Եռագրություն. «313 ժամ», «Կլոր կտավի կատուները», «Կարմիր կոկորդը»

20152705173729346

313 ժամ

 

313 ժամ է, ինչ ճանաչում եմ քեզ, 13 օր և 1 ժամ, 1 շաբաթ, 6 օր և 1 ժամ, 13 գիշեր ու լուսաբաց ու 1 ժամ, 18720 րոպե ու ևս 60 րոպե,1 մլն 123200  վայրկյան ու ևս 3600 վայրկյան է, ինչ քեզ ճանաչում եմ:

Շատ չէ, գիտեմ, բայց 1 մլն վայրկյանից ավելի է, ինչ ներսումս ինչ-որ տեղ ինչ-որ մեկը քո անունն է տալիս վայրկյանում երեք անգամ: Հաշվիչ ունե՞ս: Շատ չէ, գիտեմ, մի՛ ծանրացրու ուղեղդ, հավասարումներից ոչիչ չի ստացվի: Իմը, սակայն, հանումն է միշտ: Միայն հաջողվում է ժամերն իրար գումարել ու ժպտալ, որ գոնե այս անհեթեթ հարցում ես հաղթող դուրս եկա… Իմը միշտ բաժանումն է. ինձնից հանում եմ քեզ, քեզ բաժանում ուրիշի հետ ու գոհանում, որ  այս անիմաստ թվագողության մեջ դու կաս, ապրում ես ինչ-որ տեղ ինձ մոտիկ ու հեռու: Կաս արդեն 313 ժամ:

Քանի՞ ժամ ասացի: Իսկ հիմա ժամը քանի՞սն է:

Ինչ-որ մեկն իմ փոխարեն ժամացույցին է նայում. վայրկենացույցը հարբուխ ունի, առաջանում է հազալով.

1:Նստած ես:

2:Սուրճ ես խմում:

3:Էլ չես կարող, որովհետև շատ ես խմել:

4:Այլևս սուրճ չունես:  5:Այլևս չես կարող: 6:Նստած ես: 7:Լուռ ես:

8:Ոչինչ չկա: 9:Ոչինչ չի լինի այլևս:

10:Հեռախոսդ անջատել ես: 11: Քեզ անջատել ես:

12:Ինձնից 13:Մյուսից:

14:Երկուսս էլ քո սենյակում ենք, քո սենյակում չկանք:

15:Անտանելի է:

16:Դու չգիտես: 17:Նա գիտի: 18:Ես էլ չգիտեմ:

19:…  20:…

21:Բարև  22:Բարև 23:Ի՞նչ:

Դուռդ թակեցին: Ես չեմ: Դու գիտես՝ ով է: Ես էլ գիտեմ: Լուռ ես: Լուռ է:

Ես քայլում եմ, որ չզգամ ոչինչ:

Դասական եռանկյունին այլևս մոդայիկ չէ, իսկ մոդային համընթաց քայլելը ժամանակակից է, ասում են, ուրեմն ես կցում եմ ինձ ժամանակին ու քայլում՝ փորձելով դուրս բերել մարմինս այս եռանկյունուց: Չի ստացվում:

Նա սուրճ է պատրաստում քեզ համար, ինչպես երեկ ես էի սուրճ պատրաստում ու էլի քեզ համար: Նա լռում է, որ դու խոսես, ինչպես որ դու էիր երեկ լուռ՝ ինձ լսելու համար:

Քայլում եմ ավելի արագ, որ չզգամ քեզ: Անհեթեթ է, ծիծաղելի, ավելի քան հիմար, բայց գնում եմ կայարան. այսօր շաբաթ է, ինչպես որ շաբաթ էր, երբ հանդիպեցի քեզ կայարանում: Ժամը ութն է, ինչպես անցյալ շաբաթ: Հիմարություն է արածս, բայց գնում եմ կայարան, գիտեմ, որ չես գալու: Համառորեն գնում եմ:

Ինձ թվում է, թե ձյուն է գալիս… ինձ թվում է միայն: Ցուրտ է: Ցուրտը հագուստներիս մեջ է միայն: Ես գնում եմ կայարան:

Կանգնած եմ ժամանող գնացքի մատույցին… սպասում եմ, վախենում եմ:

Գնացքն արդեն դատարկվեց, իսկ դու չկաս: Աչքերիս չափ մեծ արցունքներ իջան, մեկ, երկու, ու ժպտացի քեզ: 313 ժամ է, ինչ ճանաչում եմ քեզ: Իսկ դու անշարժ նստած ես խոհանոցում: Փայտե սեղանին դրված վերջին թզաչրով կոնֆետին ես նայում ու լուռ ես: Նա սուրճ է պատրաստում քեզ համար, ինչպես երեկ ես էի սուրճ պատրաստում դարձյալ քեզ համար: Նա լռում է, որ դու խոսես, իսկ դու լուռ ես, ինչպես լուռ էիր երեկ ու միշտ:

Իսկ ես քո լռությունից վախենում եմ: Էնպիսի մի վախ, որից երբեմն նույնիսկ սրտխառնոց ենք ունենում… ակամա:

Իսկ ես շնչահեղձ լինելու չափ կուշտ եմ այս պատմությունից: Ես բերնեբերան կուշտ եմ:

-Հաց կերե՞լ ես:

-Չէ՛, կուշտ եմ,- պատասխանդ հանգիստ շպրտեցիր խոհանոցի ապակուն, ու պատուհանը բացվեց:

Սպասում ես, որ խոսի, ու հենց խոսի, պիտի սպասես, որ լռի:

Ափսեների դասավորությունն է վայրենի կրքով փոխում լվացարանում՝ ասես փորձելով ջնջել, վերացնել իմ երբեմնի ներկայությւնն այդ սենյակում: Եթե միայն կարողանար, նույնկերպ իր կարմիր ներկած երկար եղունգները կխրեր ուղեղիդ մեջ, որ ուղեղիդ հեռավոր ծալքերում գտներ ու ծվատեր պատկերս, անունս… ջնջեր ներկայությունս: Իսկ ես խոհանոցի մի անկյունում եմ, լուռ եմ ու բացակա:

Դու շարունակում ես անթարթ նայել թզաչրով կոնֆետին, որ դրված է փայտե սեղանին:

Իսկ ես շարունակում եմ արագացնել քայլերս, գրեթե վազել, որ չզգամ իր ներկայությունն այդ սենյակում: Առաջին հանդիպած մեքենայի թափքին եմ լցնում հիշողություններս, բայց նրանց ծանրությունից մեքենան չի շարժվում: Հիշողություններս հանում եմ թափքից ու նետում մեքենայի դիմաց.

-Քշի՛ր,- գոռում եմ,- կյանքումդ գոնե մի անգամ մի լավ բան կարո՞ղ ես անել, թե՞ չէ: Քշի՛ր, աղաչում եմ:

Բայց մեքենան չի շարժվում, ու ես շարունակում եմ վազել հիշողություններս շալակիս, կռացած, ծանրացած ու քեզ ներելու պատրաստ:

-Կներես, կներես, երևի ես եմ մեղավոր, որ ամեն ինչ էսպես ստացվեց, ամեն ինչ այլ կերպ պիտի լիներ, ես կփոխվեմ, այ կտեսնես, խոստանում եմ, միայն թե ինձ հնարավորություն տուր, վերջին անգամ, խնդրում եմ: Ես ամեն ինչ կանեմ, որ առաջվա պես ապրենք, որ ապրենք: Ես ու դու: Միասին: Կներես,- ամեն արտասանած բառի հետ մոտենում է քեզ, ավելի ու ավելի մոտիկ, մոտիկ, իսկ դու շարունակում ես նայել թզաչրով կոնֆետին, իսկ նա շարունակում է մոտենալ քեզ գրեթե չորեքթաթ, գրեթե սողալով: Ոտքերիդ առաջ, ոտքերդ գրկած շարունակում է մռմռալ, իսկ ես շարունակում եմ վազել, որ չլսեմ, չտեսնեմ, չզգամ, որ չհասկանամ:

-Սիրուն ես,- մի անծանոթ տղամարդ նետեց ետևիցս,- սիրուն ես,- կրկնեց, որ կանգնեմ գուցե:

-Սիրո՞ւն եմ,- ոտքերդ գրկած նվվում էր նա,- ասա՛, սիրո՞ւն եմ: Էլ չե՞ս ուզում ինձ: Հիմա ամեն ինչ վախեցնում է քեզ, հա՞, ի՛նձ նայիր,- շարունակում է ծղրտալ այնքան հանգիստ, որ կարելի է շնչահեղձ լինել, իսկ դու շնչահեղձ չես լինում, դեմքիդ և ոչ մի մկանը չի շարժվում, մինչև իսկ աչքերդ չես թարթում:

Ինչ-որ մեկն իմ փոխարեն դարձյալ նայում է ժամացույցին: Վայրկենացույցը հազում է  23 վայրկյանը մեկ, կանգ առնում, նվվում ու շարունակում իր անհեթեթ պտույտը:

1:Նստած ես:

2:Ջուր ես ուզում:

3:Միևնույն է, նստած ես:

4:Միևնույն է, տեղիցդ չես շարժվում: 5:Չես էլ շարժվի: 6:Հոգնել ես:

7:Պատուհանից դուրս երեխաներ կան: 8:Քոնն էնտեղ չէ:

9:Ոչինչ իր տեղում չէ:

10:Քեզ հարց են տալիս: 11:Ես չեմ: 12:Նա է:

13:Ոչ ոք իր տեղում չէ:14:Երկուսս էլ խոհանոցում ենք: 15:Անտանելի է: 16:Անտանելի ենք:

17:Լռությունդ մկրատի պես կտրում է նրա մատները:

18:Իսկ իմ մատները իրենք իրենց են կտրվում:

19:…  20:…

21:Հետո՞: 22:Ինչ:

23:Ի՞նչ…

-Ի՞նչ ես ուզում,- վերջապես խոսեցիր:

-Ի՞նչ եմ ուզում…ի՞նչ եմ ուզում,- ճչաց ուժը հատած կենդանու պես, որն  իր գլխավերևում նկատում է սպասված ու իրեն սպասող ծանր կացինը,- ինչ եմ ուզո՞ւմ: Ուզում եմ, որ նայես, ուզում եմ, որ տեսնես, էստեղ եմ, էլ ցանկալի չե՞մ քեզ համար… ասա… մի բառ:

Ամեն բառը վերածվում է ճիչի, ամեն բառը՝ հուսահատ  ծղրտոց, էլի ու էլի, …մինչև որ եռացող սև սուրճը թափվի գազին, մինչև որ այրվող սուրճի բույրը լցվի սենյակում, մինչև որ սուրճի սևը քրտինքի պես ծորա ձեր երկուսի ճակատից, մինչև որ ես անուժ ընկնեմ առաջին հանդիպած կամրջին ու այլևս չխոսեմ, չշնչեմ, չլինեմ, չզգամ:

Կամրջին հեքիաթ վաճառողներ կան,  ընդամենը տասը ցենտով, ընդամենը:

Երազում էինք Ֆլորենցիայի մասին, մտովի քայլում էինք փողոցներով, ու հազար ու մի գիշերվա հեքիաթների պես երազն էր լցվում մեր թևերի մեջ, որ գրկենք իրար, ու երազից էլ գունեղ՝ գիշերն էր լցվում մեր ու Ֆլորենցիայի միջև, ու երբեմնի երազասպանները մեզնից հեքիաթ էին մուրում, որ հետո վաճառեն տասը ցենտով, ինչպես որ այսօր, ինչպես որ միշտ:

Հեքիաթում հարցեր չեն տալիս, հեքիաթից հետո՝ առավել ևս: Ֆլորենտական մի սովորական ծովաբույր գիշեր է հեքիաթս, հեքիաթս ինքնին ֆլորենտական ծովագույն մի գիշեր է, որ չեմ լուսացրել քեզ հետ, որովհետև դեռ ոտք չեմ դրել Ֆլորենցիա: Բայց մտքիս մեջ, ամեն լուսաբացի հեքիաթի պես տեսնում եմ այդ գիշերը, որ ընկել է ծովի գոգին, ու ծովն է ճոճվում երկնքից կախված, ու փոքրիկ նավակն է ճոճվում, ու Ֆլորենցիան է ծորում մեր աչքերից՝ սև ադամանդի պես մութ, սև ադամանդի պես թանձր:

Հեքիաթում հարցեր չեն տալիս, իսկ քանի որ հեքիաթս դու ես, բոլոր հարցերս հեքիաթի տեղ վաճառում եմ կամուրջներին՝ ընդամենը տասը ցենտով, հուսալով, որ էդպես քեզ էլ կկորցնեմ, կմնամ առանց քեզ, որովհետև անՀեքիաթ եմ արդեն:

-Առանց քեզ չեմ ապրի,- մտքիս մեջ ինձնից անկախ եմ ասում սա, առանց մտածելու, առանց  հասկանալու:

-Առանց քեզ չեմ ապրի,- գրեթե շշուկով ասում է նա՝ փորձելով կարգի բերել խոհանոցը, փորձելով մաքրել սուրճի սևը, որ լցված ամենուր դեռ եռում է՝ մաղձի պես:

Ամեն ինչ կանցնի: Ամեն ինչ լավ կլինի: Վաղը: Չէ՛, մյուս օրը: Այսինքն՝ վաղը չէ մյուս օրը: Մի օր: Մի օր, երբ երկիրը փոխի իր ուղեծիրը: Մի օր:

Ինձ համար խաղող էիր գնել, գիտեիր, որ սիրում եմ: Շատ եմ սիրում: Ասացիր, որ աչքերիս են նման մեծ ու մութ խաղողահատիկները, և երջանկությունից արցունքի պես ծորաց աչքերիցս թանձր խաղողահյութը, ու դու փակեցիր աչքերդ, որ երազում ինձ տեսնես:

Արդեն քանի գիշեր է՝ երազիս գալիս է նա, արդեն քանի գիշեր է՝ երազումս մի կին ծվատում է մատներս, ու ես ցավից շնչահեղձ եմ լինում ու չեմ կարողանում պոկել մատներս իր մատներից: Չեմ գոռում, ոչինչ չեմ ասում, նույնիսկ չեմ էլ փորձում ինչ-որ բան անել. ծվատված մատներս դողալու անընդունակ անշարժացած կախ են ընկնում… Նա էլ ոչինչ չի ասում, չի գոռում, անթարթ նայում է աչքերիս ու շարունակում բզկտել մատներս:

Թանձր խաղողահյութը ծորում է քո աչքերից, երբ քնած ես լինում… չէ՞ որ քնած ժամանակ դու իմ արցունքներով ես լալիս:

Քո սիրտը ժամացույց է, որ ես կախել եմ խոհանոցի պատից: Ժամացույցս հարբուխ ունի:

Սպիտակ թուղթն ինձ միշտ վախեցնում է: Այն նման է իմ դատարկ սենյակին, ուր ես քեզ պիտի հնարեմ, ուր ես քեզ հնարում եմ ամեն օր…  ինչպես որ ժամացույցիս մեջ եմ լսում քո սրտի ձայնը:

Ի՜՜՜՜՜՜՜նչ եմ անում:

-Մի՛ արա,- ասացիր,- վե՛րջ տուր ասում եմ,- գոռացիր վայրենու պես ու վեր թռար տեղիցդ գուցե վախից, երևի սարսափից,- մի՛ արա, վե՛րջ տուր:

Հասցրիր վերցնել մկրատն իր ձեռքից, բայց մինչև կհասնեիր, արդեն կտրել էր մատները առանց ճչալու, առանց դեմքի մկանն անգամ շարժելու:

Հիմա էլ, երբ նայում եմ մատներիս, ինձ թվում է, թե զգում եմ՝ ինչպես էր ծվատում ձեռքերս, բայց երազիս նման անթարթ շարունակում եմ նայել մատներիս՝ առանց փորձելու ազատվել նրանից: Միայն թե ցավում են ու ցավից ծղրտում են մատներս:

-Մատներդ,- կիսաձայն ասացիր նրան,- ի՞նչ արեցիր մատներդ:

Արագ բացեցիր պատուհանն ու դեղին շարֆը վերցրիր պարանից ու մեկնեցիր նրան… մի քանի վայրկյանում դեղինը խեղդվեց արյան շիթերից, ու քո ձեռքերն էլ արյունոտվեցին:

Ցրտեց: Ձեռքերս տարա պարանոցիս, շարֆ չկար, բայց փոխարենը կոկորդս արյունով լցվեց, երբ շարֆս սկսեց խեղդվել ձեր երկուսի ձեռքերից ծորացող արյան մեջ: Ու ես սկսեցի խեղդվել, իսկ նրա կտրված մատները դեռ ճչում էին, ինչպես պատուհանից այն կողմ վազվզող երեխաներն էին  աղմկում… նրանց մեջ քոնը չկար… ոչ ոք չկար:

Սարսափից սրտխառնուք ենք ունենում հաճախ: Չէ, այս անգամ սիրտդ պարզապես սկսեց արագ զարկել: Ինչ-որ մեկը սկսեց ծափ տալ կրծքիդ տակ:

Սիրտդ ժամացո՞ւյց է, որ ես կախել եմ խոհանոցի պատին:

Նայեցիր խոհանոցի ժամացույցին. հարբուխից ուժասպառ վայրկենացույցը սկսեց կակազել.

1:Ես կամրջին եմ:

2:Հազում եմ:

3:Կոկորդումս արյուն կա: 4:Լուռ եմ: 5:Լուռ ես: 6:Ջուր եմ ուզում:

7:Դու նրան ջուր ես տալիս:

8:Վազում եմ, որ չտեսնեմ: 9:Որ չզգամ:

10:Չկամ:

11:Վերջ:

12:Գնա:

13:Գնում եմ: 14:Սիրում եմ: 15:Անտանելի է:

16:Քաղաքի լույսերն անջատեցին:

17:Անջատվեցինք:

18:Քո պատուհանից այն կողմ նա չէ: 19:Ես եմ:

20:…

21:Ի՞նչ է անում:

22:չէ՜:

23:չէ՜՜՜՜:

-Չէ՛,- գոռաց վարորդը մեքենայի միջից,- հո չե՞ս գժվել, աղջիկ ջան, դու հո փորձանք չե՞ս, դիմացդ նայիր:

Ո՞ւր էի, չգիտեմ, ո՞ր փողոցում էի, ո՞ր քաղաքում, այլևս կարևոր չէր: Հազարավոր խաչվող զուգահեռների կենտրոնում, ուր մեքենաները հեռվից լույսից փախչող խավարասերների են հիշեցնում, կանգնած էի ես՝ մենակ, անշարժ, առանց ուղղության: Չէի սպասում ոչ մեկին, որովհետև ոչ ոք չկար սպասելի: Ինչ-որ մեկը մեքենայի միջից հանեց հանգամանորեն սափրած գլուխն ու հարցրեց.

-Ժամը քանի՞սն է:

Չհասկացա: Չընկալեցի: Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Քիչ հետո արդեն ուշ կլինի: Արդեն ուշ էր: Պարզապես այս անգամ արդեն ես իմ փոխարեն նայեցի ժամացույցին.

1:Աչքերդ փակել ես:

2:Ոչինչ չես լսում: 3:Ոչինչ չես հասկանում այլևս:

4:Լուռ ես: 5:Լուռ է:

6:Ծորակի ձայնն է լսվում միայն:

7:Զզվելի է:

8:Նյարդայնացնող:

9:Մի քիչ էլ, ու կխելագարվես:

10:Նայում ես նրան:

11:Տեսնում ես ուրիշին: 12:Երկուսս էլ խոհանոցում ենք:

13:Երևի:

14:Ծորակի ձայնը շարունակում է մսաղացի պես աղալ ուղեղդ:

15:Փակում ես աչքերդ: 16:Անտանելի է:

17:Հարցեր չտաս:

18:Նա ուզում է հարցնել: 19:Ես ու դու գիտենք:

20:Նա էլ գիտի:

21:…

22:…

23:Ի՞նչ է անում:

24:Չէ՛…

25:չէ՜՜՜՜՜:

Հանկարծ աշխարհի բոլոր ժամացույցները աղմուկով կանգնեցին, աղմկեցին ու կանգ առան: Արդեն ուշ էր: Ինչ-որ մեկն ինչ-որ մեկի փոխարեն նայեց ժամացույցին մի վերջին անգամ: Վայրկենացույցը մի վերջին անգամ ուժերը լարելով ամենավերջին պտույտը սկսեց գործել.

1:Նա մոտեցավ պատուհանին:

2:Շարֆի եզրերն էին միայն դեղին մնացել:

3:Դեղին քրիզանթեմներ կային պատուհանի գոգին: 4:Ես էի նվիրել:

5:Քեզ էի նվիրել: 6:Նա չի սիրում դեղին գույնը:

7:Օդն արդեն դեղնել է:

8:Շուտով ամեն ինչ կդեղնի:

9:Հեռվից լսվում էր շտապօգնության մեքենայի ձայնը:

10:Լսում էիր: 11:Լսում էր: 12:Ես էլ…

13:Գիտեինք: 14:Էլ օդ չկա շնչելու:

15:Անտանելի է:

16:Էսպես թե էնպես պիտի ուշանար:

17:…

18:Անթարթ նայում է քրիզանթեմներին:

19:Գազին թափված սուրճի սևն այլևս մոխիր է դարձել:

20:Գազն էլ է մոխրանում:  21:Անջատված է էլեկտրական հոսանքը:  22:Ժամացույցներն էլ կանգ են առել:

23:Քիչ մնաց: 24:Բացի՛ր պատուհանը:

25:Ի՞նչ արեցիր:

Դռան զանգին հետևեց կրակոցը: Հեռախոսից լսվում էր շտապօգնության մեքենայի ձայնը: Խաչվող զուգահեռներում մեքենաներն անշարժացել էին: Ո՞վ կբացի պատուհանը: Դո՛ւռը: Ինչ-որ մեկը շարունակում է դռան զանգը տալ:

 

Հ. Գ. 313 ժամ է, ինչ երկինքը լռում է: Ու ես եմ լուռ:

Հ.Գ . Մեկը կրծքիդ տակ ծափ տվեց:

Ծափերն արագացան:

Սրտիդ զարկերն էին:

Ապրի՜ր:

 

Անդին 2, 2015

Share

Կարծիքներ

կարծիք