Պոեզիա

Հեղինակ:

nkar

* * *
Ախոյանուհի, իսկ ես կգամ հյուր
Օրերից մի օր, մի լուսնագիշեր,
Երբ գորտի երգից կհուզվի լիճը,
Եվ կանայք գժված կլինեն խղճից:

Սրտաշարժված քո սրտի տրոփից,
Թերթեր ունքերից քո խանդաթրթիռ`
Կասեմ` ես մարդ չեմ և առավել` կին,
Այլ միայն երազ` քնի մեջ մեկի:

Եվ կասեմ քեզ` քո՜ւյր, մխիթարիր ինձ,
Մեկը գամեր է խրում սրտիս մեջ,
Ինչ լա՜վն է քամին, ասեմ, բայց իմ թեժ
Գլխին կրակ է թափվում աստղերից:

* * *
Օ, խավարների և աշխարհակուլ
Մահու սևի լեռ,
Տիրոջ շնորհը վերադարձնելու
Իմ ժամն է հասել:

Հրաժարվում եմ անմարդ, դաժան այս
Մեծ գժանոցից,
Հրաժարվում եմ միացնել ձայնս
Գայլի ոռնոցին:

Շնաձկների հետ հարթավայրի
Կաղկանձել վայրի,
Անթռիչք-անթև թիկունքների հետ
Լող տալ հեշտ-թեթև:

Հարկավոր չեն ոչ ունկ ու ոչ աչքերն
Իմ գարնանացող.
Ես քո աշխարհին այս խելացնոր
Մի բառ ունեմ` ոչ:

* * *
Ես այս Նոր տարուն մեն-մենակ էի,
Ես` թագակիրս` թալանված թշվառ,
Ես` թևավորս` անթև-փետրաթափ,
Իսկ մի տեղ իրար ձեռքեր շոյեցին,
Եվ առատորեն հեղվեց հին գինի:
Իսկ թևավորը թևակոտոր էր,
Իսկ զույգը ամբողջ` վհատված մի կես
Մենավոր, մոլոր լուսինը որպես:

Ոչ աստ, ոչ անդ

Եվ երգում են զանգերն էլի
Փառքը լուսափայլ խաչերի,
Դողում եմ ես, ես հասկացա
Ի՞նչ են երգում` «Եվ աստ, և անդ» :

Թնդանում է գովքը փառքի,
Եվ ժպիտ է ծաղկում շուրթիս…
Ո՞նց եմ խառնել` զանգերը այդ
Ղողանջում են` «ոչ աստ, այլ անդ»:

Օ, թող զանգերն անվերջ երգեն
Լույս խաչերի փառքը անանց…
Ես չափազանց պարզ հասկացա.
«Ոչ աստ, ոչ անդ… Ոչ աստ, ոչ անդ»:

Թարգմանությունը` Կարինե Աշուղյանի

Անդին 8, 2014

Կարծիքներ

կարծիք