Բանաստեղծություններ

nkar

***
Ստվերներդ վաղուց մաշվել են դեմքիցս,
Եվ բույրդ չեմ հիշում,
Ծիծաղդ կարկատեցի, բայց մաշվեց, մաշվեց, մաշվեց…

Հայացքներդ վաղուց չվել են տաք երկրներ,
Ու դեմքիս կնճիռներում հիմա ցուրտ է,
Մատներդ չմնացին մատներիս…

Բայց արժեր հավաքել ծիծաղիդ ճառագայթները,
Փաթաթել ձեռքերիս,
Փաթաթել վզիս, քունքիս, մեջքիս…

Մաշվեցին, մաշվեցին, մաշվեցին…

***
Անվերջանալի այս գուաշե ծառուղին
Կհատնի լույսերիդ առաջ,
Ես կմնամ լուռ, շատ երկար…
Իմ նինջը,
Մամուռե նինջը իմ…
Մոռացված, խունացած, խոնավ իմ մոռացություն…
Հալումաշ…
Դատարկ, դատարկ, դատարկ` ես,
Անծաղիկ ծաղկամանի նման,
Լքված տան նման,
Ցնդվող պատրանքի նման,
Խմած շշի նման…
Ե՞րբ ես գալու…
Թե՞ չես գալու…
Սպասող` ես…
Ծնկաչոք նստած կնճիռներ…
Գնդաձև իմ օրեր,
Ալարկոտ իմ հույս, որ նորից պառկած ես լղոզված հատակին,
Ու մատներդ ես ճտտացնում…
Կավճե, կավճե, կավճե ժպիտը քո…
Ո՞ւր ես…
Մի ստվերոտ պատի,
Մի ստվերոտ ու խոնավ անկյունում,
Մի կանաչ, կանաչ մամուռ…

***
Կարոտը փաթաթվել ու լպստում է ոտքերս…
Ճերմակ ատելությունդ նստել ու տպտպացնում է գլխիս.
Խաղում է մազերիս հետ…

Ժպիտիդ թելերը փռիր…

Հորդում ես վրայիցս, կաթում վար,
Հետո գոլորշիանում, ելնում վեր
Ու ցողի նման իջնում ես վրաս ու լցվում ճաքերիս մեջ…
Ես թափառեցի քո երազներում,
Ես ինձ տեսա այնտեղ ու նայեցի դեմքիս…
Ես ինձ շոյեցի ու խրտնեցի ինձնից…
Ես կիսվում եմ սաղմի բջջի նման…
Քո երազներում հոգնեցի ես,
Պառկեցի մի ծառի տակ ու խմեցի շունչդ…

Անդին 6, 2014

Share

Կարծիքներ

կարծիք