«Զոհ չկա, վիրավոր չկա, ուրեմն ամեն ինչ էդքան էլ վատ չի»

20151611132336758

-Քեռիենց տանն եմ: Մեկ էլ մաման է զանգում: Տխուր ձենով ասում է՝  «Լուս, գիտես ինչ է եղել, Պայծառ տատին է մահացել»,- պատմում է ընկերուհիս:

Երեկվա լուրերից մի հատված եմ հիշում՝ «Պառավաքար գյուղում հակառակորդի կրակոցից  զոհվել է 83-ամյա մի կին»:

-Ես էլ կատակով ասում եմ՝ «Մամ, դե ութսունն անց էր, է՞լ չմահանար»: Պարզվում է՝ Պայծառ տատը կրակոցից է մահացել,- շարունակում է Լուսոն։

Պառավաքարը Լուսոյենց գյուղն է: Հենց գյուղից խոսք է գնում, միշտ ասում է՝ Ան, մի օր իրար հետ ենք գնալու: Էս անգամ էդպիսի բան չասաց:

-Գյուղ պիտի գնանք, չգիտենք ոնց գնանք: Խաղողը պետք է հավաքել, բայց անընդհատ կրակում են:

Հիշում եմ տեսածս վերջին ռեպորտաժը՝ էլի սահմանից: Այգեպար-Պառավաքարի կողմերի ժողովրդին էին ցույց տալիս, հեչ չէիր ասի՝ կռվի մեջ են: Իրենց համար հանգիստ, խաղաղ, վստահ իրենց ու սահման պահող զինվորների ուժերին: Շատ էլ որ մի քանի օր էրեխեքը ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ չեն գնացել, մնացել են ապաստարաններում: Ասում են՝ «Լավ կլինի»:

-Մենակ մտածում ենք՝ բերքը ոնց հավաքենք, որ կրակոցները մեզ չհասնեն,-ասում է բնակիչներից մեկը:

Լուրերի թողարկումից անմիջապես հետո նույն ալիքով ցույց են տալիս բանկերից մեկի գովազդը, որ սոցցանցերում մի քանի օր շարունակ տարածում էին խուճապահար ընկերներս:

«Ամեն բան լավ է լինելու»,- ասում է գովազդի գլխավոր հերոսն ու հետ դառնում օդանավակայանից:

Իսկ իրականությունն ուրիշ բան է ասում՝ «Ադրբեջանական զինուժի հրետակոծման հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Նորայր Միքայելի Խաչատրյանը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը, շարքային Հարութ Մաքսիմի Հակոբյանը և շարքային Կարեն Գևորգի Շահինյանը»:

Մի քանի անգամ կարդում եմ անունները: Մտածում եմ՝ հանկարծ ծանոթ մարդ չլինի՝ դասարանցի-կուրսեցի-ընկեր: Ոչ մեկին չեմ ճանաչում, բայց արցունքները իջնում են ակնոցիս վրայով: Տասնութ-քսան տարեկան են չորսն էլ, ինձնից փոքր, ոնց ես եմ ինձնից փոքրերին անվանում՝ էրեխեք: Ու էս էրեխեքը մեր սահմանն են պահում կյանքի գնով, բառիս բուն իմաստով՝ կյանքի գնով:

Դե արի ու էս լուրը կարդալուց հետո հավատա էն գովազդին, որ ասում է, թե ամեն բան լավ է լինելու:

Մի օր, երկու օր, երեք… սահմանից վատ լուր չկա, եթե հրադադարի ռեժիմը խախտելու թիվը չհաշվենք: Զոհ չկա, վիրավոր չկա, ուրեմն ամեն ինչ էդքան էլ վատ չի:

Վերցնում եմ հեռախոսը, զանգում եմ Լուսոյին՝ համոզվելու համար՝ իրո՞ք խաղաղ է վիճակը սահմանում, թե՞ չէ:

-Ան, քաղաքում չեմ: Պառավաքարի ճանապարհին եմ, գնում ենք բերքահավաքի: Ամեն ինչ լավ է, հանգիստ եղիր:

 

 

Անդին 6, 2015

Share

Կարծիքներ

կարծիք