Կատարակտ

20152210140314198

-Ձեր հիվանդությունն անբուժելի է,- անվերապահ և կտրուկ ասաց բժիշկը և, ասածի խստությունը ասես փոքր-ինչ մեղմելու համար, ավելացրեց,- ցավում եմ, բայց պարտավոր եմ ճշմարտությունն ասել, հասկանում եք…

Այնուհետև հաշվառման թերթիկն ուշադիր զննելուց հետո հարցրեց.

-Քանի՞ տարեկան եք: Այստեղ գրված չէ…

-Չգիտեմ,- անկեղծորեն պատասխանեց այցելուն:

-Այսինքն, կարող եք չասել, արտաքինից երևում է… Դուք շատ-շատ քսան կլինեք, նույնիսկ տասնութ-տասնինը…

-Չգիտեմ… հավանաբար…

-Գիտե՞ք ինչու եմ հարցնում… Ես երեսուն տարի է՝ աշխատում եմ այստեղ և հարյուրավոր հիվանդներ եմ բուժել, բայց նրանք տարիքավոր, նույնիսկ ծեր մարդիկ էին… Մինչդեռ դուք… Սա առաջին դեպքն է, որ ձեր տարիքի երիտասարդը տառապում է այդ հիվանդությամբ…

-Դուք ասացիք, որ տարիքավոր, նույնիսկ ծեր մարդկանց եք բուժել, ճի՞շտ է:

-Ճիշտ է,- պատասխանեց բժիշկը:

-Եվ հաջո՞ղ:

-Գրեթե միշտ հաջող:

-Ես բժիշկ չեմ, բայց որքան հասկանում եմ, երիտասարդներին բուժելն ավելի դյուրին է, քան ծերերին, նրանց մարմինն արդեն մաշված է, մինչդեռ մենք ավելի ուժեղ ենք, մեր մարմինը թարմ է, այդպես չէ՞:

-Այդպես է, բայց ես նրանց բուժել եմ վիրահատական միջամտությամբ, իսկ ձեր դեպքում ես չէի ցանկանա դիմել այդ միջոցին…

-Բայց դուք ասացիք, որ անբուժելի է:

-Այո, այդպես ասացի, որպեսզի դուք ձեզ բուժեք:

-Չեմ հասկանում: Ինչպե՞ս:

-Համբերեք մի քիչ և այդ հարցի պատասխանն ինքներդ կտաք ձեզ, և շատ հնարավոր է, որ իմ կարիքն այլևս չզգաք:

 

Ամեն ինչ սկսվեց մեկ ամիս առաջ, երբ անտառի խորքում հայտնաբերեցի փոքրիկ լճակը: Դա նույնիսկ լճակ չէր, այլ մի մեծ ջրափոս՝ զարմանալիորեն վճիտ ջրով և հանդարտ մակերեսով: Մինչ այդ ես ամեն օր գնում էի անտառի եզրով հոսող մարմանդ գետի ափ, որտեղ հսկայական կաղնու տակ, սալաքարին պառկած ժամերով նայում էի ինձ՝ իմ արտացոլումին:

Առաջին անգամ շատ պատահաբար հայտնվեցի այդտեղ, երբ օրեր շարունակ հետապնդում էի երկարավարս ջրահարսին: Նա շատ գեղեցիկ էր, պարզապես սքանչելի: Շարունակ քայլում էի գետի ափով՝ հուսալով վերջապես նվաճել նրան, երբ մի օր հանկարծ տեսա գետից քիչ հեռու, մենակ, խոտերին տարածված: Ես անաղմուկ մոտեցա, գրկեցի նրան, և արդեն մազ էր մնում, որ համբուրեի, երբ նա զարմանալի ճարպկությամբ դուրս պրծավ գրկիցս (ասես ջուր հոսեր մատներիս արանքով), վազեց դեպի գետը և նետվեց ջուրը:

Ապշած կանգնել էի ափին և չէի հասկանում, թե ինչ կատարվեց: Ինչպե՞ս կարողացավ անհետանալ այդ աղջիկը: Ջուրն այդտեղ հազիվ ծնկներիս էր հասնում, գետն էլ խորը չէր, պիտի որ նրան հիմա անպայման տեսնեի… գուցե պառկել է հատակին և այդպես թաքնվել ինձնից, բայց ոչ մի կենդանի արարած չկար՝ ձկներից բացի: Ես հետո պիտի իմանայի, որ նա ոգի է և ուզած պահին կարող է վերածվել ջրի, իսկ հետո նորից մարդկային կերպարանք առնել:

Ափին երկար և ապարդյուն կանգնելուց հետո գլխիկոր հեռացա: Ամբողջ գիշեր չկարողացա քնել, աչքերիս առջև գեղեցկուհի ջրահարսն էր, ես նրա մարմինն էի հիշում, որ ընդամենը մի քանի ակնթարթ եղավ իմ գրկում, նրա շունչն էի զգում, նրա վարսերի բույրը… Ես պարզապես այրվում էի ցանկությունից, ես կարիք ունեի մեկին գրկելու, համբուրելու, սիրելու…

Լույսը բացվելուն պես շտապեցի գետափ և դարան մտա հաստաբուն կաղնու ետևում, որպեսզի ջրահարսին առևանգեմ: Սակայն նա չկար: Չնկատեցի, թե ինչպես քնով ընկա: Արթնացա արևի կուրացնող ճառագայթներից: Ընդարձակ սալաքարը, որի վրա պառկել էի, հաճելի տաքացել էր: Ես կռացա, որ երեսս ջրով շփեմ ու թարմանամ, բայց զարմանքից քարացա. ջրի միջից ինձ էր նայում սքանչելի մի դեմք, ապշեցնող մի գեղեցկություն…

«Ահա՛, նա է, ջրահարսը, ահա թե որտեղ է թաքնվել»,- գոչեցի ես:

Սակայն ուշադիր նայելով տեսա, որ սա ջրահարսը չէ, որ նրա երկար մազերը չունի և որ նրանից շա՜տ ավելի գեղեցիկ է… Գուցե մեկ այլ ջրահարս է, որին առաջին անգամ էին տեսնում: Ձեռքերս մտցրի ջրի մեջ, որ շոյեմ այդ դեմքը, բայց այնտեղ միայն ողորկ խիճ էր և ջրիմուռ: Մատներս ոչ մի ամուր բանի չդիպան: Ջուրը խառնում էի, իրար տալիս՝ դեմքն անհետանում էր, բայց հանդարտվելուն պես հայտնվում էր նորից: Սկսեցի կանչել նրան, աղաչել, որ մոտենա: Ոչ ոք չէր հայտնվում, և միայն իմ բառերի կրկնությունն էի լսում ինչ-որ տեղից:

Մի քրքիջ հնչեց շատ մոտիկ, և մի կոշտ ձեռք դիպավ ուսիս: Ետևս մի այծամարդ էր կանգնած: Նա լիաթոք ծիծաղում էր:

-Ո՞ւմ ես կանչում,- հարցրեց նա:

-Այս գեղեցիկ աղջկան:

-Այդ գեղեցիկ աղջիկը դու ես: Այսինքն… ինչպե՞ս բացատրեմ… դու քեզ դնում ես աղջկա տեղ…

-Ուրեմն, ես այսքան գեղեցիկ ե՞մ: Հապա ինչպե՞ս եմ հայտնվել այնտեղ՝ ջրի մեջ:

-Դու ջրի մեջ չես, դա քո արտացոլումն է… Սպասիր, հիմա ամեն ինչ կհասկանաս:

Նա մոտեցավ, տեղավորվեց կողքիս և կռացավ ջրի վրա:

-Նայիր,- ասաց նա:- Ո՞ւմ ես տեսնում:

Ես ապշած էի. ջրի մեջ այծամարդն էր:

Նա ելավ, մի քայլ ետ գնաց և նշան արեց, որ մոտենամ:

-Հիմա այստեղից նայիր. ջրի մեջ ոչ ոք չկա, որովհետև ոչ ոք չի նայում ջրին… Բայց ջուրը շարունակում է արտացոլել, տե°ս, ծառի ճյուղերը, ամպերը, երկինքը…

Ես ուրախ էի, միաժամանակ տխուր: Ուրախ, որ այդքան գեղեցիկ եմ, տխուր, որ միայն ես եմ այդքան գեղեցիկ, և որ ինձ հավասարը չկա: Նշանակում է՝ դատապարտված եմ հավերժական մենության, քանի որ ինչո՞ւ պիտի սիրեմ գեղեցկությամբ ինձ զիջող որևէ մեկին՝ հանուն այն բանի, որ պիտի սիրեմ ուրիշին:

Ինչ որ է, տուն վերադարձա բարձր տրամադրությամբ: Ես ոչ թե քայլում էի, այլ սահում գետնի վրայով, ասես օդի միջով գնայի: Ամբողջ գիշեր, երազում, թե հարթմնի, ջրի մեջ հայտնված դեմքն էր աչքերիս առջև: Ի՛Մ դեմքը:

Այդ օրվանից սկսած այլևս ուրիշ զբաղմունք չունեի, եթե ոչ լույսը բացվելու հետ գնալ գետափ, հարմար տեղավորվել սալաքարին և մինչև մութն ընկնելը ջրի մեջ իմ արտացոլումին նայել, ԻՆՁ նայել: Պատահում էր, որ ամբողջ օրը ոչինչ չէի ուտում, բայց քաղց չէի զգում: Իմ սնունդն իմ կերպարանքն էր:

Այլևս ոչ մեկին չէի նկատում, ոչ մեկին չէի լսում և անգամ չէի զգում, երբ դիպչում էին ինձ: Նրանք ինձ պետք չէին, իմ գեղեցիկ դեմքը, իմ ամենագեղեցիկ դեմքն ինձ բավական էր, որպեսզի ոչ մեկի կարիքը չզգայի: Եվ ես մենակ չէի: Ես ԻՄ դեմքի հետ էի:

Ցանկացա ամուսնանալ, բայց ոչ մի գեղեցիկ դեմք չգտա: Նույնիսկ այն ջրահարսը, որին սիրահարվել էի, այժմ ինձ թվում էր սովորական, նույնիսկ տգեղ: Ուստի որոշեցի ինքս ինձ հետ ամուսնանալ: Քահանան մերժեց օրհնել իմ պսակը՝ ասելով, որ ամուսնությունը այր ու կնոջ միջև է, մինչդեռ իմ կողքին կին չկա: Ասացի, թե ես ամուսնանում եմ իմ արտացոլումի հետ, թե նրան չէի կարող բերել ինձ հետ այստեղ, որովհետև ջրի մեջ է: Քահանան ապշած նայեց ինձ և պահանջեց, որ անհապաղ լքեմ տաճարը: Այնուհանդերձ չհրաժարվեցի իմ գաղափարից. երկու մատանի գնեցի. աջ ձեռքը հագցրեց ձախի մատին, ձախը՝ աջի մատին:

Մի օր հանկարծ ջրի մեջ իմ դեմքի, իմ արտացոլումի կողքին մեկ այլ դեմք տեսա: Ձեռքով խառնեցի ջուրը, որ ջնջեմ, անհետացնեմ դրան, բայց հանդարտվելուն պես նորից հայտնվեց, և այս անգամ նույն դեմքը ժպտալով նայեց ինձ: Հետո տեսա, թե ինչպես նրա շուրթերը մոտեցան ինձ, ասես ուզում էին համբուրել: Ես կտրուկ հետ քաշվեցի և դիպա մեկին, որ նստած էր կողքիս, նույն սալաքարի վրա: Մի գեղեցիկ պատանի էր՝ ոսկեգույն գանգուրներով, մարմինն ասես բրոնզից ձուլված լիներ: Դեմքն ամբողջովին ժպիտ էր, որ ավելի էր գեղեցկացնում նրան:

-Արդեն երրորդ օրն է՝ գալիս եմ այստեղ, տեղավորվում քո կողքին, բայց հիմա միայն նկատեցիր, այն էլ ջրի մեջ: Իսկ ինձնից առաջ մի ջրահարս էր. նա պառկել էր այստեղ, այս քարին, շոյում էր քեզ, համբուրում քո պարանոցը, բայց դու չէիր պատասխանում, ասես ոչինչ չզգայիր… Ես չուզեցի, որ նա քո կողքին լինի… Քշեցի նրան այստեղից, որովհետև տեսա, որ նրա ներկայությունը բնավ հաճելի չէ քեզ… Ճիշտ արեցի, չէ՞…

Ես չպատասխանեցի: Պարզապես ձեռքի շարժումով հասկացրի, որ հեռանա: Ժպիտն անհետացավ նրա երեսից՝ տեղը զիջելով ցավի, հուսահատության արտահայտությանը: Նա ծնկի իջավ և աղերսագին նայեց ինձ: Ես կրկնեցի ձեռքիս շարժումը:

Հաջորդ օրը երբ լուսաբացին եկա իմ մշտական տեղը, նրան տեսա քարից քիչ հեռու, ծառի մոտ կանգնած: Ես տրվեցի իմ հայեցումին և իսպառ մոռացա նրա գոյությունը: Իսկ երեկոյան, մութն ընկնելուց հետո երբ վերադառնում էի տուն, նրան տեսա նույն տեղում կանգնած, աղերսագին հայացքը հառած ինձ:

Ես ջանում էի նրան չնկատել, կենտրոնանալ իմ արտացոլման վրա, տեսնել միայն ինձ: Բայց դա գնալով դառնում էր անկարելի: Հարցն այն չէր միայն, որ նրա ներկայությունն էի զգում ինձնից մի քանի քայլ հեռու, որ նա հավատարիմ շան պես ետևիցս ընկած գալիս էր մինչև տուն և գիշերում իմ դռան առջև, այլև որ անգամ հեռվից երբեմն-երբեմն նրա պատկերն էր արտացոլվում ջրի մեջ՝ ջնջելով, խամրեցնելով իմը: Նա արդեն մտել էր իմ կյանքի մեջ և աստիճանաբար ինձ դուրս էր մղում իմ միջից: Այսպես չէր կարող շարունակվել: Ես որոշեցի դիմել վճռական գործողությունների:

Հաջորդ օրը լուսաբացին սովորականի պես նրան տեսա դռանս առջև կծկված: Ես նրան մի դաշույն տվեցի և ասացի.

-Ես կուզեի՝ դու անես այն, ինչը պիտի ես անեի:

Նա սարսափած նայեց ինձ, ասես չէր հավատում լսածին:

-Դու կատակ ես անո՞ւմ:

-Ոչ: Ես լուրջ եմ ասում: Դու սիրում ես, չէ՞, ինձ:

Նա գլխով արեց:

-Իսկ սիրած մարդու համար պիտի պատրաստ լինես մեռնել, այդպես չէ՞:

-Այդպես է:

-Ուրեմն ապացուցիր,- ասացի ես՝ հանձնելով նրան դաշույնը:- Ապացուցիր, որ սիրում ես ինձ, և այդ ժամանակ ես քեզ կսիրեմ:

Հաջորդ օրը լուսաբացին երբ գնացի գետափ, մի սոսկալի տեսարան բացվեց աչքերիս առջև. տղան բերանքսիվայր պառկած էր սալաքարին, արյունը հոսել, լճացել էր մարմնի շուրջը, գլուխը կախված էր ջրի վրա, որտեղ նրա տառապած դեմքի քարացած արտացոլումն էր: Առավոտյան սյուքից մանրիկ ալյակները թեթևակիորեն շարժում էին արտացոլումը, և թվում էր, թե նրա դեմքին երանելի մի ժպիտ է հայտնվում և տեղնուտեղն անհետանում: Սարսափած փախա այդտեղից:

Ամբողջ օրը քայլում էի գետի ափով, որպեսզի հարմար մի տեղ գտնեմ իմ դեմքը տեսնելու: Սարսափահա՛ր դեմքը: Բայց, ավաղ, կամ ջուրն էր պղտոր և ոչինչ չէր արտացոլում, կամ ափն էր անհարմար պառկելու և նայելու համար, կամ տեղն էր անստվեր… Մի խոսքով, գլխիկոր ու տրտում տուն վերադարձա և ամբողջ գիշեր տառապում էի դեմքս տեսնելու ցանկությունից:

Որոշեցի գնալ անտառի խորքում մի առվակ, մի լճակ կամ մի ակունք գտնել, որի շուրջը կուտակված ջուր կլինի: Ստիպված չեղա երկար փնտրել: Իմ տնակից քիչ հեռու մի լճակ գտա, որն ավելի շուտ մեծ ջրափոս էր՝ անթերի կլորությամբ, հայտնի չէ՝ որտեղից լցված վճիտ ջրով և բառացիորեն քարացած մակերեսով, ասես ապակի էին քաշել վրան:

Մի նոր կյանք սկսվեց ինձ համար: Նույն օրը մոռացա սիրահարված տղայի պատմությունը: Բոլորից հեռու, բացարձակ մենության մեջ ես հիանում էի իմ արտացոլումով: Ոչ ոք չէր կարող ինձ տեսնել, սիրահարվել, խանգարել… Միայն մենք էինք՝ ես և իմ արտացոլումը:

Իմ ուրախությունը երկար չտևեց: Մի գեղեցիկ օր, երբ խորասուզված էի հիացումիս մեջ, հանկարծ արտացոլումը միանգամից փոխվեց, և իմ պատկերի փոխարեն սիրահարված պատանուն տեսա ջրի մեջ: Նա իր շռայլ ժպիտով նայեց ինձ և ասաց. «Ես ապացուցեցի, որ սիրում եմ քեզ, այժմ հերթը քոնն է»: Զարհուրած ետ քաշվեցի: Նրա պատկերն այլևս չէի տեսնում, բայց ձայնը շարունակում էր հնչել. «Հերթը քոնն է… հերթը քոնն է…»:

Աչքերս ու ականջներս փակ, քարացած նստել էի լճակի ափին և չէի համարձակվում շարժվել: Չգիտեմ՝ որքան ժամանակ անցավ այդպես, բայց հետաքրքրասիրությունս ի վերջո հաղթեց, և ես զգուշորեն մոտեցա ջրին: Բայց երանի՜ մոտեցած չլինեի…

Լճակն ամբողջովին լցված էր արյունով: Թարմ, ալ կարմիր, թրթռացող… Եվ այդ բոսոր մակերեսին հստակորեն գծագրվել էր իմ դեմքը…

…Երբ ուշքի եկա, շուրջս խավար էր: Մի կերպ ոտքի ելա և ճոճվելով վերադարձա տուն:

Հաջորդող օրերն ինձ համար կատարյալ դժոխք դարձան: Ես չէի կարող ապրել առանց ինձ տեսնելու: Ես անհետանում էի, ես այլևս չկայի, քանի որ իմ գոյության միակ հավաստի վկայությունն իմ արտացոլումն էր, ինչից զրկվել էի և, ըստ երևույթին, ընդմիշտ: Ինքնասպանության գաղափարն սկսեց հաճախել ինձ, և արդեն պատրաստ էի դիմել այդ քայլին, երբ որոշեցի այնուամենայնիվ մի վերջին անգամ գնալ բացատ և ստուգել, թե արդյոք արյունը չի՞ անհետացել լճակից:

Զգուշացա միանգամից ջրին մոտենալ: Պտտվում էի շուրջը և հեռվից նայում: Կարծես ամեն ինչ կարգին էր, համենայն դեպս կարմիր գույն չնկատվեց: Դանդաղ մոտեցա: Եվ այն, ինչ տեսա, ստիպեց ինձ սոսկումից ճչալ. ջուրն արտացոլում էր մի գանգ, և այդ գանգն իմն էր, որ բերանի մահաժպիտով և դատարկ ակնախոռոչներով նայում էր ինձ: Ափին ընկած ճյուղը վերցրի և պահեցի ջրի վրա: Ճյուղն արտացոլվեց նորմալ, բայց բռնողը կմախքացած մի ձեռք էր: Ասես ռենտգենյան պատկեր լիներ:

Ջուրն արտացոլում էր իմ մահը:

Աղետը սրանով չվերջացավ: Երբ ելա, որպեսզի չգիտեմ թե ուր գնամ, աշխարհը միանգամից մթնեց, ամառվա պայծառ արևն ասես մոմի ազազուն մի բոց լիներ, շուրջբոլորը խավար էր, հազիվ ծառերի ուրվագծերն էի ջոկում… Կույրի պես ձեռքերս մեկնած մի կերպ վերադարձա տուն:

Ոչ մի կասկած. ես կուրանում էի… Բայց այսպես միանգամի՞ց:

Ամեն մի կորստի հետ կարող էի հաշտվել, միայն ոչ տեսողության: Ես պատրաստ էի տանել սովը, զրկանքները, ստորացումները, հիվանդությունները, պայմանով, որ ուզած պահին կարողանամ տեսնել իմ արտացոլումը:

Անկասկած, սա աստվածային պատիժ էր: Բայց ինչո՞ւ, ո՞ր մեղքիս համար…

Այլևս չէի կարող այդպես ապրել:

Մտքովս միայն մի գաղափար էր անցնում, որ դարձավ տիրական, համառ. վերջ դնել իմ կյանքին, քանի դեռ կարող եմ թեկուզ տարտամ, բայց դարձյալ ինչ-որ բան տեսնել: Թույնով կամ դաշույնով: Սակայն ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը կարողոցա գտնել իմ տանը, քանի որ կույր էի և կյանքումս առաջին անգամ խարխափելով պիտի ինչ-որ բան փնտրեի…

 

Բժիշկն ինձ շատ չհամոզեց, բայց տարտամ մի հույս տվեց: Վերադարձին այծամարդը մոտեցավ ինձ: Ես նրան չտեսա, նա էր, որ ինձ տեսավ: Պատմեցի իմ այցելության մասին և զարմանքս հայտնեցի, թե ինչպե՞ս պիտի կարողանամ ինքս ինձ բուժել:

-Նա իրավացի է,- ասաց իմաստուն այծամարդը:- Միայն դու կարող ես քեզ բուժել:

-Ինչպե՞ս:

-Նայելով քո պատկերին:

-Բայց ես այլևս չեմ տեսնում, և հետո, լճակն արտացոլում էր իմ մահը…

-Այո, այդ լճակը քո մահն է ցույց տալիս, բայց նայիր քո ներքին լճակին, կյանքն այնտեղ է, և դու քեզ կտեսնես:

-Մի՞թե իմ ներսում լճակ կա:

-Այո, կա, և նրա արտացոլումն անսխալական է: Նա քեզ ամեն ինչ կասի:

-Իսկ ինչպե՞ս գտնեմ այդ լճակը:

-Քո ներսում փնտրիր և կգտնես:

Ես, որ արդեն դադարել էի տեսնել դուրսը, ինչպե՞ս պիտի կարողանայի ներսս նայել, և ի՞նչ էր նշանակում իմ «ներքին լճակը»… Այծամարդն ընդամենը ասաց ու հեռացավ, բայց չբացատրեց, թե ինչպես պիտի փնտրեմ, և կա՞ր արդյոք մեկը, որ կարողանար ձեռքիցս բռնած տանել դեպի այդ լճակը…

Ինչ որ է, ինձ նպատակ շնորհեցին, ապրելու ցանկություն և վճռականություն: Եվ ես սկսեցի ապրել մի տարօրինակ կյանքով՝ երազի և իրականության միջև, տեսանող էի երազում և կույր՝ հարթմնի: Այսինքն՝ երազ տեսնելու համար քունն այլևս պարտադիր չէր: Ասենք, առխարխափ քայլում էի անտառում, միաժամանակ երազ տեսնում:

Այդպիսի զբոսանքներից մեկի ժամանակ առջևս հայտնվեց սիրահարված պատանին: Իր մշտական շռայլ ժպիտով նայում էր ինձ և կանչում: Ես վարանեցի մոտենալ, ոչ թե որ զգուշանում էի, այլ պարզապես ապշած էի նրա գեղեցկությամբ: «Նա ինձնից ավելի գեղեցիկ է… անհամեմատ ավելի…»,- փաստեցի ես: Եվ հիմա հասկացա, որ փաստորեն նրան սպանեցի հենց այդ պատճառով՝ չհանդուրժեցի, որ ինձնից ավելի լավը, ավելի գեղեցիկը կարող է լինել այս աշխարհում: Նա շապիկը բացեց, և ես մի բաց, արնածոր վերք տեսա նրան կրծքին… Հետո չեմ հիշում, թե ինչ եղավ:

Երբ արթնացա, թե ուշքի եկա, զգացի, որ պառկած եմ թաց խոտին: Չգիտեի, թե որտեղ եմ: Հավանաբար արդեն մութ էր, որովհետև ծառերի ուրվագծերն այլևս չէի տեսնում, այնուհանդերձ ներքին մի կողմնորոշումով կարողացա վերադառնալ իմ կացարանը:

Պառկել էի և չէի կարողանում քնել: Աչքերիս առջև ապրած կյանքս էր անցնում, վերհիշում էի ամեն մի մանրուքը և հիմնականում իմ վատ, իմ ստոր արարքները, որ մեկ առ մեկ եկան ու շարվեցին առջևս, ասես հաշիվ էին պահանջում ինձնից… «Ես հրե՛շ եմ»,- գոռացի գիշերվա լռության մեջ: Ինչպե՜ս կուզեի ջնջել այդ ամենը և իսպառ վերացնել իմ անցյալից…

Եվ այդ պահին տարօրինակ մի բան կատարվեց. ասես մի ձեռք ինձ հանեց անկողնուց և առաջնորդեց ծանոթ արահետով: Արևոտ օր էր, մենք քայլեցինք ու հասանք անտառի խորքում ընկած իմ լճակը: Ես վախվորած մոտեցա ափին, նայեցի բյուրեղյա ջրին և սոսկումով ետ քաշվեցի. այնտեղից ինձ էր նայում զարհուրելի մի դեմք, որ ջրի միջից իր չար աչքերն էր հառել, իր արնածոր ժանիքները բացել… և դա ե՛ս էի, դա ի՛մ դեմքն էր: Ձեռքս մոտեցրի ջրին և այնտեղ գիշատչի մագիլ տեսա…

Ես չէի հավատում իմ տեսածին, նորից ու նորից էի նայում տարբեր տեղերից, սակայն ջուրը միևնույն քստմնելի կերպարանքն էր ինձ դեմ անում: Ուրեմն սա է այծամարդու ասած իմ «ներքին լճակը», որն ինձ ցույց է տալիս իմ դեմքը «ներսից», այնպես, ինչպես ես կամ և ոչ թե այն նախկին գեղեցիկ դեմքը, որով հիանում էի գիշեր ու զօր:

Ես ցնցված էի, միաժամանակ ուրախ, որ գտա իմ «ներքին լճակը», որն արտացոլում է իմ բուն էությունը: Սակայն երկար մտածելուց հետո տեսա, որ ուրախանալու պատճառ չունեմ: Իմ ներքին տեսողությունը հայտնագործվեց, որպեսզի իմ հրեշավոր կերպարանքին նայեմ… Մի՞թե դա էր բժշկի ասած բուժումը…

Հաջորդ օրը այծամարդը մոտեցավ ինձ:

-Դու տեսա՞ր քո դեմքը:

-Այո, երանի չտեսնեի…

-Իզուր ես այդպես ասում… Ջուրը քեզ օգնում է, որ փոխվես…

Ասաց ու հեռացավ: Չհասցրի նույնիսկ հարցնել՝ ինչպե՞ս: Նա էլ բժշկի պես միայն հույս էր տալիս, բայց ինձ էր թողնում գտնելու փրկության ուղին:

Ես տանջալից մտորումների մեջ էի և մի բան հասկացա, որ եթե մեր «դուրսը», մեր արտաքինը աստվածներն են տալիս մեզ, ապա մեր «ներսը» սարքում ենք մենք: Նշանակում է՝ ամեն ինչ շտկվելիք է: Ինչպես հմուտ քանդակագործը մարմարի տձև կտորի միջից գեղեցիկ արձան է հանում, իսկ ապաշնորհը պարզապես փչացնում է քարը: Ուրեմն՝ ես կարող եմ շտկել իմ «ներքին», հրեշավոր կերպարանքը, իսկ որպեսզի շտկեմ, պիտի իմանամ, թե ինչու է այլանդակվել:

Չնայած երկար չէի ապրել այս աշխարհի վրա, բայց հիշելով իմ անցած օրերը՝ տեսա, որ արել եմ բաներ, որոնց համար հիմա զղջում էի:

Մեկ շաբաթ անց նորից հայտնվեցի իմ «ներքին լճակի» ափին: Ես վարանում էի, վախենում մոտենալ ջրին, այնուհանդերձ մոտեցա, և այն, ինչ տեսա, այս անգամ ինձ պարզապես ցավ պատճառեց. լճակի մակերեսն արտացոլում էր ծերունական տառապած մի դեմք՝ խորշոմներով ակոսված: Հրեշն անհետացել էր՝ տեղը զիջելով այս ծերունուն, որ ես էի: Ցավն ինձ նաև գիտություն բերեց. ուրեմն ես կարող եմ փոխվել, ավելի լավը դառնալ, քանի որ, ի՞նչ կասկած, տառապած դեմքն անհամեմատ ավելի հաճելի է, քան արյունարբու հրեշը:

Եվ տառապանքը դարձավ իմ փրկության ուղին:

Ինչպես ծանր հիվանդն է անկողնուն գամված ամիսներ շարունակ բուժվում, այդպես էլ ես էի դանդաղորեն, բայց կարծես վերջնական ազատվում իմ մեղքերից, և երբ հասավ փրկության վերջին օրը, ես նման էի մի նորածնի՝ մաքուր, բայց իմաստուն և վճռական ամբողջ կյանքը ճիշտ ապրելու: Սակայն ամենազարմանալին այն էր, որ այլևս չէի փնտրում իմ «ներքին լիճը» և ոչ մի ցանկություն չունեի իմ արտացոլումը տեսնելու:

Եվ, սակայն, նույն ձեռքն ինձ տարավ այնտեղ:

…Ես նայում էի ջրին և զանազան դեմքեր տեսնում՝ մեկը մյուսից գեղեցիկ և համակրելի: Ո՞ւր էին այս մարդիկ, ինչո՞ւ չէի տեսնում նրանց, և ինչո՞ւ է լճակը հիմա ցույց տալիս ինձ: Եվ այդ պահին մի ձայն հնչեց թիկունքիցս.

-Այդ մարդիկ կային, նրանք քո շուրջն էին, բայց դու նրանց չէիր նկատում, քանի որ քեզ համար քեզնից զատ ուրիշ ոչ ոք չկար աշխարհում:

-Իսկ ո՞ւր եմ ես… Ես դարձյալ ինձ չեմ տեսնում:

-Նորից նայիր՝ կտեսնես:

Ես նորից հակվեցի ջրին: Գեղեցիկ դեմքերը տողանցում էին հայացքիս առջև, բայց ես չկայի: Վերջապես երևացի: Իմ նույն դեմքն էր, որով հիանում էի գետակի ափին: Այո, իսկապես, ես գեղեցիկ էի, սակայն ոչ ավելի, քան մյուսները: Նույնիսկ կասեի, որ ինձնից ավելի գեղեցիկները կային: Ես հիանում էի այդ դեմքերով և զգում, թե նրանք ինչպես են հարստացնում ինձ: Գեղեցիկ ու անհոգ դեմքերին հաջորդեցին ծերեր ու երիտասարդներ, կանայք ու տղամարդիկ, որոնց երեսին ցավի ու տառապանքի կնիքն էր տպվել, և ես կարեկցեցի նրանց ու տեսա, թե ինչպես արցունքներ կաթացին իմ աչքերից…

Ես հասկացա, որ աստվածներն ինձ աչքեր են տվել, որպեսզի ոչ միայն հիանամ աշխարհի գեղեցկությամբ, այլև ուրիշների ցավերը տեսնեմ, կարեկցեմ և օգնեմ, մինչդեռ ես միայն ինձ էի տեսնում…

 

Երկրորդ անգամ բժշկի մոտ գնալու հարկ չեղավ:

Ես հիմա ամեն ինչ տեսնում եմ, նույնիսկ ավելի լավ, քան առաջ: Իսկ հայելու մեջ նայում եմ միայն անհրաժեշտության դեպքում, օրվա ընթացքում ընդամենը մի քանի րոպե: Պատահում է, որ երբեմն համենում եմ իմ արտացոլումի առջև և ինքս ինձ հարցնում. «Ի՞նչ էիր գտել սրա մեջ ամբողջ օրը հիանալու…»:

 

 

Անդին 9, 2014

Share

Կարծիքներ

կարծիք