Կարող եմ ամենատխուր տաղերը գրել այս գիշեր

Հեղինակ:

nkar

Կարող եմ ամենատխուր տաղերը գրել այս գիշեր:
Գրել, օրինակ. ‹‹Գիշերն աստղազարդ է,
և դողում են կապույտ աստղերը հեռվում››:
Գիշերվա քամին շրջում է երկնքում և երգում է:
Կարող եմ ամենատխուր տաղերը գրել այս գիշեր:
Ես նրան սիրում էի, իսկ երբեմն նա էլ էր սիրում:
Այսօրվա պես գիշերներին, նրան գիրկս եմ առել.
Բազում անգամներ համբուրել բաց երկնքի տակ:
Եվ նա ինձ սիրեց. երբեմն ես էլ սիրում էի նրան:
Եվ ինչպես չսիրել նրա խաղաղ աչքերը:
Կարող եմ ամենատխուր տաղերը գրել այս գիշեր:
Մտածել, որ այլևս իմը չէ: Զգալ, որ կորցրել եմ նրան,
Ականջ դնել հսկա գիշերվան. առավել հսկա` առանց նրա:
Եվ տաղերն իջնում են հոգուս վրա, ինչպես շաղը` խոտերի:
Էլ ի’նչ հոգ, թե իմ սերը չկարողացավ պահել նրան:
Երկինքն աստղազարդ է, բայց նա ինձ հետ չէ:
Ահա և վերջ: Հեռվում ինչ-որ մեկը երգում է:
Իմ հոգին դատարկ է. կորցրել է նրան:
Մոտ զգալու համար հայացքս փնտրում է նրան:
Սիրտս է փնտրում նրան, բայց նա ինձ հետ չէ:
Նման մի գիշեր է. սպիտակ է ներկում նույն ծառերը:
Այլևս այնպիսին չենք ինչպես այն ժամանակ:
Այլևս չեմ սիրում նրան, ճիշտ է, բայց որքան եմ սիրել.
Ձայնս ուզում էր քամի դառնալ, որ նրա ականջին դիպչեր:
Ուրիշինը: Ուրիշինը կլինի, ինչպես առաջ, որ իմ համբույրներինն էր.
Նրա ձայնը, լուսավոր մարմինը, անհատակ աչքերը:
Այլևս չեմ սիրում նրան, ճիշտ է, իսկ գուցե սիրում եմ.
Սերը` վաղանցուկ այնքան, բայց որքան երկար` մոռանալը:
Այսօրվա պես գիշերներին նրան գիրկս եմ առել,
Իմ հոգին դատարկ է. կորցրել է նրան:
Նույնիսկ եթե նրա պատճառած այս ցավը վերջինը լինի,
Նույնիսկ եթե սրանք վերջին տաղերը լինեն, որ գրում եմ նրան:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Պետրոսյանի

Կարծիքներ

կարծիք