Պոեզիա

nkar

Թարգմանություն

Ես ընծայում եմ Բառերն անձրևին
Եվ գետն եմ լցնում Բառերը բուռ-բուռ.
Որ մշտապտույտ ջրերի լեզվով
Թարգմանեն Բառերն ամպերից մինչ ծով:
Քամիներին եմ նվիրում բոլոր`
Շշուկով` հովին հեզ ու մեղմօրոր,
Ճիչով` փոթորկին` անսանձելի խոլ:
Ես զույգ ափերս երկնքին պարզած`
Թռչուններին եմ կերակրում Բառ առ Բառ,
Բառերը հանձնում նրանց անսահման
Ու սահմանախախտ բնազդին ի պահ:
Նետում եմ դեպի միգամշուշը,
Որ սաղմն է գուցե նոր Տիեզերքի:

Երբ ամենավերջին շրջապտույտից
Ետ վերադառնան երկնքից երկիր
Շրջած Բառերը հազարալեզու,
Լույսի հետ զվարթ կամ քաղցր մութի`
Մենք իրար գրկած կխայտանք ծովում,
Եվ ես կշրշամ ծփանքի լեզվով
Կորած-չգրված Բառերի մասին:
Ձմռան սառցասառն սարսուռների մեջ`
Բառերի մասին`
Կնքված փաթիլի համբույրով ճերմակ,
Գարնանը` ծիլ-ծիլ և բողբոջ -բողբոջ
Բառերի մասին,
Ամռանն` արևից կարմրաշեկ, ծիծղուն
Բառերի մասին,
Աշնանը` քաղցր և ոսկեպտուղ
Բառերի մասին:
…Ես ընծայել եմ Բառերն անձրևին…
………………………………………..
Մեկը կթերթի ալիք առ ալիք
Բաց գիրքը ծովի
Եվ ալիքների վրա կկարդա
Թարգմանված Բառեր`
Ճշգրիտ տառ առ տառ
Եվ գերազանցիկ,
Կատարյալ, ինչպես Բառը նախածին:

Բանաստեղծությունը
Էդուարդ Հարենցին

Բանաստեղծությունը
Ջահել պոետի գույնն է նախասիրած:
Շողքի շարժումն է նպատակասլաց
Դեպի անտառի մարմինը թաց,
Գուցե քամին է հազարաձեռն.
Որ ծաղիկների բույրերն է տանում
Անապատներին ամենամեռյալ:
Բանաստեղծությունը գուցե
Երկու բառի միջև
Լռության ճիչն է:
Գուցե հենց Հացն է`
Վերադարձված սոված մանուկին,
Մանկան ծիծաղն է`
Զնգոցով աստղի:
Բանաստեղծությունը մոր երազն է խոր`
Զոհված զավակի` իրականից էլ ստույգ վերադարձով:
Բանաստեղծությունը աշխարհին փարված
Հայացքն է վերջին երկվայրկյաններին:
Սիրահարների կրքի ու սիրո
Հափշտակության ծեսն է թրթռուն:
Հավքն է Հազարան,
Որ բույն չի հյուսում սրտում անողոք
Եվ խռովում է շուրթին անաղոթք:
Երկրից երկիր և սրտից մինչ սիրտ
Խաղաղությունն է:

Բանաստեղծությունն անվերծանելի ու անպարագիծ
Տիեզերական անվերջության մեջ սփռված փունջն է,
Որ սև խոռոչում դարձյալ նույն լույսն է անկորնչելի:

Գուցե մարմին ու արյուն է Աստծո:

Ուրիշ կյանք

Մի ուրիշ կյանքում երևի
Մեր հոգու-մարմնի քնքշանքից
Տիեզերքն` ավելի խորախոր,
Լուսառատ կդառնար ավելի,
Կծաղկեր ցնծությամբ աստղաշող,

Մի ուրիշ կյանքում երևի
Մեր հոգու-մարմնի քնքշանքից
Երկիրը կպարեր սիրահեղ,
Կդառնար դրախտի վառ պարտեզ:
Մի ուրիշ կյանքում երևի

Գտնեինք իրար այնքան վաղ`
Առաջին սիրարբուն հայացքից,
Առաջին համբույրից սկսած,
Որ հետո ձոնեինք մեկմեկու
Մեր ամեն վայրկյանն ու կյանքը:

Իսկ հիմա, իմ գտած-չգտած,
Ունեցած- չունեցած սիրելի,
Դու` հոգի ու մարմին իմ կիսյալ,
Գիշերվա երազում վայելիր
Մեր կյանքը, որ կգա երևի:

Ջրհեղեղ
Երբ ավարտվեցին անձրևները մութ,
Աղավնիները
Թևածում էին ջրերի վրա,
Իրենց թևերին`
Նոր-նոր արթնացող
Արևից բերված ամենազվարթ
Լույսն առավոտի:
Կույր ագռավները`
Եվ սև, և տխուր,
Որ թև չունեին թռչելու համար,
Երազում էին երբևէ ծնվել
Որպես աղավնի ճերմակափետուր:

Իսկ Նոյը արդեն որերորդ անգամ
Ուշաթափ եղած և հուշակորույս,
Ջրամույն եղած և ջրահեղձիկ
Ծեր Ժամանակի
Մազերից քաշում,
Հանում էր կարմիր ջրերի միջից:
Շունչ էր հաղորդում ու փրկում կրկին
Նոյը իր թիվն էր նորոգում նորից:

Եռագույն
Կարմիր և Կապույտ
Եվ Նարնջագույն
Հույս եմ ժողովում,
Լցնում եմ բուռ-բուռ
Վհատ լռության
Եվ խոլ աղմուկի
Կույր վիհերի մեջ:
………………………
Մի օր կհնչեն
Լիքը զանգերը`
Կարմիր և Կապույտ
Եվ Նարնջագույն:

Ողբ
Ընկած տղերքի անուններն արդեն
Չեն վերածվելու հայրանունների,
Էլ չի ծաղկելու արյունը ջահել,
Եվ չհարսնացած խորքում կույսերի
Անլուր կմարի լույսն Օրորոցի:

Անդին 8, 2014

Կարծիքներ

կարծիք