Երգված այն կնոջ կողմից, որն այստեղ եղավ

Հեղինակ:

nkarՖրանսիացի բանաստեղծ և դիվանագետ (Ալեքսիս Լեժե):
Հիմնական գործերն ընդգրկված են «Ծովեզերքներ», «Տաղ նվիրված գիշերահավասարին», «Աքսոր» և այլ ժողովածուներում: Նշանավոր է Նոբելյան մրցանակ ստանալիս (1960) արտասանած «Պոեզիա» ճառը:
Նրան թարգմանել են այնպիսի նշանավոր բանաստեղծներ, ինչպիսիք են Էլիոթը, Ռիլկեն, Ուգնարետտին:
«Նարեկի» ֆրանսերեն թարգմանությունը ընթերցելով հայտնել է իր խորին հիացմունքը:

Երգված այն կնոջ կողմից, որն այստեղ եղավ
(հատված «Տաղ նվիրված գիշերահավասարին» պոեմից)

Սե՜ր, օ՜, իմ սեր, անծայր եղավ մեր գիշերը, անծայր եղավ մեր հսկումը, որտեղ զուր թափված այնքան ճիգ եղավ:
Կին եմ ձեզ համար ես, և մեծ իմաստով, այրամարդու սրտի աղջամուղջում:
Գիշերն ամառային լուսավորվում է մեր փակ լուսափեղկերում: Սև խաղողը կապտում է դաշտում: Ճամփեզրի կապարն1 ի ցույց է հանում մորթն իր վարդագույն, և օրվա բույրն է արթնանում ձեր խեժառատ ծառերում:

Կին եմ ձեզ համար ես, օ՜, իմ սեր, այրամարդու սրտի անխոսության մեջ:
Գետինն իր արթնացման պահին միջատների խլրտումն է միայն սաղարթների ներքո. ասեղներ ու տեգեր բոլոր սաղարթների ներքո…
Եվ լսում եմ ես, օ՜, իմ սեր` ամեն բան սուրում է դեպ իր նպատակը: Պալլասի2 փոքրիկ բուն լսելի է դառնում նոճիների մեջ: Ցերերան3 քնքուշ ձեռքերով մեզ է բացում նռնենու պտուղներն ու Քերսիի4 ընկույզները: Արջամուկ-առնետը իր բույնն է սարքում հսկա ծառի ճեղանում: Եվ մորեխ-մարախները կրծում են գետինը մինչև Աբրահամի գերեզմանը:

Կին եմ ձեզ համար ես, և ամենամեծ անուրջով, այրամարդու սրտում տիեզերական.
տնակ` բացված հավերժի դեմ, վրան` ցցված ձեր շեմին, և հյուրընկալություն` հերթով տրված բոլոր ուխտյալ հրաշքներին: Երկնային լծկաններն իջնում են բլուրն ի վար, այծքաղ որսացողները կոտրել են մեր ցանկապատը, և ծառուղու ավազների վրա ես լսում եմ ահա` ճռնչում են ոսկե սռնիներն Աստծո, որն անցնում է մեր ճաղաշարը… Օ՜, իմ սեր` ամենամեծ անուրջից, որքա՜ն գործեր հռչակվեցին մեր շեմերին, որքա՜ն հոլանի ոտքեր վազվզեցին մեր սալարկների ու կղմինդրների վրայով…

Մեծ Արքաներ` պառկած փայտե ձեր պատանքներում, բրոնզաձույլ սալիկների տակ, ահավասի՛կ մեր մատաղացուն ձեր ըմբոստ ուրվականներին,
կյանքի տեղատվությունը բոլոր փոսերում, մարդիկ` հոտնկայս` բոլոր սալաքարերին, և կյանքը` ամեն բան առած կրկին իր մեծ թևի տակ:
Ձեր տասնորդված ժողովուրդները դուրս են գալիս անգոյից: Թագուհիները ձեր դաշունահար դառնում են ամպրոպի տատրակներ: Շվաբիայում եղան վերջին վարձկանները: Եվ բռնավորներին կոշկախթան են հագցնում վասն գիտության նվաճումների: Պատմության պամֆլետներին է միակցվում մեղուն անապատային, և Արևելքի մենարանները լցվում են առասպելներով… Մահը կապարաներկ դիմակով իր ձեռքերն է լվանում աղբյուրակների ջրերում:

Կին եմ ձեզ համար ես, օ՜, իմ սեր, հիշողության բոլոր տոնախմբություններում: Լսի՛ր, օ՜, իմ սեր, լսիր
մեծ սիրո հանած աղմուկը կյանքի տեղատվության ժամերին: Ամեն բան սլանում է դեպի կյանքը, նման կայսերական սուրհանդակների:
Որբևայրիների դուստրերը քաղաքում հարդարում են իրենց կոպերը: Կովկասի ճերմակ կենդանիները գնվում են դինարներով: Չինացի լաքող ծերունիների ձեռքերը կարմիր են իրենց փայտաշեն ջոնկանների վրա: Եվ հոլանդական մեծ նավերը մեխակ են զմռսում: Տարե՛ք, օ՜, ուղտապաններ, տարե՛ք ձեր թանկարժեք ասվեղենը դեպի թաղերը լմկանոցների: Եվ սա նաև ժամանակն է Արևմտյան մեծ երկրաշարժերի, երբ վանքերը Լիսաբոնի` բոլոր գավիթները լայն բացած հրապարակների վրա և բոլոր խորանները հրդեհած կարմիր մարջանագույն հիմնապաստառին, իրենց մոմերն են վառում Արևելյան ի տես ամբողջ աշխարհի… Դեպի Արևմուտքի Մեծ Հնդկաստանն են շտապում մարդիկ արկածախնդիր:
Օ՜, իմ սեր` ամենամեծ անուրջից, սիրտս բացված հավերժի դեմ, հոգիդ բացվող կայսրության դեմ,
թող ամե՛ն բան անուրջից դուրս, թող ամե՛ն բան այսաշխարհիկ բարեհա՛ճ լինի մեզ` մեր ճանապարհին:
Կապարաներկ դիմակով Մահը հայտնվում է տոներին Սևամորթների, շամանի տարազով Մահը կփոխի՞ արդյոք իր բարբառը… Ա՜հ, ամեն բան, որ հիշվում է, ա՜հ, ամեն բան, որ իմացանք, և ամեն բան, որ մենք եղանք, այն ամենը, ինչ ժողովվեց անուրջից դուրս, այրամարդու մեկ գիշերվա մեջ, թող որ դառնա մինչ արշալույս թալան ու տոն և կրակներ խարույկի մեջ երեկոյի մոխրի համար,- սակայն ի՜նչ փույթ, թե առավոտից կաթ է քաշում թաթար հեծյալը կենդանու ստինքից,- օ՜, իմ սեր, քո շուրթերից եմ քամում հիշողություններս բոլոր:
1968

1. Կապարազգիների ընտանիքին պատկանող թփանման, գետնատարած ճյուղերով հարավային բույս, կորաք:
2. Աթենաս աստվածուհու մականունը, որը հախաճ է պատկերվել իր սրբազան թռչնով` բվով:
3. Պտղաբերության աստվածուհին Հռոմում, լրիվ նույնացված հունական աստվածուհի Դեմետրայի հետ:
4. Ֆրանսիայի շրջաններից մեկը, գտնվում է ակվիտանական ավազանում:

Ֆրանսերենից թարգմանությունը` Աննա Հակոբյանի

Անդին 7, 2014

Share

Կարծիքներ

կարծիք