: Սպիտակ, հեռու հորիզոնը մուժով պատել և թաքցնում էր գալիքը: Մտանք ավերված տներից մեկը, որի կտուրը կիսով չափ կանգուն էր դեռ: Ներսում տեղ-տեղ ձնակույտեր էին: Մեծ սենյակում, վիրավոր կտուրի տակ, հին բազմոց գտանք, ջարդեցինք: Արամը բազմոցի տակ ալբոմ նկատեց, վերցրեց, դրեց գրպանը:

Հրամանատարը դեռ նշումներ էր անում քարտեզի վրա: Ավագը ճագարի միսը կտրատել, պոկել էր պատուհանի երկաթե ճաղերից երկուսը, դարձրել շամփուր և միսը շարել դրանց վրա: Պատի տակ մի փոքր հատված մաքրեցինք ձյունից, փայտը շարեցինք: Արամը պատռեց ալբոմը, դրեց փայտի երկու կողմերում ու վառեց: Հարսանեկան մի քանի լուսանկարներ այրվեցին՝ ձյան վրա թողնելով սև հետքեր:

-Գնամ գյուղ, զանգեմ տուն. երեք օր ա չեմ խոսել երեխեքիս հետ, համ էլ հաց կբերեմ,- Արամը նայեց հրամանատարին:

-Գնա,- հրամանատարը պատասխանեց՝ հայացքը քարտեզից չկտրելով:

Մոտեցանք: Հրամանատարը մատը դրեց քարտեզին:

-Իրենք հարձակվելու էս մի ճամփան ունեն, մնացածը ականապատված է, չեն կարող մոտենալ մեզ:

-Դա էլ էսօր ականապատենք:

-Չենք կարող, տեսադաշտը բաց է, կխփեն:

-Էս կարող եմ, չեմ վախում մեռնելուց,- Կարոն սովորականի պես առիթը բաց չթողեց գլուխը գովելու:

Հրամանատարը հայացքը կտրեց քարտեզից, նայեց Կարոյին:

-Մայրս իննսունհինգ տարի ապրեց, հինգ տարի պառկեց անկողնում ու ամեն օր ասում էր՝ «Երանի էսօր մեռնեմ», բայց վերջին վարկյանին գրկել էր ինձ ու գոռում էր՝ «Փրկիր»,- հրամանատարը լռեց, ծալեց քարտեզը, դրեց դաշտային պայուսակի մեջ:-Ծխախոտ կա՞:

Ավագը ճմռթված տուփից հանեց վերջին գլանակը և մեկնեց հրամանատարին: Խորովածի հոտը քամու հետ շրջում էր սպիտակ դաշտերում, գյուղից լսվում էր շների հաչոց, հեռու ձորերից՝ գայլերի ոռնոց: Պատուհանից երևում էր մոտեցող Արամը: Նրա նիհար մարմինը նման էր ձյան վրա գլորվող սև ուրվականի: Դանդաղ էր քայլում, տեղ-տեղ խրվում էր ձյան մեջ ու բարձրացնում ինքնաձիգը՝ ձյունից պաշտպանելու համար:

-Ո՞նց էին երեխեքը:

-Լավ, կինս պետք ա վիրահատվի,- Արամը ինքնաձիգը հենեց պատին և հանեց ուսապարկը:

-Ե՞րբ:

-Օրը դեռ պարզ չի:

-Գնա… եթե ուզում ես:

-Թող էս երկու օրն էլ անցնի նոր, հրամանատար:

-Հո չե՞ն լքում գյուղը:

-Չէ, երկու ընտանիք ա գնացել գյուղից:

Արամը ուսապարկից կապրոնե շիշ հանեց ու մի բաժակ:

-Տնական ա, գյուղից են ուղարկել,- լցրեց բաժակը, տվեց հրամանատարին:

Հրամանատարը լուռ խմեց, բաժակը տվեց Արամին ու լավաշի մեջ փաթաթեց միսը: Հերթով խմեցինք: Ցուրտը ավելի էր սաստկանում, սպասում էինք մթնի, որ ներքև իջնենք:

-Կերեք, հինգ տղամարդ ենք, մի ճագարը չկարողացանք ուտել, էն ժամանակ վայրի խոզը չէր հերիքում,- կատակեց Ավագը:

-Էն ժամանակ հիսուն հոգի էինք:

Մթնեց: Վեր կացանք, մի շարքով իրար ետևից իջանք լեռան լանջն ի վար: Մոտեցանք տեղահանված գյուղի տներից մեկին: Բակում սատկել էր շունը, հավանաբար սովից, վզին շղթա կար, մարմինը բզկտված էր, շուրջը՝ գայլերի ոտնահետքեր: Ներս մտանք, տունը երկու հարկ ուներ, ապակիները ջարդված էին, բազմոցը՝ շրջված, խոհանոցում հատակին թափված էին ամանները: Հրամանատարը երկար նայեց պատուհանից, ապա սկսեց մտամոլոր քայլել տան մեջ: Գիշերը հակառակորդի շարժը հսկելու հրամանը տրված էր մեր աջ ու ձախ կողմերում տեղակայված և ավելի բարձր դիրքեր զբաղեցնող ջոկատներին: Առավոտյան անակնկալ կրակահերթով շեղելու էինք հակառակորդի ուշադրությունը, որ մերոնք կարողանային թափանցել նրա թիկունք: Հոգնած էինք:

Գիշերն իր սև վերմակով էր ծածկել սպիտակ լեռները, ձորերը: Բուքը ոռնում ու արձագանքում էր հեռավոր արնոտ ձորերում: Չնկատեցինք, թե ինչպես քունը վրա հասավ:

Գիշերը ձյուն էր եկել, քամին դադարել էր: Առավոտը պարզ էր: Նոր ծագող արևի թույլ շողերը փայլում էին ձյան կրծքին: Ձյունով լվացվեցինք: Հրամանատարը կապվեց ռազմաճակատի հրամանատարի հետ, հստակեցրեց անելիքը, ապա դուրս եկավ, նայեց մեր թիկունքում փռված գյուղին: Գրեթե բոլոր տներից ծուխ էր ելնում: Սպիտակահեր լեռների գրկում ծվարած գյուղը ծխում էր:

-Ծխախոտ կա՞,- հրամանատարը իջեցրեց հեռադիտակը:

-Չէ:

-Գնա՞մ գյուղից բերեմ:

-Չէ, փամփուշտ ինչքա՞ն ունենք:

-Մի արկղ:

Ես ու Ավագը դիրքավորվեցինք դիմացի, Կամոն ու Արամը՝ աջ ու ձախ պատուհանների մոտ:

-Ես կկրակեմ՝ նոր կկրակեք,- հրամանատարը վերցրեց գնդացիրը, բարձրացավ երկրորդ հարկ:

Երևաց հակառակորդը: Սպիտակ քողազգեստով էին, առաջ էին շարժվում, նստում ձյան վրա, զննում շուրջբոլորը, հետո շարունակում էին առաջանալ: Նրանց գործողություններում վստահություն կար, ոչ ոք հակահարվածի չէր սպասում: Բավական մոտ էին արդեն, երբ լսվեց հրամանատարի գնդացրի ձայնը: Կրակեցինք: Անսպասելի կրակահերթը խուճապի մատնեց նրանց: Պառկեցին ձյան վրա, փոխհրաձգություն սկսվեց: Սպանվածների արյունից ձյունը տեղ-տեղ կարմրեց: Կամոն ընկավ: Ավագը վազեց, չէր հասցրել ետ դառնալ Կամոյի մոտից, երբ մեր կրակոցները խլացան տանկի որոտի մեջ: Հարվածից կտուրը ամբողջովին քանդվեց, պառկեցինք: Ձյան վրա ընկան կտուրի ջարված թիթեղներն ու պատերից մի քանի քար: Արամը շարունակում էր կրակել: Ես ու Ավագը վազեցինք, ուզում էինք վերև բարձրանալ:

-Չբարձրանա՛ք,- գոռաց հրամանատարը:

Տանկի երկրորդ կրակոցը ամեն ինչ լռեցրեց: Պատուհանից դուրս ցատկեցինք: Արամի հետ գլորվելով իջանք ձոր: Գլորվում էինք՝ խփվելով ձյունից դուրս մնացած քարերին, Արամի վիրավոր ձեռքից հոսող արյունը հետզհետե ուժեղանում էր: Ներքևում կանգ առանք: Գլուխներս ձեռքներիս մեջ առած լռեցինք: Արկերը դեռ որոտում էին, ու վառոդի հոտը, խառնվելով քամուն, կոկորդում զսպվող լացի պես խեղդող էր դառնում: Մենք ձյուների մեջ սողալով հեռացանք, որպեսզի վերադառնանք… գարնան հետ:

 

Անդին 1, 2015

Share

Կարծիքներ

կարծիք