Բանաստեղծություններ

nkar

Հիշո՛ւմ ես

Դուրս ցցված հույսերով
Ու աչքերով կախված
Սուրճի մրուրով մենք ժամն էինք մաշում
(Ժամավաճառն էլ մենք չէինք բնավ),
Մենք մենակ չէինք,
Ես քեզ ունեի,
Ու մենք սովոր էինք
Կրելու անգամ երկուստեք բուրող դատարկությունը,
Որով լցնում էնք երազները իսկ:
Հիշո՞ւմ ես՝
Քաղաքի սուլող մերկության փոշին
Մեր հյուրն էր դարձել,
Մեր մյուս ընկերը,
Որը ինքն իրեն կրել չգիտեր
Ու վախենում էր իր ստվերից անգամ,
Իսկ մենք և նրան երազ էինք տվել:
Հիշո՞ւմ ես՝
Քանիսը կորան անցնող մայիսում,
Երբ ամեն տարվա կծիկն էինք կոճկում մեր անցած ցեղի,
Երբ մեր գորշության թույրերն էինք զտում,
Ու երբ փակում էինք նրա բերանը,
Ով մեր մարդկային սերվածքն էր նշում:
Եվ գուցե անգամ հիշում ես,
Որ մրոտած թղթերս բոլոր
Դու վառարանից հավաքում էիր
Եվ այրում էիր դատարկությունն իմ,
Որով ծխում էր քաղաքս լքված,
Որին թողեցինք մի անբույր անուրջ,
Լոկ թեյավճար,
Որով բանտեցինք մոռացումը լիրբ:

Գիշերային վալս

Ջրի կողերին կոտրված լուսնի
Փշուրն էր թրթռում,
Փտած հին խոտի մակույկով դեղին
Թմրած լռության հետքերն էին մնում:

Անձրևը վերի կեղևն էր զատում,
Թշշում էր շիկնած սևակն թուխպը,
Հեռվից մի խուլ նինջ թավալ էր գալիս,
Հեռվից մաղում էր քրքրված քամին:

Հին ամպը պայթեց, գունաթափ եղավ,
Ձայնի դադար էր, լռություն ու լուռ,
Ճմռթված ջրում երեկն էի փնտրում.
Գիշերվա թոկին երեկս մեռավ:

***
Ներիր, բայց և գիտցիր,
Որ հևքս երկրի գաղջություն ունի,
Որ Օլիմպոսի թաց հողի վրա
Իմ հետքը չկա,
Բայց մենք քայլել ենք անուրջներից վեր,
Մեր խենթացումում աստվածներ չկան:
Իսկ դու կապույտ էիր
Հին մատիտի պես,
Որը մաշվել էր ծով նկարելուց,
Որի սրդողած ալիքների տակ
Այն արգոնավի փայտերը կորան,
Այն անհայտ նավի,
Որում իմ ու քո վերհուշը մեռավ:
Իսկ դու կապույտ էիր,
Ու կարոտն ասես
Քեզ հոգնած հուշով ներկել էր ուզում,
Քեզ կրքի գույնով ծնել էր ուզում,
Բայց ես քո մի բուռ ունայնը վերցրի,
Ու իմ խավարը իր մութով սփոփվեց:
Դու կապույտ էիր,
Արգելված մի կյանք,
Որով փնտրեցի հեռուները սուրբ:

Քաոս
Ինձ նման անուղղելի երազողին
Երազելն անգամ անկարելի է:
Մարդամոտ ժպտում է լռությունը,
Որում շոշափում եմ
Ինձ, քեզ ու մի ամբողջ ոչնչի լիիրավությունը,
Մի անհաստատ գունանյութի գոյությունը,
Որով քո լինելու ցանկությունն եմ գծագրում:
Գիտեմ
Ու պնդում եմ,
Թե չապրելու մեղքը դեռ պետք էր քաղել
Այն գժտությունից,
Որ կոչվում է կյանք:
Ոչինչ պետք չէ,
Փնտրում են միայն գտնելու հույսով.
Անկարելի ենք:

Անդին 7, 2014

Կարծիքներ

կարծիք