Իմ սիրտը լեռներում չէ…

nkar

Կյանքը ամենամեծ և ամենահրաշալի անհեթեթությունն է:
Արվեստը փորձում է գեղեցկություն և միտք հաղորդել այս առեղծվածային անհեթեթությանը:
/ Է. Հ./

Իմ սիրտը լեռներում չէ…

1.
Ահա և ես…
Դյուրախոց թիրախ,
Որին շարունակ պիտի խոցոտեն
Եվ աստվածները հզոր ու չարկամ,
Եվ մարդուկները ճճվային գանգով…

Ահա տեգերը
Իմ կրծքին ուղղված,
Բայց ես հերոս չեմ
Եվ ոչ էլ ռազմիկ՝
Պարտված ու շվար,
Միայնակ կանգնած
Այս փորձարարական կյանքի հարթակին…
Ուրիշ արյուն է իմ հոգում հոսում,
Ուրիշ ձայներ են ինձ առաջնորդում,
Բայց ահա եկել
Խրտվիլակի պես տնկվել եմ այստեղ,
Այս քավարանում,
Որ հազար տեղից քրքրված հոգիս
Դոնքիշոտյան խենթ միամտությամբ
Առագաստ դարձնեմ հողմերի դիմաց,
Իսկ հողմերը կույր փչում են անտես՝
Մաս-մաս տանելով
Իմ ժամանակի ծվենները լույս…

2.
Եվ ժամանակը հոսեց առանց ինձ…
Ոչինչ իմը չէր
Ու ես ոչնչի…

Անձրև էր ու արև,
Ինչ-որ տեղ շատ մոտիկ
Գորշ գայլը ծնում էր գայլուկներ…
Վազում էր երեխան՝
Շուրթերին ավետիսը գարնան,
Վազում էի ես՝ տագնապած,
Դեպի մութ ոհմակը գայլերի…

Ոչինչ իմը չէր
Ու ես ոչնչի…
Անձրև էր ու արև
Եվ ընթացք կորուսյալ…

3.
Ես այստեղ
/Ինչպես Չարզ Բուկովսկին/
Ենթադրում էի, որ
Դեռևս բանաստեղծ եմ,
Բայց ամեն առավոտ,
5:30-ին,
Բոլոր երազներս ավերած,
Մահվան freeway-ներով
Նետվում եմ քաղաքակրթության խորխորատը,
Որպեսզի ձեռքս դրած կրծքիս,
Քաղաքակիրթ ու զուսպ գոռամ.
This site is full…
This site is full…
Իսկ մահը այստեղ
Գիտակցություն չէ,
Ոչ էլ վիթխարի ցուլ՝ վրաս հարձակվող,
Այլ փսլնքոտ,
Առօրյա երևույթ,
Որի դեմ անիմաստ է կարմիր պաստառ ճոճելը:

4.
Ես այստեղ
Փորձարկում եմ
Խաչելություն՝ առանց խաչի,
Ցեղասպանություն՝ առանց արյան,
Գաղթ՝ առանց թշվառության,
Թռիչք՝ առանց բարձունքի,
Սեր՝ առանց կնոջ,
Կյանք՝ առանց ապրելու,
Մահ՝ առանց մեռնելու:

Ես այստեղ փորձարկում եմ
Ճամփորդությունը Դանտեի՝
Քավարանից downtown,
Downtown-ից քավարան,
Որպեսզի անտերունչ շան նման,
Անտարբեր ու անհոգի,
Ձեռքս դրած կրծքիս,
Քաղաքակիրթ ու զուսպ գոռամ.
$10, $ 5, $1

5.
Ես այստեղ
Չնչին գումարով «վայելում» եմ
Խոյահարող արհեստական կրծքերով,
Զարդարուն պորտիկներով,
Տիկնիկային աչքերով
Շքեղաշուք կանանց
Կրքագրգիռ, նրբագույն վարպետությունը
Եվ սեփական հոգու
Դառնատտիպ ձախորդությունները ծամծմելով՝
Կում-կում ըմպում եմ
Կաստանեդյան թունդ թքիլան,
Որպեսզի խրոխտ
Իմ կապույտ լեռան
Ճերմակ կեցվածքով
Երկիրն իմ պագնեմ՝
Երազային մտացնծությամբ:

6.
Ես այստեղ
Տեսնում եմ
Մարդկային մտքի
Աստվածային փայլատակումը,
Անխորտակ,
Հզոր ու հաստատակամ թռիչքը՝
Տիեզերական նվաճումների…
Ես այստեղ,
Հենց այստեղ
Ջղաձիգ սրտով
Վերհիշում եմ
Ամենաանարյուն,
Ամենախաղաղ մահերը՝
Ճերմակ տագնապի սև հովանավորությամբ,
Եվ մարդկային միաբջիջ ցեղի
Անսահման լկտիությունը,
Որ ինձ մղում է
Ամենաշքեղ գաղթականության,
Որպեսզի
Պայթող սրտով
Վայրագորեն գոռամ՝
Իմ սիրտը լեռներում չէ…
Լեռներն են իմ սրտում…

7.
Կարող էի ոչինչ չասել
Եվ բեռան տակ կքած
Գնալ մինչև ՈՉԻՆՉ…
Բայց շառաչուն մտրակի պես
Հարվածում էր անձրևը դեմքիս,
Եվ արևը կատաղած շուն
Այս հրավառ անապատում
Հոշոտում էր նեխող հոգիս:

Կարող էի ոչինչ չասել,
Բայց օտար էր իմ պատկերը
Եվ իմ բույրը այս հողին,
Եվ ընթացքը այս ուղիով
Դեպի ՈՉԻՆՉ
Չէր խոստանում ոչինչ-ոչինչ…

Giendale-Downtown 394 ավտոբուսային երթուղի

Ի՞նչ վայր է սա, ի՞նչ երկիր,
Ի՞նչ աշխարհամաս

Զրույց Դանտեի, Թ. Ս. Էլիոթի,
Ֆ.Ֆարրոխզադի և… Ձեզ հետ:

1.
Եվ ինչո՞ւ ողբալ…
…………………………
«Այն ագռավը, որ թռավ
Մեր գլխի վրայով»,
Կանխորոշեց քո մահը,
Եվ կռռոցը ինչպես կույր գնդակ
Խոցեց իմ հոգին:

Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի,
Թե ով է վերադառնալու
Հայելիների հավերժական անդրադարձից,
Եվ ինչ ծավալով է բեղմնավորվելու
Մութ արգանդը ժամանակի:

Մենք կանգնեցինք ու տեսանք
Փոքրիկ շատրվանների
Ողբը անարցունք,
Մենք կանգնեցինք ու տեսանք
Համաճարակը փողային ախտի
Եվ մեր մատներից դանդաղ հեռացող
Հետքը թանաքի:

Ծառերը չեն վազում…
Եվ ամենօրյա հրաշքները մեծ
Տաղտուկ են բերում
Ճահիճում ապրող գիշակերներին:

Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի,
Թե ով է վճարելու
Ստույգ գինը երկչոտության,
Եվ ի՞նչ պատգամներով ենք վերաշինելու
Վարդի հոգին փշրված:

Մենք կանգնեցինք ու տեսանք
Ամոթից շիկնող
Ընդվզումը արևածաղկի:
Մենք կանգնեցինք ու տեսանք
Կեղծ լուսապսակը
Խավարասեր «մարգարեների»
Եվ մեր սիրո ողջակիզումը
Առ ոչինչ…

2.
Եվ ինչո՞ւ ողբալ…
………………………….
Պետք է ապահովել…
Պետք է ապահովել շրջանակը սև.
«Նախքան մտածելը
Պատահում է պատահարը»
Եվ հետապնդող լույսերը մահվան
Մերթ միանում են
Ու մերթ անջատվում:

Ես տեսա
Համբույրից հյուսված
Պարանը ճոճվող
Եվ մարմինը քո՝
Արևածաղիկ:

Ծառերը չեն վազում,
Նրանք սուզվելով
Բարձրանում են վեր:

Իսկ ժամանակը…
Իսկ ժամանակը անսեռ իր ձայնով
Միայն մի բան է շշնջում հիմա
ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ…

3.
Եվ ինչո՞ւ ողբալ…
Եվ ինչո՞ւ ողբալ…
«Հասարակ իշխանության ուժը կորուսյալ…
Ի՞նչ վայր է սա, ի՞նչ երկիր, ի՞նչ աշխարհամաս»,
Ուր միայն ապրիլը չէ ամենադաժան ամիսը,
Եվ առանց անձրևների
Ազգի բեղուն արգանդից
Դուրս է հորդում
Հոծ բանակը սինլքորների՝
«Նրանց, ովքեր շան ատամ են սրում՝
Ենթադրելով մահ:
Նրանց, ովքեր հծծահավի փառքով են ցնծում՝
Ենթադրելով մահ:
Նրանց, ովքեր նստել են գոհության խոզանոցներում՝
Ենթադրելով մահ:
Նրանց, ովքեր անասնական մտացնծություն են ապրում՝
Ենթադրելով մահ»:
Իսկ երկիրը՝ ծանրորեն հիվանդ,
Իսկ երկիրը՝ դաժանորեն եթերացված,
Ընկած սեղանին վիրահատության
Լուռ ճչում է.
«ՈՎ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԵՍ ՔԵԶ Ի՞ՆՉ ԵՄ ԱՐԵԼ…»:

4.
Ծառի բողբոջը ինձ հուշում էր ապրելու մասին,
Փոքրիկ շատրվանը ինձ հուշում էր ապրելու մասին,
Թաղվող հատիկը ինձ հուշում էր ապրելու մասին,
Կանգուն ժայռը, գլորվող քարը
Ինձ հուշում էին ապրելու մասին,
Իսկ «մահը այն ծառն էր հսկա,
Որի հոգնած ճյուղերին
Այս կողմի՝ «Սկզբի» շնչավորները
Սրբերին ապավինելով լաթեր էին կապում,
Իսկ մյուս կողմի՝«Վախճանի» մեռյալները
Ճանկռոտում էին նրա Ֆոսֆորե արմատները»:
Իսկ մահը՝ խորհրդատուն ամենամեծ,
Իսկ մահը՝ ուղեկիցը հավերժական,
Լուռ ճչում է.
«Ոչինչ կարևոր չէ այնքան,
Որքան իմ շփումը քեզ հետ,
Բայց ես դեռ չեմ դիպել քեզ»:
Իսկ մենք՝
Մեր իսկ արյանը ծարավ,
Հրապարակներում գոռում էինք
Քայլերգը մահվան.
«Կեցցե…
Կորչի…»:

5.
Մենք գայլեր ենք անհոգի,
Տեր, աղոթիր մեզ համար…
…………………………………
Ոչ մարգարե, ոչ արքա, հարկավոր չէ մեզ ոչինչ:
Սուրբ քարոզներ ու պատգամ, հարկավոր չէ մեզ ոչինչ:
Մենք գայլեր ենք անհոգի և «հոգիներ փոքրոգի,
Որ ոչ Աստծուն, ոչ էլ դևին ենք հաճո»:
Մենք խժռող ենք ու լափող,
Տեր, աղոթիր մեզ համար
Մեր ծննդի
Ու մեր մահվան ժամանակ:

6.
Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,
Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,
Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,
Մեռնող զինվորը՝
Տհասությունը մարդկային:

Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի,
Թե ով է փրկելու
Ժառանգությունը մեր՝
Միաբջիջ պրոտոզոններից,
Ով է տանելու պարտեզն անապատ,
Եվ ի՞նչ հրաշքով
Մեր դեմքերը աղճատված
Կհատուցանեն
Քաղցր բերկրանքը ինքնաճանաչման:

Գնանք ուրեմն,
Հաստատուն գնանք
Դեպի հարցը սպանիչ՝
«Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՄԵԶ…»:
Իսկ գուցե ոչինչ,
Այն ենք,
Ինչ եղել ենք շարունակ…

7.
«Ոչ բաժանումն է կարևոր,
Ոչ միությունը:
Սա է երկիրը: Ժառանգությունը մեր»:
……………………………………………
Անշուշտ դեռ կլինի ժամանակ
Վերլուծության ու քննարկման,
Անշուշտ դեռ կմնան ինչ-որ բաներ
Պեղումների համար ու հնաբանության,
«Դեռ ժամանակ կլինի, դեռ ժամանակ կլինի»,
Իսկ մինչ այդ
Սովալլուկ մանկան նման
Անհագորեն ծծենք
Սմքած ծծակը
Անփառունակ մեր գոյության:
Իսկ մինչ այդ
Շնորհ համարենք «ապրելը»
Այն երկրում,
Որ առաջինն է,
Որ առաջինն է,
Որ առաջինն է…

Իսկ մինչ այդ
Գնանք հաստատուն,
Հաստատուն ու պարզ,
Դեպի հարցը սպանիչ՝
«Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՄԵԶ»:

Giendale-Downtown L.A
394 ավտոբուսային երթուղի

Օտարության մեջ

Թեթև,
Անկոպեկ
Ճախրում էի բառերի երկնքում…

Վերջապես կապեցի
Բեռնակրի լայն մեջքագոտին
Ու իջա Downtown…

Օ՜, Աստված իմ,
Որքան ծանր են
Բառերը
Օտարության մեջ…

Giendale-Downtown L.A
394 ավտոբուսային երթուղի

Սպասում …

Ամբողջ գիշեր
Լուռ նստեցինք
Անկողնու մոտ հիվանդ ծովի…
Լուսին չկար,
Ու չկային աստղերը վառ,
Միայն հևքն էր,
Ծանր հևքն էր ֆոսֆորափայլ ալիքների…
Լուսաբացին
Աչքը թաց էր…
Տեսնես ծովը
Ո՞ւմ ճամփին էր սպասում…

Տիեզերական ժամանակ

Վերջապես տեսա անապատը,
Տեսա լռությունը խորհրդավոր
Եվ ավազե ժամացույցից թափվող
Ավազը
Դեպի տիեզերք…
Դեռևս
Հիասքանչ է ծաղիկն արևի,
Դեռևս հիասքանչ է
Առասպելը կնոջ
Եվ խոտը
Բերանքսիվայր պառկելու համար…

Դեռևս քնքուշ է
Մարմինս փորձարկող մրջյունը՝
Ժամանակի
Եվ իմ փակվող բիբերի մեջ:

Անդին 9, 2014

Կարծիքներ

կարծիք