Բանաստեղծություններ

Հեղինակ:

nkar

***

Եվ տերյանական հանդարտ թախիծը,
Մշուշոտ աշնան հմայքը ինձնից
Չթոթափեցի:

Գարնան հետ երբեք սիրտս չցնծաց,
Արևի փայլով չշլացա երբեք,
Կապույտից մաղվող բարակ անձրևը
Իմ ամբողջ կյանքում մանանա թվաց:

***

Քանի անգամ եմ
Ես դեմ հանդիման
Ու բաց աչքերով
Մահվան աչքին նայել,
Բայց մահն ինձ չի տարել,
Մահը ինձ չի փրկել
Իմ երկրային
Տառապանքներից…

Տեսնես մահի հանդեպ
Ի՞նչ մեղքեր եմ գործել:

***

Կյանքս ձգում եմ,
Հետաձգում եմ…

Արարչից տված կյանքս
Կավարտվի,
Կյանքս կմնա անավարտ:

***

Տեսնես ո՞վ էր նա,
Որ ինձ համար էր աշխարհ եկել
Ու չգտավ ինձ:

Տեսնես ո՞վ էր նա,
Ում համար ես էի աշխարհ եկել
Ու չգտա նրան:

Եվ եթե այստեղ, այս լույս աշխարհում
Չգտանք իրար,
Ուրեմն երկրորդ մի աշխարհ էլ կա
Այս աշխարհից զատ,
Այս կյանքից հեռու,
Այս կյանքից հետո…

***

Իմ մահվան օրն էլ կիջնի լռություն,
Երկինք ու երկիր կձուլվեն իրար,
Արևի գունդը ցուրտ կխավարի,
Լուսնակապույտը կանգ կառնի մեկեն,
Չեմ տեսնի ոչինչ,
Ոչինչ չեմ լսի,
Բնավ չեմ զգա:
Մարմինս՝ հողին,
Հոգիս կթևի,
Կբնավորվի մի նո՜ր մարմնում:
Եվ երանի թե այդ նոր էակը
Նորովի ապրի,
Ի՜ր համար ապրի:
Մեղքերիս համար պատասխան չտա,
Իմ սխալները չգործի նորից,
Շարունակի ինձ ճիշտ ու անթերի
Եվ չհանդիպի իմ ծանոթներին:

Անդին 6, 2014

Share

Կարծիքներ

կարծիք