Ժառանգություն

Հեղինակ:

20152206181023360

Այն երանավետ պահերից էր, երբ մտովի վերապրում էր իր արբեցնող երջանկության վայելքը: Նա նստած էր «Իմպերիալ» սրճարանի դիմաց՝ փոքրիկ սեղաններից մեկի մոտ, որ գաղջ սրահներից դուրս էին բերվել փողոց, ուր իր ճաճանչներն էր փռել ամռան հետմիջօրեի կիզող արևը: Նա ինքնամոռաց ծխում էր իր «Հավաննան» և մտածում Աննետեի մասին:

Աննետեի մասին… Նրա խոշոր շագանակագույն աչքերի, նրա սև մազերի մասին, որոնք ամռանը միշտ հյուսված էին: Մտածում էր այն առանձնատան մասին, ուր նա ապրում էր. Վիեննային շատ մոտ, բայց լուռ ու մենավոր մի վիլլա, որի դուռը շաբաթվա մեջ մեկ, երկու, նույնիսկ երեք անգամ երեկոյան ժամերին կարող էր թակել և վայրի, քաղցր շուրթերի հազարավոր համբույրներով ներս հրավիրվել: Մտաբերում էր նաև նրա ամուսնուն, որն օրերով չէր երևում, իսկ կիրակի օրերին, երբ այնուամենայնիվ հնարավոր էր հանդիպել նրան, սեղանի մոտ՝ բազմոցին պառկած, կիսախուփ աչքերով գլանակներ էր փաթաթում ու ծխում:

Էմիլը գրեթե սիրում էր նրան՝ մոխրագույն մազ-մորուքով խոհուն, ծանրաբարո այդ մարդուն, և պատկառանքի ու կարեկցության մի զգացում էր համակում նրան, երբ տեսնում էր խարդավանքին անտեղյակ այդ մարդու բարձր ճակատը: Նա կրկին հիշեց իրենց վերջին հանդիպումը: Ինքն ու Աննետեն նստած էին փոքրիկ սեղանի մոտ, որի վրա դրված էին սև սուրճի գավաթները, և Աննետեն, ումպ-ումպ խմելով իր սուրճը, սիրակեզ հայացքը հառել էր իր աչքերին: Հանկարծ սիգարն ընկավ ամուսնու ձեռքից: Քնել էր: Աննետեն ժպտալով վեր կացավ, ոտքերի ծայրերի վրա շտապեց դեպի այգին տանող դուռը և ձեռքով արեց: Էմիլը դանդաղ քայլեց պարտեզ սուրացող կնոջ հետևից: Նա գտավ նրան երկու մեծ ծառերի միջև կապված ճոճանակին պառկած, կիսաբաց շուրթերով, աչքերը խոնավ, շունչը տիրական, կրակոտ: Կինը համբուրեց նրան՝ ցավեցնելով այտը: Էմիլը քիչ մնաց ճչար: Բայց հիշեց սենյակում քնածի մասին: Կինը կարծես կարդաց նրա մտքերը: «Նա չի արթնանա»,- ասաց, ծիծաղեց և Էմիլի գլուխը ձեռքերի մեջ առնելով՝ իր տաք շունչը շնչեց նրա մազերին:

«Արդեն երեք օր է՝ չեմ եղել այնտեղ, ինչո՞ւ,- մտածում էր Էմիլը:- Ինչո՞ւ նամակ չի գրում: Երբ տուն գնամ, նամակն անշուշտ արդեն հասած կլինի: Մեկն այն նամակներից, ուր միայն երկու բառ է լինում՝ այսօր երեկոյան: Իսկ հետո կառք կնստեմ և կհասնեմ նրա մոտ: Նա ինձ ընդառաջ կգա, ու կքայլենք անտառի ճանապարհով: Դարձյալ ցույց կտա վերջին նամակս, ինչպես նախորդ գրածս, որը նա ծոցն էր դրել, ճմռթել էր, համբուրել, սեղմել սրտին…»:

Մտքերով տարված՝ Էմիլը նայում էր դիմացը փռված փողոցին, երբ հայացքն ակամա կանգ առավ մուգ հագուստով բարձրահասակ տղամարդու վրա, որը փողոցի մյուս կողմից գալիս էր դեպի սրճարան: Մարդը գալիս էր ուղիղ դեպի իր սեղանը: Աննետեի ամուսինն էր: Նա ամառվա ընթացքում արդեն երկու-երեք անգամ կեսօրից հետո եկել էր «Իմպերիալ» սրճարան, լրագիր կարդացել ու գնացել: Այս անգամ սառը քաղաքավարությամբ բարևելով՝ նստեց Էմիլի սեղանի մոտ և ասաց.

-Ես գիտեի, որ այստեղ կտեսնեմ Ձեզ:

Էմիլը, ջանալով վանել իրեն համակող երկյուղը, փորձեց կատակել: Ժպտալով նայեց տղամարդու սև կոստյումին, ասաց.

-Ամառային այս սքանչելի օրն այսպես մո՞ւգ հագնվել:

Պարոնը ուշադրություն չդարձրեց նրա խոսքերին, կտրուկ նետեց.

-Ես կարդացել եմ Ձեր նամակները:

Էմիլի սիրտը կծկվեց ինչ-որ անորոշ ցավից, բայց ժպտաց.

-Ես Ձեզ երբեք չեմ գրել:

Նույն պահին էլ վարանեց. խեղճուկրակ, անհեթեթ պատասխան: Մյուսը, սակայն, առաջվա պես հանգիստ շարունակեց.

-Նամակները, որ գրել եք կնոջս:

Էմիլը կարկամեց: Փորձեց ինչ-որ բան ասել, բայց ցավագնորեն ծամածռվեց: Մարդը սարսռազդու լրջությամբ, տիրական նայում էր նրան: Էմիլը միայն մեկ բառ կարողացավ արտաբերել՝  «Ինչպե՞ս»…

-Ինչպես եմ կարդացե՞լ… Շատ պարզ… Ես դրանք ժառանգել եմ:

Էմիլը սևեռուն հայացքով նայեց նրան:

Իսկ նա անվրդով շարունակեց.

-Աննետեն երեկ մահացավ: Բժիշկն ասաց՝ սրտի կաթված է, մի բան, որ երկուսիս համար էլ, կարծում եմ, միևնույնն է: Երբ նա վայր ընկավ, հանեցին հագուստը, կրծկալը, գտան նամակները: Կարծում եմ՝ հասկանում եք, որ որոշ հետաքրքրություն ցուցաբերեցի՝ անհապաղ ծանոթանալու իմ ժառանգությանը: Երկու րոպե անց ես արդեն գիտեի, որ Դուք նրա սիրեկանն եք եղել:

Էմիլի առջև ամեն ինչ սուզվեց՝ ամառային հրաշալի օրը, արևոտ փողոցը, ամենուրեք համատարած սպիտակ փայլ էր, որ ցավեցնում էր աչքերը, և սգո սև հագուստով մարդը անշարժ նստած էր փայլի կենտրոնում: Էմիլը տեսավ նաև սգո ժապավենը այդ մարդու լայնեզր գլխարկին, և ինքն էլ զարմացավ, որ կարող էր մի պահ մտածել, թե ինքը ևս պետք է գլխարկին նմանատիպ ժապավեն ամրացնի: Բայց չկարողացավ որևէ բան ասել:

-Շնորհակալ եմ, հարգելի պարոն, որ ավելորդ համարեցիք առարկել,- շարունակեց սեղանակիցը,- Դուք խնայեցիք ժամանակը ավելի կարևոր զրույցի համար: Կարիք չկար ինձ երկար-բարակ բացատրելու այցելությանս վերջին պատճառները:

Նա լռեց, հանեց գլխարկը՝ ձեռքը սահեցնելով ճակատի և աչքերի վրայով:

-Ես Ձեր տրամադրության տակ եմ, ցանկացած պահի,- հազիվ լսելի շշնջաց Էմիլը:

-Այլ բան չէի էլ սպասում,- ասաց այրիացած տղամարդը:- Միայն թե ես պետք է որոշ շտապողականություն պահանջեմ այս հարցի լուծման համար, որքան էլ դա անախորժ լինի: Վաղը՝ կեսօրին, տեղի կունենա Աննետեի հուղարկավորությունը:

-Ուրեմն՝ մյուս օրը առավոտյա՞ն,- հարցրեց Էմիլը՝ դեմքին  բարեհոգի արտահայտություն հաղորդելով, քանի որ կողքի սեղանի մարդիկ ուշադիր նրանց էին նայում:

-Դա արդեն ուշ կլինի,- վրա բերեց մարդը,- թույլ տվեք նկատել, որ իմ բարոյական զգացումները վիրավորված կլինեն, եթե այն ժամանակ, երբ իմ… երբ հանգուցյալը հողը դրվի, նրա երկու տղամարդիկ իր գերեզմանի վրա սգալու հնարավորություն ունենան, եթե առհասարակ երկուսն էլ դեռ կենդանի լինեն: Համամի՞տ եք:

-Լիովին,- ասաց Էմիլը, որն այս ընթացքում կարողացել էր վերագտնել իրեն:- Ուրեմն՝ վաղն առավոտյան, եթե Ձեզ հարմար է:- Այս ասելով՝ նա վեր կենալու շարժում արեց:- Մնացած հարցերը թողնենք մյուս պարոններին, իսկ ինչ վերաբերում է բժշկին, ապա ես ինքս…

-Մենք դրա կարիքը չենք ունենալու,- ասաց տղամարդը՝ տեղից վեր կենալով:

Էմիլը նոր միայն նկատեց քրտինքի խոշոր կաթիլները, որ նրա ճակատից գլորվում էին մորուքի մազերի մեջ: Գլխարկը գլխին դնելով՝ մարդը նորից խոսեց.

-Իմ տունը ծանոթ է Ձեզ: Բարի եղեք տեղեկացնել Ձեր մարտավկաներին, որ իմ մարտավկաները երեկոյան ժամը ութին կսպասեն նրանց:

Էմիլը նույնպես տեղից վեր կացավ: Մյուսը ողջունեց և չափավոր քայլերով անցավ փողոցը: Էմիլը, որ թեթևակի խոնարհումով հրաժեշտ էր տվել, կրկին տեղը նստեց՝ ձեռքն ակամա տանելով սև սուրճի գավաթին, որը, դեռ ձեռք չտված, դրված էր իր առջև: Խմեց՝ զարմանալով, որ այն դեռ տաք է: Ապա ուզեց նորից վառել սիգարը, որը դեռ չէր հանգել: Զգաց, թե ինչպես է սիրտը թպրտում, ոտքերը սկսում են դողալ. ամաչեց: Հարկավոր է գնալ՝ փնտրելու իր մարտավկաներին: Նա նախատեսել էր լեյտենանտ Ֆեխներին՝ «Ութերորդ գնդի հուսարներ»-ից, և դոկտոր Վիլներին: Մատուցողով զբաղվելու ժամանակը չէր: Առավոտյան կվճարեմ՝ մտածեց: Բայց նույն պահին էլ միտքը, թե իր համար հավանաբար այլևս առավոտ չի բացվի, խուլ տնքաց գլխում: Չէր կարողանում աթոռից վեր կենալ: Տեսնում էր նրան իր առջև՝ ատրճանակը ձեռքին: Ո՞վ է առաջինը կրակելու: Աչքերի առաջ ակամա տարուբերվում էր երգիծական հանդեսում տեսած մի նկար, ուր պատկերված էին երկու մենամարտողներ, որոնք երկուսն էլ, միաժամանակ խոցված, փռված էին գետնին: Փորձեց կենտրոնանալ նկարի տակ գրված հումորի վրա, բայց դա նրան չհաջողվեց: Կողքի սեղանի երկու տղամարդիկ վեր կացան, մտան սրճարան. նրանցից մեկն ասաց.

-Եվ այսպես, մեկ պարտիա կարամբոլ: Ես տասը քեզ եմ նվիրում:

Հնարավո՞ր է այսօր բիլիարդ խաղալ՝ մտածեց Էմիլը: Դա նրան տարօրինակ թվաց: Երևաց մատուցողը. հավանաբար կանչել էր նրան՝ ինքն էլ չնկատելով դա: Նա վճարեց սուրճի համար և վեր կացավ տեղից.

-Եթե դոկտոր Վիլները գա, թող սպասի ինձ. նաև լեյտենանտ Ֆեխները:

Ապա դեն նետեց սիգարը, որն այլևս հաճելի չէր, և դուրս եկավ փողոց: Քարերը չոր էին, ցավեցնում էին ոտքերը: Անցնող կառքում մի դերասանուհի էր նստած, Էմիլը ստիպված էր կանգ առնել: Հայացքի առջև անակնկալ հայտնվեց գեղեցիկ կնոջ դեմքը: Քիչ մնաց ճչար. նոր միայն մտածեց Աննետեի մասին:

Հաջորդ օրը Աննետեի տղամարդկանցից միայն մեկն էր կանգնած նրա շիրմի մոտ: Օրինականը: Մյուսը խոցված կրծքով պառկած էր դագաղում: Հենց տեղում սպանվել-ընկել էր բարձր, փափուկ խոտերի մեջ, և «Ութերորդ գնդի հուսարներ»-ից լեյտենանտը փակել էր նրա աչքերը:

Երեկոյան Աննետեի ամուսինը սրճարանում պատմում էր ընկերներին.

-Ամբողջ կյանքում հիշելու եմ, թե ինչպես եմ իմ սպանած մարդու հետ նույն կառքով Վիեննա հասել. հնարավոր չեղավ այլ կառք գտնել: Զարհուրելի էր. դիակի հետ՝ վարագույրները ցած իջեցրած կառքում… Նրա վերնաշապիկի վրա արյունը չորացել էր, և դեռ ստիպված էի գլուխը ձեռքերովս պահել, որ ցած չկախվեր:

Տիրեց ծանր լռություն: Թվաց՝ գազի բոցի լեզվակները ծխում էին, և կոնյակն այլևս սովորականի նման բարկ ըմպելիք չէր: Անգամ ձիակառքի զանգերը փողոցում հնչում էին հոգնած ու սրտակտուր:

 

Գերմաներենից թարգմանեց Ամալյա Ալեքսանյանը

 

Անդին 6, 2014

Share

Կարծիքներ

կարծիք