«Խոսքաճաղ» գրքից

Հեղինակ:

nkar

Պաուլո Ցելանը (1920-1970. իսկական անունը՝ Պաուլ Անցել, որը շրջագրությամբ դարձել է Ցելան) XX դարի գերմանալեզու նշանավոր և միևնույն ժամանակ «մութ» բանաստեղծներից է:
Անձնական և ազգային աղետը՝ Հոլոքոստը, խորը հետք է թողել Պ. Ցելանի ստեղծագործության վրա (Հոլոքոստի ժամանակ զոհվել են ծնողները, իսկ նրան հաջողվել է խուսափել համակենտրոնացման ճամբարից, բայց ուղարկվել է ռումինական ճամբար, որտեղ աշխատել է իբրև ճանապարհաշինարար):
Հատկանշական է, որ այդ ամենի մասին նա հետագայում լռում է և միայն իր բանաստեղծությունների միջոցով է հնարավոր ինչ-ինչ հանգամանքների բացահայտում:
Ընդհանուր առմանբ Պ.Ցելանի պոեզիան չափազանց բարդ է և խորհրդավոր: Նրա պոեզիան ըմբռնելն ընթերցողից բավական մեծ ճիգ է պահանջում: Լեզուն առաձգական, շոշափելի և ճշգրիտ է , առատ է նորաբանություններով, հնաբանություններով, մասնագիտական եզրույթներով, աշխարհագրական անուններով, օտարալեզու բառերով, ինչպես նաև բանալի-բառերով, շրջասումներով, կրկնություններով, որոնք մի բանաստեղծությունից անցնում են մյուսին, ստեղծում հիպերտեքստային կապակցումներ, առաջ բերում հղումների և ինքնահղումների նորանոր ծավալումներ, ձեռք բերում հերմենևտիկական երանգներ: Հատկանշական է նաև, որ բառերը Պ. Ցելանի մոտ հաճախ ունեն ինքնուրույն կյանք: Հընթացս ժամանակի՝ նրա պոեզիան ավելի ու ավելի է հակվում համառոտագրության, լակոնիկ ոճի և լռության: Խորքային առումով «Բանաստեղծությունները Պ. Ցելանի համար գոյություն ունեն ոչ միայն ամենայն շարահյուսությունից և տրամաբանությունից (մեկ ուրիշն այսօր, ընդհանրապես ասած, ոչ էլ կա), այլև ամենայն իմաստաբացահայտումից դուրս մակարդակում» (Է. Լևինաս: Հարդյունս՝ նոր-նոր ուրվագծվող լեզվուղին նրան դուրս է բերում Ոչ-մի-Տեղ, մի նոր Ուտոպիական մակարդակ, որտեղ Պ. Ցելանը փորձում է լեզվախաղերով, լեզվի կոտրատումով մտածել-անթույլատրելին: Այստեղից էլ՝ «Պոեզիան մաքուր մահկանացության և մեռած տառի վերափոխումն է անսահմանության» («Կեսօրյա գիծ» բանաստեղծությունից): Թերևս ապրումների նման բյուրեղացումից հետո է, որ բանաստեղծը 1970թ.-ի ապրիլի 20-ին Փարիզում՝ Միրաբոյի կամրջից, նետվում է Սենան (քանի որ «Գրիչով բուժումը չoգնեց, չկարողացավ օգնել» (Անրի Միշո)):
ԹՈՆԴՐԱԿ

*
Ձայներ, կանաչի մեջ
ճանկռոտված ջրամակերեսի:
Երբ ծղնին սուզվում է`
ծղրտում է ակնթարթը.

Ինչը կանգնած էր քեզ մոտ
ամեն մի ափին,
այն ոստնում է
ուժգին ուրիշ պատկերի մեջ:

*
Ձայներ, եղինջ-ուղիներից.

Արի մեզ մոտ ձեռքերի վրա:
Ով լամպի հետ միայնակ է,
միայն ձեռք ունի` դրանից կարդալու:

*
Ձայներ, գիշերվա միջից աճող, թոկեր,
որոնցից դու կախում ես զանգը:
Կռացիր, աշխարհ,
Եթե մահախեցին լողում-մոտենում է,
նա այստեղ է ուզում ղողանջել:

*
Ձայներ, որոնց առջև սիրտդ
նահանջում է դեպի մորդ սիրտը:
Ձայներ, կախաղանածառից,
ուր ուշ-ա-փայտն ու շուտ-ա-փայտը մատանիներն
են փոխանակում ու փոխանակում:

*
Ձայներ, կոկորդային, մանրուքի մեջ,
նրա մեջ նույնպես անվերջն է հորատում
(սրտա-)
լպրծուն առվակը:

Իջեցրու նավակները, մանուկ,
որոնց անձնակազմն ինքս եմ հավաքագրել.

Ում նավամիջնամասում մրրիկն է նստում աջ,
փակվում են փակագծերը
(սեղմնակներն են հավաքվում):

*
Հակոբաձայն.
Արցունքներ:
Արցունքներ եղբայրական աչքերում:
Մեկը կախված մնաց, մեծացավ:
Մենք ապրում ենք դրա մեջ:
Շնչիր,
որ այն տարալուծվի:

*
Ձայներ, տապանի խորքից.

Միայն
բերաններն են
ծռված: Ձեր
սուզորդները, մեզ էլ
են լսում

Ոչ մի
Ձայն-մի
ուշացած խշշոց տարաժամ, քո
մտքերին նվիրված աստ, ի վերջո,
մոտենում է. մի
պտղաթերթիկ` մեծաչյա, խորը
ճանկռոտած. այն
ձյութում է, չի ուզում
սպիանալ:

Նամակով ու ժամացույցով

Մոմ,
չգրառվածը կնքել,
քո անունը
կռահեց,
քո անունը
ծածկագրեց:

Արդ, գալի՞ս ես արդյոք, լողացող լույս:

Մատներ` ևս մոմե,
օտար, ցավեցնող
մատանիների միջով:
Հեռահալված են ծայրերը նրանց:

Գալի՞ս ես արդյոք, լողացող լույս:
Անժամն է Ժամացույցի մեղրահացը,
հարսանեկան բյուրեղամեղու պարսը`
պատրաստ ուղևորություն:
Արի, լողացող լույս:

Ներքևում

Դեպի մոռացության տուն դարձած
հյուր-զրույցը մեր
դանդաղ աչքերի:

Տուն դարձած վանկառվանկ, բաժանված
օրվա կույր զառերի, որոնց
բռնում է խաղացող ձեռքը, մեծ
արթնության մեջ:

Եվ իմ խոսքի չափազանց շատությունը
միահյուսված փոքրիկ
բյուրեղապակուն` քո լռության հագուստին:

TENEBRAE*

Մոտ ենք, Տեր,
մոտ և շոշափելի:

Բռնված արդեն, Տեր,
մեկզմյուսին ներհյուսված, կարծես
յուրաքանչյուրիս մարմինը
քո մարմինը լինի, Տեր:

Աղոթիր, Տեր,
աղոթիր մեզ համար,
մենք մոտ ենք:

Քամուց քշված գնում էինք անդ,
գնում խոնարհվելու համար
հովիտներին և մաարներին**:

Արտասունքներին մոտ էինք գնում, Տեր:

Արյուն էր, արյուն,
որ դու հեղել ես, Տեր:

Այն փայլատակում էր:

Քո պատկերը նետված էր մեր աչքերում, Տեր,
աչքերն ու բերանը մեր այնպես բաց էին ու դատարկ, Տեր:

Մենք խմում էինք, Տեր,
արյուն և պատկեր, և ինչ որ կար արյան մեջ, Տեր:

Աղոթիր, Տեր,
մենք մոտ ենք:

* Tenebrae (լատ.) — խավար, մթություն:
** Մաարներ — աշխարհագրական տերմին. երկրի մակերևույթի հրաբխային ծագման խորացում:
Գերմաներենից թարգմանությունը` Պարույր Մեսրոպյանի

Կարծիքներ

կարծիք