Բանաստեղծություններ

Հեղինակ:

nkar

Ալ Բլոկ

Պետք է հասցնել, պետք է հասցնել ասել,
քանի դեռ չի խռպոտել կոկորդդ
վերջնականապես` ինչպես հենց դարը քո…
Պետք է դեռ հասցնել վերադառնալ տուն —
քանզի շուտով կհավաքեն կամուրջները,
քանզի երեկոյանում է օրը, մթնում…
Պետք է դեռ հասցնել վերադառնալ Տուն:
Լապտերներից դեղին յուղ է կաթում
գետի մեջ /Ստիքսն է կամ Նևան գուցե/,-
բայց ոչ մի հաղորդություն: Փշրվող պողպատի ձայն…
Հեռվում` անիրական, միրաժում — մի դեղատուն…
Պետք է հասցնել, պետք է հասցնել ասել…
Պետք է դեռ հասցնել վերադառնալ Տուն…
……………………………………………………………………..
Վաղուց մութ է, ոչինչ էլ չի լսում — մինչդեռ
մի կին սնարի մոտ սաղմոսներ է կարդում…

Հանգուցյալ Բլոկի սնարի մոտ ողջ գիշեր` մինչև լույս, սաղմոսներ է կարդացել Մարիետա Շահինյանը:- Ծ.Հ.

***
Տոգորեցիր ինձ շնորհի մեղրով,
որ… համտես անես այն երբեմնակի…
Դե արդ փրկիր ինձ, Ամենակարո¯ղ,
գետնաքարշության մթին ծուղակից…

Ասես շողշողուն արևածաղիկ`
երբ ներքին լույսից դեմք է ճառագում,
ոգեմոլության տզրուկներն աղի
արյան հերթական ումպ են փափագում…

Հաջորդ մարգարեն է արդեն ճամփին`
շուրթերին Խոսքի շանթերը շարած…-
Ու Հերովդեսն է մթնում խարխափում`
գլուխ հատելու հոգսերով տարված…

Վերընթերցելով Գ. Մարկեսի «Նահապետի աշունը» վեպը

Վարիացիաները կյանքի, երբ ինչ-որ տեղ գրվածը
այստեղ կատարվում է /ասես թե` Սբ.Գրքում/,
կամ ընդհակառակը` կատարվածն է գրի
առնվում /իզուր ջանք/… Ու անքուն
գիշերվա մեջ, երբ դուրս ես նայում պատուհանից`
նույն պատկերն է — անամոթ կախված է լուսինը`
անչափ նման փոքրիկ, զառամյալ բռնակալի
փոշտանգին, հյուծված ու ճլորած…- Եվս մի
հնգամյակ հայհոյախառն անեծքի… Ո՞ւր է
նշտարը, նշտարը հակափոշտանգային…
Կեսգիշեր է: Մի քաղցած շուն, ներխուժել շքամուտք,
ոռնում է աղիողորմ… Դրա՜խտ ներգանգային`
թե մի պատկեր բացվեր, պայծառ մի հուշ մանկութ…

Անդին 5, 2013

Կարծիքներ

կարծիք