Բանաստեղծություններ

nkar

***

Բուրդը լվացել եմ,
չփխել ու
փռել արևի տակ…
Այգին դեռ երեկ էի ջրել:
Հողը կուլ էր տալիս ճահճի նման:
Բուրդը չորանում է չորացող հողին:
Ի՞նչ գործ ունեմ այս տանը, որ
իմը չէ:
Իսկ ես այնպես եմ ապրում, որ…
Պատուհանիս դիմացի այգում
արդեն քանի օր է
օղի թորողները
քեֆ են անում:
Քիչ է մնում ես էլ հարբեմ:
Նրանք օղի են թորում…
ծիրանից:

***

Լուսնի լույսը
ծառերի մութ ստվերները
գրաֆիկական ընդգծումների
վերափոխելով
մոտենում է
աստիճանահարթակին,
որին նստած
մտածում եմ.
Դու երբևէ կմտածեի՞ր,
որ 2013 թ. օգոստոսի 17-ին
կնստես ուրիշի տան
աստիճանահարթակին և
կվայելես գիշերային
ճռռիկի երգը:
Ես այստեղ եմ:

***

Հողը տաք շնչում է:
Տաք, հևացող հուրքը
բարձրանում, խառնվում է
շնչառությանս,
մատներիս…
Այդպես երերուն,
տարածական ու
ալեբախումներով
հնչում է սիմֆոնիան
սիրո,
կյանքի:

***

Խոտը պառկել
խոտին
ննջում է:
Քաղաքի փոշին ու
ձանձրույթը
հեռանում են,
մոտենում եմ
կատարյալին:
Հողին:

***

Բառը ծանրացել
կորցրել է իմաստն իր,
ծեծվում է, ծեծվում է,
անհամ:
Ամեն ինչ ասված է:
Լռության շունչն սպասում է
իր շնչառությանը…
Իմը, ես իմն եմ գտնելու:
Իմը պիտի գրեմ:
Ականջս հոգնել է,
հոգնած ականջով
մտածել չի լինում:
Տարածվում եմ օրվա մեջ:
Այդպես էլ ավարտվում եմ:
Չեմ էլ հասկանում՝ երբ…
Գնացքի գիծը սահում է:
Իմ հոգուց մինչ
անեզրություն
ծփացող:

***

Ակնոց:
Աչքերս չափում են տիեզերքի անսահմանությունը:
Դժվար է:
Մի մարդու համար:
Օգնության է եկել ակնոցը

***

Ամենաերջանիկ երկիրը Դանիան է:
Վերջ:
Ես գնում եմ Դանիա:
Ապրելու:
Բայց այն պահից, երբ
կհասնեմ Դանիա,
երկիրը երջանիկ
կդառնա տխուր ու կարոտախտով տառապող,
քանզի ես կլինեմ նրա
ամենատխուր մասնիկն ու
կերազեմ
իմ լքված ու տանջված
երկրի`
Հայաստանի մասին:

***

Ուղիղ, ձիգ ճանապարհը
ձգվում է դեպ երկլեռ՝
Սուրբ լեռը Տիրոջ:
Չեմ զգում
բացակայությունը…
Ճանապարհը
թեքվում է:
Անհանգիստ սպասում եմ,
թե երբ կբացահայտվեն
պատճառն ու
իրողությունը
ծրագրի՝
ենթադրում եմ հրեական:
Աստված ինքը խոստացավ
երկիր
հրեա ժողովրդին:
Քարտեզի վրա իր տեղն ունի
Իսրայել պետությունը հրեական:
Ուրեմն և… Հայոց
երկլեռը սրբազան
ինչո՞ւ է գերի:
Ձգվող ճանապարհը
մինչ երկլեռը պիտի շարունակվի:

***

Ինքնիրենով տառապած
օրերի շարան:
Արևը լույսս փռեց:
Առավոտ էր և
արագ թեքվում էր իրիկնաժամի,
ժամանակը հսկա էր, որ
քայլում էր լոք-լոք
դեռ արեգը նոր ծագած:
Գիտեմ, այդ ես եմ իշխելու
ժամանակը:
Ժամանակը բառ ու արդար:
Ես արեգ եմ, հսկա, ես…

***

Հիշողությունս:
Ես ու հիշողությունս:
Մենք նստել ու
նայում ենք
միմյանց:
Գնում է,
գալիս է:
Սեպագիր արձանագրություն է
դաջվել ուղեղիս:
Թարգմանում եմ:

Անդին 7, 2014

Կարծիքներ

կարծիք