Հիշողության համար

Հեղինակ:

20153108152325652

Նոյն տեղերեն, նոյն կարգով, նոյն ռիթմով, որ յիշածդ կորզես անյայտեն, տեղաւորես ընթացքի մը մեջ եւ երգեցիկ աւերես:

Գրիգոր Պըլտեան, «Շրջում»

Պապիս հիշատակին

 

Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում փնտրում եմ պապիս, նրա հոր նախնիների գյուղը:

«Խառակյոպեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում: Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել: Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին»:

Ուրիշ և անձնական աղբյուրից — Խառակյոպեկցիների մի մասը հաստատվել է Ջավախքում՝ Ախալքալաքից 19 կմ դեպի հյուսիս գտնող Ազավրեթ գյուղում, 1987 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 367 տուն, 1662 մարդ։

Վերջ, այլ տեղեկություններ չկան:

Պապս Թամամենց ազգից է (Թամամյան), տատս՝ Փաշենց (Փաշայան):

Պապս պատմում էր, որ Թամամենք Էզրումում կառքի անիվներ (կունդեր) են պատրաստել, պատվերներ են ընդունել եվրոպական երկրներից, ունեցել են փայտամշակման արհեստանոցներ:

«Ցտեսություն, Ծիտ» վեպիս մեջ մի կարճ դրվագում փորձել եմ պատկերահանել Էրզրումում կառքի անիվներ պատրաստող իմ ընտանիքը: Անիվները պատրաստելու ծիսակարգը: Իմ վեպում անիվները նախատեսված էին Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպի հերոսների՝ Էմմայի և Լեոնի կառքի համար:

Կարծում եմ՝ դրվագը չի ստացվել: Նույնիսկ չեմ հաջողել մոտենալ իմ ընտանիքի պատմությանը:

Ես ոչինչ չգիտեմ՝ ամայություն է:

Չկան պահպանված լուսանկարներ, չկան ամբողջական տեղեկություններ, միայն մի քանի արծաթյա մատանի, կախազարդ, կարպետներ, կավե սպասք, մոմակալ, որ գտնվել էր տատիս հորական տան խորդանոցում: Այսքանը:

Տատս պատմում էր ու մինչև հիմա էլ հպարտորեն պատմում է, որ իր պապերը հարուստ են եղել, որովհետև ձիթհանք են ունեցել (ձիթագործարան), զբաղվել են ձեթի առուվաճառքով և հաշվապահությամբ: Արևելահայերի վրա իր կատաղության նոպաներին հետևում է տատիս «Իսոնք պարսիկ են, ծաք ջան, հայ չեն, իսկական հայը մենք ենք» արտահայտությունը:

Ծիծաղում ենք ու լռում:

Նորից ամայություն է: Ոչինչ չկա:

Իր նոբելյան բանախոսության մեջ Լը Կլեզիոն ասում է․ «Ինչպես կարող է գրողը գործել, երբ նրա միակ զենքը հիշողությունն է»: Եթե նույնիսկ վեպերում, պատմվածքներում, բանաստեղծական տողերում հիշողությունը գնում է դեպի անվերապահ բացարձակը, մեկ է՝ զենքի դեմ զենք լինելը նրա առաքելությունը չէ: Նա ընտրել է լռության ճակատագիրը:

Եվ եթե ամայություն է, եթե ոչինչ չկա, ոչ մի բեկոր, ոչ մի նմուշ, ուրեմն միակ հիշողությունը լեզուն է՝ մեր անցյալի, ներկայի ու ապագայի հոգետունը:

 

Անդին 4, 2015

Share

Կարծիքներ

կարծիք