Բանաստեղծություններ

nkar

*

դու զգում ես, թե ինչպես է ժամանակը դանդաղ արտագրում քեզ,
երբ մի պարապ օր է,
պատուհանի մոտ մի սիգարետ է հորանջում մատներիդ արանքում,
երբ մենակությունը ոտքը տանիքից կախ
թղթե ինքնաթիռներ է բաց թողնում բարձրությունից,
երբ վերջին լուրն է հեռանում հրեշտակի պես թևերը տանիքներին քսելով

մինչ երկարում են ժամերը, մազերդ, գրողի տարած հարբուխը,
դու կարթը նետում ես աստղերի մեջ ու տանիքին պառկած
մտածում կյանքի մասին,
թե ինչպես ամենը ցնորք էր, կորուստ ու պոեզիա,
դատարկություն գլխարկի տակ, վերակուի մեջ

իսկ ի՞նչ, եթե մեր ունեցածը դառնում է պոեզիա ու հեռանում,
մի կյանք գրված սխալ քերականությամբ,
որ կարելի է մի կողմ դնել կամ թողնել սեղանի վրա ու դուրս գալ երկար զբոսանքի,
հիշել տանիքը, կղմինդրները կարմիր, վերմակն աստղազարդ գիշերվա,
ու այն ամենը, ինչն այս գիշեր կարող էր պառկել կողքիդ
կատարյալ բացակայության մեջ,
եթե փոքր-ինչ ներողամիտ լինեիր, կամ ավելի հանգիստ, կամ ավելի ներդաշնակ

սա միայն մի մասն է օտարության, որ մի ամբողջ քաղաքի տարողությամբ է,
իսկ մոլորությունը գեղեցիկ է ու տրամաբանված,
երբ կանգնում է մայթեզրին, ծխախոտ վառում, հետ նայում,
դու վազում ես նրա հետևից՝ հատ-հատ շրջանցելով ջրափոսերն աստղերի, որ մնացել են
կիրակի օրվա անձրևից հետո,
երկնքում մայիսյան հրավառություն է, պատերազմ, երաժշտություն, մահ,
-ես նորից չեմ ուշանա, դու չես սպասի դատարկ կանգառում…

իմ անմշակ սիրտ, փշոտ դաշտավայր,
կաս դու, կա երևանը ու կա այս տեսակը հիասթափության,
որ շերտ առ շերտ թափվում է տանիքների վրա,
իսկ մնացած ամենը բառեր էին և այլն,
հանց կաթիլներ խփում են պատուհանին ու ցած թափվում,
երբ պարապ մի օր է,
երբ ճերմակ դղրդոցով մի նոր առավոտ է բացվում հորիզոնում՝
ոչ մի բանի մասին

լունա

կոտրված ինչպես ափսեն նախաճաշի, որ չբարձրացրի հատակից,
փակեցի աչքերս, հետո անձրևանոցը, հետո դուռը հիվանդասենյակի,
մինչ աչքերիդ սև ջրափոսերից խեղդված ջրահարսեր էին դուրս գալիս,
մահը դանդաղ էր ու սպիտակ՝ բուժքրոջ կիսախուփ աչք թաքուն հետևող,
երբ մարմինները շարժվում են կապույտ քնի մեջ

հույսը միայն ցանկություն չէր կամ սարսափելի խոստովանություն,
նրանցից, որ պատշգամբում միայն ծխախոտիդ կարող ես պատմել,
հետո, ինչպես բառ, թքել դրա համը մոխրամանի մեջ,
դաժանորեն ծածկել մարմինը, այրել մատդ, հայհոյել սրտիդ ուզածի չափ

խաղաղություն, իմ քույր, դու ես ինձ սովորեցրել ապրել մեղքի մեջ
ու մտքերի, ու ծառի, ու շնորհակալության,
մատը, որ իջնում էր հիսուսի թռչնի չափ սլացիկ մարմնի վրայով,
հետո առավոտյան փոքրիկ հաղթանակներ, որ չափում էինք կումերով հանքային ջրի,
ու մի աղոթք ինչպես թաշկինակ ծածկում էր բերանը

ես հիշում եմ սա, մի քանի ուրիշ բան ու թռչնի դին, որի թևերը ճոճում էր երեխան,
նախ լիմոնի կտորները թրմփում էին օղու բաժակի մեջ,
վերջում դատարկ շիշը ոտքով հրեցի անողնու տակ,
իսկ առավոտյան քեզ նորից էի տեսնելու

ախ, ամենակուլ դատարկություն, պահ, երբ ամեն ինչ ցնորք է, ուղեղի հյուսվածք,
ես ատում եմ խոստովանությունը՝ թաց աչք, երբ թեքվում է հայացքը, շրխկում պատին,
վեր կենում, հեռանում,
ամբոխի մեջ հարմար է, երբ բախվում ես ուսերով, մի կողմ հրում ավելորդը,
մինչ վիրահատվում են օրերդ փորձառության, հիշողությունների կամ գուցե մի քիչ ավելին,
քան երբ գրում ես այդ բառերը,
որպես հիասթափության թաքուն ձևեր

մահվան եղանակ էր, մի քանի զույգ կրակված աչք, նաև ձմեռ էր, որքանով հիշում եմ,
համենայնդեպս ձյուն չկար, միայն բինտերն էին սպիտակ, կարմիր, հետո էլի սպիտակ,
օ, այստեղ, մենք գիտենք հուսահատությամբ շարժել ձեռքերը,
փուլ գալ հատակն ի վար ու չհավաքվել,
մենք անփոխարինելի ենք հոժարությամբ կործանվելու մեր արվեստի մեջ

խաղաղություն, քույր իմ, փետրվարը դանակ է, որ բարձրությունից ճոճում ես
մատներիդ վրա ու բաց թողնում,
ես պատմում եմ լուսանկարի մասին, որտեղ է.-ն անչափ ներող է ու մ.-ն քո աչքերն ունի,
ու կյանքը դառնահամ է, հանդիսավոր ու լիքը, ինչպես գարեջրի բաժակները,
երբ չրխկացնում ենք իրար, կենացդ

*

հիշելով այդ կարմիր օրը, երբ խանդը կամ ինչ էլ որ դա լիներ դեռ դողում էր բբերի մեջ
ինչպես հայելի,
ու ծերունին, որ երկար մեզ էր նայում, ասեց. ա՜խ, այսքան երիտասարդ…
սեր իմ, տեսնես ինչ են զգում աչքերը, երբ մաշկը ճմռթվում է ոսկրերի վրա, ոնց որ մի վատ ստիխ

միայն ամառվա գիշերային տխրությունն էր քաղցր, լուսինը չղջիկներից գլխարկ էր հագել,
ու դու ասեցիր՝ սարսափելի է քարե դղրդոցը լուսնի, դու ասեցիր,
որ այսօր բացառություն կանես,
մարմններից բացի, հեռվում մենակության հսկա տգեղ բարդին ճոճվում էր տհաճորեն,
մեքենան դանդաղ անցնում էր դրա ստվերով՝ մեջը երկու ճակատագիր,
մենակ, սիրուն, երկտասարդ, ծնված մեռնելու համար

սխալ էր անգամ լռությունը, շրխկոցը բացվող, փակվող սրտերի, մի կոտրված փեղկ,
կամ երբ մեքենայից դուրս ես նետում մի պատռած լուսանկար, հետո քեզ,
աստված վայրի սագ է, երկար թռիչք նրա հետևից, խախտված ուղեղ, ազդր ու ծունկ,
քաղաքի վրայով, ուր ամեն ինչ կարևոր իրադրաձություն է ու մահ,
ուր կնճիռները բացվում են ինչպես երրորդ աչք, հողի տակ դրանք կծաղկեն,
այստեղ մենք ծխում ենք, համբուրվում, քայլում նստարանների վրայով

սխալ էր բառը, իսկը՝ վհուկների որս, երբ մայրամուտը բացում է իր արյունոտ բերանը
ու կուլ տալիս երկրագունդը,
մի ձեռք վերջին պահին դուրս է հրում հոգին մարմնի մեջից, մարմինը փուչ է, դիակ, ձախողում,
բայց մենք աճում ենք դրանց մեջ ինչպես ջերմոցներում, ուր չկան եղանակներ
տրամադրության համար,
մի հսկա տղայիկ է անցնում մեր հստակ շարքերով՝ թռցնելով գլուխները մեր

հիշելով այդ կարմիր օրը ու հետոն, որ եկավ այնքան շեշտակի, որքան այն մահացու վթարը
մայրուղու վրա,
մի ծնոտ ծույլորեն կախ ընկած, մի ուղղահայաց երակ՝ կտրված թանկարժեք վզնոց,
գեր ազնվական կնոջ պարանոցի ծալծլված շերտերի վրա,
որ արյամբ, արյամբ, արյամբ էր ցփնում
սարսափը մեր, բայց սարսափ ասելով պատկերացրու մի դիմակ, որ հագնում ենք
կարեկցանքի մեջ,
մինչ կատվային սրված աչքերը հարձակվում են դիակի վրա իրենց ողջ գիշատչությամբ ու
անհագ ծարավով

առավոտյան ոտքերն օրորվում էին ալիքների վրա, ինչպես տձև գերաններ,
ականջախեցին՝ բացվող ոստրե ջրի տակ, մեջը լիքը թաղման երաժշտություն,
ու մենք մեր խոնավ մարմինները փռեցինք ավազին՝ պատրաստ ծաղկելու,
անտարբեր, ասես մահը մեր միակ ընդհանուր բնավորությունն է,
ասես ուրիշ ոչինչ երբեք չի պատահում:

Կարծիքներ

կարծիք