Ես, Jack-ն ու ծովը

Հեղինակ:

20150106173212984

Ինչո՞ւ են մարդիկ վախենում մահից: Մի՞թե կա մարդկային էության ավելի էգոիստական դրսևորում, քան մահվան վախը:
Ջեքը չպատասխանեց:
Մարդն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան առերեսվում է մահվան հետ: Անգամ հենց այս պահին՝ բառը սկսվեց, բառը վերջացավ, բառը մահացավ: Տողը սկսվեց, տողը վերջացավ, տողը մահացավ: Օրը սկսվեց, օրը վերջացավ, օրը մահացավ: Վայրկյանը սկսվեց, վայրկյանը վերջացավ, վայրկյանը մահացավ… Մարդը ծնվեց, մարդը ապրեց, մարդը մահացավ… Մարդը ծնվեց արգանդից, մարդը մահացավ արգանդում. մի կյանքից անցում մյուսին:
Համբուրեցի Ջեքին:
Մահ… Անհատական ապոկալիպսիս:
Իհարկե հասկանում եմ, որ մահից վախենալը բնազդային երևույթ է, բայց ինչո՞ւ վախենալ ուրիշի մահից: Ես վախենում եմ, որ իմ հարազատը կմահանա: Բայց ինչո՞ւ եմ վախենում: Որովհետև ես կմնամ առանց իմ հարազատի, ես կմնամ մենակ: Իսկ ինքը պարզապես հանգիստ քնով կխաղաղվի՝ ստիպելով արտասվել ինձ նման էգոիստներին:
Ջեքը չպատասխանեց:
Համբուրեցի Ջեքին:
Կամ էլ կընկնի դժոխք: Հարազատ էլ կա, հարազատ էլ:
Ես երեկ կայի, հիմա կամ, վաղն էլ կլինեմ: Ու այս գիտակցումը, ավելի ճիշտ՝ այս ինքնախաբեությունը յուրահատուկ խաղաղություն է բերում, տարօրինակ կայունության զգացում: Հետո ուրիշ մտքեր՝ ես երեկ ապրում էի, հիմա ապրում եմ, իսկ ինչպե՞ս կապրեմ վաղը:
Ջեքը չպատասխանեց:
Համբուրեցի Ջեքին:
Համամարդկային ինքնախաբեություն՝ մարդու հետ ծնված, բայց չմահացող մարդու հետ: Իսկ եթե վաղը ես ընդհանրապես չապրե՞մ: Իսկ եթե վաղը չգա՞: Իսկ եթե վաղը… չլինեմ: Եվ եղիցի վախ: Վախենում ենք անգամ մտածել, որ ինչ-որ հավանականությամբ, ինչ-որ պայմանների բերումով մենք, որ երեկ կայինք, կանք այսօր ու պետք է լինենք դեռ երկար տարիներ, վաղն արդեն կարող ենք չլինել: Կարող ենք փոխարինել մեր այսօրվա կյանքը վաղվա անհայտության հետ: Բայց վաղը միշտ էլ անհայտ է: Բայց մենք չենք վախենում վաղվանից, որովհետև վաղվա անհայտության մեջ մենք այսօր արդեն մեր երևակայության խորքերում նկարում ենք ինչ-որ հայտնի գծեր:
Համբուրեցի Ջեքին:
Անհայտություն, որը կտա մեզ նոր կարգավիճակ: Իհարկե՝ ոչ ֆեյսբուքյան: Ոչ այդքան լուրջ:
Համբուրեցի Ջեքին:
Ֆրո՞յդն էր ասում, որ կրոնը հոգեբանական մեխանիզմ է, որը պաշտպանում է մահից:
Ջեքը չպատասխանեց:
Օրինակ՝ էս ծովը: Ինչի՞ց կարող է վախենալ ծովը: Երևի՝ գլոբալ տաքացումից: Ավելի լավ կլիներ վախենար իր մեջ միզող զբոսաշրջիկներից: Գուցե հենց նրանցից էլ վախենում է, որ նման ալիքներ է ծնում: Ալիքներն էլ ծովի հոգեբանական մեխանիզմն են:
Համբուրեցի Ջեքին:
Ափսոս, էս ջրերում շնաձուկ չկա: Կուզեի մի օր հանդիպել դրանց: Էդ ժամանակ ինչի՞ց կվախենայի: Մահի՞ց: Չեմ կարծում, որ ժամանակ կունենայի դրա մասին մտածելու: Միակ միտքը, որ կողողեր ուղեղս՝ գազանի աչքին ինչ-որ բանով հարվածելու եղանակ գտնելը կլիներ: Մի անգամ հաղորդում էի նայում, ասում էին, որ փրկվելու միակ եղանակը էդ է: Լավ, եթե մահից չէի վախենա, ուրիշ ինչի՞ց պետք է վախենայի:
Համբուրեցի Ջեքին:
Երևի՝ ցավից, հաշմանդամ դառնալուց… Դեպք հիշեցի. մի անգամ տուն էի գնում, գիշեր էր, փողոցում մարդ չկար, ու հանկարծ ինչ-որ շուն սկսեց վազել իմ կողմը: Շուն չէր, պիտբուլ էր: Ու ես վախեցա: Բայց հաստատ մահից չէի վախեցել: Ես հենց շնից էի վախեցել: Ես վախեցել էի դրա ատամներից, ժանիքներից, աչքերից, թաթերից, բայց ոչ մահից ու ոչ էլ սպասվող ցավից, ես պատրաստ էի ցավին, պատրաստ էի կռվել…
Համբուրեցի Ջեքին:
Բայց չկռվեցի: Տերը էդ կողմերում էր: Խոսքն իհարկե շան տիրոջ մասին է: Արդեն պատրաստվում էի հրաժեշտ տալ ոտքիս, երբ տերը գոռաց. «Ապեր, հանկարծ չվազես, ինքը ուղղակի ուզում ա խաղա»: Հիշում եմ, էդ խոսքերը լսելու ժամանակ մտածեցի. «Լավ ա չասիր՝ հանկարծ չվազես, ինքը ձիգ միս չի սիրում»:
Համբուրեցի Ջեքին:
Իրոք, ուղղակի խաղաց ու գնաց: Նման մարդիկ էլ կան՝ խաղում են մահվան հետ: Ուրիշներն էլ կան՝ ծաղրում են: Մարդիկ էլ կան՝ սիրահարվում են: Էս վերջինների հետ հաստատ մի բան էն չի, չէ՞:
Ջեքը չպատասխանեց:
Համբուրեցի Ջեքին:
Բայց գիտե՞ս, դրանք, որ կամ խաղում են, կամ ծաղրում, կամ սիրահարվում, հետո նորից սկսում են վախենալ, վախենալ ավելի շատ, սարսափել, եթե հանկարծ շեղվում են նախօրոք բռնած ուղուց, երբ հասկանում են, որ մահը խաղի, ծաղրի կամ սիրո առարկա չէր, ինքը իրական էր ու ինքը չէր սիրում, երբ իր հետ խաղում էին, ծաղրում կամ սիրահարվում իրեն: Բայց ինչքան հագեցած է դառնում նրանց կյանքը, ինչքան արդյունավետ են դառնում նրանց գործողությունները, երբ ամեն վայրկյանը լցվում է մահվան վախով: Գուցե էդ էլ է ինքնախաբեության ինչ-որ տեսակ կամ ենթատեսակ: Չգիտեմ:
Համբուրեցի Ջեքին:
Մարդիկ էլ կան՝ ժխտում են մահը: Բայց եթե դու գիտակցում ես մահվան անխուսափելիությունը, ուրեմն չես կարող ժխտել, չէ՞: Իսկ ինքնախաբեությունը լավագույն միջոցը չէ հանգիստ քուն գտնելու:
Ջեքը չպատասխանեց:
Հինգ րոպե առաջ ծխախոտս վառեցի, սկսեց ապրել, հինգ րոպե ապրեց, մահացավ: Հինգ րոպե ապրած ծխախոտը կյանքս կրճատեց հինգ կամ յոթ, կամ տասնմեկ րոպեով, տարբեր կարծիքներ կան: Այսինքն՝ եթե մահանալուց հինգ րոպե առաջ ծխեմ, հենց էդ պահին կմահանա՞մ:
Ջեքը չպատասխանեց:
Համբուրեցի Ջեքին:
Չգիտեմ, էհ, չգիտեմ: Մահվան անխուսափելիության գիտակցումը արդեն իսկ մահվան տեսակ կարելի է համարել, որը ստիպում է սկսել նոր կյանք: Նոր կյանք՝ լցված վախով: Բայց մնում եմ նույն կարծիքին հավատարիմ, որ վախը դեպի մահ մարդկային էության ամենաէգոիստական դրսևորումն է: Ի՞նչ կասես:
Ջեքը չպատասխանեց:
Համբուրեցի Ջեքին:
Փորձեցի ևս մեկ անգամ համբուրել: Մերժեց:
Խնդրեմ, դու էլ մահացար: Հուսամ՝ էսքան ժամանակ գոնե դու չէիր զբաղվում ինքնախաբեությամբ, դու ցանկալին չէիր մատուցում որպես իրականություն, դու գիտեիր, թե ինչի համար ես ծնվել, ինչի համար ես ապրում, ինչի համար ես մահանալու, դու գիտեիր, որ օրերից մի օր վերջին կաթիլդ կստիպի քեզ զգալ կատարյալ դատարկության ամենաթող զգացումը: Դու գիտեիր, չէ՞:
Ջեքը չպատասխանեց:
Դատարկ շիշը մնաց ափին: Քրտնած հայացքը վերջին անգամ նայեց ալիքներ դարձող հետքերին: Ալիքները սիրում են դատարկ շշեր:
Անդին 2, 2015

Share

Կարծիքներ

կարծիք