Պոեզիա

Հեղինակ:

nkar

Նամակ Աստծուն…

Ես չգիտեմ, Աստված,
Գուցե այլևս քեզ չեն հասնում նամակներս,
Որ դողացող… լռությամբ եմ գրում… իմ ներսում:
Ես չգիտեմ, գուցե ձեռագիրս է փոխվել,
Ու չես պատասխանում…
Ես հիշում եմ ամենավերջին նամակը Քո…
որ դուստրն է իմ…
Ես չգիտեմ, Աստված,
Գուցե սպառել եմ թանաքն ու
…լռությունդ եմ վատնել արարչական:
(Աստված մի արասցե)
Թե՞ փոխել եմ տանս հասցեն:
Ես չգիտեմ, Աստված…

* * *
Միշտ մի ճերմակ թուղթ
Հեռու է մնում նույնիսկ հանճարեղ բանաստեղծությունից,
Ինչպես կույսը երկչոտ կամ տիրամայր լուսե,
որ կատարյալ է…
Եվ, ահա, դու այդպես հեռու պահիր քո մարմինը ճերմակ
Իմ գրերից ձեռնարձակ…
Իսկ կար ժամանակ,
երբ ես պառկում էի քո տակ… չէ՜… ներքո՝
Որպես հեղինակային
ստորագրություն
Չքնաղ Կտավին՝ Հանճարի ձեռքով…

* * *
Երնեկ հավեսիդ ապրելու, Աստված,
որ չես զլանում, գիշերներն անքուն
լուսնականթեղով քայլում ես վստահ`
Լույսը գցելով աչքերին իմ կույր…

Երնեկ հավատիդ, որ սիրում ես ինձ
Ու դեռ հավատում իմ սիրուն առ Քեզ:
Ես տուն եմ հասել` բռնելով լույսիդ
Նրբերանգներից ձիգ ու անարգել:

Երնեկ քո կամքին, որ ինձ հետ հաճախ
Գինի ես խմել… կյանք համոզելով,
Որ երկուսս էլ աստված ենք անճար,
Թե չունենք իրար հավերժի թևով…

Անդին 4, 2013

Կարծիքներ

կարծիք