Բանաստեղծություններ

nkar

Նա

Իմ կյանքը նման դարձավ մի երգի,
Որը ոչ մեկը լսել չէր ուզում –
Երբ արդեն ոչինչ պետք չէր ոչ մեկին,
Ու փակված մնաց այսպես իմ ներսում

Աչքերի նման մի թափուր քաղաք,
Հայացքի նման թափառող պատկեր,
Ուր ինձ հետ ապրեց ու հասակ առավ
Դատարկ բեմերի ուրվականն անկերպ.–

Ժամանակի մեջ մի այլ ժամանակ,
Ասես մի այլ մարդ խոսեր իմ ներսում,
Ու ես գիտեի պահն իր ժամանման,
Թեպետ իր դեմքը ես չէի տեսնում,

Բայց քայլում էի նրա հետքերով,
Բայց լսում էի ձայնն իր հուշարար,
Արձագանքում էր խոսքն իմ դեգերող
Ամայության մեջ, սակայն ո՞ւմ համար։

Ու ես խոսեցի ամայության մեջ՝
Այդ կարոտաբաղձ ակունքին ծարավ,
Ու դանդաղորեն իմ մեջ խցանվեց
Այն կյանքը, որը ինձ էր ընծայված։

Ու սկսեցի ես ինձ ընկալել
Իբրև անդրադարձ, իբրև հայելի,
Ուխտավորի պես իմ ներսում քայլել
Ու ինձ նշմարել նրան նայելիս։

Օ՜, մնաս բարով, խելահեղ իմ երգ,
Օ՜, մնաք բարով, օրեր խենթախոս,
Դատարկ հուներով իմ կյանքը հեղվեց,
Ես իմ մեջ առա բեմը խորտակվող –

Փլուզվող դարեր, մեռյալ դիմակներ,
Ուր ոչ ոք չկար– նրանից բացի –
Ու մոտենում է խոսքը հիմա քեզ
Շարժումների պես մնջախաղացի…
* * *
Տանյա Հովհաննիսյանին

Աշնան տերևներ՝ կնոջ փոխարեն –
Դու այդ գույների խաղը նկարիր,
Հետո քամիներ ու հետո բառեր
Թող խառնվեն այդ խելահեղ պարին,

Ու հետո կյանք տուր նրա բառերին,
Դեմքի փոխարեն նկարիր շուրթեր,
Հետո անուն տուր նրան պարելիս,
Եթե տարված ես նրանով դու դեռ…

Ու հետո նրան տեսողություն տուր,
Դեմքի փոխարեն հայացք նկարիր,
Գուներանգները նրան են փնտրում,
Թախիծն այդ դատարկ նկարակալի

Լցրու երգերով այս տերևախիտ՝
Աշնան լազուրում խենթորեն պարող–
Ու սաղարթախիտ, վարսագեղ թախիծն
Այցի կգա քեզ ամեն առավոտ…
* * *

…Ուրեմն նրանց հետքն ամենուր է,
Ու որ կողմ էլ դու հայացքդ թեքես՝
Տեսնում ես հոգու վերապրող գույներ,
Դողացող շուրթեր, խարխափող ձեռքեր…

Ու հասկանում ես, որ նույնն եք եղել
Եվ նույնն եք հավետ սահմանից այն կողմ,
Հիմա պետք է այդ խեժը մեկտեղել
Եվ զմռսել մի այլ ժամանակով…

Որ սերունդների երթը մեղրածոր
Վայրկյանի նման մնա շուրթերին –
Նույնն են օրերը եկող ու անցնող,
Ու միևնույնն են արթնություն թե նինջ…
* * *

Կյանքը հնչեղ է, իբրև մեղեդի,
Ամեն ինչի մեջ երգ կա թաքնված –
Որ խառնված է օրերի երթին,
Ու դրանից է սկսում թվալ,

Որ մեր հույզերը միշտ համահունչ են
Ելևէջներին տողի ու հանգի,
Որ ի ծնե է մեկը մեզ հուշել,
Որ մենք կախված ենք մի հնչերանգից,

Որ կյանք ենք կոչում՝ այնքան անցողիկ
Ու հուշերի պես այնքան երգեցիկ,
Որ առավոտյան կաթիլ է ցողի,
Հողի մի պտղունց ու խոսքի մի ծիլ,

Որ տարփողում է աշխարհը համայն,
Ինչպես վաղանցուկ հնչյունը երգի…
Մինչ գոյանում է Խոսքն այն արարման,
Որը ցնցում է հիմերը երկրի…
* * *

Նա մահապարտ է– ահա նա ահեղ
Մահվան գավաթն է խմում ամեն օր,
Երբ մեզ տրված է մահն հաղթահարել
Միայն գալիքի լուսեղ բխումով–

Ինչպ՞ս հավաքել կյանքը ցիրուցան,
Երբ ամենուրեք կորուստ ու մահ է…
Գալիքի մեջ է սերմն անմահության,
Դու քեզնով պիտի սերմն այդ սերմանես…

Լողալով կյանքի հորդաբուխ գետում՝
Մենք մտածում ենք լոկ մահվան մասին,
Նրա ջրերում ամեն օր խեղդվում
Ու մեր գրերն ենք թողնում ավազին

Լոկ աղետաբեր օրերի մասին,
Որ ալիքներն են տանում իրենց հետ,
Կյանքը փնտրում է իր երկրորդ կեսին,
Մենք որոնում ենք կորուսյալ հետքերն

Անդարձ անցյալի – որը լողում է
Իբրև մշուշում հեռացող կղզի,
Ներկան ավազ է միայն թողնում մեզ,
Մինչև այդ վերջին սահմանը խզվի

Ժամանակների՝ անդարձ խորտակվող,
Ուր մենք կորցրել ենք տենչը գալիքի,
Ու հայտնվել ենք նրանցից այնկողմ,
Ու հանձնվել ենք վերջին ալիքին…

Այլուրեքության անանուն վայրեր,
Ես վաղուց ի վեր կորցրել եմ ճամփան,
Անսահմանության աչքերը այլ են,
Հայացքի մեջ է սուզվում ապագան…

Զգա՜լ գալիքը քո երակներում,
Նրա խայտանքը զգալ արյան մեջ…
Նա վաղը քո մեջ կյանք է առնելու
Ու խայտալու է կյանքից առավել…

Նոթատետրը

Սամվել Մկրտչյանին

Սա ոչ թե նվեր, այլ ուղերձ է ինձ՝
Սիրելի ընկեր, մի ճերմակ ուղերձ,
Ու կատարյալ է ինձ թվում ձևն իր,
Ու անհնար է մի բառ իսկ ուղղել

Եվ կամ գրառել սեփական խոհերն
Այդ ճերմակ թախծին խառնելու համար –
Մնում է միայն խաղաղ մտորել,
Մինչև մոտենա պահը արարման,

Ու գունավորվեն թղթերը ճերմակ
Այս նոթատետրի խոնավ էջերին,
Ու կերպարանքներն աղոտ երևան,
Հանդերձավորվեն հույզերը ջերմին,

Ու այն ամենն՝ ինչ եղել – չի եղել,

Անդին 11, 2014

Կարծիքներ

կարծիք