Բանաստեղծություններ

nkar

Հոգու անպոեզիա խռովք

Մեկ է, ինչ էլ որ լինի,
սիրում եմ քեզ,
արյանս երկիր,
Հայաստա՛ն աշխարհ…
անջուր լինես,
անլույս լինես.
թանկ լինի շուկադ,
էժան, թե ձրի,
ազնիվ լինես,
թե անազնիվ,
անկեղծ, թե կեղծավոր,
խաբես ինձ, թե չխաբես,
մեկ է, ի՜մն ես…
քո ցավն էլ իմն է
քո խինդն էլ իմն է…
մեկ է, սիրում եմ քեզ…
ու արյունն էլ ջուր
երբեք չի դառնում…
ուզում եմ միայն
որ հանդիպումը մեր
հոգուս լույս բերի…
ու խաղաղություն…

 

Անվերնագիր

Բառե՜ր..
ի սկզբանե՛
զորե՛ղ բառեր՝
ամենից առաջ…
ամեն ինչ
հասկանալու համար,
ամեն ինչ
հասկացնելու համար,
իրար հասկանալու,
իրար լրացնելու,
ամենքին
հասկանալու համար
իմաստուն բառեր…
բառե՜ր…
ի վերջո
իմաստազուրկ,
անզո՜ր բառեր,
խեղճուկրակ,
ողորմելի,
տեղ չհասնող,
անուժ բառեր…
կամ տեղ հասնող,
նույ՛ն վայրկյանին
մեռնող բառեր,
իսկ շատ հաճախ՝
մաշվող-տրորվող,
հոգնո՜ղ բառեր…
ո՛րբ ու անտե՛ր…
ու ինքնասպան…
ու՞ր էիք, ո՞ւր հասաք..
բառեր…

 

Քամին
Քամին վայում է նորից՝
քամիներն առած իր հետևից…
քամիներ՝ աջից, քամիներ ահյակից…
քամիներ վերևից, ներքևից քամիներ…
թանձր փոշիներ բերող քամիներ,
քամիների դեմ լայն չռված աչքեր,
քամիների դեմ՝ կուրացող աչքեր…
քամիներ՝ խռիվ, քամիներ՝ խառնող,
քամիների դեմ՝ անպարտ հոգիներ,
պարտվող հոգիներ՝ քամիների դեմ…
քամիներ՝ վայրագ, ծվատող-պոկո՛ղ,
արմատախիլ անող հողմաբեր քամիներ…
քամիներ՝ աննահանջ, քամիներ համառ,
ցավին ցավ բերող դաժան քամիներ՝
փոթորիկների պտույտում խելագար,
խաչմերուկներում կամքի ու անզորության…
խորշակներ սփռող չորսդին, ամենդի…
քամի՜ն… խելագարի անուն հանած,
իր գործը անգի՜ր իմացո՜ղ քամին…
քանդող, ավերող, կործանող քամին…
քամի՜, քամի՜, քամինե՜ր, քամինե՜ր…
………………………………………………….
քամին վայում է նորից, ոռնում ու պտտվում
իր քամիապարով իր իսկ ավերակների՛ վրա….

 

Չկա… ոչինչ…

Ճանապարհ չկա: Տեսիլք է սոսկ:
ճանապարհի վերջում, սակայն,
արև…
դա էլ՝ տեսիլք…
միրաժ է ամեն ինչ…
աթոռն էլ…
բազկաթոռն էլ…
գահն էլ…
միրաժ
կամ էֆիմերա…
իսկ ճանապարհով
անցնում է
դիցուհի՜….
արքա փնտրող,
արքա չգտած…
իսկ ճանապարհը
բոսորագու՜յն է…
արյա՜ն գույն…
սիրո գույն…
ագոնիայի գույն…
մի խանգարեք դիցուհուն,
թող անցնի իր ճամփան,
ու… հանկարծ չասեք,
որ… ճանապարհի վերջում
իրականում…
ոչինչ չկա՜…
չկա՛ ոչինչ…

Անդին 8, 2014

Share

Կարծիքներ

կարծիք