Բանաստեղծություններ

Հեղինակ:

nkar

Արևի շնչառությունը

Ինչ խաղաղություն կա այս սպասման մեջ
Եվ թաքնված
Ինչ հրաշք ուրախություն

Ամենագեղեցիկ բանաստեղծություններս
Գիշերները մոռանում եմ երազիս մեջ
Եվ արթմնի
Ոչ մի հետք չկա նրանցից
Չգիտեմ ինչու
Մոռանում եմ երազիս մեջ
Որ մոռացկոտ եմ

Ուսերիս վրա զգում եմ
Արևի շնչառությունը

Հոգնած եմ քույր իմ
Ինձ մի արթնացրու այս անքնությունից…

Խաբվածները

Մուրացկաններին տվեցինք մեր ձեռքերը և
Սրա-նրա առաջ ձեռք մեկնեցինք

Ստրուկներին տվեցինք մեր ոտքերը և
Սեփական ոտքով սպանդանոց գնացինք

Անհավատներին տվեցինք մեր ականջները և
Մեկս մյուսի ականջին ննջեցյալների աղոթքը մրմնջացինք

Ստորներին տվեցինք մեր աչքերը և
Ինչոր տեսանք մեր աչքից տեսանք

Հյուրասիրություն

Աթոռները դատարկ են
Դատարկ են
Սեղանի վրայի ափսեներն
Ու բաժակները
Դատարկ են
Պատից կախված հրացանը
Եվ նկարի այս շրջանակը

Չգիտեմ
Ուշ եմ եկել
Թե շուտ

Գրություն զինվորի գրպանում

Ծիծաղելի է չէ՞
Այն խաղում
Վայր էինք ընկնում և
Վիրավորվում էինք

Այս խաղում
Վիրավորվում ենք ու
Վայր ենք ընկնում

Ժպիտ

Ինչ տխուր է
Ժպիտն այն մանկան
Ինչպես
Մշտապես փայլուն կոշիկները
Անդամալույծի ոտքերին
Ինչպես
Մատիտը և սպիտակ թուղթը
Գրպանում մեռած պոետի

Զրույց մի բաժակ թեյ խմելու տևողությամբ

Լռեցի
Ծիծաղեց և ասաց
Չի հիշում

Այն ճանապարհներն որ անցել է
Այն դռները որ բախել է
Այն սերերը որ փորձարկել է

Լռեցի
Արտասվեց և ասաց
Դեռևս հիշում է

Այն ճանապարհները որ չի անցել
Այն դռները որ չի բախել
Այն սերերը որ չի փորձարկել

Մոխրավուն փողոցը և մի տուփ գունավոր մատիտ

Ամուլ լռության մեջ
Դու հառաչում ես
Եվ իմ բանաստեղծության մեջ
Մի մանուկ է ծնվում

Դու մնում ես փակ դռների ետևում և
Իմ բանաստեղծության մեջ
Ցրտից մեռնում է ազնվասարեկը
Լուսամուտի բազրիքին

Դու ժպտում ես հայելու մեջ
Եվ իմ բանաստեղծության մեջ
Հզոր մի ամպ
Իր ցանկասիրությունն է բավարարում ծովից
Դու մի կում գինի ես խմում և
Իմ բանաստեղծության մեջ
Հարբում են բոլոր բառերը

Դու փականի մեջ պտտեցնում ես բանալին
Եվ իմ բանաստեղծության մեջ
Մի կին արևին իր հետ
Տուն է տանում

Դու անցնում ես տաճարի կողքով և
Իմ բանաստեղծության մեջ
Վայր է իջնում
Մի նոր աստվածուհի

Շտապ հեռագիր

Ծեր հեռագրավարը
Ժպիտը դեմքին
Դուրս թռավ հեռագրատնից
Նստեց կառքը
Եվ նախքան կհասներ Բիլ Գեյթսի տանը
Մի անգամ ևս
Կարդաց հռագիրը
Ձիերի ականջին

Աշնան մի երեկո

Ավտոբուսում նստած
Անցնում ենք գյուղերով
Անցնում ենք Աստծո կողքով
Չենք կանգառում

Որքան եմ հոգնել
Չքայլելուց
Նստած վիճակում
Տեղ հասնելուց

***
Աշխարհը
Այս արցունքի կաթիլի ետևից
Գեղեցիկ մանուկ է
որ ծովում
Ջրահեղձ է լինում

Արցունքի այս կաթիլը
Որ հորիցս և
Պապիցս եմ ժառանգել
Ոչ կաթում է
Ոչ էլ չորանում…

Վահեի նամակները Մոցարտին

***
Զարմանալի է ՎոլՖգանգ
Ամեն կեսգիշեր
Բոլորովին մութ սենյակում
Տեսնում եմ
Աստծուն
Պատի վրա բանաստեղծություն գրելիս
Եվ ամեն կեսօր
Բոլորովին լուսավոր սենյակում
Չեմ տեսնում
Սատանային
Որ բանաստեղծությունների վրա
Պատ է շարում

***
Գիտես ՎոլՖգանգ
Ես
Շատ ժամանակ
Մարդ լինելը
Սովորում եմ իմ Նաշո կատվից

Հա
Իսկապես
Նա էլ
Ինձ նման
Գժվում է «Կախարդական սրինգ»-ի համար

***
Չգիտես
Այս գիշեր
Որքան ցուրտ է ՎոլՖգանգ
Ճիշտ այն գիշերվա պես
Որ քեզ
Հողին հանձնելու համար Սենտ Մարկս տարան
St.Marx cemetery

***
Դու նոտաների հետ էիր սիրախաղ անում
Ես բառերի

Այն կանանց որ մենք սիրում էինք
Մշտապես ուղևորվում էին այն գնացքով
Որ մի անցորդ
Նկարել էր
Փողոցի պատին…

***
Հենց այս բանաստեղծության մեջ և
Հենց այս տողերի արանքում
Մի կին է թաքնված
Որ իմ չգրված բանաստեղծությունները
Գրել է ձեռքի ափի մեջ և
Փակ բռունցքներով
Ինձ հետ
Փուչ ու տռուզ է խաղում…

Պարսկերենից թարգմանեց
Էդուարդ Հախվերդյանը

Անդին 11, 2014

Կարծիքներ

կարծիք