Երբ Աստծու ամեն օր բացվում է

Հեղինակ:

10590574_737258809666347_5080382086640127625_n

***
Երբ Աստծու ամեն օր բացվում է`
իր խորքում պահած
նորանոր տագնապներ ու ցնցումներ,
որոնք կայծակնային արագությամբ
թափանցում են ներսդ,
հրմշտում իրար` փակելով հաճախ
ելքերի դռներն ու պատուհանները,
և մշտապես ծանրացած սրտով ես դիմավորում
յուրաքանչյուր մայրամուտը,
զարմանում ես` ո՞նց է դիմանում
իբր թե փխրուն և զգայուն սիրտդ…
Եվ այս ամենն այնքա՜ն տևական է,
որ թեթևությունը թվում է
անբնական ու անիրական
ոչ միայն քեզ, այլև բոլոր
քեզ ճանաչողների համար:
Նաև երազներդ են լի
մղձավանջային տագնապներով,
և արթնանում ես նախորդ օրերից
ու գիշերներից մնացած ցնցումների բեռով:
Ու երբ մի օր էլ սիրտդ այլևս չի դիմանում,
արդեն ոչ ոք չի զարմանում,
իսկ դու արդեն զրկված ես լինում նույնիսկ
չզարմանալու պարզունակ կարողությունից:

***
Որբացել են բառերը, խռովել են,
հեռացել սիրո երբեմնի շքեղ դղյակներից
և թրթիռներ են մուրում
հիշողության մաքուր փողոցներում:
Բառերը հաճախ չեն բխում հոգուց,
մրսում են անտերունչ
նույնիսկ ամռան տապին,
շատ են վրդովվում,
պատեպատ են խփվում,
երբ ոչ թե բխում են հոգուց,
այլ քողարկում են հոգու դատարկությունը:
Ի՞նչ անեմ ես, սիրելի բառեր,
ինչպե՞ս ձեզ գուրգուրեմ,
որ մոռանաք բոլոր տառապանքները ձեր,
մոռանաք գոնե մի ակնթարթ
ձեզ ի չարս օգտագործելու
մարդկանց դիտավորությունը,
գրավեք ձեր տեղը մարդկանց հոգիներում
և հնչելով նրանց շուրթերից`
թափանցեք լսողների կարոտյալ հոգիները…
Միայն ու միայն բխեք հոգուց,
ոչ թե քողարկեք հոգու դատարկությունը:

***
Ես երբեք այստեղ չեմ եղել,
բայց թվում է`
վերադարձել եմ հարազատ վայր,
քանզի դո՛ւ ես կողքիս,
ում սպասել եմ անհիշելի ժամանակներից
իմ նախկին և ներկա կյանքերում:
Երբ զգացմունքներս նայում են հայելուն,
քո դեմքն է անդրադառնում
և փայլում աչքերիս խորքում-
բիբերս լայնանում են`
հայացքդ ամուր գրկելու համար,
ես բոլորին և ամեն ինչի
նայում եմ քո թրթիռների
բազմագույն ապակու միջով,
իսկ երանգները փոփոխվում են`
սրտիդ զարկերին համահունչ:
Անցած օրերի սպասման բեռը
մաս-մաս ընկնում է
գետը մոռացության…
Մենք թեթև ենք այնքան,
որ կարող ենք թռչել
ցանկացած տարածությամբ,
որովհետև այն կրճատվում է
անհավանական արագությամբ,
իսկ ժամանակն այլևս չի սպանում
գալիք օրերի ուրվականներին:
Որքա՞ն է մնացել,
ե՞րբ ենք «տեղ հասնելու»`
կարևոր չէ բնավ,
կարևոր չէ նաև, թե ինչ է լինելու
հաջորդ մեր կյանքերում,
քանզի սպասման բեռն այնքան արագ է
ընկնում գետը մոռացության,
որ թեթևությունն անկասելի է դառնում,
աղետալի վտանգավոր ու երանելի…

Հաստատ մենք թռչուն ենք լինելու
մեր հաջորդ կյանքում,
բայց ուրիշ, ուրիշ, այլ մոլորակում:

***
Հանրագումարը քո ճիգերի,
որ ես երբեք չտխրեմ,
հզոր է առավել,
քան տխրության հաշիշը,
որի գայթակղությանն
անհնար է դիմանալ,
քան տրտմության
սուրսայր սլաքները,
որ մխրճվում են մարմնիս մեջ.
հոսում է արյունս,
որպեսզի բթանան
իրական ու ինքնահորինվող
բոլոր տագնապներս:
Քո ժպիտով դու ջարդում ես
սլաքների ծայրերը,
և ես նրանց հարվածից
միայն բութ ցավ եմ զգում,
իսկ արյունս սպասում է`
դուրս ժայթքելու
կարծրացած բնազդով:
Միայն հոսելով չէ,
որ մաքրվում է արյունը,
կարող է ցնծալ
բազմաբյուրեղ սիրո
անսպառ ճառագայթներից`
հայացքդ լցնելով
ապրելու շողերով:
Տխրությունս
անզոր է պայքարել,
ու հեռանում է,
երբ դու կողքիս ես,
երբ մոխրացել է
հոսող արյան
հիշողությունը:

***
Արդեն երկար է
վերադարձի ճանապարհը,
չնայած մի քանի քայլ է
մեզ բաժանում իրարից.
դու քայլում ես արագ,
դու վազում ես նույնիսկ,
սակայն տեղ չես հասնում,
թեև իմ կացարանի դուռը
էլ չի սպասում քո թակոցին,
չի կարոտում հպմանը ձեռքիդ:
Ես չեմ խաթարում
ուրիշների կարոտը,
միշտ փորձում եմ ջարդել,
փականքն իմ կարոտի,
սակայն քո հայացքը`
իմ գլխավերևում,
սաստում է փականքի`
ջարդվելու մեծ ցանկությունը:
Ես շրջել եմ մեր էջը,
իսկ դու մոռացել ես`
ինչպե՞ս են դա անում,
մոռացել ես նույնիսկ
քո կողպած փականքի մասին,
որը ժանգոտել է վաղուց:

Անդին 8, 2014

Share

Կարծիքներ

կարծիք